o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ՌԵՔՎԻԵՄԸ»

05.10.2016 20:09 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ «ՌԵՔՎԻԵՄԸ»

Ընդդիմադիր պատգամավոր Թեւան Պողոսյանը ԱԺ ամբիոնից սրտաճմլիկ ելույթ ունեցավ ՏԻՄ ընտրությունների արդյունքների վերաբերյալ: Մասնավորապես, ըստ նրա. «Նոր Սահմանադրության ոգին այն մասին է, որ Վանաձորում քաղաքապետ կդառա ընդդիմադիր գործիչ: Տեսնենք` նոր Սահմանադրությամբ ապրելու հույս կարելի՞ է ունենալ, թե` ոչ: Իհարկե, դա Հանրապետականի խնդիրը չէ, այդ քաղաքական ուժն իր նպատակների հետեւից բավականին կազմակերպված գնում է: Բայց Հայաստանի Հանրապետության իշխանության խնդիրն է հաստատապես: Այս օրերին Վանաձորում որոշվում է նոր Սահմանադրությանն ուղեկցող երաժշտությունը Հայաստանի հի՞մնն է, թե՞ Մոցարտի ռեքվիեմը»:ԴԱՅԱԿՆԵՐ 
ԸՆԴԴԻՄԱԴԻՐ 
ԴԱՇՏԻ ՀԱՄԱՐ
Թ. Պողոսյանը իր ելույթը կառուցում է այն փաստի վրա, որ Վանաձորում ՀՀԿ-ն ստացել է 50 տոկոսից քիչ քվե, իսկ մյուսները միասին վերցված` 50 տոկոսից ավելի: Բայց փաստը մնում է փաստ, որ ՀՀԿ-ն առաջին տեղում է, իսկ մյուսները` իրենց հավաքած քվեներով հանդերձ, բավականին խայտաբղետ են: Ու այդ խայտաբղետ ուժերը միավորվելով` ո՞ր մի ընդդիմադիր գործչին պետք է պայմանավորվեն դարձնել քաղաքապետ, եթե այդ ուժերից յուրաքանչյուրը ինքն իրեն համարում է լավագույն ընդդիմադիր եւ ընդդիմության վերին արտի ցորեն: Ինչ է, ՀՀԿ-ն պետք է դայակի պես այդ խայտաբղետ ուժերի ձեռքից բռնի՞... 
Պարզվում է, որ Թեւան Պողոսյանը, ում, խոշոր հաշվով, կարելի է ինչ-որ տեղ նաեւ ընդդիմության հավաքական կերպար համարել, հուզվել է այն հանգամանքից, որ ՀՀԿ ներկայացուցիչները արձանագրում են ՏԻՄ ընտրություններում իրենց հաղթանակի փաստը. «Իրականում ցանկացած տանն ու բակում չեք գտնի մարդու, ով ընկերների հետ այս օրերին քննարկում է, թե ինչքան սիրված է իշխանությունը: Այլ բան են քննարկում: Այս օրերին ամենատարածված արտահայտությունն ամենուր մեկն է. «Չէ, եղբայր, ընտրություններով բան փոխել հնարավոր չէ»: Բոլորս պետք է վախենանք այս արտահայտությունից, պարոնա՛յք: Չհիմնավորված սնապարծությամբ այսօր դուք լիուլի խթանում եք, որպեսզի համատարած ընկալվի, որ քաղաքական խնդիրների լուծման ճանապարհը ոչ քաղաքական միջոցներով է միայն: Վախեցե՛ք սրանից, պարոնա՛յք: Ասեմ, որ ես էլ եմ վախենում»: Ինչեւէ, կարելի է ասել, որ հարգարժան պատգամավորի հիշատակած «վախը» արդեն «բռնվել» է ամռանը` ի դեմս ՊՊԾ գնդի զինված գրավման հետ կապված ճգնաժամի հաղթահարմանը: Պարզապես, որպես ընդդիմության հավաքական խոսափող, պատգամավորն արտահայտում է այսօրվա ընդդիմադիր մտածողության համակարգային սխալը` ամբողջ ծրագիրն ամփոփել «քշենք ՀՀԿ-ին» բանաձեւի մեջ: 
Այ, հենց այդ մտածողությունն է, որ իրոք արժանի է «ռեքվիեմի», քանզի տարեցտարի նվազեցրել է ընդդիմադիր բոլոր ուժերի վարկանիշները, իսկ հանրության դժգոհ հատվածին էլ, անընդհատ գցելով հուսավառության եւ հուսահատության ալիքների տակ, ձեւավորել այն, ինչը կոչվում է «գաղջ մթնոլորտ»: Այնուամենայնիվ, արդեն բավականին տեւական ժամանակ տեսնում ենք, որ իշխանությունը որոշ չափով «դայակություն» անում է: Վկան` գործնականում կոնսենսուսով ընդունված 4+4+4 ձեւաչափի Ընտրական օրենսգիրքն է: Ու ամենեւին էլ իշխանության մեղքը չէ, որ ամեն ընտրատեղամասում տեսախցիկ տեղադրելու ծրագիրը չեղավ` ի վերջո շահագրգիռ ընդդիմադիրները կարող էին հոգ տանել, որ գտնվեր անհրաժեշտ ժամկետում այդ տեսախցիկները մատակարարող եւ տեղադրումն ապահովող գործունակ հիմնարկ: Չնայած, խոշոր հաշվով, դրա կարիքն էլ չկա` ՏԻՄ ընտրություններին Գյումրիում եւ Վանաձորում մի շարք տեղամասերում փորձարկվեց Ֆեյսբուք սոցիալական ցանցի նոր հնարավորությունը` ուղիղ եթերով հեռարձակումը: Իսկ դրա համար բացի համացանցին միացած հեռախոսներից, այլ բան չի էլ պահանջվում... Ի դեպ, ՏԻՄ ընտրություններին նաեւ այն, ինչը ԶԼՄ-ներում ներկայացված է որպես խախտումներ, մեծամասամբ խախտում էլ չեն, իսկ այն, ինչը խախտում է, եւ ինչով զբաղվում են իրավապահները, պարզ է, որ արդյունքների վրա էական ազդեցություն ունենալ չեն կարող: Բայց արդյո՞ք ընդդիմադիրները պատշաճ հետեւություններ կանեն, թե կնախընտրեն 2017-ի ընտրություններից հետո եւս 5 տարի դատարկախոսել «ահավոր խախտումներ» արած «բռնապետության» մասին: 
Բայց, երեւի թե, դեռ ահագին ժամանակ է պետք, որպեսզի արմատավորվի` ընտրություններում արդյունք ունենալու համար անհրաժեշտ են կառույցներ, գաղափարախոսություն, աշխատանք մարդկանց հետ: Այսինքն այն, ինչ վաղուց հայտնի է ամբողջ աշխարհում, սակայն մեր քաղաքական դաշտի զգալի մասը երկար տարիներ անտեսել է ու ինքն իրեն բերել «ռեքվիեմային» վիճակի: 

Եթե ձեռք է տվել, պետք է խաղա. Աշոտյանը` Վանեցյանի քաղաքականություն մտնելու մասին

«ԻՇԽԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 
ՎԵՐԵՎԻՑ». 
ԻՆՉ ՏԵՄՊԵՐ ԿՏԵՍՆԵՆՔ
Սակայն կրկին վերադառնանք Թեւան Պողոսյանի արտահայտած «կոլեկտիվ» տրտունջին` որ չեն գտնվում մարդիկ, ովքեր քննարկում են, թե ինչքան սիրված է իշխանությունը: Բայց իշխանությունը գեղեցիկ աղջիկ չէ, որպեսզի սիրեն, նրա գործառույթը պետական եւ հանրային կյանքի կառավարումն է: Իսկ սիրված իշխանություն կարելի է գտնել միայն տոտալիտար բռնապետությամբ երկրներում, ուր չսիրելու համար կոնկրետ քրեական պատիժներ են սպառնում, օրինակ` Հարավային Կորեան: Բայց, դժվար թե, ՀՀ քաղաքական դաշտի որեւէ հատվածում այդպիսի «սիրային հարաբերությունների» մասին երազող գտնվի: 
Բայց պարոն Պողոսյանը միաժամանակ շատ առողջ միտք է արտահայտում. «Իշխանության ղեկին լինել, առաջին հերթին նշանակում է ոչ թե կառավարել երկիրը, այլ նախ եւ առաջ նշանակում է կառավարել մարդկանց հույսերը»: Այ, օրինակ, վարչապետ Կարեն Կարապետյանին` իր կառավարությունով, շատ հանգիստ կարելի է անվանել մարդկանց հույսեր կառավարող գործիչ: Քանզի նրա հետ հանրային որոշակի դրական սպասումներ կան կապված: Համենայնդեպս, «մաֆիոզի» համարում ունեցող նախարարները գնացին, կադրային փոփոխությունները գործադրի տարբեր օղակներում բավականին թափով շարունակվում են (զորօրինակ` հենց երեկ պաշտոնանկ արվեց եւ Ջրային տնտեսության ղեկավար Արամ Հարությունյանը): «Հույսեր կառավարելը» ՀՀԿ-ի պարագայում նաեւ նշանակում է, թե ինչ տեմպերով ու «ժամանակացույցով» բեռնաթափել իշխանության համակարգը այն կադրերից, որոնք հանրության հակակրանքն են հարուցում: 
Նաեւ տեմպերի վերաբերյալ հարցի շատ պատասխաններ կտեսնենք նոյեմբերի 26-ին` ՀՀԿ համագումարին, ուր, ինչպես հայտնի է, կառավարող կուսակցության ղեկավար մարմինների փոփոխություն է նախատեսված: Առկա է նաեւ այնպիսի խնդիրը, ինչպիսին է նույն ՀՀԿ-ի նախընտրական ցուցակը` օլիգարխիկ դեմքերից ամբողջովի՞ն բեռնաթափված կլինի, թե` պարզապես զգալի չափով: Եթե պարզվի, որ այդպիսի դեմքեր առհասարակ չկան այդ ցուցակում, ապա կարող է նաեւ պարադոքսալ վիճակ ստեղծվել, որ ոչ իշխանական որոշ ուժերի` ասենք ԲՀԿ-ի կամ ՕԵԿ-ի ցուցակներում այդպիսի դեմքեր տեսնենք: Տեսնենք հետխորհրդային տարածքում տարածված սխեմային համապատասխան` անցողիկ տեղ ֆինանսավորման դիմաց:
Ինչեւէ, հիշենք, թե դեռեւս ՊՊԾ գնդի հարցի հանգուցալուծումից հետո ինչ էր խոստացել Սերժ Սարգսյանը` ընդամենն ամիսներ անց` ազգային համաձայնության իշխանություն: Ոչ թե կառավարություն, այլ հենց իշխանություն, այսինքն` մասշտաբային փոփոխություններ իշխանության բոլոր ճյուղերում: Որոշակի ծավալի դեպքում այդ փոփոխությունները կնշանակեն «իշխանափոխություն վերեւից»: Ի դեպ, այդ գործընթացը չի կարող չանհանգստացնել եւ օլիգարխիայի ներկայացուցիչներին: Նրանք չունեն հետեւյալ հարցի պատասխանը` զուտ խաղի կանոննե՞րն են փոխվելու, որոնք ենթադրելու են մոնոպոլ հարստացման մեխանիզմների բացառումը, թե նաեւ կարող է այս կամ այն չափով լինել կրիմինալ ճանապարհով ձեռք բերված խոշոր կապիտալների վերանայում (իսկ ոչ կրիմինալ ճանապարհով ձեռքբերվածներ գործնականում չկան):  
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА