ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԵՌԱՉԱՓ» ՇԱԽՄԱՏ  2017-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

26.10.2016 18:19 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԵՌԱՉԱՓ» ՇԱԽՄԱՏ  2017-Ի ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ


Այս քառօրյային նկատվեց հետաքրքիր օրինաչափություն` ԱԺ հայտարարությունների ժամին խոսափողի երկար հերթ չկար: Եվ ընդհանրապես, ինչպես ընդդիմադիրների, այնպես էլ դաշնակների մեծ մասը խորհրդարանում չէին, ըստ էության, ամեն խմբակցությունից ընդամենը «հերթապահ» թողնելով: Կարելի է ենթադրել, որ ԱԺ պատերից դուրս նրանք ունեն գործեր, որ առավել կարեւոր են, քան` ամբիոնից կրակոտ ելույթներ ունենալը: ՃՏԵՐԸ ՀԱՇՎԵԼՈՒ ԱՇՈՒՆԸ
Բնականաբար, աշունը ճտերին հաշվելու ժամանակն է, եւ դա վերաբերում է նաեւ քաղաքական դաշտին: Իսկ այդ հաշվարկի տեսակետից գործնականում բոլորը, բացի ՀՀԿ-ից, մխիթարական ոչինչ չունեն: Ըստ էության, 5 տոկոս քվե հավաքելու գերխնդիրը ծառացել է բոլորի առաջ, այդ թվում` եւ ԲՀԿ-ի: Ու կարելի է պատկերացնել, թե ընդդիմադիրների միջեւ ինչպիսի «խլոցի» պետք է ընթանա: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բավականին իրավացիորեն մատնանշել է. «Այսօր ընդդիմությունը մրցապայքար է սկսել, թե ով ում ավելի լավ կհայհոյի, մեկը մյուսի վրա կոմպրոմատների պայքար է սկսել: Օրինակ, Վանաձորի ընտրությունների ժամանակ ընդդիմադիրներն այդքան հանրապետականին չկպան, որքան` Էդմոն Մարուքյանին»: 
«Ժառանգությունը» եղած-չեղած միեւնույնն է, քանզի ԱԺ համանուն խմբակցությունում երկու համակարծիք պատգամավոր չես գտնի, իսկ երբ հանրահավաք է տեղի ունենում, ապա իրենց դուր չեկած հռետորին միտինգավորները համեմատում են «աղոթելու գնացած Րաֆֆիի» հետ, բավականին հաճախ անգամ օգտագործելով «աղոթած էշ» բառակապակցությունը: ՀԱԿ-ի վիճակն էլ է ողբալի: Ճիշտ է, ՀԱԿ խմբակցությունը ՀԱԿ կուսակցությունը ներկայացնող երեք պատգամավոր կա, սակայն ՏԻՄ ընտրություններում նրանք ամենուրեք վերջին տեղն են գրավել: Անշուշտ, դա նրանց քաղաքական վարքագծի հետեւանքն է, քանզի 8 տարի շարունակ խոստացան «ավազակապետության կազմաքանդում» եւ ստացան զրոյական արդյունք: Բայց թերեւս կա նաեւ բառերի խորհրդանշական մոգության պահը: Եթե տարիներ շարունակ լրատվական դաշտում, այդ թվում անգամ ռեփ երգերի մեջ շրջանառվում է «ՀԱԿմեջ լինել» հասկացողությունը, ապա դա ՀԱԿ անունով որեւէ կառույցի որեւէ լավ բան խոստանալ չի կարող... 
Ուստի պատահական չէ, որ թեեւ Ընտրական օրենսգրքի բարեփոխման բոլոր տարրերը ՀԱԿ-ն իր հայտարարության մեջ հռչակել է սեփական հաղթանակ եւ ազդարարելով նախընտրական շտաբների բացումը, նաեւ հորդորել է ընդդիմադիր քաղաքական ուժերին սկսել բանակցությունները` կուռ ընդդիմադիր դաշինք ստեղծելու ուղղությամբ, ՀԱԿ-ին ոչ ոք լուրջ չի ընդունում: Պատահական չէ, որ արդեն ՀՀԿ-ականներն էլ ՀԱԿ-ի հանդեպ նրբանկատություն չեն դրսեւորում, եւ, օրինակ, Շարմազանովը ուղղակիորեն խոսում է ՀԱԿ-ի` ճգնաժամի մեջ գտնվելու մասին:ԱԺ փոխխոսնակը նաեւ թերահավատություն է հայտնել ընդդիմադիր ուժերի միավորման վերաբերյալ, արձանագրելով, որ նրանք այսօր պայքար են մղում իրար դեմ: 
Անգամ Գագիկ Ծառուկյանի հնարավոր վերադարձը քաղաքական դաշտ դժվար թե նպաստի ընդդիմադիրների միավորմանը, Լեւոն Տեր-Պետրոսյանն էլ բացառված է, որ կարողանա երկրորդ անգամ կյանքի կոչել 2011-ի նմուշի իր «քաղաքագիտական վերլուծությունը» եւ ԲՀԿ-ին վերածել ընդդիմադիր «տառանի»: Ի վերջո, երկու անգամ նույն գետը մտնել չի լինի, առավել եւս, որ նույն Ծառուկյանի հայտնի փետրվարյան «հրաժարիմք»-ը այնպիսի փաստ է, որը անտեսել չի լինի: 

Աբովյանում ժամը 20:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է ընտրողների 40.83 %-ը, ընդհանուր ՏԻՄ ընտրություններին՝ 44.36 %–ը

ԲՀԿ-Ի ԵՎ ԱՅԼՈՑ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
ԲՀԿ նախկին առաջնորդի տան մոտ կազմակերպված ցույցը` քաղաքականություն վերադառնալու հորդորով, ոմանց մոտ վարդագույն հույսեր արթնացրեց: Անշուշտ, քաղաքականություն վերադառնալ-չվերադառնալու մասին հարցադրմանը ստույգ կարող է պատասխանել միայն ինքը` Գագիկ Ծառուկյանը, բայց փաստ է, որ նրա հնարավոր վերադարձի շուրջ քաղաքական հաշվարկներ են կառուցվում: Ոմանք երազում են, որ Ծառուկյանի շուրջ կհամախմբվի ամբողջ ընդդիմությունը, ԲՀԿ-ից դուրս եկած կադրերը մտմտում են «անառակ որդու վերադարձ» գործողությունը կատարելու մասին, բայց միաժամանակ ԲՀԿ-ականներից շատերը կարծում են, որ կուսակցությունը պետք է միայնակ մասնակցի ընտրություններին ու ընդդիմադիր դաշտի արտադրական թափոնները, որպես բեռ, հետը քարշ չտա: 
Բայց Գագիկ Ծառուկյանի մասնակցության դեպքում էլ, բազում հարցականներ մնում են: Անշուշտ, այդ դեպքում Կոտայքի մարզում ԲՀԿ-ն բավականին մեծ հաջողություն կունենա, սակայն այլ տարածաշրջաններում ամեն ինչ կախված է հետեւյալ հարցի պատասխանից` թույլատրվելո՞ւ է արդյոք, այսպես կոչված, «նախընտրական բարեգործությունը», թե` յուրաքանչյուր «տասովշչիկի» հետեւից կգա Ռոբերտ Քոչարյանի ասած «ուչաստկովին»: Իսկ, օրինակ, նույն Վանաձորի պարագայում ԲՀԿ-ի արդյունքները շատ համեստ էին: 
Այդ հարցը պետք է հուզի նաեւ «Հայկական վերածնունդ» դարձած ՕԵԿ-ին, քանզի կասկածելի է, որ այդ կուսակցությանը անշահախնդիր կերպով, առանց «նախընտրական մուրաբաների», քվե տվող լինի: Հարցը ակտուալ է նաեւ ՀՅԴ-ի համար: Ճիշտ է, կան ընտրողներ, որ ավանդաբար «դաշնակներին ձայն տվող» են, բայց ռիսկային պահեր, միեւնույնն է, կան: Իհարկե, ՀՅԴ-ն ունի վարչական ռեսուրս` ի դեմս իրենց նախարարների եւ մարզպետների, բայց, օրինակ, Գյումրիում մարզպետական ռեսուրսը դաշնակներին հնարավորություն չտվեց անգամ ավագանի մտնել...
Իսկ «ընտրողներին շահագրգռելու» հարցը իրոք օդում կախված է: Կարեն Կարապետյանի վարկանիշային գործոնը, նրա` օլիգարխների պորտը տեղը դնողի համբավը, ինչպես նաեւ նոյեմբերի 26-ի ՀՀԿ-ի առաջիկա համագումարում սպասվելիք «ցուցակազտումը»` այդ ամենը ռեսուրսներ են, որոնք, միգուցե, ՀՀԿ-ի համար ավելորդ դարձնեն, այսպես կոչված` ավանդական իշխանական մեխանիզմների կիրառումը: Գումարած դրան, նաեւ ՊՊԾ գնդի զինյալ գրավման գրեթե բոլոր հանգամանքները բացահայտված են, եւ քննիչներին արդեն հայտնի են նաեւ նրանք, ովքեր սպանել են 3 ոստիկանների: Եվ պարզ է, որ որոշակի պահի այդ անունները, մանրամասներով հանդերձ, մատուցվելու են հանրությանը, ինչը նույնպես իշխող կուսակցության վարկանիշին միավորներ գումարող հանգամանք է: 
Այնպես որ, բոլորն էլ մտածելիք ունեն, սեփական նախընտրական գործերը դասավորելու համար բանակցելիք ու սակարկելիք ունեն... Սակայն այդ ամենում հնարավոր է նույնքան հեշտ շփոթվել, որքան եւ ոչ թե սովորական, այլ «եռաչափ» շախմատում: 
Հա, չհիշատակեցինք ընդդիմության թունդ արեւմտամետ հատվածին` Վարդան Սիվիլիթասիչով հանդերձ, ովքեր հայհոյում են Ընտրական օրենսգրքի բարեփոխումները, կեղծիքի մասին զրպարտիչ հայտարարությունների համար քրեական պատասխանատվություն մտցնելու համար: Իհարկե, նրանք կփորձեն նաեւ հույս դնել ստվերային զորավոր «բարեխոսողների» վրա` օրինակ, 2007-ին Ռոբերտ Սեդրակիչը Քըրք Քըրքորյանի անձնական խնդրանքով խորհրդարան անցկացրեց Րաֆֆի Հովհաննիսյանի կուսակցությանը: Բայց արդյո՞ք գործող իշխանությունը ականջալուր կլինի այդպիսի խնդրանքներին, եթե, իհարկե, դրանք ընդհանրապես լինեն:
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА