ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՅՍ ԳԵՐԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻՆ

11.10.2016 19:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՅՍ ԳԵՐԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԻՆՉ Է ԽՈՍՏԱՆՈՒՄ ՂԱՐԱԲԱՂԻՆ

Նախօրեին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը աշխատանքային այցով մեկնեց ԱՄՆ: Պաշտոնապես, այցի հիմնական նպատակը երեկ Նյու Յորքում մեկնարկած «Հայաստան» ներդրումային համաժողովին մասնակցությունն է: Դա, ինքնին, նման այցի համար բավարար պատճառ կարող է լինել, հաշվի առնելով ինչպես հայաստանյան տնտեսական եւ ներդրումային վատ վիճակը, այնպես էլ այն, որ համաժողովին, ըստ պաշտոնական հաղորդագրության, «հրավիրված են տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերությունների ներկայացուցիչներ, փորձագետներ, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչներ եւ շուրջ հարյուր միջազգային ներդրողներ»:«ՍԱՌԸ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ» 

ՌՈՒՍ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ ԱՄՆ-Ի ՀԱՄԱՐ Է ԿԱՐԵՎՈՐ. ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

ԴԵՌ ԵՐԱՆԻ ԿՏԱՆՔ

Սակայն հազիվ թե նախագահի աշխատանքային այցը սահմանափակվի միայն համաժողովով: Պաշտոնապես նույնպես այլ նպատակների մասին խոսվում է. «Այցի շրջանակներում նախատեսված են նաեւ հանրապետության նախագահի երկկողմ հանդիպումներ»: Չբացառենք, որ դրանց մի մասը իրենց հերթին կարող են ունենալ տնտեսական-ներդրումային ուղղվածություն: Բայց դժվար չէ կռահել, որ ՀՀ նախագահը հատկապես այս խառը օրերին ԱՄՆ-ում այլ խնդիր եւս պետք է, որ ունենա՝ հենց այդ «խառը օրեր» ասվածով պայմանավորված:

Բայց նախ փորձենք, ընդհանուր առմամբ, տեսնել, թե այս օրերին ինչ գլոբալ իրավիճակ է ստեղծվել: Հասկանալի է՝ խոսքը ռուս-ամերիկյան աչքի առաջ ահագնացող հակամարտության մասին է: Այն, իհարկե, ունի երկու-երեք հիմնական սուր ուղղվածություն՝ Սիրիա, Ուկրաինա եւ այլն: Բայց այդ հակամարտությունն այս կամ այն չափով մի ազդեցություն ունի ողջ աշխարհի վրա: Առավել եւս՝ հարավկովկասյան տարածաշրջանի եւ հենց Հայաստանի, հաշվի առնելով, որ այդ գլոբալ բախումները պարբերաբար իրենց արտացոլումն են գտնում ոչ միայն մեր երկրի ներքաղաքական կյանքի, այլ, ամենավտանգավորը, նաեւ ղարաբաղյան գործընթացի վրա:

Եվ հիմա փաստն այն է, որ ռուս-ամերիկյան լարվածությունը թեւակոխում է սրացման աննախադեպ փուլ, երբ կողմերը սկսել են նաեւ ռազմական, այդ թվում՝ միջուկային գործոնները կցել ամենօրյա ռեժիմով փոխադարձ սպառնալիքներին: Թերեւս, կարելի է թվարկել անցած շաբաթվա ընթացքում արձանագրված փաստերը: Նախ՝ ԱՄՆ-ն հայտարարեց Սիրիայում ռուսների հետ բանակցությունները դադարեցնելու մասին՝ ակնարկելով ինչ-որ «Բ» պլանի անցնելու մասին: Ու միաժամանակ՝ ամերիկյան մի շարք բարձրաստիճան զինվորականներ սկսեցին խոսել, որ այդ պլանը կարող է ունենալ սիրիական բանակին ուղղակի հարվածներ հասցնելու տեսք, ակնարկելով, որ առհասարակ՝ նաեւ ռուսները կարող են հայտնվել թիրախի դերում: Մոսկվայի պատասխանը պակաս կոշտ չէր: Նախ օրակարգում հայտնվեց ՌԴ նախագահի որոշումը՝ հրաժարվել ԱՄՆ-ի հետ մի շարք հին պայմանավորվածություններից, այդ թվում՝ միջուկային ուղղվածության: Խոսքը, մասնավորապես, ռազմական պլուտոնի ոչնչացման մասին դեռ ԽՍՀՄ-ի օրերից եկող պայմանագրի մասին է, որը Մոսկվան խոստացավ նորից վերադառնալ, եթե ԱՄՆ-ը մի շարք պահանջներ կատարի: Այդ թվում՝ հրաժարվի հակառուսական պատժամիջոցներից եւ դրանց պատճառով ՌԴ-ին պատճառած վնասների փոխհատուցում տա: Այդ քայլն անգամ Կրեմլին մոտ կանգնած փորձագետները համարեցին ԱՄՆ-ին ներկայացված վերջնագիր, ընդ որում` այնպիսի տոնայնությամբ, որին Վաշինգտոնն ընդառաջ չի գնա: Արդյունքում, ըստ նույն աղբյուրների, Մոսկվան հատուկ է գնում քայլերի, որոնք ԱՄՆ-ի համար էլ հստակ կդարձնեն, որ ռուսներից նահանջի հույսեր չպետք է ունենան: Առավել եւս, որ Մոսկվան այդ վերջնագիրը համեմեց Սիրիայում նոր զինատեսակների ներդրմամբ, ցուցադրաբար «Իսկանդերներ» տեղակայեց Կալինինգրադում եւ ներ հրթիռակիր նավեր ուղարկեց Միջերկրական ծով: Ընդ որում, Սիրիայում C-300 համակարգեր տեղակայելով, ռուսները նաեւ պարզ ակնարկեցին, որ դրանք, անկախ պատկանելիությունից, կհարվածեն ցանկացած թռչող օբյեկտի, եթե այն գրոհի սիրիական կամ ռուսական ուժերին:

ԱՄՆ-ը պատասխանեց Ֆրանսիայի ձեռքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի օրակարգ բերելով Հալեպում ոչ թռիչքային գոտի սահմանելու հարց: Իմաստը հասկանալի էր. եթե ռուսները դրան համաձայնվեին, կնշանակեր` Սիրիայում մեծ առավելություն տալ ահաբեկչական խմբավորումներին: Իսկ չհամաձայնվելու դեպքում այս հեռանկարն էր. դեռ մինչ հարցն օրակարգ մտցնելը Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Մարկ Էյրոն աննախադեպ շանտաժի անցավ. «Ուզո՞ւմ եք Սիրիայում հրադադարի հաստատում, այո կամ ոչ: Եվ այդ հարցն առաջին հերթին հասցեագրված է մեր ռուս գործընկերներին»: Դրանով Էյրոն փորձում էր Մոսկվայի համար թակարդ ստեղծել՝ հետագա քարոզչական հարձակման համար, թե, տեսեք, Մոսկվան Հալեպի բնակչությանը մահվան է դատապարտում: Սակայն ԱԽ-ում այն հակառակ էֆեկտն ունեցավ, քանի որ ռուսները, ի պատասխան ֆրանսիական բանաձեւի, օրակարգ բերեցին սեպտեմբերի կեսերին ԱՄՆ-ի հետ ստորագրած հայտնի զինադադարի պայմանավորվածությունը ԱԽ բանաձեւի տեսք տալու հարցը: Արդյունքում՝ ԱՄՆ-ը ստիպված էր հրաժարվել` հաստատել այն փաստաթուղթը, որը մինչ այդ համարում էր Սիրիայում զինադադար հաստատելու կարեւորագույն քայլ:

ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆՈՒՅՆՊԵՍ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԳՈՏՈՒՄ Է

Մի խոսքով, ռուս-ամերիկյան այս ծանր «քարոզչական փոխհրետակոծությունը» նախօրեին ամփոփեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ երկու երկրների հարաբերություններում ստեղծված ներկայիս գերշիկացած իրավիճակին տալով այս ձեւակերպումը՝ Մոսկվան երկար ժամանակ ստրատեգիական համբերություն դրսեւորեց Վաշինգտոնի գործողությունների հանդեպ, բայց հիմա ՌԴ-ի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում արմատական փոփոխություններ են տեղի ունեցել: 

Եգիպտոսում զբոսաշրջիկներին զուգարաններ և ինտերնետ են խոստանում Գիզայի բուրգերի գոտում

Կարճ ասած, եթե մինչ այս ռուսներն ու ԱՄՆ-ն էլի իրար հետ պայքար մղում էին, բայց գոնե փորձում էին մեկ-մեկ բանակցել եւ իրավիճակը բերել փոխընդունելի հարթություն, հիմա արդեն մի կողմից՝ այդ պայքարն է ռազմական մկաննրի ցուցադրության տեսք ստացել, մյուս կողմից՝ դիվանագիտությունն է երկրորդ պլան մղվել: Ինչքա՞ն կշարունակվի այս փուլը. որոշ փորձագետներ այն կարծիքին են, որ Հալեպի ռազմական օպերացիայի ավարտից հետո ՌԴ-ն եւ ԱՄՆ-ը նորից կսկսեն բանակցել: Այլ մասնագետներ ամեն ինչ կապում են ԱՄՆ նախագահական ընտրությունների հետ: Ոմանք էլ այն համոզմունքին են, որ իրականում սա Երրորդ աշխարհամարտի մեկնարկն է, եւ իրավիճակը, այդ թվում՝ ռազմական, գնալով միայն սրվելու է: Այս բոլոր վարկածներն էլ կողմ կամ դեմ բացատրություններն ունեն, սակայն որն էլ իրականում լինի, մեկ բան հաստատ է՝ աշխարհի մյուս երկրների համար էլ տվյալ նոր իրավիճակում շատ ավելի կոշտ է դրվելու բարիկադների այս կամ այն կողմում կանգնելու պահանջը:

Վերադառնալով Հայաստանին` չմոռանանք, որ ռուս-ամերիկյան նույնիսկ ավելի թույլ մակարդակներում ընթացող պայքարը կարող էր մեզ վրա իր էֆեկտներն ունենալ եւ ունեցել է: Ու մինչեւ իսկ այս տարվա ապրիլյան պատերազմի տեսքով: Ուրեմն` ի՞նչ կարող է տալ այս նոր իրավիճակը: Բարեբախտաբար՝ այս փուլում, այն տպավորությունն է, որ ղարաբաղյան թեման դեռ դուրս է մնում այդ գլոբալ բախումներից: Դրա երեք հիմնական պատճառ կարելի է տեսնել: Նախ՝ գլոբալ իրավիճակը որքան մեր, այդքան էլ Ադրբեջանի համար է վտանգավոր: Եվ այդ վտանգը բազմապատկել ղարաբաղյան հարցը սրելով, հազիվ թե Ադրբեջանը ցանկանա: Իհարկե՝ հաշվի առնելով նաեւ հայկական «Իսկանդերների» փաստը»: Առավել եւս, որ կա երկրորդ պատճառը. Թուրքիան նույնպես այս իրավիճակում իրեն, մեղմ ասած, հարմարավետ չի զգում: ԱՄՆ-ն, անշուշտ, եղել եւ մնում է Անկարայի ՆԱՏՕ-ական թիվ 1 դաշնակիցը: Բայց փաստը, որ իրենց դաշնակցի կողմից տրամադրված ՀՕՊ շարժական համակարգով քրդերն օրերս թուրքական F-16 ոչնչացրին, Անկարայի համար հերթական լուրջ ահազանգն է: Միեւնույն ժամանակ այն, որ ռուսները սկսել են խոսել Թուրքիայի հետ ազատ առեւտրի գոտու մասին պայմանագրից, հուշում է, որ Անկարան շարունակում է տատանվել ռուս-ամերիկյան միջակայքում: Իսկ այդ իրավիճակում Ղարաբաղի հարցով Ալիեւը հաստատ Անկարայի գործում աջակցության հույս չի կարող ունենալ, որ գնա իրավիճակի սրման: Համենայնդեպս, ՌԴ նախագահի Թուրքիա կատարած այցը շատ հարցերի պատասխանները կտա:

Եվ, վերջապես, ռուս-ամերիկյան պայքարը այնքան սուր է թիրախավորված Սիրիայի եւ Ուկրաինայի վրա, որ Ղարաբաղում եւս լարվածության օջախ ունենալը կարող է եւ անկառավարելի դառնալ: Առավել եւս, որ վրացական խորհրդարանական ընտրությունների շուրջ որոշակի պայքար կա, ու, թերեւս, Վաշինգտոնի եւ Մոսկվայի համար էլ կարող է նախընտրելի լինել այս փուլում Ղարաբաղը հանգիստ թողնելը: Թեեւ այս հանգամանքն ամեն պահի էլ կարող է փոխվել:

Մի խոսքով, ՀՀ նախագահի ԱՄՆ կատարած այցի ծրագրում հազիվ թե չլինի այս բարդ իրավիճակում կողմնորոշվելու խնդիրը: Հայաստանի ուղղությամբ ի՞նչ ծրագրեր են եփվում Վաշինգտոնում. դա ավելի լավ կլիներ տեղում հասկանալ: Առավել եւս, որ մոտ օրերս սպասվում է ՌԴ նախագահի հայաստանյան այցը, որի հետ կապված եւս կլինի ամերիկյան ռեակցիա, եւ դա էլ կանխավ ստուգելը չէր խանգարի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА