ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԱՌԱՋԻՆ ԿՈՆՏԱԿՏԸ

16.11.2016 19:09 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉ Է ՀՈՒՇՈՒՄ ՊՈՒՏԻՆ-ԹՐԱՄՓ ԱՌԱՋԻՆ ԿՈՆՏԱԿՏԸ

Սպասված հայտարարությամբ հանդես եկավ ամերիկյան քաղաքական էլիտայի «հին գայլ», Նյու Յորքի նախկին քաղաքապետ, նախընտրական պայքարում Թրամփի առանցքային կողմնակից եւ ԱՄՆ պետքարտուղարի հիմնական հավակնորդ Ռուդոլֆ Ջուլիանին: Ըստ նրա, Թրամփը պատրաստվում է նոր մակարդակի հարաբերություններ ստեղծել ՌԴ-ի հետ:ԵՎՐԱԼԻԲԵՐԱԼԻԶՄԸ 
ԽՈՒՃԱՊԱՅԻՆ ՎԻՃԱԿՈՒՄ Է
Այսպես, հեղինակավոր «The Wall Street Journal»-ը, վկայակոչելով Ջուլիանիին, գրում է. «Նա հայտարարեց, որ Թրամփի վարչակազմը կվերաբեռնավորի Ռուսաստանի եւ Չինաստանի հետ հարաբերությունները: Ջուլիանին նաեւ նշեց, որ Օբամայի վարչակազմը Ռուսաստանին վերածեց թշնամու, եւ այդ պատճառով էլ Վլադիմիր Պուտինը չէր հարգում Օբամային»:
Եվ այս փաստին զուգահեռ, ի հայտ եկավ նաեւ մեկ այլ սպասված տեղեկատվություն՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Կրեմլի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Պուտինն ու Թրամփը համակարծիք են, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները «ծայրաստիճան անբավարար վիճակում» են: Ըստ այդմ էլ՝ խոսել են հարաբերությունների կարգավորման համար «հուսալի հիմքեր ստեղծելու» անհրաժեշտության մասին: Եվ ամենակարեւոր դրվագներից մեկը՝ քննարկվել է նաեւ սիրիական թեման, եւ երկու նախագահները անհրաժեշտ են համարել «միավորել ջանքերը՝ թիվ 1 ընդհանուր թշնամու՝ ահաբեկչության ու ծայրահեղականության դեմ պայքարում»: Նախագահները պայմանավորվել նաեւ, որ հեռախոսային շփումները կշարունակեն, իսկ անձնական հանդիպման նախապատրաստումով կզբաղվեն երկու կողմերի ներկայացուցիչները:
Իսկ ահա եվրոպական աղբյուրները բավականին խուճապային տոնայնությամբ այլ մանրամասներ են ընդգծում: Մասնավորապես, որ Թրամփը հայտարարել է, թե անձամբ կհետեւի, որ երկու պետությունների հարաբերությունները տեղափոխվի «կոնստրուկտիվ համագործակցության հարթություն»: Ավելին, որ մեծ կարեւորություն է տալիս Վաշինգտոնի եւ Մոսկվայի հարաբերությունների ոչ թե պարզապես կարգավորմանը, այլ՝ ջերմացմանը: Մի խոսքով, հատկապես եվրաչինովնիկությունն այն աստիճան նյարդային ցնցման մեջ է, որ Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը մինչեւ իսկ հայտարարեց՝ ԱՄՆ նախագահի պաշտոնում «մագնատի ընտրվելը վտանգ է գլոբալ անվտանգության համար»:
Նույնիսկ ամենահամարձակ երեւակայություններում դժվար էր պատկերացնել. ԵՄ ղեկավարը մեղադրում է Եվրոպայի թիվ 1 հովանավոր-դաշնակցին՝ «գլոբալ անվտանգությանը» սպառնալու մեջ այնպես, ինչպես տարիներ շարունակ մեղադրում էր ՌԴ-ին: Չնայած՝ սրա զավեշտանման կողմն էլ կա. եթե մի կողմից արդեն ԱՄՆ-ն է «սպառնում» անվտանգությանը, մյուս կողմից՝ ՌԴ-ն, էլ ի՞նչ անի «խեղճ» Եվրոպան: Առավել եւս, որ սպառնալով հանդերձ, նույն ամերիկյան զորքերն են Եվրոպային պաշտպանում Պուտինի «սպառնալիքներից»:
Բայց, իհարկե, իրավիճակն այսքան ողբերգական չէ. Եվրոպան եղել է եւ կմնա ԱՄՆ-ի թիվ 1 դաշնակիցը, ՌԴ-ն էլ, ինչքան էլ, որ Թրամփ-Պուտին պաշտոնական, ասենք՝ նաեւ անձնական հարաբերությունները լավ լինեն, մեկ է՝ ԱՄՆ-ի համար հակառակորդ կմնա: Պարզապես Եվրոպա ասելով, արդեն եվրաչինովնիկություն չի հասկացվի: Նկատի ունենք, որ կարծես թե Թրամփի համար Եվրոպա ասվածն առանձին եվրոպական պետություններն են՝ իրենց ավանդական տեսքով: Իսկ նման Եվրոպան՝ գերլիբերալիզացված, ավելի ճիշտ՝ կոնչիտայացված եւ դրանով այնքան թուլացած, որ մահացու ցնցումների մեջ է հայտնվել իսլամական թեթեւ հարվածներից, նոր Վաշինգտոնի համար, կարծես թե, ոչ միայն հետաքրքիր չէ, այլ նաեւ՝ վնասակար. ո՞ւմ է պետք նման թիվ 1 դաշնակիցը:Մինչդեռ դա տարաբնույթ յունկերների, ասենք նաեւ՝ ֆեմինիստական անցյալով մերկելների ու անորոշ դեմքով օլանդների համար նոր Սպիտակ տան նման մոտեցումը մահացու է. նորմալ հասարակության պարագայում, որի մասին մի գլուխ խոսում է Թրամփը, այդ կարգի գորշ ¥իսկ գորշությունն ակնհայտ է, եթե Օլանդին եւ Մերկելին նույնիսկ ոչ թե դը Գոլի կամ Հիտլերի հետ համեմատենք, այլ` Միտերանի եւ Շրոյդերի) կամակատարներն ո՞ւմ են պետք: Եվ այս տեսանկյունից, Յունկերի նյարդային ռեակցիան կարելի է հասկանալ, Թրամփը նրան կարող է «աշխարհի գագաթից» իջեցնել մինչեւ անդունդի հատակը, եւ ինչպե՞ս դա իր անձնական «գլոբալ անվտանգությանը» սպառնացող վտանգ չհամարի:
Մի խոսքով, այն վտանգը, սպառնալիքը, որ զգում էր գերլիբերալ համակարգը, կարծես թե աչքի առաջ իրականություն է դառնում: Սակայն դրա փոխարեն Թրամփն ի՞նչ նոր աշխարհակարգ կփորձի ձեւավորել, դա արդեն առաջիկա ամիսների թիվ 1 հարցադրումը կդառնա:

Նորվեգիայում կարող է ստեղծվել աշխարհում առաջին «առանց ժամանակի» գոտին

ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ 
ԶՈՐԱԽՄԲԻ  ԴԵՐԸ ՄԻԱՅՆ ԲԱՔՎԻՆ ԶՍՊԵԼԸ ՉԷ
Սակայն Պուտին-Թրամփ հիշատակված զրույցը արդեն իսկ որոշակի ենթադրությունների տեղ տալիս է: Մեկ բան այս պահին հաստատ է. երկուսն էլ մոտավորապես նույն արժեհամակարգի կողմնակիցներն են, հասկանալի է՝ արժեհամակարգ ասվածի ռուս-ամերիկյան տարբերությունները հաշվի առնելով: Այսինքն՝ մրցակցելով եւ նույնիսկ՝ իրար հետ կատաղի պայքար մղելով, կարող են նաեւ լեզու գտնել ու պայմանավորվել: Հենց դա է, որ Օբամայի օրոք ռուս-ամերիկյան հարաբերություններում չէր ստացվում: Թեկուզեւ վերջին օրինակը հիշենք. պետքարտուղար Քերին եւ ԱԳ նախարար Լավրովը ժամեր տեւած ծանր բանակցություններից հետո Սիրիայում զինադադար հաստատելու հարցով մի ծավալուն փաստաթուղթ ստորագրեցին: Սակայն հաշված օրեր անց ամերիկյան ավիացիան հարվածեց Դեր Զոր քաղաքի սիրիական ուժերին եւ զրոյացրեց ողջ փաստաթուղթը: Ուրեմն՝ ինչո՞ւ այդքան չարչարվեցին ու պայմանավորվածության եկան. ձեռնտու չէր, չստորագրեիք, ո՞վ էր պարտադրում: Բայց չէ՞ որ նման գործելաոճը, միջպետական դիվանագիտությունը, իր բոլոր ավանդույթներով եւ սովորույթներով հանդերձ, վերածել էր սովորական մանկապարտեզի:
Թրամփի օրոք, կարծես թե, հենց դա է փոխվում: Ավելի ճիշտ, ենթադրելի է, որ որպես բիզնեսի «հին գայլ», նա խոսքի արժեքը լավ գիտի. ձեռնտու չէ, չի խոստանա, բայց եթե խոստացավ, ձեռք մեկնեց, ասածից չի հրաժարվի: Ընդ որում, հենց դրանով է Կրեմլի համար Թրամփն արժեքավոր. ամեն մի բանակցությունից հետո չես մտածի, թե երբ դիմացինդ պայմանավորվածություններից կհրաժարվի: Իսկ դա խոստանում է ոչ թե լավ կամ վատ, այլ, առաջին հերթին, կայուն հարաբերություններ:
Եվ այսպես, Պուտին-Թրամփ այդ հեռախոսազրույցը խոստանո՞ւմ է հարաբերությունների դրական դինամիկա. թերեւս՝ այո: Իսկ ռուսների համար դա կարող է արտահայտվել ոչ թե նույնիսկ տնտեսական պատժամիջոցների չեղարկման, այլ առաջին հերթին՝ դեպի Արեւելք ՆԱՏՕ-ի տեղաշարժի դադարեցման տեսքով: Մյուս կողմից, եվրոբյուրոկրատիային այս լացակումած վիճակը մեկ բանի մասին էլ է ակնարկում. կայունացնելով ռուսական ուղղությամբ քաղաքականությունը, նոր Սպիտակ տունը, ըստ ամենայնի, գերլիբերալիզմին յուրահատուկ «գունավոր» մոտեցումներից եւս կարող է հրաժարվել: Եվ առաջին հերթին՝ հետխորհրդային տարածաշրջանում:
Իհարկե՝ սրանք դեռ նախնական տպավորություններն են, եւ շատ հարցերի պատասխանենրը միայն ժամանակը կտա: Այդ թվում, թե ի՞նչ իրավիճակ պետք է սպասել արդեն իսկ «գունավորված» հետխորհրդային երկրներում: Մասնավորապես, որ մեզ համար առավել էական է, կշարունակվի՞ դեպի ՆԱՏՕ Վրաստանի տեղաշարժի գործընթացը: Նաեւ նկատի առնելով, որ խոշոր հաշվով Վրաստան-Ադրբեջան-Կենտրոնական Ասիա ուղղությամբ ծավալվելու քաղաքականությունն էր, որ այսքան խորը փակուղային վիճակի հասցրեց ղարաբաղյան թեման:
Իհարկե՝ պատահականություն չէր, որ ՌԴ նախագահը հեց այս օրերին վավերացրեց հայ-ռուսական միացյալ զորախմբի ստեղծման պայմանագիրը: Դա, մի կողմից, հասկանալի է, հերթական սառեցնող ազդեցությունն ունեցավ Բաքվի վրա, որն այս օրերին կազմակերպելով մասշտաբային զորավարժանքներ, փորձում էր ցույց տալ, որ դեռ լիովին օրակարգից չի հանել ղարաբաղյան նոր պատերազմի միտքը: Սակայն նոր պատերազմ թույլ չտալու հարցում նման միասնական զորախումբը չափից դուրս ծանր գործիք է. բավական էր Ալիեւին արված մեկ կոշտ զանգը, որ նա զորքերին ետ տաներ զորանոցներ: Իհարկե, զորախմբի մասին հրամանագիրն այդ զանգը կատարելու անհրաժեշտությունն օրակարգից հանեց: Ավելին, դա Ալիեւի համար նաեւ ակնարկ էր, թե՝ էլ զանգերով չէ, որ նրան իրավիճակը կբացատրվի եւ հերիք է խաղեր խաղա:
Բայց մեկ է, այս զորախմբի նշանակությունը բոլորովին այլ հարթությունում պետք է փնտրել: Ընդ որում, դրան հավելելով նաեւ հայ-ռուսական միասնական հակաօդային պաշտպանության նոր համակարգը: Եվ հիշելով նաեւ ռուսական ռազմաբազան, կարելի է փաստել, որ այս նոր երկու միավորները գործնականում բազմապատկեցին ռուսական ռազմական ներկայությունը Հարավային Կովկասում: Այսինքն, ինչ ուղղությամբ էլ գնան ռուս-ամերիկյան հարաբերությունները, նշված ռազմական գործոնով Մոսկվան ամերիկյան նոր վարչակազմին մատնանշում է այն աշխարհաքաղաքական սահմանները, որոնցից ետ քաշվել չի պատրաստվում: Հասկանալի է, դրան պետք է ավելացնել նաեւ Աբխազիայի եւ Սիրիայի դիրքերը: Եվ այս բոլոր նյուանսները հաշվի առնելով էլ Թրամփը պետք է գնա Մոսկվայի հետ նոր հարաբերություններին: Կգնա՞. Թրամփ-Պուտին առաջին կոնտակտի տոնայնությունը ակնարկ է դրա հնարավորության մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Թուրքիայի առաջին հայկական հեռուստաալիքն արդեն եթերում է

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА