ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԸՆՏՐԱՐՇԱՎԻ  ԶՈՒԳԱՀԵՌ  ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

07.12.2016 20:15 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԸՆՏՐԱՐՇԱՎԻ  ԶՈՒԳԱՀԵՌ  ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 

Այժմ ՀՀ ներքաղաքական կյանքում ամեն ինչ ենթարկվում է նախընտրական տրամաբանության: Բոլորն առաջնորդվում են Երկրորդ աշխարհամարտի ժամանակների թիվ մեկ խորհրդային կարգախոսի ձեւափոխված տարբերակով` ամեն ինչ ընտրարշավի, ամեն ինչ հաղթանակի համար: Ընդ որում, եթե ՀՀԿ-ի համար հաղթանակը քվեների 54 եւ ավել տոկոս վերցնելն է, ԲՀԿ-ի համար` անվիճելի եւ գերակշիռ երկրորդ տեղը, ապա ընդդիմադիր մյուս խաղացողների եւ նրանց դաշինքների համար` անցողիկ շեմը հաղթահարելը: Բնականաբար, կա նաեւ հաղթանակի չափանիշ, առանձին քաղաքական գործիչների պարագայում` հայտնվել ճիշտ պահին ճիշտ ցուցակի ճիշտ տեղում` բաղձալի մանդատը ստանալու համար, իսկ թե գաղափարական կամ աշխարհաքաղաքական ինչ գույնի է այն լինելու, այնքան էլ կարեւոր չէ: ՀՀԿ-Ի ՑՈՒՑԱԿԻ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆԸ

ԿՏՐՈՒԿ ՇՐՋԱԴԱՐՁԵՐ ԸՆՏՐԱՐՇԱՎԻ  ՃԱՆԱՊԱՐՀԻՆ

Թե ով է գլխավորելու իշխող կուսակցության ցուցակը, պարզ կլինի ՀՀԿ ԳՄ առաջիկա նիստից հետո: Իսկ ցուցակի պատկերը թերեւս հստակեցված կլինի մինչեւ Ամանոր: Այդ ցուցակի համար մրցակցությունը ավելի շուտ կուլիսային է, քան` հրապարակային: Եվ դա վերաբերում է ինչպես հիմնական համամասնական, այնպես էլ թվով 13 տարածաշրջանային ցուցակներին: 

Ինչ վերաբերում է ապագա մանդատ ստացողներին, ապա օլիգարխիկ տարրերը, կարծես թե, չպետք է ակնկալիքներ ունենան: Ճիշտ է, դա չի ազատում նրանց կուսակցության ընտրարշավի ներդրում ունենալուց, սակայն վարձատրությունը ոչ թե  մանդատն է, այլ` «կուլակաթափ չլինելու» երաշխիքը, որը հնչեց ՀՀ նախագահի շուրթերից ՀՀԿ համագումարին: Այսինքն`  տեղի է ունենում իշխանության եւ խոշոր բիզնեսի որոշակի տարանջատում: «Կուլակաթափ չլինելու» երկրորդ պայմանը ստվերից դուրս գալն ու «սպիտակ» հարկային դաշտում աշխատելն է, ինչը եւ խոշոր բիզնեսի պարագայում քայլ առ քայլ ապահովում է վարչապետ Կարեն Կարապետյանը: Ի դեպ, նույն վարչապետի անմիջական թիմի կուսակցականացումը ընթանում է բավականին հաստատուն քայլերով, եւ դա վերաբերում է ինչպես նախարարներին, այնպես էլ այլ օղակների ներկայացուցիչներին: Եթե անգամ Լեւոն Ալթունյանն է որոշել դառնալ կուսակցական, ապա հարց է ծագում` իսկ ընդհանրապես ով է անկուսակցական մնալու... ԸՆԴԴԻՄԱԴԻՐ 

ՄՐՑԱՊԱՅՔԱՐ. 

ՏԵՂԵՐԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ԵՆ

Ինչ վերաբերում է ընդդիմությանը, ապա նկատելի է, որ ոչ ոք ջանքեր չի գործադրում` ՀՀԿ-ից քվեներ խլելու, քանզի դա զուտ իրապաշտական տեսակետից համարում են անօգուտ զբաղմունք: Առավելագույնը կփորձեն ընտրազանգված տանել ՀՅԴ-ից: Ստացվում է բավականին կատաղի մրցակցություն` սահմանափակ տեղերի համար: 

Անշուշտ, այդ գործընթացում շատ էական նշանակություն ունի Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն: Նաիրա Զոհրաբյանի չարախինդ բացականչությունները` առանց բացառության ամբողջ ընդդիմադիր դաշտի կողմից «վալերիանկա» խմելու վերաբերյալ, հիմնվում է այն փաստի վրա, որ Գագիկ Ծառուկյանով ԲՀԿ-ն պոտենցիալ հնարավորություն ունի` վերցնելու ընդդիմադիր ընտրազանգվածի կեսը: Այդ ներուժն իրացնելու տրամաբանության մեջ է տեղավորվում եւ այլ ԲՀԿ-ականների վարքագիծը: Զորօրինակ, ամենամեղմ ընդդիմադիր ելույթների սովորություն ունեցող Միքայել Մելքումյանն այժմ անցել է բավականին կոշտ հռետորաբանության, ինչն, օրինակ, ԱԺ-ում արտահայտվել է` նրա կողմից «բլբուլ կտրելով»: 

Որոշակի ինտրիգ մնում է եւ այն հարցի շուրջ, թե ովքեր են լինելու Գագիկ Ծառուկյանի ցուցակում: Պարզ է, որ հիմնականում կլինեն ԲՀԿ-ականներ, բայց արդյո՞ք լրիվ անկեղծ են ԲՀԿ-ականները, երբ ասում են, որ ոչ մի դաշինք նախատեսված չէ: Չէ՞ որ պատահական չէ լրատվական դաշտում արտահոսքերի առատությունը, որ այս կամ այն ոչ ԲՀԿ-ական գործիչը լինելու է Ծառուկյանի ցուցակում: Խոսքն անգամ նոր կուսակցություն ստեղծող Վիկտոր Դալլաքյանին է վերաբերվում, ում պարագայում դա անվանվում է «պլան Բ»: Ու եթե հետեւենք Լեւոն Զուրաբյանի եւ ՀԱԿ այլ պատգամավորների ելույթներին, ապա նման է, որ ՀԱԿ-ն էլ զրոյից տարբերվող հավանականություն է տեսնում, որ կպնելու է Ծառուկյանի պոչից: Բայց, խոշոր հաշվով, ընտրությունների մասին դեռ ոչինչ չի ասել Լեւոն Տեր-Պետրոսյանը: Միգուցեեւ չասի էլ, եթե հանկարծ համարի, որ սեփական կադրերին խորհրդարան անցկացնելու շանսերը զրոյական են: 

Իսկ մյուս լռող նախկին նախագահը` Ռոբերտ Քոչարյանը, ընտրություններին որեւէ կերպ խառնվելու ցանկություն չունի: Նա թերեւս բավարարվել է այն հանգամանքով, որ որոշ քանակով յուրային կադրերը պաշտոններ են ստացել, ինչը որոշակի երաշխիք է նրա կլանի ֆինանսատնտեսական շահերի համար: Սակայն դրանով Ռոբերտ Սեդրակիչը դաժանաբար «քաշել» է բազում մարդկանց, ովքեր մեծ հույսեր էին կապում երկրորդ նախագահի ակտիվ եւ ագրեսիվ ձեւով քաղաքականություն վերադառնալու հետ: Այսպես, խոշոր քաշվածներից է Վարդան Օսկանյանն իր կուսակցությունով հանդերձ, ում ոչ ոք չի ուզում ընդգրկել ընդդիմադիր դաշինքներում, եւ բացառված չէ, որ ընտրություններին նրան առհասարակ չտեսնենք: Ոչ պակաս խոշոր քաշվել է եւ ալամ աշխարհի հայերի պրեզիդենտ Արա Աբրահամյանը, ով ստիպված հրաժարվել է ընտրություններին մասնակցելուց, ու թերեւս չկարողանա նաեւ կրկնել իր անցյալի փորձը` եղբայրներին տեղավորելու խորհրդարանական տարբեր խմբակցություններում: Քաշվել է նաեւ Արթուր Բաղդասարյանը, ով այժմ ուզած-չուզած պետք է հույսը դնի իր եւ ՕԵԿ խմբակցության պատգամավորների ճարտար լեզվի, ինչպես նաեւ անմահական նախընտրական մուրաբաների վրա: 

Նման է, որ, խոշոր հաշվով, ԱԺ ընտրություններն անցնելու են մոտավորապես նույն մոդելով, ինչ Գյումրիի եւ Վանաձորի ավագանու ընտրությունները: Այսինքն` թույլատրվելու է ընտրողներին գրավել ցանկացած միջոցներով, եւ արգելված կլինի միայն բիրտ ուժի կիրառումն ու քվեարկության արդյունքների կեղծումը: 

Ու հնարավոր է ունենանք հետաքրքիր պարադոքս` ընդդիմությունն ավելի է ինտենսիվորեն է «եղուբրնձով» շահելով ընտրողների սիրտը, քան` իշխանությունը: Դե, ինչ արած, հայոց աշխարհում ամեն ինչի համար վճարել է պետք, այդ թվում եւ այդքան քաղցր պատգամավորական մանդատների համար:  

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА