o C     15. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁԵՐ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ  ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

25.01.2017 19:05 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁԵՐ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ  ՃԱՆԱՊԱՐՀԻՆ


Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իսկական անակնկալ մատուցեց ՀՀԿ խորհրդի նիստից երկու օր առաջ: Ճիշտ է, ԳՄ վերջին նիստին նա ներկա չէր, սակայն քչերը կարող էին ենթադրել, որ բանը կհասնի ՀՀԿ շարքերը լքելուն: Հիմա արդյո՞ք նա կգնա խնամու` Գագիկ Ծառուկյանի դաշինքի ուղղությամբ: Վերլուծաբանները դրա վերաբերյալ միասնական տեսակետ չունեն: Օրինակ, ըստ քաղաքագետ Սերգեյ Մինասյանի` նախկին վարչապետը լինելով բազմափորձ գործիչ, դժվար թե, նախընտրելի համարի Գագիկ Ծառուկյանի ճանապարհի կրկնությունը: ՕԼԻԳԱՐԽՆԵՐԻ 
ԴԱՇԻ՞ՆՔ
Մինչդեռ լրատվական դաշտը լեցուն է Ծառուկյանի ցուցակի մասին տարատեսակ, նաեւ իրարամերժ արտահոսքերով: Մասնավորապես, խոսվում է, որ անցողիկ տեղերում այդտեղ կարող են լինել Խաչատուր Սուքիասյանն ու Գուրգեն Արսենյանը: Անգամ ենթադրություններ են շրջանառվում, որ միգուցե, այժմ ՀՀԿ-ում գտնվող ոչ քիչ թվով օլիգարխներ գերադասելի համարեն ընդգրկվել Ծառուկյանի ցուցակում, քան` անհայտ հեռանկարով մասնակցել ռեյտինգային քվեարկությանը հարազատ կուսակցությունում:
Բայց այդ ամենը սոսկ ենթադրություններ են, թեեւ, խոշոր հաշվով, շուտով ամեն ինչ ակնհայտ կլինի: Մի բան պարզ է, որ բոլոր դեպքերում օլիգարխիան հիացած չէ մենաշնորհներից զրկվելու, օրինական հարկային դաշտում գործելու եւ պատգամավորական անձեռնմխելիություն չունենալու հեռանկարով: Բայց արդյո՞ք այն ընդունակ է կազմակերպված գործելու` որպես միասնական խավ, թե նրանցից յուրաքանչյուրը գերադասելի կհամարի զբաղվել զուտ իր անհատական ճակատագրով: Պարզ է, որ ապաօլիգարխացման գործընթացին կազմակերպված դիմադրություն ցույց տալը բավականին ռիսկային է, քանզի պետության հանդեպ մեր օլիգարխներն առավել քան խոցելի են, եւ պատկերավոր ասած, նրանցից յուրաքանչյուրը մեկ օրում կարող է կորցնել ամեն ինչ: Բայց միաժամանակ հարկ է նշել` իզուր չէ, որ ՀՀԿ համագումարին հնչել էր այն հավաստիացումը, որ կուլակաթափություններ չեն լինի: Ըստ ամենայնի, այդ խավի ներկայացուցիչների առաջ դրվել է հետեւյալ երկընտրանքը` կամ շարունակել աշխատել խաղի նոր կանոններով, կամ, կոպիտ ասած` «փախնել, փրկվել»: 

Միջպետական ճանապարհին «մոստ տրաքացնելը» տեռոր է․ Մելիք Մանուկյանը՝ իր դեմ մահափորձի մասին. «Ժողովուրդ»

ՍԵՅՐԱՆ ՕՀԱՆՅԱՆԻ ԽԱՅՏԱԲՂԵՏ 
ԴԱՇԻՆՔԸ` 
ԽԺԴԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Թեեւ ի սկզբանե չէր բացառվում Գագիկ Ծառուկյանի եւ Սեյրան Օհանյանի դաշինքների միավորումը, սակայն, կարծես թե, դրա հավանականությունը քիչ է: Պատճառը նույն օհանյանական դաշինքի ծայրաստիճան խայտաբղետությունն է, եւ իզուր չէ, որ բավականին հաճախ վերջերս հնչում է «նեղացածների դաշինք» ձեւակերպումը: 
Ամենատարբեր շահերն ու աշխարհաքաղաքական կողմնորոշումներ ունեցող գործիչների միավորումը կարող է լինել սոսկ շատ կարճատեւ, քանզի հակասություններն այդտեղ լրիվ օբյեկտիվ են: Եվ հակասություններն արդեն հասցրել են պայթել: Այսպես, օսկանյանական կուսակցության անդամ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ուղղակի տեքստով է խոսում այդպիսի խայտաբղետ միավորման աննպատակահարմարության մասին, միաժամանակ շեշտելով, որ անձամբ իր համար Սեյրան Օհանյանը` որպես դաշինքի առաջնորդ, ընդունելի ֆիգուր չէ: Դե, եթե այդպիսի երեւույթ կա արդեն հիմա, երբ մինչեւ ընտրարշավի պաշտոնական մեկնարկը դեռ ժամանակ կա, ապա չպետք է բացառել, որ մինչեւ ընտրությունների օրը այդ դաշինքից կմնան կոտոշներ եւ սմբակներ: 
Այդպիսի շրջադարձը, որի նախաձեռնողը, ըստ էության, օսկանյանական կուսակցության ներկայացուցիչն է, կարող է ինչ-որ տեղ պայմանավորված լինել եւ Ռոբերտ Քոչարյանի գործոնով: Ճիշտ է, դեռեւս պարզ չէ, Քոչարյանը նախընտրական կամ հետընտրական շրջանում արդյոք հրապարակային միջամտություն է ունենալու գործընթացներին, բայց փաստ է, որ ե՛ւ Վարդան Օսկանյանը, ե՛ւ վերջինիս կուսակցությունը միանշանակ քոչարյանական նախագիծ է, ու չպետք է բացառել, որ անասելի խայտաբղետությունից դժգոհության ազդակը եկել է հենց Ռոբերտ Սեդրակիչից: 


ՊՈՊՈՒԼԻԶՄԸ` 
ՈՐՊԵՍ ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԻ 
ՎԵՐՋԻՆ ԱՊԱՍՏԱՐԱՆ
Արեւմտամետ ուժերի գլխին, անշուշտ, չար կատակ խաղաց Դոնալդ Թրամփի ընտրությունը: ԱՄՆ նոր նախագահի մոտեցումները, ըստ էության, այդ ուժերին զրկեցին հարմարավետ ավանդական բարենպաստ միջավայրից եւ, կոպիտ ասած, նրանք մնացին «անտեր»: Խոսքը վերաբերում է ե՛ւ «Ելք» դաշինքին, ե՛ւ «Ազատ դեմոկրատներին», դե, իսկ «Ժառանգության» մասին չենք էլ խոսում, քանզի այդ կուսակցության` ներսից քայքայվելը արդեն բոլորի համար տեսանելի փաստ է: 
Ու քանի որ Իսակովի պողոտայում գտնվող համապատասխան դիվանագիտական հիմնարկի զորակցությունը չկա, ապա արեւմտամետ ուժերին այլ բան չի մնում, քան ապավինել ակտիվ եւ ագրեսիվ պոպուլիստական քարոզչությանը: Այդպիսի քարոզչության օրինակներ արդեն տեսնում ենք` թեկուզ նույն Նիկոլ Փաշինյանի կողմից: Բայց այլ հարց է` ինչքանով արդյունավետ կլինի պոպուլիզմը` որպես այդպիսին: Չէ՞ որ մեր բողոքավոր ընտրողը բազմափորձ է եւ հասցրել է քանիցս ոսկե սարերի խոստումներ լսել: Ու ընդհանրապես, ընդդիմության նկատմամբ հիասթափության աստիճանը բավականին մեծ է, եւ բողոքավոր ընտրողների մի մասը, միգուցե, անգամ այսպես կողմնորոշվի` որ ավելի լավ է կամ գնալ ձայնը տալ ՀՀԿ-ին, քանզի մյուսներից ոչ մի օգուտ չկա, կամ ընդհանրապես չմասնակցել ընտրություններին:  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА