o C     23. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՋԱՐԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԸՆՏՐԱՐՇԱՎՈՒՄ

01.02.2017 16:42 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՋԱՐԻ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԱՐԿԱԾՆԵՐԸ ԸՆՏՐԱՐՇԱՎՈՒՄ

Նման է, որ մեզ սպասվում են շատ հետաքրքիր ընտրություններ, եւ դրանցից հետո, երբ կրքերը կհանդարտվեն, քաղաքագետները ահագին նյութ են ունենալու թեկնածուական եւ դոկտորական թեզեր գրելու համար: Գործ ունենք միանգամից մի շարք պարադոքսալ երեւույթների հետ, հատկապես ընդդիմադիր դաշտում: Դեռեւս երբեք այդ աստիճանի ապագաղափարականացված ընդդիմություն չենք ունեցել, ու առաջին անգամ մասսայաբար առնչվում ենք այնպիսի երեւույթի հետ, ինչպիսին է մականունավոր ընդդիմադիրը: 
ՄԱԿԱՆՈՒՆԱՎՈՐՆԵՐԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ «ՕՐԵՆՔԸ»
Ընդդիմադիր քարոզիչները այն բանից հետո, երբ լուրեր եղան, որ ՀՀԿ-ից հայտնի մականունավոր դեմքերի որոշակի արտահոսք կա, շտապեցին թմբկահարել` իբր «առնետավազքի» մասին: Սակայն իրական առնետավազք` որպես այդպիսին, չկա, այն պարզ պատճառով, որ չկա իշխանությունից մեկ ուժի հեռացում եւ մյուսի գալուստ: Կա ընդամենը ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի հռչակված ծրագիր` քաղաքականությունը թողնել քաղաքական դեմքերին, ինչն իր հերթին ենթադրում է տարատեսակ մականունավորների, օլիգարխիկ եւ քրեաօլիգարխիկ տարրերի դուրս մղումը առնվազն իշխող կուսակցության խորհրդարանական ցուցակից: Այդ գործընթացին նպաստում է նաեւ ռեյտինգային ընտրակարգը: Խոշորագույն ռեսուրսներ ունեցող ՀՀԿ-ի պարագայում դա բերում է նրան, որ տեղական լծակներ ունեցողները քվե են վաստակում ավելի շատ կուսակցության, քան` անձամբ իրենց համար: 
Բնականաբար, մականունավոր, օլիգարխիկ եւ քրեաօլիգարխիկ տարրերի մի մասը, չհամակերպվելով խաղի նոր կանոններին եւ անընդունելի համարելով «տազ արած» ապրելու ու քաղաքականությանը չմիջամտելու կարգավիճակը, իր համար տեղ է փնտրելու: Իսկ տեղ կա միայն ընդդիմադիր դաշտում, այն էլ` ոչ ամենուրեք: Ու առաջին հերթին` այդ տարրերի համար ամենանախընտրելի տեղը Ծառուկյան դաշինքն է, քանզի ԲՀԿ-ն ունի կառույցների լայն ցանց, եւ այդ կուսակցությանը միշտ էլ հոգեհարազատ են եղել այդ տարրերին բնորոշ մեթոդները: Ավելի համեստ ներկայություն ունի «Հայկական վերածնունդը»` նախկին ՕԵԿ-ը, եւ ՕԵԿ-ական մականունավորների քաջագործությունների մասին հանրությունն առիթ էր ունեցել իմանալու Վանաձորի ավագանու ընտրությունների ժամանակ: 
Այլ ընդդիմադիր միավորումներ գնալու տեղ մականունավոր տարրը առանձնապես չունի: Այսպես, Սեյրան Օհանյանի շուրջ ձեւավորված քաղաքական «վինեգրետը» նորաստեղծ է` որպես այդպիսին, եւ մեծ հարցական է, արդյո՞ք կկարողանա 5 տոկոսն անցնել, որպեսզի դեռ մի բան էլ ցուցակի սկզբնամասում տեղ տա ինչ-որ օլիգարխի: Նույն նորաստեղծի վիճակում է եւ «Ելք» դաշինքը, իսկ ՀԱԿ-ը, Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատները» ու, առավել եւս, փլված «Ժառանգությունը» իրենց բնույթով գլխանց աութսայդեր են, որի վրա խաղագումար չի դնի «նաղդ փող-նաղդ արդյունք» դավանող եւ ոչ մի քրեաօլիգարխ: 
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏՎԱՅՏԱՆՔՆԵՐԻ ԳԵՆԵՐԱԼՆԵՐԸ
Եռաբլուրում հնչեցրած իր հերթական պաթետիկ ճառի ընթացքում Սեյրան Օհանյանը չբացառեց Ծառուկյան դաշինքի հետ միավորվելը: Ժամանակին, կարծես թե, երբ ԲՀԿ-ականները այդ տարբերակին դեմ չէին, սակայն հիմա այդպիսի միավորմանը խանգարող հանգամանք կա: Դա այդ նույն մականունավոր տարրն է, որի համար առանց այդ էլ, նեղվածք է Ծառուկյան դաշինքի ներսում, ու նրանց սրտները պարզապես կճաքի, եթե միավորման արդյունքում ստիպված լինեն ցուցակի անցողիկ հատվածում տեղեր տալ պաշտպանության նախկին նախարարի պոչից եկող քաղաքական բազում անհաջողակների: Առանց այդ էլ, Ծառուկյան դաշինքում տեղ տվել են դաշինքին «քաղաքակիրթ» արտաքին տեսք տվող հնչակներին եւ ռամկավարներին, ուրեմն, առավել եւս պատճառ չունեն լրացուցիչ մարդկանց բերել առաջ: 
Բայց, այնուամենայնիվ, վերադառնանք Սեյրան Օհանյանի խայտաբղետ դաշինքին: Գեներալի կրքոտ «արդարամիտ» ճառի վերաբերյալ քաղաքական մեկնաբան Կարեն Վարդանյանը իրավացիորեն նկատում է. «Ի՞նչն էր խանգարում 2008-ին, ստանձնելով նախարարի պաշտոնը հենց 2009-ին, 1 տարի անց հրաժարական տալ, անցնել ընդդիմադիր դաշտ եւ սկսել հանրությանը ներկայացնել սեփական ծրագրերը: Որեւէ մեկը նրան ստիպե՞լ է 8 տարի մնալ նախարարի աթոռին:
Ոչ մի մարդ, իհարկե, չի ստիպել, բայց դրա փոխարեն նման պաշտոնի մնալ կարող է ստիպել հարստություն կուտակելու եւ կյանքի ճոխությունները վայելելու անհագ քաղցը, առանձնատուն-դղյակ կառուցելու փափագը, չէ՞ որ կար այդ հնարավորությունը, կար, եւ հետեւաբար կարելի էր օգտվել: Հիմա արդեն չկա, որովհետեւ ապրիլյան պատերազմից հետո եղած բացահայտումների արդյունքում արդեն իսկ պարզ էր, որ նա չի կարող մնալ նախարարի աթոռին, նա ստիպված է լքել այդ աթոռը մի պարզ պատճառով` նա թերացել է իր գործում եւ շատ է թերացել»: Բնականաբար, ինչքան ավելի ագրեսիվ քարոզչություն վարի այդ դաշինքը, այդքան ավելի շատ հիշեցումներ կհնչեն այդ խոշոր թերացումների մասին, ու դրանք, անշուշտ, այդ դաշինքի թույլ կետն են: Իսկ ի պատասխան ագրեսիվ հակաքարոզչություն վարելը ՀՀԿ-ի դեմ, էապես չի կարող նվազեցնել ՀՀԿ-ի քվեները, քանզի ռեյտինգային քվեարկության պարագայում բողոքավոր ընտրողը չի կարող ընտրել ՀՀԿ-ի ռեյտինգային թեկնածուին, բայց չընտրել ՀՀԿ-ին: Անգամ, եթե վերհիշենք ռեյտինգային ընտրության ավելի խոշորացված կոպիտ անալոգը, ապա կտեսնենք, որ եթե 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանը հավաքել էր կես միլիոնից ավել քվե, բայց Երեւանի ավագանու ընտրություններում նրա «Բարեւ Երեւան» դաշինքը հազիվ հաղթահարեց անցողիկ շեմը: 
Ինչպես նկատել է քաղաքական մեկնաբան Լեւոն Մարգարյանը. «Հաշվի առնելով ռեյտինգային ընտրակարգի առանձնահատկությունները, որտեղ կենտրոնական դերակատարումը ստանձնելու են լոկալ տարածքներում հեղինակություն, ռեսուրսներ ունեցողները, եւ միաժամանակ ընտրողը չի կարողանալու մեծամասնականով պայմանական «լավ տղուն» չնեղացնելուց հետո, գնալ ու չնեղացնել նաեւ ընդդիմությանը` համամասնականով, նվազում են այն ուժերի շանսերը, որոնք այսպիսի լոկալ հեղինակություններ չունեն:
Այժմ, տեղերում քիչ թե շատ, ՀՀԿ-ից բացի, ներկայացված են Ծառուկյան դաշինքը եւ «Հայկական վերածնունդ»-ՕԵԿ-ը: Մյուս ուժերը զգալի խնդիրներ ունեն»: Այդ խնդիրն ունեցող մյուս ուժերի մեջ մտնում են անգամ դաշնակները, էլ չենք խոսում նորաստեղծ դաշինքների մասին, այդ թվում` սրտաճմլիկ գեղեցիկ ճառերով հանդես եկող գեներալ Սեյրան Օհանյանի եւ ՀՀ «գլխավոր էլեկտրիկ» Էդմոն Մարուքյանի շուրջ հավաքված դաշինքների: Ի դեպ, պարոն Օհանյանը գեղեցիկ ճառերի հանդեպ հակում  ուներ դեռեւս իր պաշտոնավարման շրջանում` այդ ընդարձակ ճառերը գեղեցիկ տպագրված գնում էին զորամասեր, սակայն կոնկրետ մարտական խնդիրներ ունեցող սպաներից գրեթե ոչ ոք դրանք չէր էլ կարդում: 
Ինչեւէ, մեր սիրասուն ընդդիմության պարագայում, կարծես թե ունենք երկու գեղարվեստական հերոսների` քաջարի զինվոր Շվեյկի եւ պատերազմ գնացող միստր Պիտկինի արկածների խառնուրդի պես մի բան: 

Ռոբերտ Քոչարյան. Աշնանն ընդդիմության դաշտում համախմբման գործընթացը կավարտվի

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА