o C     25. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԳՏԱՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒ ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ 

03.12.2016 16:24 ՍՊՈՐՏ
ՄԽԻԹԱՐՅԱՆԸ ՎԵՐԱԳՏԱՎ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ, ՈՒ ՄՈՈՒՐԻՆՅՈՆ ԱՍԵԼԻՔ ՉՈՒՆԻ 

Սկսած այն պահից, երբ Մոուրինյոն փորձնական տարբերակով Մխիթարյանին խաղաժամանակ տրամադրեց Եվրոպայի լիգայի խմբային փուլի «Ֆեյենորդի» դեմ խաղում, եւ հայ ֆուտբոլիստը ցույց տվեց, թե ինչի է ընդունակ, մարզիչին այլ բան չէր մնում, քան ընդունել փաստը: Սակայն պորտուգալացին մի փոքր էլ համառեց, թե՝ հայ ֆուտբոլիստն այդպես պետք է խաղա նաեւ Անգլիայի առաջնությունում, քանի որ Պրեմիեր լիգան բոլորովին այլ մակարդակ է: Ու Անգլիայի առաջնության 13-րդ տուրի «Վեսթ Հեմի» դեմ խաղում Մխիթարյանը, 65-րդ րոպեին մտնելով խաղադաշտ ու կարճ ժամանակահատվածում այնպիսի տպավորություն թողեց, որ Մոուրինյոն, եթե էլի նրան դաշտ դուրս չբերեր, արդեն ստիպված էր լինելու շատ տհաճ հարցերի պատասխանել: Արդյունքում՝ Անգլիայի գավաթի վերջին խաղում արդեն Մխիթարյանը ցույց տվեց այնպիսի որակներ, որ ճանաչվելով հանդիպման լավագույն ֆուտբոլիստ` բառացիորեն Մոուրինյոյին պարտադրեց հայտարարել, թե՝ երջանիկ է, որ Մխիթարյանն այդքան լավ հարմարվել է թիմին, եւ երբեք չէր կասկածում նրա բարձր որակների վրա: 

Ժոզե Մոուրինյոն նոր աշխատանք է գտել

Մխիթարյանն էլ է գոհ ինքն իրենից. «Ես ոգեւորված եմ թիմի ելույթից, իմ ելույթից: Մենք լավ աշխատանք կատարեցինք»: 

Վերջապես, միջազգային հեղինակավոր պարբերականների անդրադարձը հայ կիսապաշտպանի հիանալի ելույթին եւս տպավորիչ էին: «Daily Mail»-ը գրել է. «Հենրիխ Մխիթարյանը չի կարողանում իրեն «զսպել», այդպես չէ՞: Եվս երկու գոլային փոխանցում այս խաղում. Զլատան Իբրահիմովիչին կատարած կրունկով փոխանցումը գեղեցկության մարմնացում էր: Եվ հիմա Մոուրինյոն պարզապես չի կարող նրան կազմից դուրս թողնել: Ամենակարեւորը` նա «Յունայթեդի» խաղացողի է նման: Տեմպ, ճիշտ ուղղությամբ վազք»: Իսկ «The Telegraph»-ը՝ «Ինչպես Հենրիխ Մխիթարյանը տպավորեց Ժոզե Մոուրինյոյին» վերնագրի ներքո գրել է. ««Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները կարող էին խաղի լավագույն ֆուտբոլիստ ընտրել ում ցանկանային, բայց գնահատեցին Հենրիխ Մխիթարյանի հիանալի ելույթը, ով կատարեց իր թիմի առաջին երկու գոլերի փոխանցումներն ու յուրօրինակ տեմպ հաղորդեց «Յունայթեդի» հարձակման գծին: «Օլդ Թրաֆորդում» իր կարիերայի ծանր մեկնարկից հետո հայ կիսապաշտպանը սկսում է ցույց տալ, թե ինչու էր դարձել Բունդեսլիգայի տարվա լավագույն ֆուտբոլիստ Դորտմունդում»: «Evening Standard». ««Վեսթ Հեմի» դեմ Մխիթարյանի ելույթը նրան կյանքի վերադարձրեց «Յունայթեդում» դժվարին ամիսներից հետո: Խաղն ավարտվելուց հետո կիսապաշտպանը նշեց, որ հիմա լիովին հարմարվել է Անգլիայում»:

«Մխիթարյանը, Մարսիալը, Ռունին եւ Իբրահիմովիչը պարզապես ահաբեկում էին մրցակցին, իսկ Մայքլ Կերիկը գործում էր հետեւից»,-գրել է «The Guardian»-ը: «Fourfourtwo»-ի անդրադարձն այսպիսին էր. «Մխիթարյանը կուրացրեց բոլորին իր խաղով դեռ Եվրոպա լիգայի «Ֆեյենորդի» դեմ հանդիպմանը: Իսկ Անգլիայի գավաթի «Վեսթ Հեմի» հետ խաղում եւս մեկ անգամ ցույց տվեց իր հիանալի մարզավիճակը»: 

Այսպիով, Մխիթարյանը վերագտավ վստահությունը, ու Մոուրինյոն ասելիք չունի: Իսկ երկրպագուների համացանցային գրառումներից ենթադրելի է, որ հայ ֆուտբոլիստին արդեն սպասում են կիրակի կայնալիք «Էվերթոնի» դեմ հանդիպմանը:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА