ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

25-ԱՄՅԱ ԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ

07.12.2016 20:17 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
25-ԱՄՅԱ ԱՇԽԱՐՀԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՎԱԽՃԱՆԸ

Ուղիղ 25 տարի առաջ՝ 1991թ. դեկտեմբերի 8-ին Բելառուսի ¥այն ժամանակ՝ Բելառուսական ԽՍՀ¤ Բելովեժյան թավուտ կոչվող վայրում կնքվեց, այսպես կոչված, Բելովեժյան համաձայնագիրը: Շատերը միգուցե չեն հիշում, բայց այդ համաձայնագիրն էր, որ դրեց ԽՍՀՄ-ի գոյության վերջակետը:ԲԵԼՈՎԵԺՅԱՆ ԱՂԵՏԸ

Ամերիկյան հետախուզությունը կանխատեսել է ԱՄՆ-ի աշխարհակալության մայրամուտը

Այն, որ Բելովեժյան համաձայնագիրը կոպտորեն ոտնահարում էր այն ժամանակվա օրենսդրությունը, անցած տարիներին շատ է խոսվել եւ հիմնավորվել: Համենայնդեպս, երկու-երեք փաստեր դրա լավագույն ապացույցն են: Նախ այն, որ համաձայնագիրը ստորագրողներն իրենք էլ շատ լավ էին գիտակցում, թե ինչ ծանրագույն հանցագործության են գնում: Ուստիեւ,  հատուկ էին հավաքվել սահմանին շատ մոտ գտնվող այդ վայրում, որ միութենական հատուկ ծառայությունների միջամտության դեպքում կարողանային արագորեն սահմանից այն կողմ փախչել: Հաջորդը. ստորագրումից հետո որեւէ մեկը Բելովեժյան համաձայնագիր կոչված այդ փաստաթղթի բնօրինակը չի տեսել, եւ մինչ օրս էլ, չնայած շատերն են որոնել, այն չկա: Եվ եթե այն չկա, ինչպե՞ս կարող է գործել: Ու մյուս կողմից. հենց այդ միակ փաստաթուղթն է, որ չեղյալ է համարել ԽՍՀՄ-ի ստեղծման մասին 1922թ. պայմանագիրը: Այսինքն, եթե Բելովեժյան համաձայնագրի բնօրինակը չկա, ապա ի՞նչ իրավական հիմքով է չեղյալ համարվել 1922թ. այդ պայմանագիրը: Իհարկե, կարող են ասել, թե ԽՍՀՄ մաս կազմող հանրապետություններն առանց այդ պայմանագիրը չեղյալ համարելու էլ կարող էին դրա կազմից դուրս գալ: Ճիշտ է, բայց միայն այն ժամանակների գործող օրենսդրության համաձայն: Մինչդեռ՝ խորհրդային հանրապետություններից միայն եզակիներն են ԽՍՀՄ օրենսդրության համապատասխան դուրս եկել Միության կազմից: Այդ թվում՝ Հայաստանը, որը հայտարարեց անկախության հանրաքվե անելու մասին եւ այդ գործընթացն իրականացրեց օրենքի տառին համապատասխան: Մի շարք հանրապետություններ անգամ օրենքի խախտմամբ հանրաքվե չեն արել, բավարարվել են խորհրդարանների որոշումներով: Մինչդեռ խորհրդարանները այդ լիազորությունը չունեին: Ուզում ենք ասել, որ եթե մեկ-երկու հանրապետություն օրենքի շրջանակներում դուրս էին եկել ԽՍՀՄ-ից, դա էլ Միության գոյության դադարեցման իրավական հիմք չէր...

Վստահեցնում ենք, ցանկացած լուրջ իրավաբան շատ հանգիստ կարող է հիմնավորել, որ մինչ այս պահն էլ ԽՍՀՄ-ի ստեղծման մասին 1922թ. պայմանագիրն իրավական առումով չեղարկված չէ: Բայց նաեւ հասկանալի է՝ փաստացի իրականությունը տեղ չի թողնում իրավականին:Միխոսքով, Բելովեժյան համաձայնագիրը, թեեւ վաղուց է դարձել պատմաբանների սեփականությունը, սակայն նրա առաջ բերած հետեւանքները մինչ այժմ էլ գործնական հարթությունում են: Այսպիսով՝ ի՞նչ տվեց ԽՍՀՄ-ի փլուզումը եւ, ամենակարեւորը, ճի՞շտ էր դա: Չինաստանի օրինակը հուշում է, որ անգամ խորհրդային հասարակարգի պահպանմամբ հնարավոր էր թռիչքային զարգացումներ ունենալ: Սակայն խոսքն այդ մասին չէ եւ ոչ էլ այն իրավիճակի, որում հայտնվեցին նախկին խորհրդային հանրապետությունները: ԽՍՀՄ-ի փլուզումը մեկ այլ, էլ ավելի գլոբալ էֆեկտ ունեցավ, հենց որի էֆեկտներն էլ այսօր առավել քան արդիական են:

Խոսքն աշխարհի քաղաքական դեմքի այն արմատական փոփոխության մասին է, որն առաջ բերեց ԽՍՀՄ-ի փլուզումը: Ժամանակակից լեզվով ասած՝ երկբեւեռ աշխարհը դարձավ միաբեւեռ, եւ ամերիկյան հեգեմոնիայով այդ աշխարհակարգը մինչ օրես էլ պահպանվում է: Այ, հենց դա էր ԽՍՀՄ-ի փլուզման գլխավոր հետեւանքը՝ մեկ քաղաքական բեւեռից աշխարհի կառավարման այդ մոդելի ստեղծումը: Ավելին, անխուսափելի ստեղծումը, հաշվի առնելով, որ 1991թ.-ից սկսած` տարիներ շարունակ չկար այն ուժը, որը կարող էր ԽՍՀՄ-ի օրինակով քիչ թե շատ հավասար մրցակցություն ծավալել ԱՄՆ-ի հետ:

Ուրեմն, այս տեսանկյունից ի՞նչ տվեց ԽՍՀՄ-ի փլուզումը արդեն ոչ թե միայն այդ պետության բեկորներին, այլ՝ համայն մարդկությանը:

ՏՈՒԺԵՑԻՆ 

ՆՈՒՅՆԻՍԿ ՀԱՂԹՈՂՆԵՐԸ

Հազիվ թե որեւէ մեկը այս վերջին 25 տարիների պատմությունը դասի մարդկության պատմության լավագույն դարաշրջանների ցանկում: Իհարկե, մի շարք ուղղություններով արձանագրվել է թռիչքային զարգացում, թեեւ դա էլ, օրինակ, այս հարցն է առաջ քաշում՝ դրանից ի՞նչ ստացավ երեխան, որ առաջվա պես դրսում վազվզելու փոխարեն հիմա օրերով համակարգչից չի հեռանում: Ու դրա հետ մեկտեղ՝ բազում են այն բոլոր աղետները, որոնք մարդկությունը տեսավ այս քառորդ դարում: Իրաք-Աֆղանստանից սկսած, մինչեւ ներկայիս պատերազմներն ու ահաբեկչական գերհզորացած շարժումները, մինչդեռ հաճախ չես էլ հասկանում, թե ո՞ւմ էր պետք այդ հերթական պատերազմը կամ «հեղափոխությունը»: Եվ ամենավատը, մարդկությունը եւ գործնականում՝ դրա ամեն մի ներկայացուցիչ կորցրել է վաղվա օրվա հանդեպ վստահությունը: Լինի դա այն գերհաճախակիացած մտահոգությունների տեսքով, թե այսօր-վաղը կսկսվի Երրորդ աշխարհամարտը, կամ թե վաղը կունենա՞ս աշխատանք, որ ընտանիքիդ կերակրես: Ավելացնենք դրան նաեւ բարոյական եւ հոգեւոր արժեքների այս կատաստրոֆիկ բնույթի անկումներն, ու պատկերն ամբողջական կլինի:

Թուրքիայի նախագահ Էրդողանը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝  Ադրբեջանի անկախության 25-ամյակի կապակցությամբ

Ընդ որում, այս վատթարացած վիճակն իրենց վրա ամենայն սրությամբ զգում են նաեւ այն առաջատար երկրները, որոնք նյութական առումով այս 25 տարիներին մի քանի գլխով վեր բարձրացան: Բայց եթե ամեն ինչ այնքան փայլուն է, որքան նկարագրվում է, ուրեմն ինչո՞ւ բրիտանացիները որոշեցին Եվրամիությունից դուրս գալ, եւ շատերն էլ պատրաստ են նրանց օրինակին հետեւել: Կամ ի՞նչ կլինի մի 20-30 տարի հետո լավագույն դեպքում երկու երեխա ունեցող բնիկ եվրոպացիների հետ առնվազն հինգ երեխա ունեցող իսլամական ներգաղթյալների կողքին: Ինչպե՞ս է իր երբեմնի քրիստոնեական արժեքներով հպարտացող, բայց հիմա եկեղեցիները կազինո սարքած կոնչիտայացած եվրոպացին դիմակայելու այդ իսլամական ուժին, որի շատ անդամներ պատրաստ են  հանուն հավատի իրենք իրենց պայթեցնել: Ու ամենաթարմ տիպիկ օրինակը. կշարունակի՞ իր գերլիբերալ հայացքները պահպանել եվրահանձնաժողովի այն բարձրաստիճան պաշտոնյան, որի աղջկան օրերս բռնաբարել եւ սպանել էր աֆղանցի ներգաղթյալը: Բայց չէ՞ որ նույն աֆղանցին էլ նաեւ Եվրոպայի մասնակցությամբ իր հայրենիքի ներկայիս վիճակի պատճառով է, որ եկել-հասել է Գերմանիա...

Եվ նույնիսկ աշխարհակալ Ամերիկան այդ կարգի խնդիրների պակաս չունի: Ամենապարզ օրինակը. ԽՍՀՄ-ի փլուզման պահին ԱՄՆ-ն ուներ ընդամենը երկու-երեք տրիլիոն դոլարի պարտք, հիմա՝ մոտ քսան: Ժամանակին մտածում էին՝ ի՞նչ կա, դոլարը մենք ենք տպում: Ու այսքանից հետո ամերիկյան հայտնի տնտեսագետ Պոլ Ռոբերտսը, ով ԽՍՀՄ-ի փլուզման տարիներին ամերիկյան ֆինանսական համակարգի հիմնասյուներից մեկն էր համարվում, հիմա ակնարկում է, թե ցանկանում է ռուսական քաղաքացիություն ստանալ:

Վերջապես փաստը, որ նախագահական ընտրություններում ի սկզբանե անլուրջ թեկնածու համարվող Դոնալդ Թրամփը հաղթեց պահպանողականություն, ավելի կոնկրետ՝ 1980-90-ականների արժեհամակարգային իրավիճակին վերադառնալ քարոզելով, ընդունում են բոլորը: Իսկ դա մեկ պարզ բան է ապացուցում. անգամ ԱՄՆ-ի բնակչության բացարձակ մեծամասնությունն է ծայրահեղորեն զզվել այն իրավիճակից, այսինքն՝ իրենց իսկ աշխարհակալությունից, որը ձեւավորվեց ԽՍՀՄ-ի փլուզումից հետո:

Պահպանողականության գլոբալ հեղափոխություն: Նաեւ այս արտահայտությանն է վերագրվում ամերիկյան ծագումնաբանությունը: Չնայած կարեւորը դա չէ, այլ այն, որ նույն քարոզչությամբ, այն է՝ գլոբալիզմն ու ուլտրալիբերալիզմը օրակարգից հանելու եւ ազգային արմատներին վերադառնալու գաղափարը արդեն հաստատ գալիք տարի նաեւ Եվրոպայում կսկսի իշխանափոխությունների տեսք ստանալ: Մեծ հաշվով, իհարկե, դա չի նշանակում, որ համաշխարհային լարվածությունների, բախումների, պատերազմների, տարաբնույթ ռազմաքաղաքական դաշինքների վերջը կգա: Ամենեւին: Մինչ ԽՍՀՄ-ի փլուզումն էլ դրանք կային ու հետո էլ կլինեն: Սակայն մեկ գլխավոր հանգամանք միանշանակ կփոխվի, եւ նույնիսկ կարելի է ասել, արդեն փոխվել է. 25 տարի շարունակվող համաշխարհային միաբեւեռ կայսրությունը չի լինելու: Ու ամենագլխավորը, որ դա տալիս էր ԽՍՀՄ-ի ժամանակներում եւ կտա հետայսու այն է, որ երկու-երեք հավասարազոր ուժերը միշտ էլ իրար հիշեցնելու են, որ ամենազոր չեն: Իսկ դա արդեն իսկ բավական է, որ ամեն մի առիթով աշխարհն իրար խառնելու փոխարեն, նախ նստեն ու իրար հետ լեզու գտնել փորձեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА