o C     16. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԲԱՐՈՆՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆՆԵՐԸ

05.11.2016 13:21 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԴԱՇՏԻ ԲԱՐՈՆՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆՆԵՐԸ

Ինչքան մոտենում են ընտրությունները, այնքան ավելի շատ կրքեր են եռում քաղաքական կուլիսներում: Բոլորը փնտրում են ամենաշահեկան տարբերակները, ստվերային խոստումներ են հնչում, ինչպես նաեւ առկա է իրավիճակային սպասումների հանգամանքը: Ընդ որում, խոստումները իրենց հանրագումարով մի քանի անգամ ավելին են, քան կոնկրետ քաղաքական թիմերի ռեալ հնարավորությունները: Ստվերային սակարկությունների ընթացքում գրեթե յուրաքանչյուրը սեփական հնարավորությունների մասին այնպիսի հեքիաթներ է պատմում, որ Բարոն Մյունհաուզենը հաստատ նախանձից կկանաչեր: ՕԵԿ-ԱԿԱՆ 
ՓՈՒՉԻԿԸ
Բնական է, քաղաքական գործիչները խուսափում են պաշտոնական մեկնաբանություններից, սակայն, այնուամենայնիվ, մամուլն ու կայքերը լեցուն են արտահոսքերով: Զորօրինակ, խոսվում է, որ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ը խոստացել է պատգամավորական անցողիկ տեղ Էջմիածնի նախկին քաղաքապետ Հրաչիկ Աբգարյանին: Թե ում ինչեր է խոստացել Արթուր Բաղդասարյանը, դրա շուրջ էլ կրքերի պակաս չկար:
Այսպես, լրատվական դաշտում լայնորեն պտտվում են լուրերը, որ ժամանակին «Հայկական վերածնունդ» մտած այլ կուսակցությունները շատ դժգոհ են եւ ուզում են հրավիրել արտահերթ համագումար: Դժգոհության պատճառն էլ, որ իրենց խոստացվել են անցողիկ տեղեր համամասնական ցուցակում, սակայն այժմ «քցում» են, ու ըստ մամուլի հրապարակումների` նրանք ցանկություն ունեն արտահերթ համագումարին բարձրացնել Արթուր Բաղդասարյանի պաշտոնանկության հարցը: Կրկին, ըստ մամուլի հրապարակումների, նրանց մոտ կա եւս ուրիշ միտում` միանալ ԲՀԿ-ին, եթե Ծառուկյանն իրոք վերադառնա քաղաքականություն: 
Դե, եթե «Հայկական վերածննդում» այդպիսի մթնոլորտ է, ապա էլ ի՞նչ արդյունավետ ընտրարշավի մասին կարող է խոսք լինել: Եթե այդպես շարունակվի, ապա, երեւի թե, հռչակավոր նախընտարական մուրաբաներն էլ չօգնեն, եւ դա անկախ այն բանից` արտահերթ համագումար կլինի, թե` ոչ: Բայց իհարկե, ստվերային խաղերից զերծ չէ եւ Արթուր Բաղդասարյանի հետ սանիկաքավորական կապեր ունեցող Արա Աբրահամյանը: Ալամ աշխարհի հայերի պրեզիդենտը էլի ձեռք չի քաշում ՀՀ ԱԺ ընտրություններից: Ժամանակին նա ասել էր, որ վերջնական կկողմնորոշվի աշնանը, սակայն արդեն աշնան վերջին ամիսն է, ու հստակ այո, կամ ոչ նրա կողմից չի հնչում: Կրկին խաղեր, խաղեր, սպասումներ, թե ինչ-որ անհայտ մեկը կախարդական փայտիկով կստեղծի բարենպաստ իրավիճակ: Դե իհարկե, Արա Արշավիրիչը, իր սովորության համաձայն, բազմիմաստ ակնարկներ է անում, թե այդ մեկը Վլադիմիր Պուտինն է: Բայց զգուշավոր ակնարկներ` ոչ ավելին, քանզի Կրեմլի տիրակալը կարող է զայրանալ` իր անունից ինչ-որ բաներ բլթացնելու համար: Եվ իհարկե, նա զերծ չի մնում տրամաբանությունից բավականին հեռու հայտարարություններ անելուց. «Բազմիցս նշել եմ, որ ընտրություններին եւ քաղաքական իշխանության մասնակցության միջոցով Հայաստանին օգնելու իմ այս որոշումը պայմանավորված չէ որեւէ բարձր պաշտոն կամ կոչում ձեռք բերելու շարժառիթով, ես դրա կարիքը պարզապես չունեմ: Իմ բոլոր քայլերն ուղղված են Հայաստանի շարքային քաղաքացիների խնդիրների բարձրացմանն ու դրանց լուծմանը»: Այ քեզ բան, եթե պարոնը բարձր պաշտոն կամ կոչում չի ուզում, ապա ի՞նչն է նրան խանգարում, առանց քաղաքականության մեջ խառնվելու, օգնել շարքային քաղաքացիների խնդիրների լուծմանը: Մեկը ձեռքից բռնել չի՞ թողնում, որ ներդրումային կամ բարեգործական ծրագրեր իրականացնի: Իհարկե ոչ, պարզապես հետին մտքեր ունի: Այդպես էլ ո՛չ հայերեն, ո՛չ ռուսերեն մարդավարի խոսել չսովորած այդ «շուստրի» անձնավորությանը երեւի թե թվում է, որ ՀՀ քաղաքացիները երկարականջ կենդանու պես մի բան են, եւ կարող է նրանց գլխին ընտրական մատնոցախաղ խաղալ: Բայց, ախր, այնքան այդպիսի «շուստրիների» է տեսել մեր ժողովուրդը, որ այս ընտրություններին թերեւս նրանց բոլորին կտանի ծովը, ծարավ  ետ կբերի: 
Դե ինչ, Արթուր Վահանիչն ու Արա Արշավիրիչը իրականում 5 տոկոս ձեռք բերելու խնդիր ունեն, ընդ որում, միգուցե, երկուսով միասին մի բաժին 5 տոկոս: Իսկ եթե չստացվի, դարդից Դուբայ գնալը կա ու կա: 

Քրեական գործ է հարուցվել` Աստվածաշնչից մեջբերում անելու համար (Տեսանյութ)

ԲՀԿ. ՋՈՒՐԸ ՉՏԵՍԱԾ, 
ԱՐԴԵՆ ԲՈԲԻԿԱՆՈ՞ՒՄ ԵՆ
Գագիկ Ծառուկյանի հայտնի հայտարարությունը, որ եթե իրեն շատ խնդրեն, իր կարիքը շատ զգան, ապա կվերադառնա, առիթ է տվել ԲՀԿ-ական խմորումների համար: Նախկին ԲՀԿ-ականները, նույնիսկ Վարդան Սիվիլիթասիչի թեւը, մտմտում են, որ, միգուցե, անառակ որդու պես վերադառնան: Բազում ընդդիմադիրներ երազում են ԲՀԿ-ի հետ դաշինք կազմել, մանր-մունրները մտածում են միաձուլվելու մասին, հույս ունենալով, որ Գագիկ Կոլյաեւիչը իրենց հանդեպ ավելի բարի կգտնվի, քան` Արթուր Վահանիչը: Իսկ ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանն էլ հաճույքով գրողի ծոցն է ուղարկում ե՛ւ նախկին ԲՀԿ-ականներին, ե՛ւ դաշինքի մասին երազողներին: Բայց, ախր, Ծառուկյանը դեռ չի վերադարձել, այդ ինչ հաշվարկներ են կառուցվում: Ծառուկյանի վերադարձը չտեսած` արդեն քանի՜-քանի՜սն են «բոբիկանում»: Բա որ հանկարծ այդ մարդը որոշի, որ իրեն քիչ են խնդրել, եւ պետք չէ վերադառնալ, ինչ են անելու սրանք բոլորը... 
Բայց նման է, որ այդ «բաղձալի» իրադարձության հավանականությունը բավականին բարձր է: Կրկին, ըստ մամուլում եղած արտահոսքերի, ԲՀԿ համամասնական ցուցակում մտադիր է տեղ զբաղեցնել Ռոբերտ Սեդրակիչի եղբոր դուստր` Երեւանի ավագանու անդամ Իրինա Քոչարյանը, ընդ որում, Օսկանյանի կուսակցության համամասնական ցուցակը նրա սրտով չէ, ինքն իրեն համարում է զտարյուն ԲՀԿ-ական: 
Դե ինչ, Ծառուկյանը դեռ չեկած` մեծ գդալներով այնպիսի հոծ բազմություն է հավաքվել, որ անկախ նրա գալ-չգալուց եւ ԲՀԿ-ի վաստակելիք տոկոսից` գոյանալու է հիասթափվածների, «աբիժնիկների» հոծ բանակ: 

ԻՍԿ ՀՀԿ-Ն 
ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է 
ՊԼԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԻ
Բնականաբար, ՀՀԿ նախահամագումարյան եռուզեռի խորհրդանշական մեկնակետ համարվում է այն պահը, երբ Սերժ Սարգսյանը ՀՀԿ համապատասխան տարածքային կառույցից ընտրվում է համագումարի պատվիրակ: Դա արդեն կա, եւ, ի դեպ, ՀՀԿ առաջնորդ հանրապետության նախագահը դրանից անմիջապես առաջ հասցրել է անդրադառնալ չարաբաստիկ կարմիր գծերի եւ արագաչափերի խնդրին: Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության` ոստիկանապետը ոստիկանության կոլեգիայի անդամներին, կենտրոնական ապարատի վարչությունների եւ ճանապարհային ոստիկանության ղեկավարներին ներկայացրել է նախօրեին Հանրապետության նախագահի հրավիրած խորհրդակցության ժամանակ քննարկված խնդիրները: Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ խոսքը, մասնավորապես, «Սեքյուրիթի  դրիմ» ՍՊԸ եւ «Փարքինգ սիթի սերվիս»  ՓԲԸ-ի հետ իրավական մեխանիզմների մշակման մասին է`  նրանց գործառույթները, այդ թվում` ֆինանսական հոսքերի տնօրինումն ու կառավարումը պետական եւ համայնքային կառույցներին փոխանցելու նպատակով:
Այսինքն` ոչ թե վերացվելու են կարմիր գծերն ու արագաչափերը, այլ դրանցից գոյացող վճարումներն ու տուգանքները գնալու են ոչ թե մասնավորի գրպան, այլ` պետական եւ համայնքային բյուջեներ: Ըստ էության, լիկվիդացվում է խնդրի հետ կապված այն պահը, որը հենց քաղաքացիների վրդովմունքի հիմնական դրդապատճառն էր` որ իրենց տուգանում են` ինչ-որ մասնավորին հարստացնելու նպատակով ու հետեւաբար այդ մասնավորը շահագրգռված է, որպեսզի վարորդները շատ խախտեն ու շատ տուգանվեն: 
Թե էլ ինչ քայլեր կձեռնարկվեն իշխանության ու, մասնավորապես, Կարեն Կարապետյանի կառավարության կողմից ՀՀԿ համագումարից առաջ, կտեսնենք առաջիկա երկու-երեք շաբաթներին: Ու նաեւ դժվար չէ կռահել, որ համագումարով էլ հաստատ ինչ-ինչ քայլեր կարվեն, որոնք հանրության սրտով են: 
ՀՀԿ-ն ընտրություններին իր հասանելիք մեծամասնությունը կտանի: Իսկ ընդդիմադիր դաշտում ովքեր կտիրանան բաղձալի մանդատներին, իսկ ովքեր կգնան` դարդից խմելու, դա արդեն ընդդիմադիրների խնդիրն է: Եթե տարիների ընթացքում իրենց խոստացած հրաշքներով չմրցակցեին Բարոն Մյունհաուզենի հետ, այլ ավելի ռեալ բաներով զբաղվեին, այսօր այդպիսի ողբալի վիճակում չէին հայտնվի: Իսկ այժմ նրանց մեծամասնությունը հետաքրքիր չէ ո՛չ ընտրազանգվածի, ո՛չ էլ արտաքին խաղացողների համար: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА