o C     15. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ եկեղեցու և «Կյանքի խոսքի» անհամատեղելիությունը

10.07.2020 18:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԹԵՄԱ
Հայ եկեղեցու և «Կյանքի խոսքի» անհամատեղելիությունը

Եթե մինչև վերջերս «Կյանքի խոսքը» Հայաստանում աղանդի վտանգավորության աստիճանով երկրորդն էր «Եհովայի վկաներից» հետո, ապա այժմ պետք է համարվի առաջինը:

«Կյանքի խոսքը» համաշխարհային արդի աղանդավորական ամբողջատիրական շարժումներից է, որը դասվում է քրիստոնեական հերձվածների շարքը, քանի որ ընդունում է Սուրբ Երրորդության դավանությունը: Ահա´ այստեղ է ողջ վտանգը, երբ կրոնական պարզունակ գիտելիքներից անիրազեկ մարդիկ, մոլորության մեջ ընկնելով, միամտաբար հարում են այդ աղանդին` կարծելով, թե առնչվում են Հայ առաքելական եկեղեցուն: Այս հանգամանքը ևս մեկ անգամ կարևորում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի դասավանդման հույժ անհրաժեշտությունը դպրոցում:

«Հայ ժողովրդի պատմությունը» չի կարող կատարել «Հայոց եկեղեցու պատմության» առանցքային գործառույթները

Աղանդի հիմնադրումը և Հայաստանում հաստատվելը

«Կյանքի խոսք» աղանդը հիմնադրվել է Շվեդիայի Ուպսալա քաղաքում 1983 թ. Լյութերական եկեղեցու հովիվ Ուլֆ Էկմանի կողմից: Առաջին հայացքից զարմանալի է թվում, որ Էկմանը, ձևավորելով աղանդախումբ և կարճ ժամանակում այն վերածելով համաշխարհային աղանդի, 2014 թ. դարձի գնաց կաթոլիկ եկեղեցի: Հավանաբար նա, խորամուխ լինելով քրիստոնեական ուսմունքի մեջ, տեսավ իր ստեղծած աղանդի գաղափարակրոնական սնանկությանը և դարձի եկավ: Սակայն հիմնադրի հեռանալով` աղանդը չվերացավ, այլ ընդհակառակը, շարունակեց ավելի նպատակային գործել, երբ 2014 թ. մարտին այդ կառույցի նախագահ ընտրվեց Քրիստիան Օկերխիելմը:

«Կյանքի խոսք» աղանդը գորբաչովյան ամենաթողության տարիներին Շվեդիայից թափանցեց Ռուսաստան` ունենալով մեծ տարածում, որին «նպաստեց» խորհրդային բարեկեցիկ և կրթական բարձր ցենզ ունեցող, սակայն աթեիստական դաստիա-րակության պատճառով կրոնական տարրական իմացությունների չտիրապետող և հոգևորի նկատմամբ որոշակի հետաքրքրություն դրսևորող քաղաքացիների ան-իրազեկությունը: Ահա´ թե ինչու կարիք զգացվեց դպրոցում ներառելու «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, որպեսզի հայ ազգային քրիստոնեական արժեհամակարգի դաստիարակմամբ` անջրպետվի աղանդների տարածումը Հայաստանում:

«Կյանքի խոսք» աղանդը Ռուսաստանից Հայաստան եկավ 1989 թ. ոմն Լեոնիդ Մալկոյի միջոցով, որին հաջորդեց Արթուր Սիմոնյանը: Սկզբում աղանդը կոչվում էր «Ճշմարիտ խոսք», հետո վերանվանվեց «Կյանքի խոսքի», իսկ պաշտոնական ամբողջական անվանումն է` «Հայաստանի ավետարանական հավատքի քրիստոն-յաների Կյանքի խոսք եկեղեցի»:

Աղանդի անհամատեղելիությունը Հայ առաքելական եկեղեցու հետ և նրա պատմական նախատիպը

Այսօր խոսակցություններ են տարածվում, թե իբր «Կյանքի խոսք» աղանդն առաջիկայում կառավարության միջնորդությամբ ջանալու է հասնել հայկական եկեղեցիներում պաշտամունք, ծեսեր, արարողություններ կատարելու թույլտվու-թյան: Սա ոչ միայն անհեթեթ է, ծիծաղելի, այլև` եկեղեցաբանորեն անընդունելի: Բանն այն է, որ հայկական եկեղեցական ճարտարապետության մեջ եկեղեցու յուրաքանչյուր մանրամաս, դրվագ ունի աստվածաբանական, դավանաբանական, եկեղեցաբանական որոշակի խորհուրդ, իմաստ: Հայոց եկեղեցիների խորանի բեմը բարձր է, որը խորհրդանշում է Գողգոթա բլուրը, որտեղ տեղի ունեցավ Խաչելու-թյունը: Քրիստոսաբանական տեսանկյունից «Կյանքի խոսք» աղանդը դավանում է քաղկեդոնականություն (Հիսուս Քրիստոսի մեջ երկու բնությունների` աստվածային և մարդկային պնդում), որն անհամատեղելի է Հայ եկեղեցու եփեսոսյան դավանության հետ (Հիսուս Քրիստոսի մեջ մեկ ատվածամարդկային միավորյալ բնություն գոյության հավատ): Հետևապես, Կյանքի խոսքականներն իրավունք չունեն Հայ եկեղեցու խորան բարձրանալու (կանանց ու չմկրտված մարդկանց առհասարակ արգելված է), առավել ևս այդ Սրբության Սրբոցում, ինչպես նաև աղոթասրահում «Ամեն», «Ալելույա» բղավելով, բարձր երաժշտություն միացնելով և թռչկոտելով, երգելով, անբարբառ հառաչանքներ արձակելով` աղոթելու, ինչպես նաև գետնաթավալ լինելու` անհասկանալի բառեր արտաբերելով:

Հայ միջնադարյան աղանդավորական շարժումների պատմության գիտակ Ե. Տեր-Մինասյանի ասելով` աղանդը վերածնված հեթանոսությունն է: Մեր օրերում այն մոդեռնացվում է, համապատասխանեցվում ժամանակի պահանջներին:

Սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ «Կյանքի խոսքը» վերածնված մծղնեական (մեսալյան) աղանդն է (IV-VI դդ.): Այն ծագել է շամանական, ոգեպաշտական հեթանոսությունից, որի անդամները, ըստ V դ. բյուզանդացի պատմիչ Թեոդերոտոս Կյուրացու նկարագրության, էքստազիկ, էնթուզիաստիկ (խանդավառ) վիճակի մեջ ընկնելով, թավալվում էին գետնին, օտարաձայն բարբառում, և նրանց թվում էր, թե իրենց մարմնից դուրս է վանվում դևը, ու նրա փոխարեն դատարկված տեղում չայրող լեզվի տեսքով ներս է մտնում Սուրբ Հոգին: Այդպես նրանք «կրակով մկրտվելով»` իբր միավորվում էին Աստծու հետ: Այսօր Կյանքի խոսքականները, նույն կերպ առաջ բերելով գլոսսոլալիայի (լեզվախոսության) երևույթը, այն կոչում են Սուրբ Հոգու մկրտություն: Ավետարաններում Սուրբ Հոգու մկրտության մասին ակնարկվում է չորս անգամ (Մատթ. 3.11, Մարկ. 1. 8, Ղուկ. 3. 14, Հովհ. 1.33): Այդ համարներում Հովհաննես Մկրտիչն ասում է, որ ինքը մկրտում է ջրով, բայց իրենից հետո գալու է ավելի հզորը, զորավորը (Հիսուս), ով մկրտելու է Սուրբ Հոգով և հրով, ընդ որում «հրով» բառը բացականում է Մարկոսի և Հովհաննեսի Ավետարաններում:

«Հայոց եկեղեցու պատմություն» առարկան ոչնչացվում է տարրալուծման ճանապարհով. Տ Հովսեփ քահանա Սարգսյան

Սուրբ Հոգու մկրտությունը պատմականորեն կատարված, ավարտված իրողություն է, որը տեղի ունեցավ վերնատանը` Հոգեգալուստին: Այդ օրը Սուրբ Հոգին չայրող բոցեղեն լեզուների տեսքով իջավ Հիսուս Քրիստոսի աշակերտների վրա` օժտելով նրանց օտար լեզուների իմացությամբ (Գործք 2. 1-4), որպեսզի

իրագործվի քրիստոնեությունը տարածելու նպատակը, որի արդյունքում ժամանակի մեջ այն դարձավ համաշխարհային կրոն:

Գլոսսոլալիայի (լեզվախոսության) երևույթին անդրադարձել է դեռևս Պողոս առաքյալը, երբ Սուրբ Հոգու պարգևների շարքում դրանից հետո դրել է թարգ-մանության շնորհը (Ա Կորնթ. 12. 10, 28, 30): Այսինք` օտարաբարբառ լեզուն պետք է հասկանալի լինի, այն պետք է կրող լինի, ինչպես եղավ Երուսաղեմում Հոգեգալուստից անմիջապես հետո (Գործք 2. 5-12):

«Կյանքի խոսք» աղանդի գաղափարախոսության հիմքերը

«Կյանքի խոսք» աղանդի գաղափարախոսության հիմքում «Բարգավաճման աստվածաբանությունն է»: Ըստ դրա` իրական քրիստոնյան պետք է լինի հարուստ, հաջողակ, երջանիկ: Եթե այդպիսին չէ, ուրեմն չի ըմբռնել քրիստոնեության էությունը: Մարդու անհաջողությունների, հիվանդությունների, տառապանքների գլխավոր պատճառները թաքնված են սխալ մտածողության մեջ: «Կյանքի խոսքի» աստվածաբանները, զարգացնելով թեոսոֆիայի առանցքային դրույթներից մեկը, «կատարելագործեցին» այն: Առողջ ու հարուստ լինելու համար` պետք է քո երևակայության մեջ պատկերես առողջության և հարստության կերպարներ (թեոսոֆիա), իսկ հետո արտաբերես դրանք խոսքերով, շուրթերով, որպեսզի անտեսանելին առաջիկայում դառնա իրական: Ի´նչ խոսք, այս դրույթը համարվում է «Կյանքի խոսք» աղանդի հրապույրներից մեկը: Առհասարակ, ցանկացած աղանդ, որպեսզի ունենա շատ անդամներ, իր կրոնական գաղափարախոսությունն օժտում է որոշակի գրավչությամբ: Բացի այդ, ինչպես մորմոն առաջնորդներից Բալլարդն է ասել, իրենք պետք է ամեն ջանք գործադրեն, որպեսզի նորադարձն իրեն վստահ զգա եկեղեցում (աղանդում-Ա. Մ.) և չփոշմանի դրան անդամակցելուց:

Կյանքի խոսքականներն աշխատում են ասել միայն դրական բաներ: Քանի որ, ըստ նրանց, ասված խոսքն օժտված է իրականանալու զորությամբ, ապա ասել-խոստովանել պետք է միայն լավը, դրականը: Իսկ մեղքերը, վատը, չի կարելի ասել-խոստովանել, որովհետև դրանք կարող են իրականություն դառնալ: Այդպիսով մարդ, իր խնդիրների շուրջ չկիսվելով հարազատների, ընկերների, մտերիմների հետ և հոգին չթեթևացնելով, ճնշվում է դրանց ծանրության տակ, մնում միայնակ, վատ վիճակում հայտնվելու համար` մեղադրում իրեն, ընկնում ընկճվածության մեջ, որը կարող է հանգեցնել դեպրեսիայի, անգամ շիզոֆրենիայի, նույնիսկ ինքնասպա-նության:

Ըստ «Բարգավաճման աստվածաբանության»` մարդը կազմված է ոչ թե հոգուց ու մարմնից, այլ` ոգուց, հոգուց ու մարմնից: Սա լրիվ հակաքրիստոնեական է:

«Կյանքի խոսք» աղանդը ոչ միայն հեթանոսական-շամանական-մծղնեական է, այլև` օկուլիստական (ոգեպաշտական): Նրանց գաղափարախոսության համաձայն` աշխարհը ղեկավարվում ու կարգավորվում է որոշակի կանոններով: Դրանք մոգական օրենքներ են, որոնց իմացությունը հնարավորություն կտա կառավարելու և

ուղղորդելու երկնային ուժերին: Այդ իշխանությունն ստացվում է Սուրբ Հոգու շնորհներով: Դրանով նրանք ստիպում են Աստծուն` փրկելու իրենց մեղքից:

Որպես վերջաբան

Այսպիսով, տեսնում ենք, որ «Կյանքի խոսք» աղանդը ոչ մի աղերս չունի Հայ առաքելական եկեղեցու հետ, որպեսզի իրեն իրավունք վերապահի` մտածելու աներևակայելի, անհավանական չլինելիությունների շուրջ: Նրանք կարող են ընդամենը պարզ մուտքով մտնել եկեղեցի (անգամ մոմ էլ չեն վառում` համարելով դա կռապաշտություն), ինչպես ժամանակին դա արել են թոնդրակեցիներից ոմանք:

Ի՞նչ արարողությունների մասին կարող է խոսք լինել, եթե նրանք չեն ընդունում Հայ եկեղեցու յոթ խորհուդները, Հայոց տոնածիսական համակարգը, սրբերի բարեխո-սությունը և այլ առաքելադավան վարդապետություններ:

 

Աշոտ Մանուչարյան

ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА