o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ  ԱԶԳԱՅԻՆ  ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

30.11.2016 18:24 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՎԱՍԱՐՈՒՄ ԴԵՊԻ  ԱԶԳԱՅԻՆ  ՊԱՀՊԱՆՈՂԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Ինչ-ինչ, բայց ՀՀԿ 16-րդ համագումարի վերլուծությունների պակաս այսօր չկա: Վերլուծվում է ամեն ինչ, այդ թվում` ովքեր ներկա էին կամ բացակա, ովքեր ում հետ էին շփվում, ում խոսքում ինչ քողարկված ուղերձներ կային, եւ վերջապես, ում բախտը կբերի բարձրանալ վեր եւ ընդհակառակը` ովքեր կորուստներ կունենան: Սակայն, գործնականում բոլորը աչքաթող են արել գաղափարաքաղաքական շեշտադրումները: Մինչդեռ դրանք անմիջական ազդեցություն են ունեցել, այդ թվում եւ օրախնդիր հարցերի վրա: «ՈՉ ԹԵ ՀՆԻ, 
ԱՅԼ ՀԱՎԵՐԺԱԿԱՆԻ ՀԱՍՏԱՏՈՒՄԸ»
Այսպես, ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանը հիշեցրեց. «Այս համագումարի օրակարգում նաեւ ընդգրկված է Հանրապետականի ծրագրում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու հարցը: Մենք միշտ կարեւորել ենք գաղափարների մրցակցությունն ու երկրի հետագա զարգացման հանդեպ արժեհամակարգային մոտեցումները: Առաջարկում ենք արդիականացնել կուսակցության ծրագիրը` ամրապնդելով ազգային պահպանողականության քաղաքական եւ գաղափարախոսական առանցքը»: 
Իհարկե, արդիականացումը թյուր հասկացողներ կան, ովքեր դա նույնացնում են տարատեսակ գլոբալիստական հովերի հետ, բայց իրականում արդիականանում են մատուցման ձեւերը, մարտավարությունը, բայց ոչ երբեք այն, ինչը հիմքերի հիմքն է, եւ դա հատուկ շեշտվեց իշխող կուսակցության ղեկավարի կողմից. «Մեր գաղափարախոսության առանցքն է պատմականորեն ձեւավորված հիմնարար արժեքների ու բարոյական նորմերի պահպանումը: Մեր պահպանողականությունը ոչ թե առհասարակ հնի, այլ հավերժականի հաստատումն է: Մենք ոչ թե անցյալի, այլ մնայունի պաշտպանն ենք: Մեր նպատակը անցյալում ստեղծված եւ հաստատված արժեքները սերնդեսերունդ փոխանցելն է: Այս առումով` պահպանողականությունն անցյալի պաշտամունք չէ: Մենք ապագայատենչ ենք եւ հակադրվում ենք հետադիմությանը: Պատմության եւ ժամանակների անխզելի կապը ճանապարհ է հարթում մշտական արժեքների ու զարգացման համար: Մենք դա ենք պաշտպանում»: 
Այսինքն` ապագայի հիմքը հիմնարար արժեքներն են, ու դա հստակորեն շեշտադրվեց ՀՀԿ համագումարին: Հարկ է նշել, որ այսօր ամբողջ աշխարհով է տեղի ունենում յուրահատուկ պահպանողական հեղափոխություն: Նույն ԱՄՆ-ի ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ այդ երկրի ազգային պետական շահը խորը հակասության մեջ է կոսմոպոլիտ բնույթ կրող վերազգային գլոբալիզմի հետ, թեեւ ընդունված էր համարել, որ այդ գլոբալիզմը ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական եւ քաղաքակրթական գործիքն է: Սակայն այդ երկրի ընտրողները պարզորոշ ցույց տվեցին իրենց կողմնորոշումը դեպի ազգային պետական շահը, ու այժմ իրենց կատարած ընտրությունը ազդեցություն է թողնում ամբողջ աշխարհում: Զորօրինակ, Ֆրանսիայում առաջիկա նախագահական ընտրություններին ընդառաջ, մրցակցություն է ընթանում գործնականում բացառապես պահպանողական թեկնածուների միջեւ:Ազգային պահպանողականության միտումները աստիճանաբար գերիշխում են նաեւ ռուսների մոտ: Եվ ընդհանրապես, աշխարհի միաբեւեռ մոդելը այսօր գործնականում դարձել է մոռացված կատեգորիա: 
Ավելորդ չէ մատնանշել նաեւ ազգային պահպանողականության շրջանակներում եւ այնպիսի ինստիտուտի կարեւորումը, ինչպիսին է գործնականում մեր ազգի ողջ պատմության ընթացքում սկզբունքային որեւէ փոփոխության չենթարկված այն ինստիտուտը, որի շնորհիվ մենք այսօր կանք, եւ կանք որպես պետականություն, մինչդեռ մեզանից բազմապատիկ հզոր ազգերի կայսերական գոյությունը մնացել է միայն դասագրքերում: Ըստ Սերժ Սարգսյանի. «Մենք հենվելու ենք ամուր եւ ավանդական ընտանիքի արժեքների վրա: Այո՛, ընտանիքը դիտարկում ենք որպես ողջ հասարակության մանրակերտ եւ պետության առաջընթացի կարեւոր խթան: Եվ հենց ընտանիքին բնորոշ համերաշխությամբ մենք հետեւողականորեն լուծելու ենք մեր առջեւ ծառացած բոլոր խնդիրները»: Եվ, ի դեպ, դա ՀՀԿ առաջնորդի հաշվետու զեկույցի եզրափակիչ, ամփոփիչ մասն է: Եվ դա իր արտացոլումն ունեցավ ետհամագումարյան բավականին ուշագրավ իրադարձություններում: 
Այսպես, «եվրապարտավորությունների» շրջանակում հենց այս օրերին առաջ էր եկել այնպիսի պրոբլեմը, ինչպիսին էր մեր նկարագրին բացարձակապես խորթ «Ընտանեկան բռնության մասին» օրենքի նախագիծը: Նոյեմբերի 27-28-ին ընկած ժամանակաշրջանում այդ հարցի շուրջ ընթացել էր կատաղի տեղեկատվական-հոգեբանական պատերազմ համացանցում եւ սոցիալական ցանցերում, իսկ նոյեմբերի 29-ին հայտնի դարձավ, որ Արդարադատության նախարարությունը նախագիծը հանել է շրջանառությունից` լայն հանրային քննարկումներ կազմակերպելու անհրաժեշտության պատճառաբանությամբ: Ուշագրավ է, որ բանը չհասավ լայնածավալ հանրային բողոքների մեր փողոցներում եւ հրապարակներում, բանը չհասավ անգամ խոշոր հեռուստաընկերությունների եթերին, ինչը գործնականում բացատրելի է միայն ազգային պահպանողական գաղափարախոսության գերակա ուղղություն լինելու փաստացի իրողությամբ: Չնայած խոսքը 12 միլիոն եվրո արժողությամբ գրանտային ծրագրերի մասին էր,  ուր հասկանալի է, թե ինչքան նյութապես շահագրգիռ անձինք կան ներսում եւ գաղափարապես շահագրգիռ արտաքին խաղացողներ, այնուամենայնիվ, ՀՀԿ ԳՄ անդամ Արփինե Հովհաննիսյանի գլխավորած նախարարությունը այդ ողջամիտ եւ միանգամայն ճիշտ որոշումը ընդունեց շատ օպերատիվ: 
Ու թերեւս կանխատեսելի է, որ ազգային պահպանողական գաղափարական թրենդի շնորհիվ հենց մոտակա ամիսների ընթացքում մեր երկրում կչեզոքացվեն եւ այլ, մեր ազգային ինքնությանը սպառնացող մարտահրավերներ, որոնք անհաղթահարելի «համաշխարհային միջավայրի» բաղադրիչ էին համարվում տարիներ, եթե ոչ տասնամյակներ շարունակ: 

«ՀՀ երկրորդ նախագահը, բոլոր միջազգային չափանիշների համաձայն, կհամարվի քաղաքական հալածյալ». Ա. Հարությունյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ 
ԲՅՈՒՐԵՂԱՑՈՒՄ
Բնականաբար, 2017-ին ընտրված խորհրդարանը լինելու է արդեն նոր` խորհրդարանական կառավարման համակարգի կարեւոր բաղադրիչներից մեկը: Եվ դա պետք է փոխի կուսակցական գործունեության սկզբունքները ինչպես իշխող, այնպես էլ ընդդիմադիր կուսակցությունների պարագայում: Ինչպես մատնանշեց երկրի ղեկավարը. «Գալիք երկու-երեք տարիները լինելու են խիստ կարեւոր` Սահմանադրության անցումային դրույթներն արդյունավետորեն կյանքի կոչելու տեսանկյունից: Այս մասին մենք բազմիցս եւ հանգամանալիորեն խոսել ենք: Նոր Սահմանադրությամբ էապես բարձրանում է կուսակցությունների դերը մեր հասարակական-քաղաքական կյանքում... Քաղաքական կուսակցությունների հիմնական ձեւավորող եւ շարժիչ ուժը պետք է լինեն գաղափարակից համախոհները»: 
Այսինքն` աստիճանաբար մոտենալու ենք նաեւ այն մոդելին, որ կուսակցականը պարտադիր չէ այս կամ այն կոշտ եւ բյուրոկրատացած կառույցում ընդգրկված մարդը լինի, այլ այս կամ այն գաղափարախոսությանը, ըստ իր համոզմունքների, քվե տվողներն են փաստացի հանդես գալու, որպես կուսակցականներ` անկախ կուսակցական տոմսի ֆորմալ առկայությունից: Սակայն այդ անցումը, բնականաբար, պետք է լինի սահուն ու դրա իրականացումը երաշխավորողի կարիք է զգում: Բնական է երաշխավորի դերի ստանձնումը իշխող կուսակցության կողմից, եւ ՀՀԿ ղեկավարը հատուկ շեշտեց. «Հանրապետականը հատուկ առաքելություն պետք է ստանձնի այս անցումային շրջանում: 2016-2018 թվականների փուլը պետք է լինի հնարավորինս կայուն, սահուն եւ անցնցում»: 

ՍՈՑԻԱԼ-ՏՆՏԵՍԱԿԱՆ ՔԱՅԼԵՐԸ
Վարչապետ Կարեն Կարապետյանի` ՀՀԿ շարքերում ընդգրկվելը, բնականաբար, նշանակում է եւ նրա կառավարության քայլերի միաձուլումը ՀՀԿ-ի քաղաքական ճակատագրի հետ: Համագումարի անունից ՀՀ նախագահը հատուկ նշեց. «Վերջին ամիսների մեր քաղաքական կյանքի թերեւս ամենագերակա թեման եղել է մեր նոր կառավարությունը` վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Առիթից օգտվելով` առաջին հերթին բոլորիս անունից ցանկանում եմ նրան եւ մեր նոր կառավարության բոլոր անդամներին եւս մեկ անգամ հայտնել մեր անվերապահ աջակցությունը: Բոլորիս անունից ողջունում եմ Հանրապետականի շարքերը համալրելու` վարչապետ Կարեն Կարապետյանի եւ կառավարության մեր մյուս գործընկերների որոշումը: Վստահ եմ, որ պարոն Կարապետյանի խանդավառ ոճն ու կառավարչի տաղանդը լիովին կբացահայտվեն այս պաշտոնում եւ նոր ոգեւորություն կբերեն մեր թիմի անդամներին»: Այսինքն` հանրային դրական սպասելիքների որոշակի պաշար կուտակած Կարեն Կարապետյանը, ըստ ամենայնի, մասնակից է դառնում եւ իշխող կուսակցության ներքին բարեփոխմանը: 
Սակայն վերադառնանք «դրսին»: Եթե ընդամենը ամռանը գրեթե ցանկացած ոք ֆանտաստիկայի ժանրի հորինվածք կանվաներ հայտնի օլիգարխներին հարկային դաշտ բերելը, ապա այսօր մենք դրա ականատեսն ենք: Ճիշտ է, ՀՀ նախագահը շեշտեց, որ կուլակաթափություններ չեն լինելու, այսինքն` փաստացի հայտարարվեց որոշակի տնտեսական համաներման մասին, սակայն նման է, որ բոլորին անխտիր հայտնվել է խաղի նոր, օրինականության սկզբունքին համապատասխանող կանոններին ենթարկվելու անհրաժեշտության մասին, ու «մյուսներից ավելի հավասար» լինելու փորձերը թերեւս կարող են դառնալ լավ էլ պատժելի: 
Ու թեեւ թերահավատները այն կարծիքին են, թե բոլոր բարեփոխումները նախընտրական-դեկլարատիվ բնույթ են կրում, սակայն դրանց դրսեւորումը կոնկրետ ռեալ կյանքում արդեն իսկ բերում է մինչ այդ անհնարին թվացող ու անշրջելի փաստերի եւ իրողությունների: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА