o C     26. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԱ ՎԵՐՋՆ Է

04.10.2016 20:16 ՍՊՈՐՏ
ԿԱՐԾԵՍ ԹԵ ՍԱ ՎԵՐՋՆ Է

Հոկտեմբերի 8-ին եւ 11-ին Հայաստանի ազգային հավաքականը Աշխարհի 2018թ. առաջնության ընտրական փուլի շրջանակներում կանցկացնի երկու հանդիպում` հյուրընկալելով Ռումինիայի եւ հյուրընկալվելով Լեհաստանի հավաքականին: Եթե մինչ այս պարզ էր, որ չափազանց դժվար է լինելու միավորներ վաստակել այս ընտրանիների հետ դիմակայություններում, ապա հիմա, երբ հայտնի դարձավ, որ թիմին չի կարող օգնել նաեւ Հենրիխ Մխիթարյանը, հասկանալի է դառնում, որ Հայաստանի ընտրանու անելիքներն ու ասելիքներն այս ընտրական փուլում ավարտված են: Այսպես, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ¥ՀՖՖ¤ պաշտոնական նամակ է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից», որում ակումբը խնդրում է ՀՖՖ-ին՝ թույլ տալ Հենրիխ Մխիթարյանին՝ չմասնակցել սպասվող խաղերին: Նամակում «Մանչեսթեր Յունայթեդի» բժշկական անձնակազմի ղեկավար Սթիվեն Մքնեյլը, մասնավորապես, նշում էր. «Հենրիխը ձախ ազդրի մկանի վնասվածքից հետո, որը կրկնվել էր նրա մոտ այս ամսվա ընթացքում «Մանչեսթեր Յունայթեդում» խաղալիս, գտնվում է վերականգնման փուլում: Չնայած նրա մոտ վերջին շաբաթվա ընթացքում զգալի առաջընթաց է նկատվել, բայց Մխիթարյանը մինչ օրս էլ ի վիճակի չէ ամբողջական ծանրաբեռնվածությամբ մասնակցել մարզումային գործընթացին, առավել եւս՝ որեւէ հանդիպման: Հաշվի առնելով այդ հանգամանքը, շնորհակալ կլինենք, եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան թույլ տա Հենրիխ Մխիթարյանին՝ չմասնակցել ազգային թիմի առաջիկա 2 հանդիպումներին՝ մնալով Մանչեսթերում եւ շարունակելով իր վերականգնումը»: 

«Արսենալը» վերջնագիր կներկայացնի Մխիթարյանին ու «Արսենալի» ևս 4 ֆուտբոլիստին

Իհարկե, եթե խաղը վնաս կհասցնի ֆուտբոլիստին, նա չպետք է խաղադաշտ դուրս գա: Սակայն կոնկրետ դեպքում իրավիճակը տարօրինակ է առնվազն այն առումով, որ մանչեսթրյան ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն դեռ օրեր առաջ հայտարարել էր, որ Մխիթարյանը վերականգնվել է եւ պատրաստ է խաղալ: Այսինքն՝ նամակում ակումբի բժշկի ասածն ուղղակիորեն հակասում է նույն ակումբի գլխավոր մարզչի հայտարարությանը: Իհարկե՝ կարելի է մտածել, որ Մխիթարյանի վիճակն իրականում այդքան էլ վատ չէ, կարող է խաղալ, պարզապես «Մանչեսթեր Յունայթեդն» է խուսափում նրան դեռ նոր-նոր ապաքինված՝ հավաքականի խաղին թողնել... 

Չնայած՝ էականը ոչ թե տարաբնույթ կարծիք-ենթադրություններն են, այլ բժշկի գրավոր տեսակետ, հաշվի առնելով, որ դրա առկայության դեպքում ՖՀՀ-ին մնում է միայն համաձայնվել, որ Մխիթարյանն այդ երկու խաղերին չխաղա: Իսկ դա էլ ավելի է խառնում հավաքականի մարզիչ Վարուժան Սուքիասյանի առանց այդ էլ խառը խաղաքարտերը: Առավել եւս, որ Մխիթարյանից բացի, հավաքականի կազմում չեն լինի նաեւ Գեւորգ Հովհաննիսյանը, ով կոտրել է ձեռքը Հայաստանի առաջնության «Արարատ»-«Շիրակ» հանդիպման ժամանակ, ինչպես նաեւ Արտակ Եդիգարյանը, ով վնասվածք է ստացել «Բանանց»-«Ալաշկերտ» հանդիպման ժամանակ: Եվ թարսի պես, չհաշվարկելով, որ հարձակման գծում կարող են այսօրինակ խնդիրներ առաջանալ, Սուքիասյանը թիմ չի հրավիրել Ռուսլան Կորյանին, ով, ի դեպ, օրեր առաջ իր թիմում աչքի է ընկել գեղեցիկ գոլով: Վերջապես, հավաքական չի հրավիրվել նաեւ Արթուր Սարկիսովը, ով, ըստ Սուքիասյանի՝ «Չի համապատասխանում իմ տակտիկական համակարգին»: 

Մի խոսքով, կարծես թե մի իրավիճակ է, երբ հարց է ծագում, թե Սուքիասյանն առհասարակ կարո՞ղ է որեւէ «տակտիկական համակարգ» ունենալ: Մինչդեռ այս երկու խաղերում պարտվելու դեպքում Հայաստանի հավաքականը պարզապես պետք է հրաժեշտ տա ԱԱ եզրափակիչ փուլում հայտնվելու բոլոր երազանքներին:

ՔՐԻՍՏԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА