o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹՐԱՄՓԻ «ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ» ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՄՆ-ՌԴ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

09.12.2016 19:46 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹՐԱՄՓԻ «ՌՈՒՍԱԿԱՆ ԳՈՐԾԱԿԱԼ» ԽՈՐՀՐԴԱԿԱՆԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ԱՅՑՈՎ ԿՄԵԿՆԱՐԿԻ ԱՄՆ-ՌԴ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

Համաշխարհային քաղաքականության օրակարգային հիմնական թեմաներից մեկը շարունակում է մնալ Հալեպը: Ճիշտ է, այստեղ գործում են ոչ թե դիվանագետները, այլ՝ զինվորականները: Սակայն հասկանալի է, որ ողջ քաղաքականությունը կձեւավորվի այն հիմքի վրա, որն այս օրերին փաստացի ձեւավորում են զինվորականները:ՀԱԼԵՊԸ ՇԱՏ ՀԱՐՑԵՐԻ 
ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ ՏՎԵՑ
Թե ինչ հիմքեր են ձեւավորում զինվորականները, արդեն հազիվ թե որեւէ մեկը կասկածի: Համենայնդեպս, ինչպես որ սպասվում էր, վերջին օրերի սիրիական կառավարական ուժերի հարձակումների արդյունքում քաղաքի արդեն միայն մի փոքրիկ մասն է մնացել գրոհայինների վերահսկողության տակ: Ընդ որում, կան խոսակցություններ, որ այդ տարածքը եւս արդեն իսկ կարող էր ազատագրված լինել այն առումով, որ անգամ ամենաարմատական խմբավորումները, նրանց թվում՝ օտարերկրյա վարձկանները համոզված են, որ այս ամենի վերջն իրենց լիակատար ոչնչացումն է, եւ փորձում են համաձայնություն ձեռք բերել՝ տարածքներն առանց կռվի հանձնելու դիմաց Հալեպից անարգել հարեւան Իդլիբի մարզ տեղափոխվելու իրավունք ստանալու շուրջ: Սակայն, եթե սիրիական բանակն այլ վայրերում նման համագործակցության գնում է, ապա Հալեպում գործող այդ խմբավորումները դեռ միայն մերժում են ստանում երկու պատճառով. նախ՝ այստեղ գործում են ամենաարմատական ուժերը, որոնք հետագայում էլ գլխացավանք կդառնան: Մինչդեռ փորձագետներն այն կարծիքին են, որ Հալեպից հետո այստեղ գործող բանակային ուժերը հարվածը կտեղափոխեն հենց նույն Իդլիբի ուղղությամբ: Երկրորդը. ռուսական հոսպիտալի վրա գրոհն ու երկու բժշկուհիների սպանությունն իրականացվել է հենց նույն տարածքներից, այսինքն՝ նույն խմբավորումների կողմից, եւ այդ գրոհայիններին այդպես հեշտ ու հանգիստ բաց թողնել ռուսները չեն պատրաստվում:Չնայած այս ամենը տեխնիկական հարցեր են, իսկ գլոբալ առումով` կհանձնվեն գրոհայինները, թե՝ ոչ, բոլորին հասկանալի է, որ ինչպես եւ սպասվում էր, մինչեւ ամսվա կեսերը Հալեպը լիովին կազատագրվի: Ուստիեւ՝ արդեն իսկ նաեւ հիմնական քաղաքական հաշվարկներն են կատարվում այդ իրավիճակից եւ դրանից բխող ռազմական զարգացումներից ելնելով:
Ընդ որում, այդ հավանական հետագա ռազմական զարգացումները, ավելի կոնկրետ, այդ հարցով նախնական փորձագիտական հաշվարկները եւս սիրիական բանակի օգտին են: Այսինքն, Հալեպի օպերացիան ավարտելով, այստեղ կենտրոնացած բավականին պատկառելի սիրիական ուժերը նախ արագ եւ հաջող օպերացիա կձեռնարկեն` քաղաքից դեպի արեւելք եւ հյուսիս-արեւելք ուղղություններով (Տե՛ս քարտեզը): Նպատակը նախ՝ Էլ-Բաբ ռազմավարական նշանակության քաղաքի ազատագրումն է՝ այդ կերպ տվյալ ուղղությամբ կենտրոնացած թուրքական եւ քրդական ուժերը ինչ-որ կերպ վերահսկելի դարձնելու համար: Ու այդ հարձակումը մինչեւ Եփրատի արեւմտյան ափերը շարունակելով, սիրիական բանակը վերջնականապես կապահովագրի Հալեպը հետագա տհաճություններից: Դրանից հետո արդեն հարվածի ուղղությունը կտեղափոխվի դեպի արեւմուտք՝ Իդլիբի մարզի եւ հարակից տարածքների ուղղությամբ: Հաջողության դեպքում արդեն հնարավոր կլինի նույնիսկ ժամկետներով խոսել սիրիական պատերազմի ավարտի մասին:

ՀԻԼԱՐԻ ՔԼԻՆԹՈՆԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ԽՐՈՒՇՉՈՎԻՆ ՈՒՂՂՎԱԾ ԵՐԳԻԾԱԿԱՆ ՆԱՄԱԿ՝ ԳՐՎԱԾ ԹՐԱՄՓԻ ՈՃՈՎ

ԳԼՈԲԱԼ 
ՎԵՐԱԴԱՍԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՇԵՄԻՆ
Այսպիսով, այս նախնական հաշվարկները նաեւ քաղաքական հարթակում են այն տրամադրություններն առաջ բերել, որ սիրիական պատերազմը, ամենայն հավանականությամբ, կավարտվի Բաշար Ասադի հաղթանակով: Իսկ դա նշանակում է այդ գոտում ռուսական աշխարհաքաղաքական դիրքերի երկարաժամկետ գերկայունացում՝ Իրաք-Իրան-Հայաստան-Աբխազիա ուղղությամբ ՌԴ-ի հետ առանցքային կապի հեռանկարով: Գումարենք դրան նաեւ այն, որ օրերս հաստատելով ռուսական «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը, Անկարան եւս ցույց տվեց, որ եվրոպական փակ դռների պատճառով ավելի նախապատվելի է համարում ռուսական տնտեսական ուղղվածությունը, թեեւ դրա համար նաեւ սիրիական եւ ղարաբաղյան իրողությունների հետ հաշտվելու խնդիրը կա:
Ամեն դեպքում, այս իրավիճակը վաղուց էր կանխատեսելի, իսկ ներկայիս սիրիական զարգացումները պարզապես այդ հեռանկարային ծրագրերը բերում են պրակտիկ քաղաքական օրակարգ: Դրանով, նաեւ Չինաստան-Հնդկաստան-Իրան ուղղությամբ ¥Թուրքիան եւս այս հարցում իր շահն է տեսնում¤ դեպի Եվրոպա «Մետաքսի ուղու» գործարկման հեռանկարը: Իսկ դա, ինչպես հայտնի է, ԱՄՆ-ին սպառնում է Չինաստան-Եվրոպա բեռնաշրջանառությունը ամերիկյան վերահսկողություն ծովային ճանապարհներից ցամաք շրջելու հեռանկարով, ինչը, խոշոր հաշվով, նշանակում է համաշխարհային առեւտրում դոլարիզացիայի, այսինքն՝ դոլարի համաշխարհային շրջանառության զգալի նվազեցում:
Այն, որ հենց այդ գաղափարն էր դրված Թրամփի նախընտրական քարոզչության հիմքում, այն է՝ գերուժեղ դոլարից հրաժարվելով, կենտրոնանալ ամերիկյան ներքին իրական տնտուսության ամրապնդման վրա, այն ժամանակ էլ դժվար չէ նկատել: Այսինքն՝ հենց դա էլ դարձավ այդքան լարված ընտրությունների պատճառը. հարվածն ուղղված էր, այսպես ասած՝ դոլար տպող մեքենայի տիրոջը: Եվ փաստը, որ Թրամփը հիմա էլ խոսում է այդ մեքենայի տեսանելի սեփականատիրոջ՝ Ֆեդերալ ռեզերվային համակարգի լիազորությունների լուրջ վերանայման մասին, հուշում է, որ այդ ներամերիկյան պայքարը դեռ բուռն թափով շարունակվում է: Եվ պատահական չէ, որ այս օրերին Օբաման մեկը մյուսի ետեւից ՌԴ-ի հետ հակասությունները խորացնող քայլերի է գնում: Իմաստը կարելի է հասկանալ. այդ ներքին պայքարում Թրամփի հաջողությունը շատ բանով կախված է ռուսների եւ չինացիների հետ հետագա պայմանավորվածություններից, եւ այս պահին ինչքան խորանա ՌԴ-ի հետ հակասությունները, հետագայում նույնքան էլ կդժվարանա պայմանավորվածությունների հասնելը: Ու թերեւս դա կանխելու համար է, որ Թրամփը եւս որոշեց արագացնել իր քայլերը: Համենայնդեպս, այդ տպավորությունն է առաջացնում դեռ նախընտրական փուլից սկսած Թրամփի արտաքին քաղաքական խորհրդական Քարթեր Փեյջի այսօր մեկնարկած այցը Մոսկվա: Ի դեպ, հենց Փեյջի գործունեությունը մեջբերելով էր նախընտրական ժամանակաշրջանում Հիլարի Քլինթոնի թիմը Թրամփի անունը կապում Կրեմլի հետ՝ անձամբ Փեյջին էլ համարելով մոսկովյան գործակալ: Ավելին, անգամ ՀՖԲ-ն այդ հարցով զբաղվեց, թեեւ այդպես էլ գործակալ լինելու փաստեր, բնականաբար, չգտավ: Բայց մեկ բան հաստատ է՝ հաստատ հենց այս անձնավորությունն է նոր վարչակազմի օրոք իրականացնելու Վաշինգտոն-Մոսկվա կապը, եւ Թրամփի ինագուրացիայի շեմին նրա այս մոսկովյան բավականին երկարատեւ՝ հնգօրյա այցը եւ նախատեսված հանդիպումների կշիռն ու բազմազանությունը հուշում է, որ Թրամփը որոշել է արագացնել Մոսկվայի հետ կապված ծրագրերը՝ թերեւս զգուշանալով, որ Օբաման կհասցնի ստեղծել մի իրավիճակ, որտեղից հետագայում երկու կողմի համար էլ դուրս գալը դժվար կլինի:
Եվ ահա այս իրավիճակում, երբ գործնականում արդեն տեսանելի է Սիրիայում ռուսական դիրքերի երկարաժամկետ ամրապնդման եւ այդ հիմքի վրա՝ «Մետաքսի ուղու» հեռանկարները, Թրամփը Մոսկվայի հետ բանակցությունները հանգիստ կարող է այդ իրողությունների վրա կառուցել՝ չմտածելով օրինակ Սիրիայում զիջումների գնալու պատճառով ներամերիկյան դաշտում վարկանիշային կորուստներից: Ուզում ենք ասել, որ ամենեւին էլ պատահական չէր, որ ընտրված նախագահի էմիսարները հենց այս պահին հայտնվեցին Մոսկվայում: Բայց թե ի՞նչ տեսքով կլինեն նախնական պայմանավորվածությունները, ժամանակը ցույց կտա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА