o C     10. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՆՄԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԱՄՆ-Ն ԴԵՌ ՉԷՐ ՏԵՍԵԼ

01.11.2016 19:20 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՆՄԱՆ ՍԿԱՆԴԱԼ ԱՄՆ-Ն ԴԵՌ ՉԷՐ ՏԵՍԵԼ

55 տարի առաջ, ճիշտ այս օրերին՝ հոկտեմբերի 30-ին ԽՍՀՄ-ում պայթեցվեց մարդկության պատմության եւ մեր օրերում էլ անգերազանցելի մնացող ամենահզոր  ռումբը: 57-58,6 մեգատոննա, այսինքն՝ 57-58,6 միլիոն տոննա տրոտիլին համարժեք հզորությամբ այդ զենքը օրեր անց Արեւմուտքում կնքեցին «Ցար-ռումբ» անվամբ: Սակայն դեռ այն ժամանակներում կային խոսակցություններ, որ ամենահզորն ամենեւին էլ այդ զենքը չէր: Համենայնդեպս՝ անգամ ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Նիկիտա Խրուշչովն էր հայտարարել, որ ԽՍՀՄ-ի տիրապետության տակ կա նաեւ 100 մեգատոննա հզորությամբ ջերմամիջուկային ռումբ, բայց, որ այն չի փորձարկվելու:
ՁԱՅՆԻՑ 15 ԱՆԳԱՄ ԱՐԱԳ
Այն օրերին «Ցար-ռումբի» ի հայտ գալը հիմքից փոխեց համաշխարհային քաղաքականության ընթացքը: Համենայնդեպս՝ այդ փորձարկումից մոտ երկու տարի անց՝ 1963թ. օգոստոսի 5-ին ԽՍՀՄ-ն, ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան Մոսկվայում ստորագրեցին մթնոլորտում, տիեզերական տարածքում եւ ջրի տակ միջուկային փորձարկումներն արգելող պատմական նշանակության պայմանագիրը: Հենց դա էլ վերջ տվեց խելահեղ տեմպեր ստացած միջուկային փորձարկումների դարաշրջանին. հակառակ դեպքում, թե ինչ աշխարհ կունենայինք այսօր, նույնիսկ երեւակայելն է սարսափելի: «Ցար-ռումբը» եւս մեկ գլոբալ նշանակություն ունեցավ. առաջատար միջուկային տերությունները հստակ գիտակցեցին, որ իրար հետ ուղղակի պատերազմելու տարբերակ չունեն: Նման պատերազմում հաղթող չի լինելու, ոչնչանալու են բոլորը: Եվ որքան էլ պարադոքսալ հնչի, զանգվածային ոչնչացման համար նախատեսված ջերմամիջուկային զենքն էր, որ դարձավ մարդկությանը Երրորդ աշխարհամարտից երաշխավորող գործոնը, ու մինչ հիմա էլ իր այդ դերը կատարում է:
Բայց ահա մեր օրերում իրավիճակը մի փոքր փոխվել է: Ներկայումս, անկախ հզորությունից, միայն միջուկային զենք ունենալը դեռ բավական չէ: Նույնքան կարեւոր է այդ զենքը երաշխավորված կերպով տեղ հասցնելու հնարավորություն ունենալը: Համենայնդեպս, ակնհայտ է, որ հենց դրա շուրջ էլ վերջին տարիներին ծավալվել է ռուս-ամերիկյան գլոբալ պայքարը: Իսկ ավելի առարկայորեն՝ ԱՄՆ-ն ակտիվորեն փորձում է Ռուսաստանը բոլոր կողմերից շրջափակել հակաօդային պաշտպանության խիտ պատով՝ ձգտելով առավելագույնս ռուսներին զրկել միջուկային լիցքերը Նահանգներ հասցնելուց, միաժամանակ պահպանելով սեփական հրթիռները ռուսական տարածք հասցնելու հնարավորությունը: Ռուսական սահմանների հարեւանությամբ ծավալվող տարաբնույթ հակամարտություններն ու դրանց ետեւից շարժվող ամերիկյան հակահրթիռային համակարգերի տեղակայման գործընթացն այլ տրամաբանության տեղ չի թողնում: Եվ այս իրավիճակում խորհրդանշակա՞ն էր, թե պատահական, որ «Ցար-ռումբի» պայթեցման նույն օրը ռուսները հայտարարեցին մեկ այլ զինատեսակի փորձարկման մասին, որը խոստանում է նույն պատմական էֆեկտն ունենալ:
Մեկ-երկու շաբաթ առաջ ռուսները ներկայացրին փորձարկումների փուլում գտնվող «Սարմատ» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը, որը երկու-երեք տարուց կսկսի թարմացնել ռուսական հրթիռային զինանոցը: Նախնական գնահատականներով՝ մինչեւ 24 մարտագլխիկ տեղափոխելու ունակ այս հրթիռը համարվում է գոյություն ունեցող հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերի կողմից անխոցելի: Եվ ահա դրան հաջորդեց նոր փորձարկումը: «Սարմատի» համար նախատեսված մարտագլխիկ ասվածը որեւէ նմանություն չունի միայն միջուկային կամ այլ լիցք տեղափոխելու համար գոյություն ունեցող նման սարքավորումներին: Կոնկրետ դեպքում՝ մարտագլխիկն իրենից ներկայացնում է թռչող սարքավորում, որն ի զորու է մոտ 100 կմ բարձրության վրա, այսինքն՝ մերձակա տիեզերքում անջատվել կրող հրթիռից եւ սեփական թռիչքով գերճշգրիտ հարված հասցնել: Ընդ որում, թռիչքը, նախնական տվյալներով, կարող է ընթանալ հիպերձայնային արագությամբ՝ վայրկյանում մոտ 4.9 կմ եւ անկանոն ուղեգծով: Կարճ ասած, ինչպես նաեւ փորձագետներն են միաձայն վստահեցնում, նման ցուցանիշների պարագայում` ինչպես կրող հրթիռը, այնպես էլ՝ մարտագլխիկ հանդիսացող այդ սարքավորումն անխոցելի է ոչ միայն գործող, այլ՝ մինչեւ իսկ մտահղացման փուլում գտնվող ցանկացած ՀՕՊ համակարգի համար: Եվ իրականացված փորձարկումն էլ հիմնավորում է, որ այդ ցուցանիշները հաղթահարված են:
Այսպիսով՝ այն պահին, այսինքն՝ երկու-երեք տարուց, երբ այս ամբողջ հրթիռային համակարգը մտնի սպառազինության կազմ, կձեւավորվի մի այնպիսի միջուկային հաշվեկշիռ, որը առնվազն մոտակա տասնամյակներին անիմաստ, այսինքն՝ բոլորին երաշխավորված ոչնչացում խոստացող կդարձնի ամեն մի Երրորդ աշխարհամարտ: Սակայն այն այս պահին արդեն կարող է իր էֆեկտն ունենալ: Այն առումով, որ այն պահին, երբ Վաշինգտոնը համոզված կլինի, որ ՀՕՊ համակարգերն ի զորու չեն լինելու կասեցնել հարվածը, կկանգնի երկընտրանքի առաջ: Շարունակե՞լ ՌԴ-ին այդ գերթանկարժեք համակարգերով շրջապատելու իր հերթին ոչ պակաս թանկարժեք քաղաքականությունը՝ փորձելով մինչ այդ անխոցելի հրթիռների սպառազինության մեջ մտնելը ռուսներին ծնկի բերել: Թե՞ պետք է համակերպվել իրավիճակի հետ՝ մտածելով 1963թ. օգոստոսի 5-ի պայմանագրի օրինակով ինչ-որ կոնցենսուսային լուծում գտնելու մասին: Իսկ դա, ամենակարեւորը, կթուլացնի նաեւ ՌԴ-ի հարեւանությամբ գտնվող տարածաշրջանների, այդ թվում նաեւ՝ Հայաստանի ուղղությամբ այս գերշիկացած մթնոլորտը:
Հենց այս հարցադրումն է, որ միանշանակ դրվելու է արդեն մեկ շաբաթից ընտրվող ԱՄՆ նոր նախագահի առաջ:

Սկանդալ թուրքական մամուլում. Հայոց ցեղասպանությունը ժխտող լրագրողը ազատման դիմում է գրել

ՔԼԻՆԹՈՆԻ ՇԱՆՍԵՐԸ ԶՐՈՅԱՑԱՆ
Ուրեմն՝ կրկին առաջնային է դառնում հարցը, թե ի՞նչ պետք է սպասել ԱՄՆ նախագահական ընտրություններից: Նախօրեին հերթական սոցհարցումների արդյունքները ներկայացրին առաջատար լրատվամիջոցները, եւ այս անգամ պատկերն էլ ավելի անորոշ դարձավ: Այսպես` «Washington Post»-ի եւ «ABC News» հեռուստաընկերության համատեղ հարցման համաձայն` ընտրություններից 9 օր առաջ Հիլարի Քլինթոնը, ունենալով 46 տոկոսանոց վարկանիշ, Դոնալդ Թրամփից առաջ էր ընդամենը 1 տոկոսով: Ընդ որում, ինչպես հեռատեսորեն ներկայացրել է «Washington Post»-ը՝ սխալի հավանականությունը գնահատում են 3 տոկոս: Իսկ դա նշանակում է, որ այդ հարցումներով Թրամփը կարող է եւ 2 տոկոսով Քլինթոնից առաջ լինել: Եվ մոտավորապես հենց այդպիսի պատկեր է ներկայացրել «Los Angeles Times»-ը: Նրա տվյալներով` Թրամփի 46%-ի դիմաց Քլինթոնն ունի 44,1%: 
Մինչդեռ ավելի վաղ արված նման հարցումներից ամերիկյան առանցքային լրատվամիջոցները Քլինթոնին համարում էին բացարձակ առաջատար: Բանը հասավ նրան, որ Թրամփը քանիցս կեղծ սոցհարցումային թվեր հրապարակելու մեղադրանքներ հնչեցրեց, որոնք ուղղված էին նաեւ «Washington Post»-ին եւ «ABC News»-ին: Երեւի նրանք էլ կռահելով, որ Թրամփը կարող է հաղթել, որոշել են մեղմել Քլինթոնին գովերգելու հարցում իրենց ջերմեռանդությունը:
Եվ այդ մտավախություններն այնքան էլ անհիմն չեն: Բանն այն է, որ եթե ընտրություններից 12 օր առաջ համարվում էր, թե հաղթանակը Քլինթոնի գրպանում է, սակայն արդեն մեկ օրից ի հայտ եկավ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ¥ՀԴԲ¤ տնօրեն Ջեյմս Քոմիի հայտնի հայտարարությունը՝ ՀԴԲ-ն վերսկսում է պետքարտուղար աշխատած ժամանակահատվածում տիկին Քլինթոնի կողմից պաշտոնական, այդ թվում՝ գաղտնի գրությունները էլեկտրոնային փոստով ուղարկելու գործի քննությունը ¥ինչը համարվում է ծանր հանցագործություն¤: Բացատրությունն այն էր, թե Քլինթոնի ուղարկած նոր նամակներ են գտել նրա երկարամյա օգնական Հումա Աբեդինի ամուսնու՝ Էնթոնի Վիների համակարգչում:
Սակայն դա սկանդալի միայն չնչին մասն էր: Լրագրողական ուսումնասիրությունները ուշագրավ հանգամանքներ են պարզել հարցի հետ կապված, թե ինչո՞ւ մինչ այդ Քլինթոնի նամակների գործին մատների արանքով նայող ՀԴԲ-ն հանկարծ որոշեց քչփորել թեկնածուի ամենավստահելի անձանցից մեկի՝ տիկին Աբեդինի ամուսնու համակարգիչը: Բացահայտումները մեղմ կլինի սկանդալային համարել: Նախ, լայն խոսակցությունների թեմա է դարձել, թե տիկին Աբեդին մի կողմից իսլամական մի շարք երկրների լոբբիստուհի է, մյուս կողմից՝ իր շեֆի լեսբուհի զուգընկերուհին: Ապա, որ լեսբուհի կնոջ ամուսինն էլ մի բարի պտուղը չէ, եւ նրա նախասիրությունների թվում է տարբեր կանանց հետ սեքսուալ բնույթի լուսանկարներն ու դրանք այլ կանանց ուղարկելը: Ու հրապարակավ ֆիքսվել է նաեւ 15-ամյա աղջնակի հետ կապված նման փաստ, որով արդեն ՀԴԲ-ն չէր կարող չզբաղվել. մեծ սկանդալի կբախվեր: Ու թե այդ քննության ընթացքում ինչե՜ր են հայտնաբերվել Վիների համակարգչում. սկսած իր, սեփական կնոջ ու բազում այլ կանանց հետ կապված սեքսուալ այլանդակության փաստերից, վերջացրած՝ ԱՄՆ-ի համար գերգաղտնի բազում տեղեկություններով:
Թերեւս այս փաստերը տեսնելով՝ ՀԴԲ տնօրենը հասկացել է, որ դրանք գաղտնի պահել հնարավոր չէ: Ավելին, որ ԱՄՆ-ի համար աննախադեպ՝ նախագահական ընտրություններից հաշված օրեր առաջ, ֆավորիտ թեկնածուի նկատմամբ քրեական գործ չհարուցելու դեպքում, շատ մեծ է հավանականությունը, որ արդեն մեկ-երկու ամսից ինքը կհայտնվի մեղադրյալի աթոռին:
Այս բեռով Հիլարի Քլինթոնը կարո՞ղ է հայտնվել ԱՄՆ նախագահի աթոռին. համենայնդեպս՝ շարունակելու է պայքարը, քանի որ հակառակ դեպքում երեւի կյանքը կավարտի վանդակաճաղերից այն կողմ, ինչպես որ քանիցս խոստացել է Թրամփը: Բայց եթե այս գերսկանդալից հետո անգամ Քլինթոնին հաջողվի նախագահ դառնալ, ապա դա ներամերիկյան եւ համաշխարհային ամենօրյա սկանդալներից զատ, հազիվ թե այլ բան խոստանա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА