o C     17. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉԷ՛, ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻՆ  ՎՐԱՑԻՆԵՐՆ ՈՒ ԱԶԵՐԻՆԵՐԸ ՉՍԻՐԵՑԻՆ

04.10.2016 19:58 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՉԷ՛, ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԻՆ  ՎՐԱՑԻՆԵՐՆ ՈՒ ԱԶԵՐԻՆԵՐԸ ՉՍԻՐԵՑԻՆ


Տեղի ունեցավ Հռոմի Ֆրանցիսկոս պապի այցը Վրաստան եւ Ադրբեջան: Ի սկզբանե ծրագրվում էր, որ Պապի այցը հարավկովկասյան երկրներ պետք է տեղի ունենար մոտ երկու ամիս առաջ: Սակայն Ֆրանցիսկոսը նախընտրեց հայաստանյան այցը տարանջատել:ՊԱՊԸ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՏՎԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Այդ տարանջատումն այն ժամանակներից սկսած տարաբնույթ խոսակցությունների տեղիք տվեց, թե՝ Պապը հարավկովկասյան երկրներից ցուցադրաբար նախապատվություն է տալիս Հայաստանին: Այդ հանգամանքը բավականին մռայլ տրամադրություններ էր առաջ բերել նաեւ Վրաստանում եւ Ադրբեջանում: Ընդ որում, այդ երկրներ Պապի այցելությունը տրամադրությունները միայն սրեց: Ու հատկապես Թբիլիսիում դժգոհությունն այնքան սուր էր, որ կարծես թե վերածվում է Վատիկանի եւ Վրաստանի միջեւ դիվանագիտական սկանդալի: Բանն այն է, որ մինչ այցելությունը` Վրաստանում, նաեւ՝ իշխանական օղակներում նման խոսակցություններ էին շրջանառվում՝ «Եթե Ֆրանցիսկոսը Հայաստանում հրապարակավ խոսեց Ցեղասպանության մասին, ապա պարզապես պարտավոր է դեպի Եվրոպա ձգտող Վրաստանում նույն հնչեղությամբ հայտարարել, որ Աբխազիան եւ Հվ.Օսեթիան ճանաչում է` որպես վրացական տարածքներ»: Այդ ցանկության տակ վրացիները նաեւ այն «տրամաբանությունն» էին դրել, որ Ռուսաստանի հետ Եվրոպայի սուր հակասությունների պարագայում եվրոպական առանցքային լիդերներից մեկը հանդիսացող Պապը չպետք է առիթը բաց թողնի՝ Մոսկվային այդ կերպ հարվածելու համար: Ընդ որում, Պապից նման հայտարարություն լսելու սպասելիքներն այնքան մեծ էին, որ վրացական որոշ աղբյուրների համաձայն՝ Պատրիարք Իլյա 2-րդն էր իր վրա վերցրել Պապին նման առաջարկ անելու առաքելությունը՝ հուսալով, որ արդյունքն իր օգտին լավ քարոզչական քայլ կդառնա: Բայց կարծես թե հակառակը դարձավ: Համենայնդեպս` փաստը, որ Իլյա 2-րդը ոչ միայն նախապես ծրագրվածի պես չմասնակցեց Պապի մատուցած պատարագին, այլ նույնիսկ ցուցադրաբար նաեւ վրացիներին կոչ արեց չմասնակցել, թե ի՞նչ գործ ունեք կաթոլիկական պատարագին, հուշում է, որ Պապի հետ բանակցությունները Պատրիարքին ծայրահեղ նյարդայնացրել էին: Ամեն դեպքում, Պապն այդպես էլ Աբխազիայի եւ Օսեթիայի հետ կապված, ավելի ճիշտ` հակառուսական բնույթի որեւէ բան չասեց, ինչը թեեւ  Թբիլիսիի համար ահազանգ էր, բայց ոչ միայն... Թբիլիսիի հետ կապված այս պատմությանը դեռ կվերադառնանք: Մինչ այդ նկատենք, որ Ֆրանցիսկոսի` Բաքու կատարած այցը եւս իր ջերմությամբ աչքի չընկավ:Չնայած այստեղ մի փոքր վիճակն այլ է. Հայաստանում Ցեղասպանության հետ կապված եւ այդ կարգի աղմկոտ այլ հայտարարությունները, որոնք արել էր Պապը, դեռ այն ժամանակ Բաքվում ոչ միայն ծանր տարան, այլ նաեւ այնտեղ պետք է կռահեին, որ Ֆրանցիսկոսի ադրբեջանական այցի հետ ավելորդ հույսեր չպետք է կապել: Եվ այցի արդյունքներն էլ սկանդալներ չպարունակեցին. Պապը ընդամենը ղարաբաղյան խնդիրը խաղաղ լուծելու ուղղությամբ ստանդարտ հայտարարություն հնչեցրեց, հյուրընկալվեց Ալիեւին, մանր-մունր նվերներ փոխանակեցին եւ վերջ:
Արդյունքում, եթե ամփոփենք հարավկովկասյան տարածաշրջան Հռոմի պապի երկու այցելությունների միասնական արդյունքները, ապա կարելի է ասել, որ Ֆրանցիսկոսն ընդգծված կերպով Հայաստանին առանձնացրեց Վրաստանից ու Ադրբեջանից: Եվ հաշվի առնելով այն կշիռը, որն ունի Վատիկանի առաջնորդը աշխարհում ու հատկապես` Եվրոպայում, ապա Ֆրանցիսկոսի այդ վերաբերմունքը, մեղմ ասած, Հայաստանի համար ամենեւին էլ ավելորդ չէ:

Հռոմի Ֆրանցիսկոս պապը հուլիսի 4-ին կընդունի Պուտինին. AFP

ԳՈՅՈՒԹՅԱՆ ՊԱՅՔԱՐ
Բայց վերադառնանք Հռոմի պապի վրացական այցին, ավելի կոնկրետ այն փաստին, որ թեեւ Վրաստանն իրեն ամեն կերպ փորձում է ներկայացնել որպես արեւմտյան ջատագով ու Եվրոպա ձգտող պետություն, սակայն նույն Եվրոպայի առանցքային լիդերներից մեկը հանդիսացող Պապն այդպես էլ չօգտագործեց «Վրաստանի տարածքային ամբողջականություն» արտահայտությունը: Հասկանալի է, որ խնդիրը ոչ այնքան վրացիների ուզածը անել-չանելու մեջ է, որքան այդ արտահայտությամբ ռուսներին չհարվածելու: Իհարկե, կարող է տարօրինակ թվալ, որ եվրոպական լիդերներից մեկը, այն էլ այս թշնամական օրերին, խուսափում է ռուսներին քարոզչական հարված հասցնել: Բայց չմոռանանք մեկ այլ հանգամանք. ինչպես ՌԴ նախագահի, այնպես էլ հազարամյա ընդմիջումից հետո Համայն Ռուսիո Պատրիարքի եւ Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հայտնի  հանդիպումները  դեռ անցած տարվանից էին հուշում, որ Մոսկվայի հետ հարաբերություններում Վատիկանի քաղաքականությունն էապես տարբերվում է ամերիկյան վերահսկողության տակ գործող եվրամիութենական կառույցների եւ եվրոպական առանձին լիդերների քայլերից: Իմաստն էլ պարզ է. Եվրոպայի ամերիկանացման քաղաքականությունը, որ Վաշինգտոնը ներկայումս փորձում է իր ավարտին հասցնել, գործնականում մահվան դատավճիռ է, այսպես ասած, եվրոպական հին քաղաքական էլիտայի համար, հենց որի լիդերն էլ հանդիսանում է Հռոմի պապը: Ընդամենը մեկ պարզ օրինակ բերենք. վերջին 20-25 տարիներին ի՞նչ ահռելի նահանջ է ապրել  քրիստոնեությունը Եվրոպայում: Դա անզեն աչքով էլ է տեսանելի, եւ փաստ է, որ տարաբնույթ աղանդների, սեռական փոքրամասնությունների, միասեռական ամուսնությունների, աթեիզմի քարոզի այսչափ ծավալումն առաջին հերթին հենց Վատիկանին եւ եվրոպական դասական քաղաքական էլիտային է հարվածում: Իսկ  փախստականների տեսքով իսլամի ներհոսքը, որը կանցլեր Մերկելի եւ այդ կարգի եվրոպական լիդերների թեթեւ ձեռքով կտրուկ ակտիվացման մեջ դրվեց Վաշինգտոնի կողմից, մինչեւ իսկ Վատիկանի լինել-չլինելու հարցն է օրակարգ բերել:
Սրա հետ մեկտեղ դժվար չէ նկատել նաեւ այն քիչ տեսանելի, բայց ծայրահեղ սրությամբ ընթացող հակամարտությունը, որն առկա է Վատիկանի գլխավորությամբ եվրոպական դասական էլիտայի եւ ամերիկյան այդ գլոբալիզացիոն ծրագրերի քաղաքականության միջեւ: Դրա օրինակներից մեկն էլ ԵՄ-ից դուրս գալու բրիտանական հանրաքվեն էր, որը դրական ելք ունեցավ` չնայած Վաշինգտոնի գործադրած ծայրահեղ ջանքերին: Ու հիմա էլ ակնհայտորեն այդ պայքարը տեղափոխվել է օվկիանոսից այն կողմ` ամերիկյան նախագահական ընտրություններ: Փաստը, որ երբեւիցե որեւէ պետության ընտրությունների հետ կապված հայտարարություններ չանող Հռոմի պապը, երբ այս անգամ  ամերիկյան ընտրողներին կոչ է անում քվեարկության գնալուց առաջ լավ մտածել եւ աղոթել, հենց այդ մասին է վկայում: Այդ հորդորով մտածելու դեպքում ամերիկյան հավատացյալ ընտրողը հաստատ ինքն իրեն հարց կտա` պետք է ընտրել միասեռական ամուսնությունների (ինչը դատապարտել է Ֆրանցիսկոսը) առաջ կանաչ լույս վառած Օբամայի հովանավորյալի՞ն, թե` այլ թեկնածուի:
Մի խոսքով այն, որ ռուսներն ու եվրոպական դասական էլիտան, այսինքն` Մոսկվան եւ Վատիկանը ունեն համընկնող բավականին ծանրակշիռ շահեր, դժվար չէ կռահել: Իհարկե, ամենեւին էլ չենք ուզում ասել, թե դարերով իրար հետ հակամարտության մեջ եղած այդ երկու գլոբալ ուժերը դարձել են դաշնակիցներ. չէ՛, նրանք ինչքան ասես հակասություններ ունեն: Բայց նաեւ ունեն ընդհանուր հակառակորդ, որը կարող է երկուսին էլ խժռել եւ այդ հակառակորդի դեմ ուզած-չուզած պետք է միասնաբար պայքարել:
Արդյունքում` վրացական այցի ժամանակ Պապն, ի դեմս Թբիլիսիի, գործ ուներ ոչ թե պարզապես Եվրոպա ձգտող, այլ Վաշինգտոնի հովանավորությամբ Եվրոպա ձգտող պետության հետ, ինչպիսիք էին ասենք` արեւելյան եվրոպական երկրները, որոնք հետխորհրդային առաջին տարիներին տեղակայվեցին Եվրամիությունում` որպես վաշինգտոնյան գործիքներ, եւ այդ ֆունկցիան մինչ այժմ հաջողությամբ կատարվել է: Ի դեպ, վրացական որոշ աղբյուրներ նաեւ այն կարծիքն են հայտնում, որ Պապի Վրաստան կատարած այցի քաղաքական իմաստը հենց դրանում էր կայանում` վրացական ընտրությունների շեմին տնտղել այդ երկրի ամերիկյան ուղղվածության աշխարհաքաղաքական վեկտորը գոնե չեզոքացնելու հարցը: Այն առումով, որ ամերիկյան ընտրություններում` Քլինթոնի հաղթելու դեպքում, Վրաստանը կարող է արագորեն վերածվել  մի կողմից` դեպի Մերձավոր Արեւելք, մյուս կողմից Կենտրոնական Ասիա ուղղված ամերիկյան գլոբալ ռազմական հենակետի, իսկ այդ դեպքում ոչ միայն չի կարգավորվի դեպի Եվրոպա Վատիկանին այդքան անհանգստացնող իսլամական միգրացիայի հոսքը, այլ նաեւ դրան կարող է գումարվել նոր միգրացիոն հոսք, որը կառաջանա Կենտրոնական Ասիան ապակայունացնելու դեպքում: Ըստ նույն աղբյուրների, որոշակի դրական ձեռքբերումներ Պապը Վրաստանում, այնուամենայնիվ, ունեցել է, եւ հենց այդ հանգամանքն է, որ այդպես կատաղեցրել էր Վաշինգտոնի հովանավորյալներից մեկի համարում ունեցող Իլյա 2-ին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կոչ է արել միավորել ջանքերը Սիրիայում խաղաղության հասնելու համար

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА