o C     23. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանը ձեր օգուտի համար է Ադրբեջանին զենք վաճառում. պնդում է ռուսաստանցի վերլուծաբանը

19.10.2016 19:04 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Ռուսաստանը ձեր օգուտի համար է  Ադրբեջանին զենք վաճառում.  պնդում է ռուսաստանցի վերլուծաբանը

Օրերս Երեւանում էր ռուսաստանյան «Էքսպերտ» ամսագրի արտաքին քաղաքական հարցերով հատուկ թղթակից, վերլուծաբան ԳԵՎՈՐԳ ՄԻՐԶԱՅԱՆԸ, ում հայկական սոցցանցերում պրակտիկորեն առանց հայհոյանքների չեն հիշատակում: Հիշեցնենք, որ հայ հանրությունը շատ լավ հիշում է նրան դեռեւս ապրիլյան պատերազմի օրերից, երբ ռուսական հեռուստաալիքներով, մեղմ ասած, հակահայկական հայտարարություններ էր անում: Ինչպես ժողովուրդը կասեր, հայի շուռ տված տեսակի հետ էլ առիթ ունեցանք զրուցելու եւ պարզելու, թե, ի վերջո, ինչ դիրքորոշում ունի հայկական մի շարք հարցերի շուրջ: Ի դեպ, հատկանշական էր այն, որ հայկական հողում վերջինս առավել կառուցողական էր տրամադրված:

Եթե ձեռք է տվել, պետք է խաղա. Աշոտյանը` Վանեցյանի քաղաքականություն մտնելու մասին

«ՀԱՍԿԱՆՈՒՄ ԵՄ, ԹԵ ԻՆՉՈՒ ՍԹԱՓ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄՆ ԱՅՍՏԵՂ ՉԻ ԸՆԿԱԼՎՈՒՄ»

–Ապրիլյան պատերազմի ժամանակ Ձեր տեսակետները ոչ մի կերպ չընդունվեցին ո՛չ հայ հանրության, ո՛չ էլ հայկական ԶԼՄ-ների կողմից: Ի՞նչ կասեք այս մասին:

– Մենք ապրում ենք ազատ աշխարհում, եւ յուրաքանչյուրն իրավունք ունի ունենալ կարծիք, նույնիսկ եթե այն սխալ է: Եթե մարդիկ կարծում են, որ ես սխալ եմ, իրենց իրավունքն է: Իսկ եթե լուրջ, հասկանում եմ, թե ինչու սթափ դիրքորոշումն այստեղ չի ընկալվում: Սա նորմալ է, որովհետեւ մարդիկ գտնվում են պատերազմական իրավիճակում, հետեւաբար որոշ օբյեկտիվ գնահատականներ նրանց դժվար է ընդունել: Ինչ-որ մեկը կորցրել է իր հարազատներին, մյուսը` բարեկամներին, մեկ ուրիշն ապրում է Արցախում` կրակոցների վտանգի ներքո, դրա համար էլ պահանջել նրանցից իրավիճակի իրական գնահատում, չի կարելի: Բայց դա կարելի է պահանջել փորձագետներից, քաղաքագետներից, որովհետեւ նրանք պետք է զերծ մնան ամեն տեսակի զգացմունքայնությունից: Ընդհանրապես, զգացմունքները պետք է օգտագործել միայն արդյունքի վրա ազդելու համար: Եթե նրանք չեն կարողանում կատարել այդ աշխատանքը, ապա թող չլինեն քաղաքագետ, այլ դառնան ակտիվիստ կամ այլ գործունեությամբ զբաղվեն: 

«ԼՂ ՀԻՄՆԱԽՆԴՐԻ ԼՈՒԾՄԱՆ ՄԻԱԿ ՏԱՐԲԵՐԱԿԸ ԽՆԴՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՍԱՌԵՑՈՒՄՆ Է»

–Ի վերջո, Ղարաբաղյան կոնֆլիկտի լուծման հարցում Դուք այսօր ինչպիսի՞ դիրքորոշում ունեք:

– Այն չունի արագ լուծում, բայց կան լուծման մի քանի տարբերակներ: Առաջին` Իլհամ Ալիեւը սկսում է պատերազմ, որը դառնում է նրա վերջին հնարավորությունը, եւ որում պարտվում է, իսկ արդյունքում Արեւմուտքը երես է թեքում նրանից` թույլ տալով Հայաստանին ճանաչել ԼՂ անկախությունը: Եվ, իհարկե, այդ ժամանակ ԼՂ անկախությունը կճանաչի նաեւ Ռուսաստանը: Սակայն այս տարբերակը, դժվար թե, իրականություն դառնա: Երկրորդը փոխզիջումային տարբերակն է: Այսինքն` այն, ինչ նախկինում էր առաջարկվում Հայաստանին: Հայկական կողմը տալիս է Արցախի որոշակի մաս` ներառյալ այն 7 տարածքները, որոնց մասին անընդհատ խոսվում է, եւ իրեն է թողնում միայն ԼՂ-ի հետ միջանցքը: Իսկ դրա դիմաց Ադրբեջանը ոչ թե մի տարի, մի ամիս կամ մի շաբաթ հետո, այլ միաժամանակ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Բայց սա էլ հնարավոր չէ, որովհետեւ այդպիսի փոխզիջման պատրաստ չեն ո՛չ Հայաստանը, ո՛չ Արցախը, եւ ո՛չ էլ Ադրբեջանը: Հետեւաբար, ԼՂ հիմնախնդրի լուծման միակ տարբերակը խնդրի ժամանակավոր սառեցումն է` մինչեւ կողմերը մի փոքր կհանգստանան եւ լուծման համար առավել նպաստավոր պայմաններ կստեղծվեն: Այսօր խնդիրն այն է, որ այդ սառեցումը ձեռնտու չէ Ադրբեջանին, ինչի համար էլ նա կշարունակի սադրիչ գործողությունները սահմանում: Ադրբեջանի գերնպատակն է հասնել իր ուզածին, բայց քանի որ նրան որոշակի շրջանակների մեջ են դրել, ստիպված, չափը չանցնելով, փորձում է ինչ-որ բան անել: Եվ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծում տեղի ունեցող մանր սադրանքները հենց դրանով են պայմանավորված: 

«ՀԵՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՉԷՐ ՈՒԶՈՒՄ, ՈՐ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԽԱՌՆՎԻ ԱՊՐԻԼՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ»

–Այս առումով ի՞նչ կարելի է ակնկալել Մինսկի խմբի համանախագահների գործողություններից:

– Արդեն իսկ դրական է այն փաստը, որ բանակցություններ են վարվում: Իսկ ի՞նչ եք ուզում Մինսկի խմբից, որպեսզի նա ստիպի Ադրբեջանին թողնե՞լ Ղարաբաղը, ո՛չ, այդպիսի բան չի լինի, որովհետեւ դրանով ադրբեջանական իշխանությունը կզրկվի լեգիտիմությունից, եւ իրեն գահընկեց կանեն: Կամ ուզում եք, որպեսզի Մինսկի խումբը ստիպի Հայաստանի՞ն, որպեսզի այն թողնի Ղարաբաղը, սա էլ առայժմ հարկավոր չէ Ռուսաստանին: Չնայած` եթե Հայաստանը շարունակի Ռուսաստանի առաջ այնպիսի պայմաններ դնել, ինչպես այժմ է դնում` պահանջելով անհնարինը, եթե հետագայում էլ խոսի այն մասին, որ Մոսկվան ՀԱՊԿ-ի շրջանակներում պարտավոր էր խառնվել ապրիլյան պատերազմին (մինչդեռ հենց Հայաստանը չէր ուզում, որ Ռուսաստանը խառնվի), դժվար է ասել, թե ինչ կլինի: Պատկերացրեք` Ադրբեջանը հարձակվում է Հայաստանի վրա, եւ այս իրավիճակում ՌԴ նախագահ Պուտինը չի կարող կանգնել եւ ասել` Ադրբեջա՛ն, չփորձվե՛ս, որովհետեւ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է: Եթե լիներ ռուս-հայկական անվտանգության երկկողմանի համաձայնագիր, այլ հարց է: Բայց այս դեպքում, երբ ասում ենք` ՀԱՊԿ, գործ ունենք նաեւ Ղազախստանի նախագահ Նազարբաեւի եւ Բելառուսի նախագահ Լուկաշենկոյի հետ, եւ նրանց հետ պարտավոր են խորհրդակցել, քանի որ խոսքն ընդհանուր անվտանգության մասին է, եւ այդպիսի հարցերը որոշվում են միասնական: Ի վերջո, եթե Հայաստանը ուզեր, որ ՀԱՊԿ-ը խառնվի ապրիլյան պատերազմին, պաշտոնապես կդիմեր եւ կասեր` հարձակվել են, ինչ-որ բան արեք: Եղե՞լ է պաշտոնական հայտարարարություն, չի եղել:  Եթե Հայաստանը կդիմեր, եւ Վ. Պուտինը կասեր` սա մեզ պետք չէ, ապա այդ դեպքում Ռուսաստանից բոլոր պահանջներն արդարացված կլինեին: Այս առումով ցավալիորեն նկատում եմ, որ մի շարք ռուս քաղաքագետներ արդեն սկսում են խոսել, թե մեր ինչին է պետք հայկական նվնվոցը, դրա փոխարեն եկեք համագործակցենք հարուստ Ադրբեջանի հետ, հատկապես որ վերջինս ցանկանում է մեզ հետ համագործակցել: Սակայն, սա ճիշտ չի լինի, որովհետեւ քաղաքական առումով Ռուսաստանի համար Ադրբեջանն ավելի անվստահելի է, քան Հայաստանը: Չմոռանանք, որ Ադրբեջանը Թուրքիայի համախոհն է, եւ այս դեպքում Ռուսաստանի շահերից է ելնում Հայաստանին պաշտպանելը, որովհետեւ դրանով նա պաշտպանում է ինքն իրեն: Եվ եթե Հայաստանը պարտվի Ադրբեջանին, ապա Ռուսաստանը կպարտվի Թուրքիայի դեմ պայքարում:  

Անկախության տոնի առթիվ քաղաքական վերնախավն այցելել է «Եռաբլուր»

«ԱՎԵԼԻ ՎԱՏ Է, ՈՐ ՌՈՒՍԱԿԱՆ ԶԵՆՔԻՑ ԶՈՀՎԻ 10 ՀԱ՞Յ, ԹԵ՞ 100 ՀԱՅ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԶԵՆՔԻՑ»

–Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան արտաքին քաղաքականությունը, մասնավորապես` հայ-ռուսական հարաբերություններում:

– Հայկական ղեկավարությունը շատ մեծ տեղ է տվել ակտիվիստներին, որոնք պարզ ասեմ` սկսել են նյարդայնացնել ռուսական կողմին: Եթե կան հիմնավորված պահանջներ, ապա այդ մասին պետք է բարձրաձայնել եւ խոսել հստակ ու պարզ: Օրինակ, Ռուսաստանին փոխանակ հարցնեն, թե ինչու եք դուք ականազերծման զենք վաճառում Ադրբեջանին, Հայաստանը հարցնում է` ինչու եք համազարկային զենք վաճառում Ադրբեջանին: Եվ ասում են, թե միայն Ռուսաստանն է այդպիսի զենք վաճառում, այնինչ Իսրայելն էլ է վաճառում: Մինչդեռ Ռուսաստանը չի կարող զենք չվաճառել, որովհետեւ, հակառակ դեպքում, կսկսվի մեծ պատերազմ, որի ժամանակ ավելի շատ հայեր կզոհվեն, չէ որ այդ դեպքում զենք կմատակարարի Թուրքիան: Իսկ Ռուսաստանը զենք վաճառելով` ինչ-որ կերպ զսպում է Ադրբեջանին եւ ցույց է տալիս, որ Ռուսաստանը հավասարակշռություն է պահում Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ: Գուցե դաժան է ասված, բայց ավելի վատ է, որ ռուսական զենքից զոհվի 10 հա՞յ, թե՞ 100 հայ թուրքական զենքից: Մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ պետք է ընտրություն կատարենք վատի եւ շատ վատի միջեւ: Ուստի` Հայաստանը պետք է կարողանա ավելի սառը դատել: Առավել խիստ դիրքորոշում ունենալ նա չի կարող, քանի որ ունի շատ թույլ ներքին իրավիճակ: Եթե Հայաստանն ուզում է առավել իրավահավասար հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, պետք է դառնա ավելի ուժեղ: Իսկ դրան միայն խոսքերով, բղավոցներով ու նեղվածությամբ չեն հասնում, այլ ուժեղանալով` տնտեսական առաջընթացով, կոռուպցիայի դեմ պայքարով, բնակչության աճով եւ ռազմաքաղաքական հզորացմամբ:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА