ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՊՐԻԼԻ 1-Ը ԾԻԾԱՂԻ՞,  ԹԵ՞  ԳՌԵՀԻԿ ՀՈՒՄՈՐԻ ՕՐ

01.04.2016 15:14 ՄՇԱԿՈՒՅԹ
ԱՊՐԻԼԻ 1-Ը ԾԻԾԱՂԻ՞,   ԹԵ՞  ԳՌԵՀԻԿ ՀՈՒՄՈՐԻ ՕՐ

 

Ապրիլի 1-ը աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, նշում են որպես Երգիծանքի ու Ծիծաղի օր: Մինչ այժմ հայտնի չէ, թե  երբվանից է ապրիլի 1-ը նշվում որպես տոն, սակայն կա երկու վարկած` նախկինում նշել են որպես գարնանային գիշերահավասարի օր, որն ուղեկցվել է հետաքրքիր կատակներով եւ ուրախություններով: Երկրորդ վարկածի համաձայն` Ծիծաղի օրն առաջացել է Գրիգորյան օրացույցին անցնելու հետ եւ 1582 թվականին սահմանվել է Հռոմի պապ Գրիգորի կողմից: Ծիծաղի ու Երգիծանքի օրը մեծ տարածում Է գտել 18-րդ դարից սկսած եւ այսօր արդեն համարվում է Ծիծաղի միջազգային օր: Հայաստանում Ծիծաղի օրն ընդունված է անվանել նաեւ «խաբելու օր». այս ավանդույթը եղել է տարիներ առաջ, երբ մարդիկ միմյանց խաբելով ու զավեշտալի դեպքեր պատմելով` իրենց օրը ծիծաղաշատ են դարձրել: Այսօր, կարծես թե, այդքան էլ հետաքրքրված չեն տոնով եւ շատերի համար ապրիլի 1-ը ոչնչով չի տարբերվում ամսվա մյուս սովորական օրերից: Այս ամենի պատճառն այն է, որ թե՛ հեռուստաընկերություններով, թե՛ ռադիոյով չկան այն հաղորդումներն ու ներկայացումները, որոնք նախկինում ծիծաղ ու ժպիտներ էին պարգեւում մարդկանց, փոխարենը այսօր եթերից հնչում է գռեիկ ու անհամ  հումոր: Ինչպես շատերն են բնորոշում, այսօրվա հումորներում նախկին «համուհոտը» չկա:

​​​​​​​«Լեդի, Քաբուլեթի». պրեմիերա՝ Անդոյից, Ռաֆոյից եւ Սպիտակցի Հայկոյից

Հայաստանում այսօր հումորն ի՞նչ մակարդակի վրա է, ինչո՞ւ են մարդիկ այդքան շատ կարոտում 90-ականների հումորները: Այս հրատապ թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցեց մշակույթի որոշ գործիչների հետ:

 

«ՈՉԻՆՉ, ԸՆԹԱՑՔՈՒՄ ԴԱ ԷԼ ԿՀՂԿՎԻ»

ՀՀ ժողովրդական արտիստ, դերասան ԱՇՈՏ ՂԱԶԱՐՅԱՆ.

- Այն, ինչ անում է այսօրվա երիտասարդությունը, կարծես թե, բոլորին դուր է գալիս: Ամեն մի հումորիստ իր շուկան` հանդիսատեսն ունի: Սակայն կան մարդիկ, որոնք օգտվում են հին դասական հումորից` վրան իրենցն ավելացնելով, հարստացնում ու դարձնում ժամանակակից: Մեր ժամանակին շատ ենք կարդացել Հ. Պարոնյան, Ե. Օտյան, տեսել ենք մեծ դերասանների ու հումորիստների խաղը եւ այդ ամենի վրա ավելացրել ենք մերը: Այսօր հումորիստներ կան, որոնք ինձ դուր են գալիս, բայց կան այնպիսները, որոնք ունեն որոշակի թերություններ, ոչինչ, ընթացքում դա էլ կհղկվի: Ամենակերեւորը` ամեն մեկն իր ձեւով կարողանա մարդկանց ուրախացնել:

 

«ՓՈԽՎԵԼ Է ՀՈՒՄՈՐԻ 

ԿԱԼՈՐԻԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, 

ԲԱՅՑ` ՈՉ ՍՐՈՒԹՅՈՒՆԸ»View Full Size Image

ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, հաղորդավար, դերասանուհի ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆ.

- Ինձ մարդիկ շատ են ասում, թե` Զառա ջան, ձեր ժամանակ հումորն ուրիշ էր, այդ ինչ լավ հումոր էիք անում... Եթե  անկեղծ` ապա չեմ կարծում, թե այսօրվա հումորն իր համնուհոտը կորցրել է, գուցե դրան օգնում են իմ երեխաները, որոնք  դեռահասներ են, եւ նրանց հումորը, որքան էլ զարմանալի է, բայց ինձ համար` շատ ծիծաղելի է: Մի տեսակ հումորի կալորիականությունն է փոխվել, բայց` ոչ սրությունը: Եթե մարդն ուզում է որեւէ բանի մեջ հումոր տեսնել, ապա տեսնում է, եւ` ճիշտ հակառակը: Հումորը չի փոխվել, պարզապես ամեն ինչ այսօր կախված է մարդու հոգեվիճակից ու ներաշխարհից: Եթե մարդու հոգին ուզում է ծիծաղել` ցանկացած երեւույթի մեջ կգտնի հումոր: Նայում ես ամերիկացիների հումորները,  այնքան թեթեւ են, որ զարմանում ես, երբ դրանց վրա ծիծաղում են: Գուցե անհոգ են` դրանից է: Ամեն դեպքում, հումորը միշտ իր տեղն ունի, ամեն ինչ գալիս է մարդուց:

 

«ԾԻԾԱՂԻ ՕՐԸ 

ՄԻԱՅՆ ՊԵՏՔ Է ԴՐԱԿԱՆ ԼԻՆԻ»

Երգիծաբան, դերասան ՍԱՄՎԵԼ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ.

- Ամեն մի ժամանակաշրջան իր հրամայականներն ունի, եթե այսօր մատուցվում է այսօրինակ հումոր, ուրեմն` այդ է հրամայականը: Ամեն դեպքում, պետք է ձգտենք ավելի հետաքրքիր հումորային նախագծեր իրականացնել, որտեղ հումորն իրոք մարդկանց լիաթոք ծիծաղ կպարգեւի: Ծիծաղի օրը քաղաքացիների համար միայն դրական պետք է լինի: 

Ներկայացրեց ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА