o C     19. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԿԱՏՎՈՒՄ

31.01.2017 23:02 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ԽԱՂԱՏԱԽՏԱԿԻՆ ՀՍՏԱԿԵՑՈՒՄՆԵՐ ԵՆ ՆԿԱՏՎՈՒՄ

ՌԴ-ի հետ հարաբերությունների հարցով Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հայտարարությունը, ինչ խոսք, սպասելի էր: Ըստ Աբաշիձեի, Մոսկվան եւ Թբիլիսին կարող են աշխատել ՌԴ-ի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցով, որը դադարեցվել էր 2008թ.-ի պատերազմից հետո: Եվ, թերեւս, հարցը կհայտնվի արդեն փետրվարի սկզբներին նախատեսված Աբաշիձեի եւ Վրաստանի հետ հարաբերությունների հարցով ՌԴ-ի ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի հերթական աշխատանքային հանդիպման ընթացքում:

Հարավկովկասյան եւ մերձտարածաշրջանը առաջիկայում գտնվելու է ամերիկյան տնտեսական ճնշումների ներքո

ՓՈԽՎԱԾ ԻՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, որ ռուս-վրացական հարաբերություններում տեղաշարժերի սպասելիքներ կան, սպասելի էր դեռ ամերիկյան ընտրություններից հետո: Կապված նրա հետ, որ ի տարբերություն Օբամայի, ասենք՝ նաեւ նրան նախորդած Բուշ կրտսերի վարչակազմերի, Թրամփը միանգամայն այլ ուղղվածության հայտարարություններ էր անում «գունավոր» գործընթացների տակ հայտնված երկրների հետ իր օրոք ԱՄՆ-ի հարաբերությունների մասին: Սակայն, անմիջապես հետընտրական ժամանակներում դա դեռ տեսական ենթադրություն էր՝ կախված այն հարցի պատասխանի հետ, թե Թրամփը որքանո՞վ կառաջնորդվի իր նախընտրական խոստումներով: Իհարկե, այս օրերին Թրամփի որոշ քայլեր ակնարկում են, որ նա կշարժվի իր տված խոստումներին համաձայն: Բայց կոնկրետ Վրաստանի հարցով ի՞նչ քայլերի կգնա, դեռ ենթադրությունների հարթությունում է:

Անշուշտ, նույն երկիմաստ վիճակում են նաեւ Թբիլիսիում: Նախ՝ Վրաստանը համառորեն եվրաասոցացման ուղին բռնեց, բայց մեծ հարց է, թե մինչեւ հասնի այդ ճանապարհի վերջին, գոյություն կունենա՞ այն ԵՄ-ն, որի հետ ասոցացվել է: Հաջորդ նման հարցադրումն էլ կապված է ՆԱՏՕ-ի հետ. Թբիլիսին տարիներ շարունակ հենց այդ դաշինքն էր համարում իր «գունավոր երազանքների» պաշտպանը՝ համառորեն փորձելով մտնել նրա կազմի մեջ: Բայց հիմա եկել է Թրամփն ու մինչեւ իսկ ՆԱՏՕ-ի լինել-չլինելն է կասկածի տակ դրել: Ուրեմն` ի՞նչ պետք է անի Թբիլիսին: Եվ Թրամփից բխող վերջին հանգամանքը. ԱՄՆ նախագահը խոսում է նաեւ ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավումից: Իսկ դա, հասկանալի է, հնարավոր է առաջին հերթին այս թիվ 1 նախապայմանի շուրջ համաձայնության գալու դեպքում. ԱՄՆ-ը պետք է հրաժարվի ռուսական կենսական տիրույթների ուղղությամբ շարժվելու պրակտիկայից: Իսկ որ ՌԴ-ին սահմանակից եւ հարավային ռազմավարական ուղղության վրա գտնվող Վրաստանը Մոսկվայի համար նման տիրույթ է, նոր բան չէ: Եվ այս հանգամանքը եւս Թբիլիսիում պետք է առնվազն մտավախություններ առաջ բերեն, որ այն մասշտաբային եւ համակողմանի աջակցությունը, որը ստանում էին նախագահներ Բուշից եւ Օբամայից, Թրամփից չեն ստանա:

Մեկ այլ դետալ եւս կա, որը նույնպես պետք չէ աչքաթող անել: ՌԴ-ի հետ քյալլա տալու հարցում ինչքան էլ որ Թբիլիսիի գլոբալ հույսերը կապված էին ՆԱՏՕ-ի հետ, սակայն գործնական աջակցությունը նա նախատեսում էր ստանալ Դաշինքի հետ կապող օղակ հանդիսացող Թուրքիայից: Ավելին, այստեղ դրված էին նաեւ տնտեսական շահեր, հաշվի առնելով, որ Վրաստան-Թուրքիան Արեւմուտքի ռազմավարական ծրագրերում նախատեսված էր, որպես կասպյան տարածաշրջանից նավթագազային պաշարները Եվրոպա տեղափոխելու հիմնական ուղի: Մի խոսքով, արդեն ԽՍՀՄ փլուզումից հաշված տարիներ անց օրակարգում էր Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա առանցքի գաղափարը, որին Թբիլիսին հետեւողականորեն ինտեգրվում էր, չնայելով անգամ Վրաստանում գնալով ահագնացող մտավախություններին, որ այդ կերպ երկիրը դարձել է թուրք-ադրբեջանական տանդեմի համակողմանի ինտերվենցիայի թիրախը: Սակայն ներկայիս իրողություններն այն են, որ մի կողմից՝ Սիրիայում ՌԴ-ի դիրքերի ամրապնդումը, մյուս կողմից՝ Թուրքիայի ներքին իրողություններն Անկարային քիչ հույսեր են թողնում՝ հարավկովկասյան ուղղությամբ առաջատարի դիրքերը ՌԴ-ից վերցնելու հարցում: Գումարած դրան, կասպյան տարածաշրջանից Վրաստան-Թուրքիա ուղղությամբ էներգակիրների արտահանման ծրագրերի փաստացի ձախողումը վրացիներին զրկում է նաեւ այդ ծրագրերի հաշվին մեծ փողեր աշխատելու հույսերից: Արդյունքում, գոնե այս պահին Վաշինգտոնը չի էլ մտածում Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա առանցքի մասին, Մոսկվայի համար էլ դա թշնամական համակարգ է եւ պետք է մինչեւ վերջ փլուզել: 

ՎՐԱՍՏԱՆԸ ՍՏԻՊՎԱԾ Է ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՃԱՆԱՉԵԼ

Կարճ ասած, թվարկված բոլոր գործոնների հանրագումարում սպասվում էր, որ Թբիլիսին պետք է փորձի հիմքից փոխել Մոսկվայի հետ իր հարաբերությունների բնույթը, եւ այդ մասին արդեն գործնականում ակնարկող փաստեր այս վերջին ամսվա ընթացքում նկատվեցին: Մի կողմից, դեռ անցած տարեվերջին նույն Աբաշիձեն եւ Կարասինը հայտարարեցին երկկողմ հարաբերությունները բարելավելու պլանների մասին: Ապա, ՌԴ նախագահը խոսեց Վրաստանի քաղաքացիների համար ՌԴ մուտքի հարցում առանց վիզայի ռեժիմի կարգավիճակին վերադառնալու հնարավորության մասին: Մյուս կողմից, թեեւ ռուսական «Գազպրոմն» ու Վրաստանը տարիներով չէին կարողանում համաձայնության գալ դեպի Հայաստան գազի տարանցման դիմաց վճարման կարգը փոխելու հարցի շուրջ, սակայն այս տարեսկզբին այդ հարցում եւս վրացական կողմը միանգամից փոխեց իր դիրքորոշումը: Եվ հիմա էլ Թբիլիսին ակնարկում է նաեւ Մոսկվայի հետ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու մասին, թեեւ դա եւս վրացիների համար լուրջ նահանջ կլինի այն առումով, որ Վրաստանը հրապարակավ քանիցս, որպես դիվանագիտական հարաբերությունների դադարեցման պատճառ է համարել, վրացական բնորոշմամբ, իրենց տարածքների օկուպացիան Մոսկվայի կողմից: Ավելի կոնկրետ, որ ՌԴ-ն ճանաչել է Աբխազիայի եւ Հվ. Օսեթիայի անկախությունը, նրանց հետ ունի տարբեր միջպետական պայմանագրեր եւ այդ երկրներում տեղակայել է իր զինուժը: Բայց. իր այդ քայլերից ՌԴ-ն չի հրաժարվել եւ միամտություն կլիներ ենթադրել, որ կհրաժարվի: Առավել եւս այս ժամանակաշրջանում, երբ իր միջազգային դիրքերն այսքան ամրապնդվել է եւ այդ բոլոր խնդիրներին կարող է ¥սպասելիքներ կան¤ լուծում տալ ԱՄՆ-ի հետ գլոբալ պայմանավորվածությունների միջոցով: Եվ իհարկե, Վրաստանի կողմից մեծ նահանջ կլինի, եթե իր պահանջների կատարմանն այդպես էլ չհասնելով, այսինքն, առանց պատճառի կարգավորման գնա դրա հետեւանքի՝ ՌԴ-ի հետ խզված դիվանագիտական հարաբերությունները վերականգնելուն: 

ՌԴ-Ն ՀԱՐԱՎԿՈՎԿԱՍՅԱՆ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԿՎԵՐԱԿԱՆԳՆԻ՞ ԹԻՎ 1 ԳՈՐԾՈՆԻ ԻՐ ԴԵՐԸ

ԲԱՔՈՒՆ ԻՐԵՆ ԵՆԹԱՐԿՈՒՄ Է ՓԱԿՈՒՂՈՒՄ ՄՆԱԼՈՒ ՎՏԱՆԳԻՆ

Այսպիսով, վրաց-ռուսական հարաբերություններում լուրջ տեղաշարժերի, կարծում ենք, երկար չենք սպասելու: Առավել եւս, որ անցած շաբաթ օրը կայացած Պուտին-Թրամփ հեռախոսազրույցը եւ երկու կողմերի տված դրական գնահատականները գալիս են հուշելու, որ Թրամփն իրոք կգնա ռուսների հետ հարաբերությունների վերակառուցման, ընդ որում, որոշակի զիջումների միջոցով: Ու հատկապես այն աշխարհաքաղաքական ուղղություններում ¥այդ թվում՝ Հարավային Կովկասը¤, որոնք, բիզնեսմեն Թրամփի բառապաշարով, ԱՄՆ-ի համար եկամտաբեր քաղաքական ակտիվներ չդարձան նույնիսկ ՌԴ-ի թույլ օրերին: Ուրեմն էլ ի՞նչ իմաստ ունի այդ ուղղություններով շարունակել ներդրումները, երբ ՌԴ-ն բոլորովին այլ ուժային դիրքերում է. չէ՞ որ այս իրավիճակում առավել քան ռեալ է ներդրումների կորուստը, ինչը ԱՄՆ գործարար-նախագահի համար, թերեւս, ամենաանթույլատրելին է: Ուրեմն ավելի լավ չէ՞ փորձել այդ միայն վնասաբեր բիզնեսներից միանգամից հրաժարվել՝ դա ձեւակերպելով լավություն, եւ գոնե այդ հաշվին այլ եկամտաբեր բիզնեսներում դիմացինից նման պատասխան ակնկալել:

Ուրեմն՝ կհրաժարվի՞ Թրամփը հարավկովկասյան տարածաշրջանից, դեռ կտեսնենք: Բնական է, հաշվի առնելով նաեւ, որ ժամանակակից աշխարհում գերուժերը որեւէ բանից մինչեւ վերջ չեն հրաժարվում: Նկատի ունենք դիրքային տեղաշարժերը, եւ եթե Թրամփը չցանկանա էլ գնալ այս տարածաշրջանում դիրքերի որոշակի թուլացման, մեկ է, արդեն ակնհայտ է, որ ՌԴ-ն այստեղ վերականգնել է թիվ 1 աշխարհաքաղաքական գործոնի իր երբեմնի դիրքերը: Իսկ Թբիլիսին պարզապես տեսնում է, որ դա երկարատեւ բնույթ է կրում եւ փորձում է հարմարվել նոր իրողություններին: Իսկ Հայաստանի համար դա առավել քան կարեւոր է նրանով, որ նոր իրավիճակում ռեալ կոմունիկացիաների, այդ թվում՝ երկաթուղու թեման նոր տեսք է ստանում:

Միաժամանակ ասել, թե այս գլոբալ փոփոխությունները Ադրբեջանում չեն տեսնում, միամտություն կլիներ: Բաքուն, իհարկե, վաղուց էր փորձում վերախմբագրել իր աշխարհաքաղաքական կողմնորոշումները, բայց գնաց այս հարցով Ղարաբաղն առեւտրի միջոց դարձնելու ուղղությամբ եւ ակնհայտորեն ձախողվեց: Իսկ հակամարտության լուծման այն տարբերակը, որին աջակցում է Մոսկվան, Ադրբեջանի համար դեռ մնում է անընդունելի: Բայց ի՞նչ է անելու, եթե Թբիլիսին վերջնականապես որոշի դուրս գալ Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա առանցքից: Թերեւս հենց այդ ինտրիգային իրավիճակի շուրջ էլ առաջիկա ամիսներին կսկսի ձեւավորվել հարավկովկասյան տարածաշրջանի հիմնական զարգացումները:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА