ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԼԵՎՈՆԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ, ԿԱՄ ՅՈ ԵՐԹԱՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

13.12.2016 19:57 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԼԵՎՈՆԸ ԴԵԿՏԵՄԲԵՐԻՆ, ԿԱՄ ՅՈ ԵՐԹԱՍ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ

Ինչքան էլ ուղտը սատկի, էլի կաշին մի իշաբեռ է: Ժողովրդական այդ իմաստնությունը հաստատվեց օրերս, երբ հայտնի դարձավ, որ ինչպես հայտարարեց Լեւոն Զուրաբյանը «Լեւոն Տեր-Պետրոսյանն ամբողջովին պատրաստ է մտնել նախընտրական պայքարի մեջ. նա է գլխավորելու ՀԱԿ ցուցակը»: Ծերուկը երկար սպասեց, մինչեւ որոշակի հստակություններ լինեն քաղաքական դաշտում, եւ մտավ խաղի մեջ: Ընդ որում` դեկտեմբերի 17-ին ՀԱԿ համագումարում նա հանդես կգա երկարաշունչ ելույթով:ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆԻ 
«ԴԵԿՏԵՄԲԵՐՅԱՆ ԹԵԶԵՐԸ»
Թե ինչպիսի նախընտրական խոստումներ են հնչելու ՀԱԿ-ի կողմից` որոշ բաներ ՀԱԿ խմբակցության ղեկավարը հնչեցրեց: «Հայ Ազգային Կոնգրեսը ընտրություններում հաղթանակի դեպքում շեշտակի կբարձրացնի կենսաթոշակները, 25 տոկոսով կէժանացնի գազի գինը, 14 հարկատեսակներից կթողնի 5-ը. ասում է Լեւոն Զուրաբյանը:
Ինչի՞ հաշվին սա կարվի. «Գործարարական կապիտալը Հայաստանից փախչում է, այդ թվում` Վրաստան: Մենք այնպես կանենք, որ այդ կապիտալը կմնա Հայաստանում: Ընդ որում, շնորհիվ պարզեցված հարկի` ստվերը կամովին լույս աշխարհ դուրս կգա»: 
Պարզ է, որ անկախ նրանից, թե ինչպիսի ելույթ կունենա ՀԱԿ առաջնորդը, դա կդառնա լայն քննարկումների առարկա, սակայն դժվար թե կրկնվի 2011 թվականի նմուշի «քաղաքագիտական վերլուծությունը»: Երկու անգամ նույն գետը մտնել հնարավոր չէ, ու գործնականում քիչ հավանական է, որ վերականգնվի Ծառուկյան-Տեր-Պետրոսյան ալյանսը: Այլապես չէր հայտարարվի, որ ծերուկը գլխավորելու է ցուցակը: 2013-ին նա նախագահական ընտրություններին չմասնակցեց, պատճառաբանելով, որ «տարիքը թույլ չի տալիս», սակայն 2017-ի ԱԺ ընտրություններից առաջ ինչ-որ հրաշքով միանգամից երիտասարդացավ: Իսկ թե ինչո՞ւ պետք է գլխավորի ՀԱԿ ցուցակը, դա էլ է ակնհայտ` հակառակ պարագայում անլուծելի կդառնա 5 տոկոս ստանալու խնդիրը: 
Հարկ է նշել, որ վերջին մեկ տարվա ընթացքում ծերուկի դիրիժորությամբ իր գլխավորած ուժը` ՀԱԿ-ը լավ էլ սահուն անցում կատարեց արմատական-հեղափոխական կարգավիճակից դեպի կառուցողական ընդդիմության կարգավիճակը: Դրան էապես նպաստեց եւ նրա դիրքորոշումը ապրիլյան պատերազմին, երբ գործող նախագահին զորակցելը միանգամից լուծեց ե՛ւ վարկանիշի բարձրացման, ե՛ւ կառուցողական դաշտն անցնելու խնդիրը: Կառուցողական դրսեւորումներից էր անշուշտ եւ միասնական ընտրական օրենսգրքի հանդեպ ՀԱԿ-ի պաշտոնական դիրքորոշումը, որը քանիցս հնչեցվեց Լեւոն Զուրաբյանի հիացական ելույթներում: Ավելորդ չէ մատնանշել եւ մի հետաքրքիր շտրիխ` զորօրինակ, ի տարբերություն ՀՅԴ-ի, որը շտապեց ամբողջ խմբակցությունով քվեարկել Զարուհի Փոստանջյանի ծայրահեղական նախագծին «ժողովրդական ապստամբության» վերաբերյալ, ՀԱԿ-ը այդ նախագծին չզորակցեց: 
Ինչեւէ, նախընտրական ներկապնակում առայժմ վաղ է ՀԱԿ-ին «դուրս գրելը», թեեւ ՏԻՄ ընտրություններում այդ կուսակցության արդյունքը ողբալի էր: Սակայն ՏԻՄ ընտրություններին Լեւոնն իր ծանր տեղը չթեթեւացրեց, պահելով իր «ծանրակշիռ» խոսքը` համապետական ընտրությունների համար: Պարզ է նաեւ, որ ընտրարշավում ՀԱԿ-ի առաջխաղացմանը իշխանությունը չի խոչընդոտելու` ծերուկը թեեւ ցինիկ է եւ անկանխատեսելի, սակայն այժմ վտանգավոր չէ: 

«Հասարակությունը բաժանվել է «յուրայինների» եւ «օտարների», ինչն ամենավտանգավորն է» (Տեսանյութ)

ԱՐԵՎՄՏԱՄԵՏՆԵՐԸ ՄԻԱՑԱՆ, 
«ԲԱ ԿՈԶԼԵՎԻՉԻ՞Ն»
Իրականացավ ամենայն հայոց «էլեկտրիկի» երազանքը` «Լուսավոր Հայաստան», «Քաղաքացիական պայմանագիր» եւ «Հանրապետություն» կուսակցությունները ստորագրեցին հուշագիր, որով ԱԺ ընտրություններին հանդես են գալու դաշինքով:
Թե ինչ գեղեցիկ բաներ կան հուշագրում, թողնենք մի կողմ, քանզի բոլորն էլ սիրուն տեքստեր գրելու վարպետ են: Ավելի հետաքրքիր է հուշագրի գործնական մասը. 
«ա) 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին եւ Երեւանի ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար` ընտրական դաշինքով:
բ) համատեղ գործունեության (այդ թվում` նոր ուժերի ներգրավման) վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով: 
գ) համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ:
դ) հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի` իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը` ազգային լավագույն առանձնահատկությունների եւ հետաքրքրությունների համադրությամբ»: 
Այսինքն` արեւմտամետ բեւեռը պատրաստ է: Սակայն չմոռանանք, որ այդ երեք կուսակցություններով այդ բեւեռը չի սահմանափակվում, եւ հարց է ծագում, թե ինչ են անելու «Ազատ դեմոկրատները» Բագրատյանի հետ, եւ վերջապես` ի՞նչ է անելու «Ժառանգությունը», որի առաջնորդին 2013-ին քաջնազարյան բախտով բաժին էր հասել ավելի քան կես միլիոն քվե: Այդ երեք կուսակցությունների հուշագրին «Ժառանգության» միանալու հավանականության մասին կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը ասաց. «Մինչեւ վերջնական որոշում չունենանք` որեւէ անուն չենք կարող նշել, նաեւ այն անունները, որոնց  հետ համագործակցությունը բացառում ենք: Մենք ունենք երկու կարեւորագույն խնդիր մեզ համար, որոնք նշմարել ենք` Հայաստանի ինքնիշխանության վերականգնում, արմատական բարեփոխումներ, որոնք պետք է, բնականաբար, սկսենք իշխանափոխությունից: Եթե այս նպատակի շուրջ կա նույնականություն, ապա այդպիսի քաղաքական ուժերի հետ կփորձենք շարժվել առաջ»:
Կարելի է ենթադրել, որ քանզի արեւմտամետ եռյակի հուշագրում «իշխանափոխություն» եւ այլ հեղափոխական բաներ չկան, ապա «Ժառանգությունը» կմնա Իլֆի եւ Պետրովի վեպի «Բա Կոզլեւիչի՞ն» բանաձեւի շրջանակներում: Չնայած ԱԺ-ում հայտնվելու ձգտումը հայրենի ընդդիմադիրների մոտ այնքան ուժգին է, որ պատրաստ են մի գիշերվա մեջ ոչ միայն աշխարհաքաղաքական կողմնորոշում փոխել, այլեւ, ասենք` ուրանալ հեղափոխականության եւ իշխանափոխության սրբազնագույն սկզբունքները: Եվ եթե Լեւոն Ակոպիչը դա արել է սահուն, ո՞վ է ասել, որ, ասենք «Ժառանգությունը» դա չի կարող անել կտրուկ:
Բայց արեւմտամետների բեւեռում թարսությունն էլ անպակաս է: Նրանց «շոգեքարշը» պետք է լինեին հայտնի սփյուռքահայ գործիչները` Սերժ Թանկյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը եւ այլք, ովքեր պատրաստվում են դիտորդություն անել ԱԺ ընտրություններին, իսկ մինչ այդ, սրտաճմլիկ քարոզչությամբ հեղեղել լրատվական դաշտը: Սակայն ամեն ինչ փչացրեց հայտնիների ասուլիսին անգլերեն լեզվով սկայպով մասնակցող Սերժ Թանկյանը: Նա հաջողացրեց ասուլիսի 41-րդ րոպեին Հայաստանի վերաբերյալ օգտագործել «fucking country» դարձվածքը, որը, բնականաբար չենք թարգմանի, քանզի մեր մամուլի էջերում ընդունված չէ հայհոյանք գրել: Ինչեւէ, թեեւ ասուլիսի թարգմանիչները Թանկյանի կողմից այդպիսի բան անելը տեղում շրջանցեցին, սակայն դա աննկատ չմնաց ու բավականին բուռն քննարկումներ եղան սոցիալական ցանցերում: Ու այստեղ կարեւոր էլ չէ, թե ինչ ենթատեքստով է Թանկյանը օգտագործել այդ հայհոյական դարձվածքը, կարեւորն այն է, որ Թանկյանը եւ ուրիշները օտարերկրացի են ոչ միայն քաղաքացիությամբ, այլեւ հոգով եւ մտածողությամբ: Նրանց համար Հայաստանը «fucking country» է, նրանք իրականում քաղաքականությունից բան չեն հասկանում, իսկ Հայաստանի քաղաքականությանը խառնվելու առաջադրանք տվողներն էլ մանրամասն չեն բացատրել, որ այդպիսի բաներ անել չի կարելի, որ ինչքան էլ ներսում ՀՀ քաղաքացիները վատ արտահայտվեն իշխանության եւ պետության մասին, այնուամենայնիվ, չեն հանդուրժի, որ դրսից ինչ-որ մեկը իրենց երկրին ասի «fucking country»: 

ԻՍԿ ՎԵՐՆԱԽԱՎՈՒՄ 
ԼՈՒՍԱԲԱՑԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ
Այն, որ վարչապետ Կարեն Կարապետյանի գործոնը զգալի պլյուսներ է տալու ՀՀԿ-ի վարկանիշին, ու ընտրարշավում դա արտացոլվելու է, միանշանակ է: Որեւէ էական դիմադրություն չի լինելու ե՛ւ քաղաքական դաշտից հեռացվող օլիգարխների, ե՛ւ օրենքի զորությամբ քրեական հոդվածի տակ ընկնող գանձագողերի կողմից: Իսկ այդ դիմադրության չգոյության հարցում արդեն էական է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի չեզոքությունը: Եթե առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղափոխական պոտենցիալն ամբողջովին սպառված է, ապա Ռոբերտ Սեդրակիչը, ըստ էության, բավարարավել է նրանով, որ իր կադրերից բավականին շատերը վերադարձել են իշխանական համակարգ: Այդ պարագայում նա պարզապես կարիք չունի առնչվելու քաղաքական առճակատումների եւ ընդդիմադիր կեցվածքի ռիսկերի հետ: Բայց միաժամանակ դրանով նա գործնականում կոտրել է բոլոր տեսակի հեղափոխականների ու ռեւանշիստների սրտերը: Ստացվում է, որ իզուր տեղն էին իրենց կոտորում, ամիսներ եւ տարիներ շարունակ սեւ քարոզչություն վարում, փակում սեփական ճանապարհը, սպասելով, որ Քոչարյանը մեսիայի պես կհայտնվի: Երկրորդ նախագահը դրա կարիքը չունի, իսկ այն, ինչի կարիքն ունի, գործնականում հանգիստ արդեն ստացել է: 
Ու եթե դեռ մի տարի առաջ նույն Գագիկ Ծառուկյանի մասնակցությունը քաղաքական գործընթացին կարող էր ռիսկեր պարունակել իշխող կուսակցության համար, քանզի թիկունքում Քոչարյանի քաղաքական գործոնը կար, ապա այժմ այդ ռիսկերը չկան: Նա հանգիստ կարող է ընդդիմադիր քվեների մեծ մասը փոշեկուլի պես քաշել դեպի ԲՀԿ, ապահովել այդ կուսակցության հստակ երկրորդ տեղը խորհրդարանում, բայց ՀՀԿ-ի հետ կոշտ հակամարտություն չի լինի: Ով գիտի, միգուցե, հաշվի առնելով ՀՅԴ-ի ոչ գործընկերային պահվածքը, կոալիցիայում ԲՀԿ-ն կփոխարինի՞ դաշնակներին... Բայց այդ հիփոթետիկ տարբերակները առարկայական քննարկման նյութ կարող են լինել միայն ընտրություններից հետո: Իսկ մինչ այդ, բողոքական ընտրազանգվածի ամենապրիմիտիվ հատվածը հաճույքով եւ իրեն երջանիկ զգալով` իր քվեն կտա «թագավոր եղբորը»: Վկան թեկուզ այն, ինչ տեղի ունեցավ Գյումրիում, երբ  հանդիպման եկածներից մեկի սիրտը հրմշտոցին չդիմացավ: 
Ինչեւէ, ՀՀԿ-ն կայուն եւ կանխատեսելի իրավիճակով գնում է մեծամասնություն վերցնելու: Նույնքան կանխատեսելի եւ ՀՀԿ-ի համար միանգամայն անվտանգ է թվով երկրորդ քաղաքական ուժի նախընտրական եւ հետընտրական վարքագիծը: Դե, իսկ առաջին նախագահի գլխավորած ՀԱԿ-ի, կամ եվրաերազանքներով ապրող «գլխավոր էլեկտրիկի» շուրջ կազմված դաշինքի տարած քվեներն ու ստացած մանդատները ընդամենը կապահովեն նոր խորհրդարանի բազմերանգությունը: Իսկ որեւէ մեկն ասե՞լ է, որ բազմաթիվ երանգները խանգարում են ընդհանուր աշխատանքին: Ընդհակառակը` բոլոր տեսակի դասագրքերում գրված է, որ օգնում են:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Երկրում պետք է լինի իրական ու նոր ընդդիմություն, եւ մենք մեզ այդ դերում տեսնում ենք»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА