o C     14. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԴԵՊԻ Ո՞ՒՐ ԿՇԱՐԺՎԻ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

25.03.2016 15:47 ԶԱՐԿԵՐԱԿ
ԴԵՊԻ Ո՞ՒՐ ԿՇԱՐԺՎԻ ԴՈԼԱՐԻ ՓՈԽԱՐԺԵՔԸ

Վերջին մեկ-երկու շաբաթներին նկատվում է դոլարի փոխարժեքի նվազում, այն դեպքում, երբ մինչ այդ դոլարը համառորեն բարձրանում էր: Ի դեպ, այն պահին, երբ 1 դոլարի փոխարժեքը մոտենում էր 500 դրամի սահմանին, առիթ ունեցանք կանխատեսել, որ կհաջորդի անկումը՝ մինչեւ 475-ի շրջակայք, եւ ներկայումս հենց այդ փուլն է: Այնուամենայնիվ՝ ինչի՞ հետ են մասնագետները կապում այս նվազումը, եւ այս միտումը որքա՞ն ժամանակ կշարունակվի: Այս հարցերի շուրջ «Իրավունքը» զրուցեց հայաստանյան վերլուծաբանների հետ:

Տնտեսագետ ՎԱՐԴԱՆ ԲՈՍՏԱՆՋՅԱՆԻ կարծիքով.

- Ամենայն հավանականությամբ՝ դոլարի փոխարժեքի նվազումը չի շարունակվի: Բացի այդ, ընթացիկ անկումը շատ հարաբերական բնույթ է կրում, պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանում եւ Ռուսաստանում նկատվում է տնտեսական ակտիվություն: Այս պարագայում դրամն ու ռուսական ռուբլին կարող են ազդեցություն ունենալ դոլարի փոխարժեքի անկման վրա: Բոլոր դեպքերում՝ սա տնտեսական աշխուժացման նշան է:

Տնտեսագետ ՎԻԼԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ հարցին ավելի գլոբալ տեսանկյունից է մոտենում.

- Վերջին 10-15 օրերի ընթացքում աշխարհում տեղի ունեցան գլոբալ մի շարք փոփոխություններ: Դրանցից առաջինը Շանհայի մեծ քսանյակի ֆինանսների նախարարի եւ կենտրոնական բանկերի նախագահների հանդիպումն էր, որից հետո տեղի ունեցավ աշխարհի մի շարք դրամային խոշոր տների ու բանկերի նիստեր: Այնուհետեւ՝ տեղի ունեցավ ԱՄՆ դաշնային պահուստային ֆոնդի քաղաքականության փոփոխություն: Մինչ այդ, խոսք էր գնում, որ պետք է վերաֆինանսավորման տոկասադրույքն ամեն անգամ 0,25 տոկոսով բարձրացվի, սակայն նիստում որոշվեց, որ 2016 թվականին տոկոսադրույքը կբարձրացվի մեկ կամ երկու անգամ, որից հետո գրեթե բոլոր զարգացող երկրներում դոլարը արժեզրկվեց: Այս երեւույթից անմասն չմնաց նաեւ Հայաստանը: Բացի այս աշխարհաքաղաքական փոփոխություններից, մեզանում դոլարի փոխարժեքի նվազման վրա ազդեցություն է ունեցել մեծ թվով իրանցիների մուտքը Հայաստան, որոնք իրենց հետ բերել են դոլարային միջոցներ: Պետք է նշեմ, որ 2016 թվականի առաջին երկու ամիսների ընթացքում Հայաստանի Կենտրոնական բանկը մոտ 90 մլն դոլար է ծախսել արտարժույթի շուկայում, ինչը նպաստել է նրան, որ դոլարի կուրսը չհատի կոնկրետ 500 դրամի սահմանագիծը:

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նշեց.

- Առայժմ զերծ կմնամ դոլարի փոխարժեքի նվազման որեւէ մնայուն միտում կանխատեսելուց, որովհետեւ մեզանում դոլարի փոխարժեքը մեծ իմաստով պայմանավորված է ներմուծման ծավալների պահանջարկի փոփոխությունից: Անցյալում մենք ունեցել ենք փոխարժեքի լուրջ տատանումներ, եւ չի բացառվում, որ վաղը դոլարի փոխարժեքը ոչ թե կնվազի, այլ կրկին կբարձրանա: Մեզանում դրսից եկող տրանսվերների ծավալը նվազել է, սպառողական ապրանքների պահանջարկն անկում է ապրում, ինչն էլ իր հերթին բերել է ներմուծումների ծավալների նվազման: Մինչդեռ՝ դոլարի փոխարժեքը բարձրանում է, երբ ավելանում են ներմուծման ծավալները: Համենայնդեպս՝ առանց Կենտրոնական բանկի լուրջ ինտերվենցիաների էլ մեզ մոտ դոլարի փոխարժեքը լուրջ տատանումներ չունեցավ, ինչը չեմ կարող ասել Ռուսաստանի մասին: Կենտրոնական բանկը նուրբ գործիքներ է կիրառում՝ Հայաստանում իրավիճակը կառավարելի պահելու համար:

ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА