o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԵՎԻՑ». ՏԵԽՆՈԿՐԱՏՆԵՐԸ  ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ

25.11.2016 18:16 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԵՎԻՑ». ՏԵԽՆՈԿՐԱՏՆԵՐԸ  ԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԿՈՒՍԱԿՑԱԿԱՆ


Անշուշտ, թիվ մեկ իրադարձությունը վարչապետ Կարեն Կարապետյանի դիմումն է` ՀՀԿ-ին անդամակցելու, որը հնչել է իշխող կուսակցության համագումարից երկու օր առաջ: Դրան իրենց հայտարարություններով հետեւեցին  գյուղատնտեսության նախարարն ու տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների  նախարարը: Իսկ ըստ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադեւոսյանի. «Այս պահին կուսակցության կենտրոնական գրասենյակ հասել է պարոն Վիգեն Սարգսյանի դիմումը: Մյուսներին սպասում ենք»: ԲԱՐԵՓՈԽՄԱՆ ՇՈՒՆՉԸ 
ՀԱՍԱՎ ԻՇԽՈՂ 
ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆԸ
Եվ այսպես, Կարեն Կարապետյանի «տեխնոկրատական» կառավարությունը կուսակցականանում է: Խոշոր հաշվով, դա վաղ թե ուշ պետք է լիներ, քանզի վարչապետին առաջադրել է ՀՀԿ ղեկավար երկրի նախագահը, եւ որպես այդպիսին ներկայիս կառավարությունը ՀՀԿ-ի կառավարությունն է, որի գործունեության համար պատասխանատու է ՀՀԿ-ն: 
Ինքը` վարչապետը, մատնանշեց, որ մի կողմից` հավանում է ազգային պահպանողական գաղափարախոսությունը, մյուս կողմից` կարիք ունի քաղաքական հենարանի: Այդ հանգամանքը շեշտում է եւ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը. «Իհարկե, Կարեն Կարապետյանը վարչապետ նշանակվեց ՀՀ եւ ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի եւ Հանրապետական կուսակցության հետ պայմանավորվածությունների արդյունքում, սակայն Կարեն Կարապետյանը, որպես առաջատար քաղաքական գործիչ, իրականում կանգնած է քաղաքական հենարան ձեռք բերելու անհրաժեշտության առջեւ»: 
Քաղաքագետը մատնանշում է նաեւ, որ դրանով իրականացվում է եւ իշխող կուսակցության համբավի թարմացում. «Այսպես կոչված, «ռեբրենդինգի» տարբերակներից մեկը նաեւ, կարծում եմ, կարող է դառնալ վարչապետի եւ իր մոտակա թիմի անդամակցումը ՀՀԿ-ին: Այս ամենի նպատակը ոչ միայն ՀՀԿ կազմում նոր դեմքերի ի հայտ գալն է, այլ նաեւ` կառավարման ոլորտում փորձառություն եւ մասնագիտական համապասխան ունակություններ ունեցող անձանց կուսակցության մեջ ընդգրկելը»: 
«Մյուս կողմից` վստահ եմ, որ այս գործընթացը, մեղմ ասած, միայն ոգեւորություն չէ, որ ի հայտ կբերի ՀՀԿ-ի ներսում»: Բայց միաժամանակ նա զգուշացնում է. «Չեմ կարծում, որ, այսպես կոչված, «Հին գվարդիան» չափազանց մեծ ոգեւորությամբ ընդունի այս ամենը: Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո  նրանց համար ընդհանրապես այդքան էլ լավ ժամանակներ չեն եկել: Այս իրավիճակում, մասնավորապես ՀՀ նախագահի կողմից արված հայտարարությունների, եւ, ինչու չէ` նաեւ հասարակության սպասելիքների համատեքստում, ՀՀԿ-ի ամենախոցելի հատվածը հենց «Հին գվարդիան» է»: 
Այսինքն` սխալված չենք լինի, եթե ասենք, որ «հեղափոխություն վերեւից» կոչվող գործընթացը հասավ եւ իշխող կուսակցություն, եւ դրա անդրադարձը անպայման տեսնելու ենք նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարին: 
Քաղաքագետ Ալեն Ղեւոնդյանը հիշեցնում է. «Ինչ վերաբերում է նոր անդամների` ՀՀԿ-ին միանալուն, ապա կարծեմ հենց երկրի նախագահ Ս. Սարգսյանն իր ելույթներից մեկում անդրադարձավ կուսակցական բարեփոխումների անհրաժեշտությանը, փոփոխությունների կարեւորությանը: Իրականում դա ներքաղաքական իրողություններով ու երկրի զարգացման հրամայականներով պայմանավորված քայլ է: Ցանկացած կուսակցություն եւ այդ թվում ՀՀԿ-ն քարացած օրգանիզմ չէ եւ իր վարքով, մոտեցումներով պետք է համարժեք լինի քաղաքական դաշտի առաջնահերթություններին, երկրի առջեւ ծառացած անվտանգային իրողություններին ու արդյունավետ կառավարման հրամայականներին»: Քաղաքագետի կարծիքով` ՀՀԿ-ն` որպես կուսակցություն, նոր լուծումների եւ թարմության կարիք է զգում. «Իսկ դա նշանակում է, որ համակարգը պետք է առավել ճկուն լինի, երբեմն ոչ ստանդարտ, երբեմն ցավոտ, սակայն` արդյունավետ լուծումներ առաջարկի: Չի բացառվում, որ, այսպես ասած, «մենեջերների» մուտքով ավանդական պահպանողական կուսակցություն կարող ենք «թարմության դոզա» ապահովել արդյունավետ կառավարման հետագա գործընթացներում»: Եվ քաղաքագետը մատնանշում է նաեւ այդպիսի լուծման արդյունավետությունը. «Պարզ է, որ վարչապետի ու կառավարության անդամների` ՀՀԿ-ին անդամակցելով մի կողմից` կառավարությունը շատ ավելի ինքնավստահ կլինի իր հետագա քայլերում, մյուս կողմից` օբյեկտիվորեն «պառլամենտական մեծամասնություն-կառավարություն» գործակցությունն առավել արդյունավետ «ռելսերի» վրա կդրվի: Այստեղ խնդիրը ինստիտուցիոնալ համագործակցության կայուն միջավայր ստեղծելու մեջ է, որը կարծում եմ` կհաջողվի»: 
Այսինքն` իշխող կուսակցության բարեփոխումը ենթադրում է, որ մի կողմից` ապահովվում է համակարգի շարունակելիությունն ու ժառանգականությունը, մյուս կողմից` տեխնոկրատների մուտքով թարմություն է բերվում, ստեղծվում է միջավայր` անհրաժեշտ, հարկ եղած դեպքում կտրուկ քայլերի համար: Այսպիսի լուծումը ավելացնում է բարեփոխումը նախաձեռնած Սերժ Սարգսյանի հնարավորությունը` բավականաչափ արագություն տալու փոփոխություններին: Առանց այդ քայլի, էապես ավելի քիչ հնարավորություն կլիներ` դիպչելու ինչպես դրվածքին, այնպես էլ կադրերին: Իսկ այս տարբերակով տեղի ունեցողը կարելի է որակել «պահպանողական հեղափոխություն» եզրույթով: Իսկ եթե հաշվի առնենք, որ այժմ աշխարհում գերիշխող է դառնում պահպանողական ուժերի հաղթանակի միտումը, ապա պարզ է դառնում, որ բացվում է իր հատկություններով եզակի փոփոխությունների պատուհան: Պատուհան, որը թույլ է տալիս ե՛ւ հրաժեշտ տալ օլիգարխիկ մոդելին, ե՛ւ կրկին պահանջված դարձնել այն ավանդական արժեքները, որոնք նահանջել են գլոբալացման եւ կոսմոպոլիտ վերազգային վերնախավերի քայքայիչ ազդեցությունների պատճառով: 

Վանեցյանի օրինակը դառնում է վարակիչ

ԸՆԴԴԻՄԱԴԻՐՆԵՐԻ ԵՎ ԴՈՒՐՍ ՄՆԱՑԱԾՆԵՐԻ ԱՆԽԱԽՏ ԴԱՇԻ՞ՆՔ
Պարզ է, որ իշխող կուսակցության այդպիսի բարեփոխման հետեւանքով լինելու է բավականին ստվար շերտ, որը նեղացած կլինի եւ կերազի ռեւանշի մասին: Եվ այդտեղ լինելու են մարդիկ, ովքեր տիրապետում են պատկառելի ֆինանսական կարողության եւ միաժամանակ ունեն ոչ ֆորմալ կապեր չինովնիկական ապարատի ներսում: Սակայն ի՞նչ մեխանիզմներով նրանք կարող են փորձել իրագործել հակազդեցությունը: 
Կարծում ենք, որ մի մասը, միգուցե, ապաստան կփնտրի ընդդիմադիր ճամբարում, միաժամանակ փորձելով սեփական ռեսուրսն ընդդիմադիր դաշտում ծառայեցնել` ՀՀԿ-ին առավելագույնս խոչընդոտելու համար: Սակայն այդպիսիք թերեւս քիչ կլինեն, քանզի գործնականում գրեթե բոլորը իրենց կարիերայի ընթացքում առանձնապես հաշտ չեն եղել օրինականության եւ բարոյականության նորմերի հետ, հետեւաբար բավականին խոցելի են: Առավել «անշառ» տարբերակը տեղեկատվական պատերազմն է, այսինքն` հակաիշխանական ուղղվածություն ունեցող կայքերի եւ այլ տեղեկատվական ռեսուրսների ֆինանսավորումը, ինչպես նաեւ նորերի ստեղծումը: Այդ դաշտի «աշխատավորները» թերեւս ուրախ կլինեն նեղացածների օժանդակությամբ, քանզի այժմ հարցականի տակ է գլոբալիստական ծրագրերի շրջանակում ամերիկյան հարկատուների հաշվին ֆինանսավորում ստանալը: Ամերիկացիների հիմնական ախոյանի` Ռուսաստանի ներգործությունն այդ տեսակետից չենք դիտարկում, քանզի նախ` այդ գերտերությունը նոր-նոր է սկսում խորանալ «փափուկ ուժի» տեխնոլոգիաների մեջ, եւ երկրորդը` տեղեկատվական պատերազմի ջանքերը հիմնականում կենտրոնացվել է ոչ թե Հարավային Կովկասում, այլ Եվրոպայում, ուր հարկ է նշել` արդեն քայքայել է գլոբալիստների նյարդերը եւ հանգեցրել Եվրախորհրդարանի հատուկ բանաձեւին` ընդդեմ ռուսական քարոզչության: Ինչի կապակցությամբ էլ այդ երկրի նախագահ Պուտինը իրավացիորեն շնորհավորել է իրենց լրագրողական կորպուսին, քանզի այդ բանաձեւը լավ աշխատանքի վկայություն է: 
Իսկ թե ինչ է կատարվում մեր ընդդիմադիր դաշտում` բանակցություններ, խորհրդակցություններ, սակարկություններ, որոնց գերխնդիրն է ապահովել այնպիսի ձեւաչափեր, որոնք ի զորու կլինեն ընտրություններում լուծել 5 տոկոսանոց շեմը հաղթահարելու հարցը: Ընդ որում` գերիշխողը դառնում է մաքուր պրագմատիզմը, մի կողմ են դրվում գաղափարական, նույնիսկ ամենասկզբունքային հարցերը, մի կողմ է դրվում նաեւ զմիմյանս վերջին խոսքերով անպատված լինելու հանգամանքը: 
Առանձին հարց է Գագիկ Ծառուկյանի քաղաքականություն վերադառնալու խնդիրը: Շահագրգիռ կուսակցությունը` ԲՀԿ-ն, չի բացառում, որ հարցի պատասխանը կհնչի դեկտեմբերի սկզբներին: Բայց այդտեղ ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ: Բանն այն է, որ առկա տեմպով բարեփոխումների պայմաններում, միգուցե, իշխող ՀՀԿ-ն ընդհանրապես կարիք չունենա ընտրություններում օգտագործել այլ լծակներ, քանզի կարող է հասանելի դառնալ առանց դրա մեծամասնություն ստանալու տարբերակը: Եվ հարց կառաջանա` եթե ՀՀԿ-ն այդպիսի միջոցներ չի կիրառում, ապա ինչո՞ւ պետք է մյուսներին դա թույլատրվի, այդ թվում եւ Գագիկ Ծառուկյանին եւ Արթուր Բաղդասարյանին: 
Այսինքն` հնարավոր է, որ Գագիկ Ծառուկյանի վերադարձով էլ ԲՀԿ-ն չկարողանա լուծել հստակ եւ անվիճելի երկրորդ տեղի խնդիրը: Եթե երկրորդ տեղի ու, ասենք, վեցերորդ տեղի տարբերությունը լինելու է տոկոսների 15/5 հարաբերակցությունը, ապա հարց է ծագում, իսկ ինչո՞ւ խոշոր բիզնեսի որեւէ ներկայացուցիչ պետք է այդ նպատակի համար առհասարակ փող դնի: Այնպես որ, շատ հավանական է, որ երկրորդ եւ հետագա տեղերը ընտրությունների արդյունքներով իրարից կտրուկ չտարբերվեն: 
Հարկ է նշել, որ արտաքին ուժերի ազդեցության տակ գտնվող ընդդիմադիր միավորումների ապագան էլ անորոշ է: Ռուսամետ ընդդիմադիր միավորումներ գործնականում չկան, քանզի ռուսներն ավանդաբար աշխատել են գրեթե բացառապես վերնախավի հետ, իսկ արեւմտամետների պարագայում բոլոր տեսակի հաշվարկները խառնվել են Դոնալդ Թրամփի հաղթանակի պատճառով: ԱՄՆ նախագահի երդման արարողությունից հետո, այսինքն` միայն փետրվարին նոր-նոր ուրվագծվելու են մոտեցումները եւ մեր դաշտում գործող ամերիկյան «յուրայինների» վերաբերյալ: Այսինքն` էլ ժամանակ էլ չի մնում, որ որեւէ կուսակցության կամ դաշինքի վրա «խաղագումար» դնեն եւ փորձեն կարգին միավորներ վաստակել ընտրություններում: Դա էլ իր հերթին բերել է հետաքրքիր իրավիճակի` առաջին անգամ է, որ ընտրարշավում մրցակցության մեջ գործնականում չեն երեւալու առաջին եւ երկրորդ նախագահները, իսկ երրորդ նախագահը դառնում է անմրցելի: Ահա եւ հարցի պատասխանը, թե ինչու մինչեւ հիմա չենք տեսնում Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի ակտիվ քայլերը հրապարակային քաղաքական դաշտում: Իսկ այն, ինչ հրապարակայինից դուրս է, բավականին քիչ ազդեցություն է թողնում գործընթացների վրա: Հայաստանն այն երկիրը չէ, ուր նախկին ղեկավարները ունենան մեխանիզմներ` իրագործելու գաղտնի իշխանություն: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Հոգեկան առողջությունը կարող է աննկատելիորեն քայքայվել. Օրվա խորհրդին անդրադառնում է հայտնի հոգեբանը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА