o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Զարմանք

13.04.2016 17:12 ԶԱՐՄԱՆՔ
Զարմանք

Ճիշտն ասած, ընդամենը 10 օր առաջ նույնիսկ երազում չէի կարող տեսնել, որ բարի խոսք կարող եմ ասել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասին: Բայց կյանքը, զարմանալիորեն, այնքան հարուստ է, որ նույնիսկ ամենավառ երեւակայությունը գլուխը պատով է տալիս: Բնականաբար, չեմ կարող գոհունակություն չարտահայտել առաջին նախագահի նախաձեռնության առթիվ` հանդիպելու Սերժ Սարգսյանին եւ քննարկելու պատերազմական իրավիճակի հետ կապված խնդիրները: Այդ ֆոնի վրա, սակայն, ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ զարմանալիորեն իրեն դրսեւորեց ոչ թե որպես պաշտոնաթող նախագահ, այլ որպես սովորական նեղացկոտ ընդդիմադիր. "Այսպիսի հանդիպում  նախաձեռնել չեմ պլանավորում, տեղի ունեցած իրադարձությունների լույսի ներքո եւ հաշվի առնելով ծանր գնով ձեռք բերված փորձը` հիմա շատ ավելի կարեւոր է անհապաղ լուծել բանակը ժամանակակից սպառազինությամբ  ապահովելու հարցը, արագորեն ադապտացնել անձնակազմի մարտական եւ մարտավարական  պատրաստվածությունը նոր պայմաններին": Եվ ինչով է դա պայմանավորում` իբր գործող նախագահի եւ նախկին նախագահների հանդիպումները չեն կարող ազդել ռազմական խնդիրների լուծման վրա: Զարմանալի է, Ռոբերտ Սեդրակիչը իրո՞ք չի ըմբռնում, թե ձեւ է անում, որ չի ըմբռնում, թե այդպիսի հանդիպումները շատ կարեւոր հարցի լուծմանն  են նպաստում` միասնության մթնոլորտին:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ մեր թշնամին ջախջախվելով կռվի դաշտում` զարմանալիորեն որոշեց ՀԱՄԱՑԱՆՑՈՒՄ "ազատագրել" Ջաբրաիլը եւ Ֆիզուլին: Եվ ահա համացանցում հայտնվել են ֆոտոմոնտաժներ, թե ինչպես ասկյարները բարձրանում են այս կամ այն բնակավայրի անունը կրող մետաղյա կոնստրուկցիաների վրա եւ տեղադրում ադրբեջանական դրոշը: Բայց իզուր չէ, որ իրենք իրենց ծագումը բխեցնում են սեւ եւ սպիտակ ոչխարներից` ախր, այնքան ոչխարավարի են անում այդ ֆոտոմոնտաժները, որ "դրոշ տեղադրող" վիրտուալ ասկյարները երկու ոտքով հենված են լինում օդին, այլ ոչ թե մետաղակոնստրուկցիայի մասերին, ու համ էլ հաջողացնում են ունենալ միանգամից երկու աջ ձեռք: 

Բայց, օրինակ, գեներալ ՎԻՏԱԼԻ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ նաեւ զարմանալիորեն ճիշտ է վարվում, որ կոչ է անում չթերագնահատել թշնամու ունակությունները: "Իրենք շատ գրագետ մարտ են վարել` ե՛ւ ռազմավարական, ե՛ւ մարտավարական իմաստով: Եթե նրանց օպերացիաները ձախողվել են միանշանակ, ապա դա չի նշանակում, թե նրանք անգրագետ մարտ էին վարում... Համոզված եմ, որ շատ լուրջ պարապած էին: Թույլ չեն, չի կարելի թերագնահատել Ադրբեջանին... Այսինքն, այնպես չէ, որ անգրագետ մարտ են վարել սրանք, ընդհուպ այն ճանապարհները, որ մենք պետք է մոտենայինք, գրավեինք մեր դիրքերը, բոլորը եղել են հրետակոծության տակ: Նամանավանդ իրենց համար դա շատ հեշտ է եղել, որովհետեւ իրենք ունեն անօդաչու սարքեր, դրանց համար տարբերություն չկա, ցերեկը թռնել, թե գիշերը, այսինքն` շատ հեշտ է օդից նայել ու մարտը վարել, շատ գրագետ մարտ են վարել": Դե ինչ, դա շատ տեղին է, քանզի թերագնահատելու դիմաց կարող ենք կյանքերով վճարել: 

Եվ վերջապես, մեզ զվարճացնելու աստիճան զարմացրեց արդեն իսկ կատարյալ խելագարի համբավ ունեցող Իգոր Մուրադյանը: Նա էլ պարապ է մնացել ու որոշել է իրեն "նվիրել" այնպիսի գործին, ինչպիսին է "ռուսական ագենտների" սեւ ցուցակները հրապարակելը: Եվ ում նա հաջողացրած լինի մտցնել այդ ցուցակները` չեք հավատա, բայց նա "ռուսական շպիոն" է որակել անգամ իր հետեւողական արեւմտամետությամբ հայտնի ԹԵՎԱՆ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ: Դե լավ է, որ առայժմ գոնե Օբամային ռուսական շպիոն չի հանել: 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА