o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՎԱՐՉԱՊԵՏԸ, «ՌԱԶՄԱԿԱՆ  ՊՈԼԻԳՈՆԸ» ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ

01.11.2016 19:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՎԱՐՉԱՊԵՏԸ, «ՌԱԶՄԱԿԱՆ  ՊՈԼԻԳՈՆԸ» ԵՎ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ


Մինչ խորհրդարանին 2017-ի պետբյուջեի նախագիծը ներկայացնելը, վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարել հանրության վրդովմունքը շարժած հին տպարանի շենքի պայթեցման փաստին: Նրա տված բնորոշումը բավականին կտրուկ էր` «սա ռազմական պոլիգո՞ն է, ինչ է»: Ու բնորոշմանը հետեւեց նաեւ հանձնարարություն` խստագույնս պատժել բոլորին, ովքեր այդպիսի աշխատանքի կանոնակարգի խախտում են թույլ տվել: Իսկ խախտումը շատ կոպիտ էր` մոտակա շենքերի բնակիչները տեղյակ էլ չէին, որ շենք է պայթեցվելու ու անգամ պատրաստ չէին դիմագրավել փոշու հսկայական ամպին: ԻՍԿ ԸՆԴԴԻՄԱԴԻՐ ԴԱՇՏՈՒՄ «ՈՉ 
ՊԱՅԹՅՈՒՆԱՅԻՆ» ՎԻՃԱԿ Է
Ուշագրավ է, որ ԱԺ-ում պետբյուջեի վերաբերյալ հարցեր տվողները հիմնականում ՀՀԿ-ից էին: Դաշնակները եւ ընդդիմադիրները, բացառությամբ ՀԱԿ-ի, մի տեսակ անտարբերություն դրսեւորեցին: Երեւի թե, ակնհայտ էր, որ բյուջեի հարցի վրա ընդդիմադիր միավորներ վաստակել դժվար թե ստացվի, քանզի արդեն բոլորն  ունեն այն փորձառությունը, որ Կարեն Կարապետյանը հանգիստ պատասխանում է ցանկացած հարցի: 
Ընդդիմադիրների փնտրտուքը հիմնականում խորհրդարանից դուրս է: Կարծես թե շոշափվում են հնարավոր տարբերակները, թե ով ում հետ կարող է դաշինքավորվել: Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համագումարին էլ բազում ընդդիմադիրներ հրավիրված էին, սակայն ՀԱԿ-ը չէր եկել, իսկ Վարդան Օսկանյանի կուսակցությանը չէին էլ հրավիրել, համարելով, որ իր կենսագրությունում մարտիմեկյան հետք ունեցող նախկին արտգործնախարարը ընդդիմադիր դաշտում անելիք չունի: 
Ինչեւէ, նման է, որ համագումարի պատեհ առիթն օգտագործելով` փորձ է արվում արեւմտամետ ուժերի դաշինք կազմել: Բայց կստացվի՞ արդյոք, եւ ստացվելու դեպքում արդյո՞ք գոնե նվազագույն արդյունավետություն կունենա: Օրինակ, ժամանակին Վովա Գասպարյանի հետ աղոթելու գնացած Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայությունը կավելացնի՞, թե կպակասեցնի այդ հնարավոր դաշինքի միավորները: 

«Շատ բան էի տեսել, բայց, որ պառլամենտական «ընդդիմությունը» այսպես ափաշքյարա սպասարկի կառավարության շահերը...»

ԲՀԿ-Ի 
«ՊՈԼԻԳՈՆԱՅԻՆ» ՓՈՐՁԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Բնականաբար, տպարանի պայթեցման վրդովեցուցիչ փաստը հարմար առիթ է ընդդիմադիրների համար` ծավալել կոշտ քննադատություն, սակայն նման է, որ վարչապետի շնորհիվ վարկանիշային պլյուսներ` այդ միջադեպի առնչությամբ ձեռնարկած քայլերից, ՀՀԿ-ն ավելի շատ կստանա, քան` ընդդիմությունը իր քննադատություններից: 
Ուստի, մշտապես հարցասեր Միքայել Մելքումյանը ակտիվ եղավ եւ պետբյուջեի հարցում: Սակայն այս անգամ նա ընտրեց «ոչ նալին, ոչ մեխին» տարբերակը. «Ոչ ուզում եմ պեսիմիստական ակնոցներով նայել, ոչ էլ օպտիմիստական, քանի որ դրա հիմքերը չկան: Այսօր տնտեսական եւ սոցիալական բարեփոխումները կարող են տալ արդյունք, եթե ռեալ քաղաքական կամք ցուցաբերվի, իսկ դրա համար պայման է պետք»: Այնուամենայնիվ, հոռետեսական երանգներ նրա խոսքում հնչեցին. «Մենք խնդիր չպետք է դնենք`  հավատում ենք, թե` ոչ: Մեկ կամ երկու ամիս հետո կյանքը ցույց կտա: Եթե ասեմ` շատ խանդավառված եմ, այդպես չէ, բայց ոչ էլ ուզում եմ սեւացնել: Այո, տնտեսական, սոցիալական  առումով առանձնապես լավ բաներ  չեմ տեսնում, բայց եկենք սպասենք»: Իսկ ամփոփումը բավականին պատկերավոր էր. «Այսինքն` մի վիճակ է, որ երբ դու ջրի մեջ ես, բերանդ ջրի տակ է, քիթդ օդում եւ  մի փոքր, մի միլիմետր սխալ շարժումը կարող է շատ ծանր  նստել»: 
Սակայն ԲՀԿ-ին, անշուշտ, ավելի շուտ հետաքրքրում է ոչ թե բյուջեի, այլ` Գագիկ Ծառուկյանի հարցը: Ճիշտ է, ԲՀԿ հիմնադիրը թեեւ ասաց, որ միգուցե «փակված գիրքը» նորից բացի, սակայն դեռեւս ոչ ոք նրա վերադարձը քաղաքականություն չի կարող համարել կայացած փաստ: Այնուամենայնիվ, այդ սցենարի շուրջ կառուցվում են նաեւ հնարավոր վարքագծի տարբերակներ: Անգամ Վարդան Սիվիլիթասիչի կուսակցություն գնացած նախկին ԲՀԿ-ականները չեն շտապում բացառել սեփական վերադարձը ԲՀԿ, եթե Ծառուկյանը կրկին գա ասպարեզ: Նման է, որ ՀԱԿ-ն էլ ծառուկյանական ԲՀԿ-ի պոչից որպես «վագոն» կպնելը դիտարկում է իր` խորհրդարանում կրկին հայտնվելու վերջին հույսը: Բայց, ինչպես ասվում է, մինչեւ առվի վրայից թռչելը, հոպ մի ասա: Համ էլ, նախկին առաջնորդի վերադառնալու-չվերադառնալու հարցը չունի վարչապետի ասած «ռազմական պոլիգոն», ուր հնարավոր լինի փորձարկել տարբերակները: Այնպես որ, ԲՀԿ-ի համար անորոշությունները բավականին շատ են: 

ՀՀԿ-Ի ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ 
ՀԵՌՈՒ ՉԷ
Քաղաքական կուլուարներում պտտվող հարցերից է եւ այն, թե արդյոք Կարեն Կարապետյանը կդառնա ՀՀԿ անդամ: Սակայն ՀՀԿ փորձառու գործիչները ֆորմալ առումով կուսակցական տոմսի առկայությունը այնքան էլ չեն կարեւորում, մատնանշելով, որ բոլոր դեպքերում այս կառավարությունը ՀՀԿ-ի կառավարությունն է: 
Եվ իհարկե, կուլուարներում ամենից շատ քննարկվող հարցերից է ապագա նախընտրական ցուցակների խնդիրը: Օրինակ, ՕԵԿ-ի պարագայում արդեն շշուկներ են պտտվում, որ «Հայկական վերածնունդ» նախագծի մեջ մտած մանր-մունր միավորումները աստիճանաբար հիասթափվում են, քանզի «լավ տեղերի» ակնկալիքներ չունեն: Ինչ վերաբերում է ՀՀԿ-ին, ապա իշխող կուսակցության նախընտական ցուցակի հարցում ռեալ որոշակիություն կերեւա թերեւս ամսվա վերջին, իսկ այժմ գրեթե ամեն ինչ ենթադրությունների եւ գուշակությունների տիրույթում է: Շատ բան անորոշ է, քանզի դժվար է կռահել ՀՀԿ ղեկավար հանրապետության նախագահի մտքի ուղղությունը, սակայն ենթադրելի է, որ օլիգարխիան առանձնապես հույսեր տածել, կարծես թե չի կարող: Բայց զգուշությամբ երեւում նաեւ օլիգարխիկ որոշ կադրերի` սփյուռքահայ խոշոր բիզնեսի ներկայացուցիչների նախաձեռնություններում «դամ քաշելու» ձգտումը: Սակայն ինչ կստացվի ե՛ւ բուն նախաձեռնություններից, ե՛ւ «դամքաշությունից»` նույնպես պատված է նոյեմբերյան թանձր մշուշով: 
Իհարկե, արտաքին քաղաքական միջավայրը նույնպես մշուշոտ է, քանզի նույն ԱՄՆ պատմության թերեւս ամենակեղտոտ նախագահական ընտրարշավի արգասիք կարող են լինել  եւ անսպասելի շարժումները ռուսների հետ աշխարհաքաղաքական հակամարտությունում: Մեր մազութային հարեւաններն էլ, կարծես թե, փորձում են ցույց տալ, իբր կարող են նաեւ ագրեսիվ լինել, բայց եթե բարենպաստ արտաքին ֆոն կլինի, ապա դժվար թե համարձակվեն կրկնել ապրիլյան ղալաթները: 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ 

Ինչպես ժամանակին ասում էր վարչապետը, «բա կոռուպցիան հո պոզով-պոչով կենդանի չէ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА