o C     14. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ձեր ապազգային, սորոսական ու եղկելի ձեռքերը հեռո՛ւ տարեք Հայ Եկեղեցուց. Գեղամ Պետրոսյան

05.07.2020 19:41 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Ձեր ապազգային, սորոսական ու եղկելի ձեռքերը հեռո՛ւ տարեք Հայ Եկեղեցուց. Գեղամ Պետրոսյան

Հայ եկեղեցու պատմություն առարկայի՝ կրթական նոր չափորոշչից եւ ծրագրերից դուրս բերվելու, այլ առարկաների մեջ ներմուծելու ԿԳՄՍ նախարարության գաղափարը լայն քննարկման առարկա է դարձել: Նախարարությունն արդարանում է, թե այս ամենը եկեղեցու դեմ չէ, բայցեւ չի պատրաստվում նահանջել, իսկ ուսուցիչներն ու հոգեւորականները դատապարտում են այս որոշումը եւ հակադարձում: Ստեղծված իրավիճակի մասին պարզեցինք ՀՀԿ խորհրդի անդամ, «Հայ եկեղեցու պատմություն» եւ «Հայոց պատմություն» առարկաներ դասավանդած ուսուցիչ ԳԵՂԱՄ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ տեսակետը:

ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ ընտրվեց Միքայել Ադամյանը

- Պարոն Պետրոսյան, ըստ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի,  «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի շրջանակներում են աշակերտներն անցնելու «Հայ եկեղեցու պատմություն»: Որքանո՞վ է սա ընդունելի տարբերակ:

- «Հայ եկեղեցու պատմություն» առարկան միացնել «Հայոց պատմություն» առարկային` նույնն է, որ հանրահաշիվը միացնես երկրաչափությանը, քիմիան` կենսաբանությանը: Որպես ուսուցիչ, ով երկար տարիներ դասավանդել է ե՛ւ «Հայոց պատմություն», ե՛ւ «Հայ եկեղեցու պատմություն», կտրականապես դեմ եմ «Հայոց պատմություն» առարկայի հետ «Հայ եկեղեցու պատմությունը» միացնելուն կամ հանելուն: Նախ «Հայ եկեղեցու պատմություն» առարկան, լինելով առանձին, կարեւորում ես, երեխաներն էլ առավել ուշադրություն են դարձնում առարկային ե՛ւ բովանդակային առումով, ե՛ւ գնահատականի։ Եվ երկրորդ՝ Հայ եկեղեցու պատմությունը միայն եկեղեցու պատմություն չէ. երեխաներին դասավանդվում է հայրենասիրություն, բարոյագիտություն, փիլիսոփայություն, բարություն, խոհեմություն, ժուժկալություն… Հայ եկեղեցու պատմությունը չի՛ կարելի ու չպիտի հանվի կամ միացվի այլ առարկայի։ Սրանով մենք հող կնախապատրաստենք բազում աղանդների եւ կրոնական խմբակների էլ ավելի խորը արմատներ գցելուն։

- Իսկ ի՞նչ է հուշում Ձեր փորձը, «Հայ եկեղեցու պատմություն» առարկան կարո՞ղ է դառնալ միջոց, որով հնարավոր է երեխաներին պաշտպանել աղանդներից:

- Տարիներ առաջ դասավանդում էի ավագ դպրոցներից մեկում։ Դասարանում կար աշակերտ, ում ծնողները հարում էին մի աղանդավորական կազմակերպության։ Այնպես էր դասաժամերս կառուցված, որ նույն օրվա դասացուցակում էին ե՛ւ «Հայ ժողովրդի պատմություն», ե՛ւ «Հայ եկեղեցու պատմություն» առարկաները։ Առաջին դասաժամին ներկա էր այդ աշակերտս, երկրորդին՝ ոչ։ Դե մտածեցի մի գուցե լավ չի զգացել կամ թույլտվություն է վերցրել։ Երբ երկրորդ անգամ կրկնվեց այս ամենը, հարցրեցի ու պարզվեց, որ չի ցանկանում ներկա լինել դասերին։ Հիմա երկար-բարակ չպատմեմ, բայց ասեմ՝ իմանաք, որ այդ աշակերտս հիմա Հայ Առաքելական եկեղեցու զավակ է ու ասեմ ավելին՝ այսօր արդեն Գեւորգյան ճեմարանի սան է։

- Ըստ Ձեզ, ինչո՞ւ հենց հիմա կրթության ոլորտի պատասխանատուներին սկսեց խանգարել «Հայ եկեղեցու պատմություն» առարկան:

- Կան մարդիկ, որոնք ի հաշիվ սեփական հայրենիքի շահերի՝ հարմարվում են ժամանակի հզոր օտար պետությունների եւ ուժերի վարած քաղաքականությանը՝ երեսպաշտորեն մերժելով հայրենիքի գաղափարը ու որդեգրելով, այսպես կոչված, աշխարհաքաղաքացիության (կոսմոպոլիտիզմի) գաղափարախոսությունը եւ դրան համապատասխան վարքագիծ։ Ինչպիսի՞ հասարակություն ենք ուզում ունենալ՝ հայրենասեր, հայրենատեր, հայաճանաչ ու պետականամե՞տ, թե՞ ապազգային, օտարամոլ ու անարժեհամակարգ: Դարեր շարունակ, երբ մենք չենք ունեցել պետություն, Հայ եկեղեցին պահել, պահպանել ու մինչեւ այսօր էլ պահում է մեր գիրը, գրականությունը, մեր լեզուն ու մեր ազգային, արժեքային համակարգը։ Մինչդեռ այսօրվա ոչ բարով նախարար կոչվածը կյանքի մեջ՝ «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի անունը ճիշտ արտաբերած չկա։

- Արդեն մի քանի օր է, ինչ այս խնդիրը արծարծվում է տարբեր հարթակներում: Ձեր գնահատմամբ՝ ի՞նչ ճակատագիր է սպասվում «Հայ եկեղեցու պատմություն» առարկային:

- Մի տեսակ ինձ համար անհասկանալի է այն ուսուցիչների լռությունը, որ դասավանդում են «Հայ եկեղեցու պատմություն» առարկան։ Անհասկանալի է նաեւ ծնողների լռությունը։ Բայց «Հայ եկեղեցու պատմություն» առարկան դասավանդվելու է ու չի հանվելու դպրոցից: Ով գնաց նման քայլի, իմ համար, դավաճան է ու ոչ մի բանով չի տարբերվի մեր թշնամիներից: Այնպես որ, ասել եմ ու հիմա էլ կրկնում եմ՝ ձեր ապազգային, սորոսական ու եղկելի ձեռքերը հեռո՛ւ տարեք Հայ Եկեղեցուց, «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայից ու հայեցի արժեհամակարգից։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА