o C     20. 08. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՉՆԱՅԱԾ ԾԱՅՐԱՀԵՂ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ,  ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՆՉԻՆ Է

30.09.2016 19:33 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՉՆԱՅԱԾ ԾԱՅՐԱՀԵՂ ԼԱՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ,  ԵՐՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻ ՀԱՎԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉՆՉԻՆ Է


Այն, որ ռուս-ամերիկյան հարաբերությունները հասել են մի այնպիսի լարվածության, որը նույնիսկ «սառը պատերազմի» ժամանակներում չկար, վերջին ժամանակներս դժվար չէ նկատել: Համենայնդեպս՝ այդ մասին է վկայում երկկողմ մեղադրանքների հեղեղը, եւ այդ ծխի հիմքում պարզապես չի կարող բորբոքված հրդեհ չլինել:ԴԻՎԱՆԱԳԵՏՆԵՐՆ ԷԼ 
ԱՆՑԱՆ 
ԲԱՑ ՔԱՐՈԶՉԱԿԱՆ 
ՊԱՏԵՐԱԶՄԻ
Բանը հասել է նրան, որ ռուսները, արդեն առանց առանձնապես տերմինների մասին մտածելու, ուղղակիորեն ԱՄՆ-ին մեղադրում են ահաբեկիչների հետ կապերի, ավելի կոնկրետ՝ նրանց ուղղորդելու մեջ: ԱՄՆ-ն էլ իր հերթին է աշխատում ետ չմնալ, թեեւ ներքին լսարանում էլ ոչ անհրաժեշտ հաջողությամբ: Համենայնդեպս՝ Վաշինգտոնի նման քարոզչական ձախողումները շատ են: Նախ՝ ծանր պարտության վերածվեց սիրիական Հալեպում վերջերս ՄԱԿ-ի հումանիտար օգնությունը տեղափոխող շարասյան վրա հարձակումը ռուսների հետ կապելու փորձը. ամերիկացիները ոչ միայն այդպես էլ որեւէ կերպ չկարողացան այդ մեղադրանքները հիմնավորել, այլ ռուսներն անցան քարոզչական հակահարձակման՝ տեղի ունեցածը համարելով ամերիկյան հատուկ ծառայությունների միջամտությամբ՝ նրանց հետ սերտ կապերի մեջ գտնվող սիրիական որոշ խմբավորումների ձեռքի գործը: Ընդ որում, որպես ապացույց, ռուսներն այդ մեղադրանքներին կցում են շարասյան վրա արձակված ռազմամթերքի ¥արկեր, հրթիռներ¤ մնացորդները փորձագետներին եւ հանրությանը ներկայացնելու պահանջը, որը, սակայն, այդպես էլ չի բավարարվում:Եվպատահական չէր, որ այս ձախողումից հետո օրակարգում հայտնվեց դեռ 2004թ.-ին ուկրաինական երկնքում մալազիական «Բոինգի» ոչնչացման պատմությունը հետաքննող հանձնաժողովի եզրակացությունը, ըստ որի` ինքնաթիռի վրա կրակել են ռուսական հրթիռով: Բայց այս դեպքով եւս եզրակացության տակ որեւէ ապացույց չկա, թե ինչու ռուսական, եւ ոչ տվյալ՛ հատվածում տեղակայած ուկրաինական հրթիռով:
Եվ կարծես թե այս քարոզչական պայքարն արդեն սկսել է նյարդայնացնել Վաշինգտոնին, քանի որ վերջին օրերին նման մեղադրանքների փոխարեն նաեւ սպառնալիքներ են հնչում: Օրինակ, այդպիսի սպառնալիք էր պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Կիրբիի հայտարարությունը, թե՝ Սիրիայում ռուսական գործողությունների «հետեւանքով պատերազմը շարունակվում է, եւ ծայրահեղականները, օգտվելով Սիրիայի կառավարման համակարգում առկա վակուումից, կարողանում են իրենց գործողություններն ընդլայնել: Իսկ այդ օպերացիաներն իրենց մեջ կներառեն նաեւ ռուսական շահերին ուղղված եւ հնարավոր է՝ ռուսական քաղաքներին հարվածները»: Եվ որ ռուսները սա անթաքույց սպառնալիք են համարում, ցույց տվեց ՌԴ ԱԳՆ մամլո խոսնակ Մարիա Զախարովայի արձագանքը, թե՝ ասվածը նման է «ոչ թե դիվանագետի մեկնաբանության, այլ «ֆաս» հրամանի»: Փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն էլ ավելի հստակեցրեց այդ «ֆաս»-ի իմաստը, թե պետքարտուղարության այդ տեսակետը ահաբեկչական խմբավորումներին ուղղված բացահայտ «հրավեր» է՝ զենքն ուղղել ռուսական քաղաքների վրա, ինչն ամերիկյան գործող վարչակազմի կողմից «քաղաքական ստորություն է»:
Թե ուր կտանի աչքի առաջ արագորեն կոշտացող ռուս-ամերիկյան այս արդեն ռազմականացվող լեքսիկոնը, իհարկե՝ չի կարող խիստ մտահոգիչ չլինել մյուս բոլոր երկրների համար: Առավել եւս, որ այս բոլոր մեղադրանք-սպառնալիքները հնչում են նաեւ երկու երկրների դիվանագիտական համակարգերի վերին օղակներից՝ Պետդեպարտամենտից եւ ռուսական ԱԳՆ-ից: Կառույցներից, որոնց գործը երկրների հարաբերությունները հնարավորինս շիկացումից ետ քաշելն է: Եվ երբ դրանք էլ են սկսել խոսել «քաղաքներին կհարվածեն», «ֆաս» եւ այդ կարգի այլ բառերով, ապա դա միայն հուշում է, որ ինչքան էլ պետքարտուղար Քերին եւ ԱԳ նախարար Լավրովն իրար հետ հանդիպում-քննարկումներ են ունենում քրոնոմետրի ճշգրտությամբ, մեկ է, հանդարտեցման փոխարեն երկկողմ հարաբերությունները, դրանով էլ պայմանավորված՝ ողջ համաշխարհային մթնոլորտը լիցքաթափվելու փոխարեն գնալով միայն շիկանում է: Թե ինչու՝ դժվար չէ կռահել: Նույն պատճառն է՝ սիրիական իրավիճակը...

ԱՄՆ-ում գրանցվել է մեկ օրում երրորդ հրաձգության դեպքը. Չիկագոյի մանկանան խաղահրապարակում 7 մարդ է տուժել

ԱՄՆ-Ն ՍԻՐԻԱ 
ԶՈՐՔ ՉԻ ՈՒՂԱՐԿԻ
Այն, որ Սիրիայում եւ որպես հետեւանք՝ նաեւ Մերձավոր Արեւելքում Օբամայի ձախողումները իրենց ուղղակի ազդեցությունն են ունենում ամերիկյան նախագահական ընտրությունների վրա, նոր բան չէ: Հետաքրքիրն այն է, որ ամերիկյան պետության արտաքին քաղաքականությունը մինչ այս երբեւէ քիչ թե շատ ծանրակշիռ ազդեցություն չի ունեցել նախընտրական իրավիճակի վրա. ամերիկյան ընտրողի համար շատ ավելի կարեւոր էր իր տան, աշխատավայրի հարեւանությամբ, իր քաղաքի հետ կապված շատ ավելի մանր, տեսանելի եւ ընկալելի գործոնները, քան աշխարհի ինչ-որ ծայրում տեղի ունեցող պատերազմը: Դա, թերեւս, պայմանավորված էր ոչ միայն արտաքին ամեն ինչի նկատմամբ ընտրողի անտարբերությամբ, այլ նաեւ վստահությամբ, որ պատերազմ է, թե՝ ինչ, բայց դա ԱՄՆ-ի համար դրական ելք կունենա եւ պետք չէ ավելորդ տեղը մտածել: Բայց հիմա հենց այդ վստահությունն է, որ չկա: Այն բազմակի պարտությունները, որ ունեցավ Օբաման, այն ներքին մտավախությունն է առաջ բերել, որ ԱՄՆ-ը դրսում զիջում է դիրքերը, եւ դա կարող է ամենաուղղակի կերպով ազդել ամերիկյան ամեն մի ընտրողի բարեկեցության վրա: Արդյունքում՝ Օբամայի արտաքին պարտությունները փաստացի դարձել են ամերիկյան ընտրություններում գործոն, ինչը վարչակազմին պարտադրում է ամեն ինչ ուղղել Սիրիայում թեկուզեւ փոքր հաջողությունների հասնելու համար:
Բայց գոնե այս պահին հակառակ երեւույթն է: Այդ թվում, Ասադի զորքերն ակտիվ հարձակում են իրականացնում Հալեպում շրջափակված խմբավորումներին ոչնչացնելու ուղղությամբ, եւ եթե այդ օպերացիան հաջողությամբ ավարտվի, ապա դա լրջորեն տեսանելի կդարձնի առհասարակ սիրիական պատերազմն Ասադի եւ ռուսական աշխարհաքաղաքականության օգտին վերջացնելու հեռանկարը: Իսկ դա կդառնա հերթական ծանր հարվածն Օբամայի համար: Սրանով կարելի է հասկանալ այն հիստերիան եւ ռուսներին ուղղված մեղադրանքների տարափը, որ սկսվեց Հալեպի այդ օպերացիայի մասին առաջին իսկ խոսակցությունների պահից: Այլ բան, որ քարոզչությունն ամենեւին էլ այն զենքը չէ, որ ազդի այս կարգի ռազմական օպերացիաների ելքի վրա: Պետք են շատ ավելի գործուն քայլեր, եւ ինչպես «The Wall Street Journal»-ն է տեղեկացնում, այս օրերին Սպիտակ տունն ակտիվորեն մտածում է «Բ» պլանի գործադրման մասին: Դրա տակ նախ հասկացվում է ռուսներին ուղղված պահանջը՝ դադարեցնել Հալեպի օպերացիան: Սակայն Լավրովը կարծես թե կտրուկ մերժել է Քերիի այդ առաջարկը. համենայնդեպս՝ օպերացիան շարունակվում է: Իսկ դրանից հետո Վաշինգտոնը մտածում է ԿՀՎ-ի միջոցով սիրիական «չափավոր ընդդիմությանը» նոր, այդ թվում՝ բարձր ճշգրտության եւ հակաօդային պաշտպանության զինատեսակների տրամադրման մասին: Սակայն, ըստ հիշատակված աղբյուրի, այստեղ կա երկու արգելակող հանգամանք: Նախ՝ երաշխավորված չէ, որ դա կփոխի պատերազմի ընթացքը: Երկրորդ՝ մեծ է հավանականությունը, որ, մասնավորապես, հակաօդային պաշտպանության այդ միջոցները կուղղվեն նաեւ ամերիկյան ավիացիայի դեմ: Առավել եւս, որ զենքի մատակարարումը կարող է իրականացվել Թուրքիայի եւ Սաուդյան Արաբիայի միջոցով, սակայն այս երկու դաշնակցի նկատմամբ եւս որեւէ վստահություն Վաշինգտոնում չկա: Արդյունքում, ըստ հիշատակված աղբյուրի՝ «Որոշ պաշտոնյաներ ենթադրում են, որ վարչակազմը պետք է մտածի Ասադի ռեժիմի նկատմամբ ԱՄՆ-ի ուղղակի ռազմական գործողությունների մասին»: Սակայն երեկ հնչեց նաեւ Օբամայի հայտարարությունը, թե՝ ԱՄՆ-ն պետք է խելամիտ մոտենա Սիրիա հավելյալ զորքերի ուղարկման հարցին՝ հաշվի առնելով նաեւ այն փաստը, որ ամերիկյան զորքերի մի մասը շարունակում է մնալ Աֆղանստանում եւ Իրաքում: Այս կերպ՝ զորք ուղարկելու թեման Օբաման թեեւ վերջնականապես օրակարգից չի հանում, սակայն ցույց է տալիս, որ դրա հավանականությունը չնչին է: Եվ կարելի է հասկանալ, որ խնդիրն ամենեւին էլ Աֆղանստանը եւ Իրաքը չէ: Ժամանակին Օբաման իշխանության եկավ արտաքին բոլոր նման հակամարտություններից ամերիկյան զորքերին ետ կանչելու խոստումների հաշվին: Փոխարենը՝ նա դարձավ նման կոնֆլիկտների մեջ ամենաշատ մտած նախագահը: Եվ եթե հիմա էլ դրանց ավելացնի այս մեկը, որտեղ կարող է ուղղակի բախման մեջ մտնել ռուսների հետ, ապա դա նախագահական ընտրություններում երաշխավորված ջախջախիչ պարտության կտանի: Էլ չասած, որ անձնական տեսանկյունից Օբամայի ինչի՞ն է պետք պաշտոնավարման վերջին օրերին իր վրա նման բեռ վերցնելը:
Այսպիսով՝ այն ռեալ քայլերից եւ ոչ մեկը, որոնցով հնարավոր է Սիրիայում ինչ-որ բան փոխել, նույնիսկ ամերիկյան հեղինակավոր աղբյուրների գնահատմամբ բանի պետք չեն: Մնում է շեշտը միայն քարոզչական պատերազմի վրա դնել՝ գնալով այն ավելի ագրեսիվ դարձնելով: Բայց կրկնենք՝ մեր օրերում արդեն քարոզներով ճակատամարտեր չես շահի, առավել եւս, երբ հակառակորդի քարոզն էլ պակաս ցավոտ չէ:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Երրորդ համաշխարհային պատերազմ կլինի՞

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА