ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՎԱԼԵՐԻԱՆԿԱՆ»`  ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀ

06.12.2016 18:01 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՎԱԼԵՐԻԱՆԿԱՆ»`  ՈՐՊԵՍ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՃԻՇՏ ՃԱՆԱՊԱՐՀ


«Դարակազմիկ» իրադարձությունը տեղի ունեցավ`  Գագիկ Ծառուկյանը «ազգովի», իսկ ավելի ճիշտ` ԲՀԿ-ովի խնդրելուց հետո կարծես թե վերադառնում է քաղաքականություն: Համենայնդեպս, ԲՀԿ առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը վստահաբար ասում է. «Այո, ես կարող եմ ասել, որ Գագիկ Ծառուկյանը առաջիկա քաղաքական գործընթացներին մասնակցելու է: Ի՞նչ ձեւաչափով, ի՞նչ ֆորմատով, ի՞նչ կերպ, կարծում եմ, շատ կարճ ժամանակում այդ ամենը պարզ կլինի»: ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԴԵՄ
Եթե դիտարկենք հայկական համացանցը, ապա նման է, որ ընդդիմադիր տրամադրություն ունեցողների մեծամասնությունը գործնականում մոռացել է «քըխ» եւ «բռնակալ» ՀՀԿ-ի մասին, բայց փոխարենը ակտիվ լեզվակռիվ է Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու շուրջ: Կան պնդողներ, որ մեր հասարակությունը դեռ չի հասունացել ազատ ընտրության իրավունքի համար, կան հակադարձումներ, թե` դուք նախանձից տրաքվում եք: Պատկերը պարզ է` բոլորին էլ ակնհայտ է, որ ՀՀԿ-ն վերցնելու է մեծամասնություն, եւ հիմա կատաղի կռիվ է գնում «տակը մնացած» տոկոսների եւ պատգամավորական մանդատների համար: Ինչպես մատնանշեց «Ազգային դեմոկրատների» նախկին փոխնախագահ, այժմ որպես քաղաքագետ հանդես եկող Անուշ Սեդրակյանը, նախընտրական փուլը «խնամքով պլանավորված» է: 
Ինչեւէ, Նաիրա Զոհրաբյանը մեծ բավականությամբ անպատվում է ամբողջ ընդդիմադիր դաշտին. «Ես հասկանում եմ, որ շաբաթ օրվանից հայաստանյան դեղատներում վալերիանկայի, կարվալոլի, ինսուլինի բոլոր պաշարները սպառվել են: Ես հասկանում եմ, որ ոչ իշխանական դաշտում շատ քաղաքական ուժերի բոլոր սցենարները խառնվել են, որովհետեւ մարդիկ նստել, իրենց համար խորհրդարանը լեյտենանտ Շմիդտի որդիների նման բաժանել են երեւի իրենց մեջ, եւ Ծառուկյանի վերադարձն ակտիվ քաղաքականություն բոլորի սցենարները խառնել է, ուրեմն քաղաքական շաքարախտը շատերի մոտ բարձրացել է, եւ դրա համար ինսուլին արդեն չկա խանութներում, բայց մեկ բան կարող եմ ասել` ես նայում եմ այդ անորակ գրառումները սոցցանցերում... Գիտեք, չարությունը, կեղտը, ատելությունը բումերանգի նման վերադառնալու է բոլոր նրանց: Փոքր է քաղաքական դաշտը, բոլորս էլ գիտենք, թե այդ ֆեյքերը որ քաղաքական ուժի տիրույթում են գործում եւ, երբ հետեւում ես, հասկանում ես, որ հասկանալի է այդ մարդկանց խուճապը, որովհետեւ, այո՛, Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալով` բոլոր, առանց բացառության, բոլոր ոչ իշխանական քաղաքական ուժերի սցենարները խառնվել են, եւ դա փաստ է»: 
Ու թեեւ իրոք Ծառուկյանի վերադարձը շատ ու շատ ընդդիմադիրների` մանդատներ ստանալու շանսերը փոքրացնում է, սակայն չի կարելի ասել, որ որեւէ մեկի համար դա անակնկալ է: Ու թերեւս այդ պատճառով է, որ բոլոր ընդդիմադիրները հայտարարում են, թե վալերիանկա չեն խմում: Նրանք մասամբ անկեղծ են, քանզի վալերիանկա էին խմում ավելի վաղ, երբ հասկացել էին, որ Ծառուկյանը վերադառնալու է, սակայն դաշինքներ նրա շուրջ ու նրա հաշվին չեն ստեղծվելու: ԲՀԿ-ն հանգիստ ու հանդարտ լուծելու է իր երկրորդ տեղի հարցը` ճանապարհին ձգտելով հնարավորինս փախցնել բողոքավոր ընտրազանգվածին մնացյալ բոլորից: 
Դե, իսկ բացարձակ աուտսայդերը` ՀԱԿ-ը, փորձում է եւ քչից-շատից արժանապատիվ երեւալ եւ չփչացնել հարաբերությունները Ծառուկյանի հետ: Փոքրիկ հույս փայփայում է, այդ պատճառով էլ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց, որ քաղաքականություն վերադառնալը Ծառուկյանի սահմանադրական իրավունքն է: Իսկ ընդդիմության համար Ծառուկյանի վտանգավորության հարցադրմանն էլ, ՀԱԿ խմբակցության ղեկավարն արձագանքեց այսպես. «Հասկացա հարցի ենթատեքստը... Ոչ ոք իրավունք չունի անհանգստանալու, վախենալու, խառնվելու` այլ քաղաքացիների սահմանադրական իրավունքի իրացման առիթով»: 
Իսկ ի՞նչն Է ՀԱԿ-ին տալիս այդ պուճուրիկ հույսը: Թերեւս այն հանգամանքը, որ Գագիկ Ծառուկյանը իր համախոհներին ասել էր, որ 2015-ին դուրս էր եկել քաղաքականությունից, քանի որ գործընթացը գնում էր դեպի հեղափոխություն` դրա բոլոր տհաճ հետեւանքներով հանդերձ, սակայն այդպես էլ չպարզաբանեց` իսկ արդյո՞ք հիմա ԲՀԿ-ն չի գնալու հեղափոխության, ինչպես դա անում էր 2015-ին: Այդ պատճառով, ըստ Լեւոն Զուրաբյանի. «Մենք պատրաստ ենք համագործակցել այն քաղաքական ուժերի հետ, որոնք ընտրությունների միջոցով նպատակ են դրել Հայաստանում հասնել իշխանափոխության, լեգիտիմ ընտրության: Նման ուժերի հետ մենք նպատակ ենք դրել համագործակցել»: «Քաշային կատեգորիայի» մասին էլ արձագանքը հետեւյալն էր. «Կառաջարկեի այդ քաշային կատեգորիաների հետ հաշվի չնստել, մարդիկ կան, որ դիետայի են նստում, մարդիկ կան, որ հատուկ նիհարում են` սպորտային ֆորմայի մեջ լինելու համար: Էդ քաշային քննարկումները ավելորդ են, ավելի կարեւոր են ուղերձը, վճռականությունը եւ ժողովրդի սպասելիքները»: 
Բայց, այնուամենայնիվ, կարծես թե, ցնցումային եւ ֆորսմաժորային իրավիճակների հավանականությունը չնչին է, առավել եւս, որ ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ մտադիր չէ աշխարհի տարբեր ծայրերում «գունավոր» հեղափոխություն անել: 

Լարված վիճակ Սյունիքի միջպետական ճանապարհին. պահանջում են Փաշինյանին եւ Վանեցյանին. տեսանյութ

ԱՄԵՐԻԿՅԱՆ ԳՈՐԾՈՆՆ 
ԸՆՏՐԱՐՇԱՎՈՒՄ
Սակայն Թրամփի հայտարարությունն ամենեւին էլ չի նշանակում, որ ԱՄՆ-ն հրաժարվելու է աշխարհաքաղաքական խաչմերուկում գտնվող Հայաստանում ներքաղաքական ազդեցություն ունենալու մտքից: Դրա վկայությունը` մի կողմից` դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարությունն էր, որ վերաբերում էր ԱՄՆ-ի կողմից ընտրատեղամասերի տեխնիկական սարքավորումները ֆինանսավորելուն, ինչպես նաեւ նրա կողմից մեր ընտրությունների «ազատ եւ արդար» անցնելը կարեւորելը: Մյուս կողմից` արդեն իսկ հայտնի է, որ որպես դիտորդ ժամանելու են հանրահայտ սփյուռքահայ գործիչները` Սերժ Թանգյանը, Ատոմ Էգոյանը, Արսինե Խանջյանը եւ այլք: Պարզ է, որ այդ մարդիկ, ովքեր մեծամասամբ արվեստի մարդիկ են, մեր ԱԺ ընտրություններում չեն կարող ունենալ սեփական քաղաքական շահը, ու առավել եւս, դժվար թե, անձամբ տապակվեն Հայաստանի ընտրությունների մաքուր անցնելու ցավով` ԱՄՆ նախագահի վերջին ընտրությունների համեմատ, ՀՀ գրեթե բոլոր ընտրությունները կարող են լրիվ անթերի թվալ` ամերիկյան խախտումների ու բացահայտ խուժանության համեմատ: Ուստի պարզ է, որ դիտորդություն անելով նրանք, ըստ ամենայնի, առաջնորդվում են «քեռի Սեմի» ցանկությամբ: 
Ի դեպ, Անուշ Սեդրակյանը բավականին ափսոսանքով խոսում է, որ արեւմտյան ֆինանսները մեր ընտրություններում մեծամասամբ չեն ծառայելու արեւմտյան քաղաքական շահին. «Ուզում եմ հիշեցնել, որ ընտրական գործընթացի վրա ծախսվում են բավանակաչափ եվրոպական փողեր, ամերիկյան փողեր, եւ ահա այդ հաջող կազմակերպված խաղն, ի վերջո, բերում է նրան, որ բազմագույնությունը կա, տարբեր կուսակցություններ կան, կան նույնիսկ, այսպես կոչված, արեւմտամետ եւ այսպես կոչված ռուսամետ ուժեր, բայց իրականում կա մեկ քաղաքական գիծ` դա իշխանության քաղաքական գիծն է: Թե ինչ խմորումներ են կատարվում այդ իշխանական գծի ներսում, արդեն էական չէ, որովհետեւ, միեւնույնն է, այդ բոլորը տանում են նույն ձեւի կառավարման,  տնտեսության, հարաբերությունների նույն արտաքին քաղաքականության մեջ»: Նման է, որ Դոնալդ Թրամփի հանդեպ էլ, տիկին Սեդրակյանի ակնկալիքները մնացել են օդում, ինչը եւ հանգեցրել է հարազատ կուսակցությունից հեռանալուն. «Ժամանակին ես մեծ հույսեր էի կապում ամերիկյան ընտրությունների հետ` կարծելով, որ այնտեղ կլինեն արմատական փոփոխություններ, բայց հիմա այդ ճամբարում էլ խիստ անորոշ է իրավիճակը: Ես սպասում էի աշխարհաքաղաքական լուրջ ցնցումներ ու փոփոխություններ, բայց առայժմ դա էլ խիստ անորոշ է»: 
Իսկ նույն «Ազատ դեմոկրատները»` Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ, դաշինքային փնտրտուքների մեջ են, իսկ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիրը», Արամ Սարգսյանի «Հանրապետությունը» եւ Էդմոն Մարուքյանի «Լուսավոր Հայաստանը» դաշինք են կազմում: Ընդ որում, Նիկոլին այլեւս առանձնապես չի հուզում «գլխավոր էլեկտրիկի» եվրոպամետությունը, որը ժամանակին մատնանշվում էր որպես թերություն: Այդ մարդկանց, եթե ամերիկամետ կոչվելը օգնի անցնել  խորհրդարան, հաճույքով կկոչվեն: 
Սակայն կան նաեւ մաքուր արեւմտամետ ուժեր, որոնք նման է, թե «բորդյուրին» են մնում: Կարծես թե, ոչ ոք չի ուզում համախմբվել ո՛չ «Ժառանգության», ո՛չ էլ, առավել եւս, Վարդան Սիվիլիթասիչի «Համախմբման» հետ: Իսկ ժրաջան Զարուհի Փոստանջյանը ճկունության հրաշքներ է ցույց տալիս: Եթե Մոսկվայում նա հայտարարում էր, որ դեմ է հեղափոխական ցնցումներին, եւ իշխանությունը պետք է փոխվի բացառապես խաղաղ ճանապարհով, ապա հենց ՌԴ մայրաքաղաքից հետո ոտք դրեց հայոց խորհրդարան, միանգամից սկսեց բզբզել այն հարցը, թե ԱԺ-ն պետք է ընդունի «ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» հայտարարություն: Թերեւս, ֆարսի տեսքով կրկնվում է Արշակ թագավորի պատմությունը` մոսկովյան հողում տիկինը մոռանում է հեղափոխության մասին, իսկ հենց ոտքը դիպչում է ԱԺ շենքի հատակին (որը, ինչպես պնդում են հին երեւանցիք, կառուցված է «թուրքի գյոռերի» վրա), նրա սիրտն անմիջապես ապստամբություն է ուզում: 
Դե ինչ, ամերիկամետները թերեւս ինչ-որ ձեւաչափով, ինչ-որ ոչ մեծ քանակի պատգամավորներ կունենան, սակայն դժվար թե հեղափոխական ցնցումների եւ ապակայունացումների ժամանակները հիշեն այլ կերպ, քան «երանելի» երազներում: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

«Հայաստանն իրավունք չունի Վրաստանի ներքաղաքական կյանքին միջամտելու». Լիլիթ Մակուն

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА