ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՕԲԱՄԱՆ ՆՈՐԻՑ ԻՐ ՓՈՐԱԾ ՄԵԾ ՓՈՍԻ ԱՌԱՋ Է, ՆԱԵՎ ՔԼԻՆԹՈՆԻՆ ԵՏԵՎԻՑ ՔԱՐՇ ՏԱԼՈՎ

21.10.2016 19:01 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՕԲԱՄԱՆ ՆՈՐԻՑ ԻՐ ՓՈՐԱԾ ՄԵԾ ՓՈՍԻ ԱՌԱՋ Է, ՆԱԵՎ ՔԼԻՆԹՈՆԻՆ ԵՏԵՎԻՑ ՔԱՐՇ ՏԱԼՈՎ

Ամերիկյան պաշտոնաթող գնդապետ Դենիել Դեւիսն ուշագրավ մասնագիտական կարծիք հայտնեց Իրաքի Մոսուլ քաղաքն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումից ազատագրելու` օրերս մեկնարկած օպերացիայի մասին: Այդ գնահատականը Վաշինգտոնի համար միանգամայն մռայլ  երանգավորում ունի:
ՄՈՍՈՒԼՆ ԷԼ ԲԱՆ ՉՏՎԵՑ
Ամերիկյան գնդապետի վերջնական եզրակացությունը հետեւյալն է` օպերացիան կարող է միանգամայն «կատաստրոֆիկ վերջաբան» ունենալ իրաքյան բանակի, նրան օժանդակող քրդական խմբավորումների եւ ամերիկյան կոալիցիայի համար: Իր տեսակետը պաշտոնաթող զինվորականը բացատրում է այն հանգամանքով, որ դեռ նոր է սկսվել օպերացիան, սակայն հարձակվող ուժերը լուրջ խնդիրների առաջ են հայտնվել: Այդ թվում, ամենակարեւորը` քաղաքական եւ դիվանագիտական բնույթի արգելքների: 
Ի դեպ, նման մտավախություններ կային դեռ մինչ օպերացիայի մեկնարկը: Այն առումով, որ Մոսուլի վրա հարձակումից առաջ ԱՄՆ-ը մեծ աղմուկ բարձրացրեց սիրիական Հալեպում իրականացվող ռուս-սիրիական համատեղ օպերացիայի հետ կապված: Թե՝ այն իսկական հումանիտար ճգնաժամ է առաջ բերել քաղաքում, կրակի տակ է հայտնվել բնակչությունը: Մի խոսքով, որ Հալեպում ռազմական հանցագործություն է տեղի ունենում: Բայց այդ քարոզչական գրոհը բումերանգի էֆեկտ ունեցավ: Այս օրերին ռուսները, բնականաբար՝ սիրիական բանակի հետ միասին Հալեպում, այսպես ասած, հումանիտար զինադադար են հայտարարել: Միաժամանակ նստել ու հանգիստ սպասում են: Նախ՝ Հալեպում լիակատար շրջափակման մեջ գտնվող գրոհայիններն իրենք իրենց կթուլանան. որոշ խմբեր արդեն իսկ պայմանավորվել են սիրիական ուժերի հետ եւ դուրս եկել քաղաքից: Եվերկրորդը, թե ինչպես են ամերիկացիների ղեկավարությամբ իրաք-քրդական ուժերը գրոհելու Մոսուլը, որտեղ շատ ավելի մեծ թվով քաղաքացիական բնակչություն կա: Այսինքն` քաղաքի վրա ծանր տեխնիկայի եւ ավիացիայի կիրառմամբ մասշտաբային հարձակումը բազմապատիկ անգամ լուրջ հետեւանքներ կարող է ունենալ, քան՝ Հալեպում: Իսկ առանց ծանր տեխնիկայի աջակցության ի՞նչ կարող են անել իրաք-քրդական ուժերը: Ճիշտ է, նրանք Մոսուլում գտնվող «Իսլամական պետության» զինյալներից շատ են: Սակայն, ի տարբերություն սիրիական բանակի, Իրաքի քրդական եւ բանակային ուժերն իրենց պատրաստվածությամբ եւ մյուս բոլոր չափանիշներով մի քանի գլխով զիջում են ԻՊ-ին: Գումարած՝ նրանք պետք է հարձակվեն քաղաքային պայմաններում, որտեղ ԻՊ-ի համար պաշտպանվելը շատ հեշտ է: Էլ չասած, որ պետք եղած դեպքում կարող են քաղաքի բնակչությանը վերածել «կենդանի պատնեշի»: Մի խոսքով՝ բացառվում է, որ Մոսուլն առանց «ծանր» հարձակման գրավվի: Իսկ նման հարձակումը կհանգեցնի մի այնպիսի հումանիտար աղետի, որի մոտ Հալեպը մանկական խաղ կթվա: Այդ դեպքում արդեն պատերազմական հանցագործությունների մասին ԱՄՆ-ի հիշատակած մեղադրանքները հենց իր դեմ են շրջվելու: Իսկ դա ռազմականից զատ, նաեւ քաղաքական կատաստրոֆա է խոստանում: Այն, որ Մոսուլի օպերացիան այս պահին կազմակերպվեց քաղաքի ազատագրումը Հիլարի Քլինթոնի համար հաղթաթուղթ սարքելու, պնդում են նաեւ ամերիկյան աղբյուրները, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի թեկնածու՝ Դոնալդ Թրամփը: Բայց եթե, ասենք, Մոսուլն ազատագրելու կարգի խոստացված հաջողության փոխարեն խոսակցություններ սկսվեն պատերազմական հանցագործությունների մասին, նվազագույնը՝ տիկին Քլինթոնի օգտին կազմակերպված ռազմաքաղաքական շոուն չի ստացվի: Իսկ ռեալ տարբերակով՝ դա ծանրագույն հարված կդառնա դեմոկրատ թեկնածուի համար, առավել եւս, որ Թրամփն իր այն մեղադրանքներով, թե՝ Մերձավոր Արեւելքում ԱՄՆ-ն 6 տրիլիոն դոլար է ծախսել, սակայն ռուսներին է հաջողվել իրենց վերահսկողության տակ առնել տարածաշրջանը, եւ, որ ռուսները Քլինթոնին «խորամանկեցին ու խաբեցին շատ ավելի վատ, քան երբեւէ իմ ճանաչած որեւէ քաղաքական գործչի», էլ ավելի է սրում ԱՄՆ նախկին պետքարտուղարի եւ գործող նախագահի «նախընտրական կախվածությունը» Մերձավոր Արեւելքի իրավիճակից: 
Ընդ որում, եթե նույնիսկ Մոսուլի գրոհը սովորական սպառազինությամբ անցկացվի, դա էլ տիկին Քլինթոնին բան չի տա: Նման գրոհը կնշանակի կռիվ ամեն մի թիզ հողի համար, այսինքն՝ էլի զանգվածային կորուստներ եւ, վերջնարդյունքում, հումանիտար ճգնաժամ:
Սակայն տիկին Քլինթոնի համար միգուցեեւ ավելի ծանր հարված դառնա, եթե թվարկված բարդությունները հաշվի առնելով, որոշեն չեղյալ համարել Մոսուլի օպերացիան կամ ձգձգեն մինչեւ ամերիկյան ընտրությունների վերջը: Դա կգնահատվի, որպես Օբամայի հերթական եւ ամենախայտառակ պարտությունը, քանի որ միանգամից դա կհամեմատվի ՌԴ-ի վերահսկողությամբ Հալեպում անցկացվող օպերացիայի հետ: Առավել եւս, եթե Հալեպի հարցը լուծվի մինչ ամերիկյան քվեարկությունը:
Եվ վերջապես, տիկին Քլինթոնի վրա վատ կանդրադառնա նաեւ այն տարբերակը, եթե ԻՊ-ն մի քիչ կռիվ-կռիվ խաղալով՝ հանգիստ զիջի Մոսուլն ու տեղափոխվի Սիրիա: ԱՄՆ-ի կողմից ԻՊ-ին ստվերային աջակցություն ցույց տալու մասին արդեն այնքան է խոսվել, որ ԻՊ-ի նման քայլը միանգամից կհամարվի նման կապի ապացույց՝ իր տեղը գտնելով ներամերիկյան ներկայիս կոշտ պայքարում:

Թրամփը կկարոտի Հիլարի Քլինթոնին

ՀԵՐԹԱԿԱՆ ԾԱՆՐ ՀԱՐՎԱԾԸ
Մի խոսքով, Օբաման կարծես նորից է Մերձավոր Արեւելքում իր իսկ ձեռքով փորած մեծ փոսի առաջ կանգնել, այս անգամ նաեւ Քլինթոնին ետեւից քարշ տալով: Եվ վիճակը ծանրանում է նաեւ նրանով, որ Սիրիա-Իրաքից զատ, Օբաման նաեւ այլ ծանր հարվածներ ստացավ, ինչը, թերեւս, պետք է, որ նաեւ Մերձավոր Արեւելքում դիրքերի նման թուլացման հետեւանքներից լինի:
Ինչպես հայտնի է, ԱՄՆ-ը շատ ավելի ծանր պայքար է մղում Չինաստանի դեմ, որը Հարավչինական ծովում մի շարք կղզիներ իր տարածքը հռչակելով, սպառնում է Արեւելյան Ասիայից դեպի Եվրոպա տանող եւ ԱՄՆ-ի վերահսկողության տակ գտնվող ծովային ուղիներին: Մինչդեռ դրա հետեւանք կարող է դառնալ ֆանտաստիկ ծավալներով ծովային բեռնափոխադրումները եւ դրանից ստացվող գերեկամուտներն ուղղել դեպի ցամաք՝ «Մետաքսի ճանապարհ»: Այդ պայքարն ԱՄՆ-ը մղում էր Ֆիլիպինների միջոցով, եւ հենց այդ երկրից էլ ստացավ «անսպասելի» հարվածը: 
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն, ով վերջերս սովորություն է դարձրել հրապարակավ փողոցային մակարդակի հայհոյանքներ հղել Օբամայի հասցեին, երեկ նույնպես հերթական հնչեղ հայհոյանքից հետո էլ ավելի առաջ գնաց՝ ակնարկելով, որ իր երկրում գտնվող ամերիկյան զինուժը դուրս կվռնդի, թե՝ «Ձեր ներկայությունը մեր երկրում միայն ձեր օգտի համար էր: Այնպես որ, մեր բաժանվելու ժամանակը եկել է»:
Սակայն Վաշինգտոնի համար ամենածանրը պետք է, որ Դուտերտեի հայտարարության երկրորդ հատվածը լինի: Նկատի ունենք, որ այս հայտարարությունը նա արեց Չինաստանում, որի հետ, հիշեցնենք, ԱՄՆ-ը պայքարում է Ֆիլիպինների միջոցով: Եվ ահա եռօրյա այցով Չինաստանում գտնվող Ֆիլիպինների նախագահը հայտարարեց. «Այն, ինչ մեզ բաժանում էր Չինաստանից, ամենեւին էլ մեր սեփական ջանքերի պտուղը չէր: Ես նոր քաղաքական կուրս կնախաձեռնեմ»: Ժամեր անց նաեւ Պեկինը հաստատեց, որ Ֆիլիպինների հետ հարաբերությունները տեղափոխվում են միանգամայն նոր փուլ: Իսկ դա, մեղմ ասած, ԱՄՆ-ին թույլ վիճակում է դնում Հարավչինական ծովի եւ առեւտրային ուղիների հիշատակված գերխնդրի կապակցությամբ: Իսկ ավելի կոնկրետ՝ Վաշինգտոնին մնում է կա՛մ այդ ուղիներից հրաժարվել, ինչը ծանրագույն հարված կդառնա համաշխարհային առեւտրաշրջանառության մեջ դոլարի կշռին, կա՛մ իր ողջ ռազմածովային պոտենցիալը պետք է կենտրոնացնի այդտեղ՝ դրանից բխող բոլոր արդեն ռազմական հետեւանքներով հանդերձ: Ընդ որում, նաեւ հաշվի առնելով այն ռազմածովային զորավարժությունները, որը վերջերս ռուսներն ու չինացիներն անցկացրին այդ հատվածում: Եվ դրան էլ պետք է գումարել այն փաստը, որ ՌԴ-ն օրերս էապես ավելացրեց իր ռազմածովային պոենցիալը Միջերկրական ծովում՝ սիրիական ափերի մոտ, ինչը հուշում է ՌԴ-ի եւ Չինաստանի հստակեցված ռազմավարության օգտին: Դրան, ԱՄՆ-ը, իհարկե, պետք է փորձի արձագանքել: Սակայն այդ դեպքում արդեն ուժերը կարող են չբավարարել Հարավչինական ծովում չինացիների դեմ: Կամ էլ հակառակը՝ Չինաստանի ուղղությամբ ամեն ինչ կենտրոնացնելու դեպքում խնդիրներ կծագեն Միջերկրական ծովում, որը, նաեւ վերը նկարագրված իրողությունները հաշվի առնելով, կարող է վտանգի ենթարկել Մերձավոր Արեւելքում Վաշինգտոնի բոլոր հիմնական դիրքերը:
Ինչո՞ւ նման ծանրագույն հարվածը հենց այս պահին եղավ. բացատրություն-պատճառները շատ են, սակայն, հասկանալի է, որ այս իրողությունը չի շրջանցի ամերիկյան նախագահական ընտրապայքարը եւս:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА