o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

25.03.2016 15:41 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Երեկ հռչակավոր իլյուզիոնիստ ՀԱՐՐԻ ՀՈՒԴԻՆԻԻ ծննդյան օրն էր` այն մարդու, ով ջրի մեջ չէր խեղդվում, հրի մեջ չէր այրվում: Ոտուձեռ շղթայած` կծկվում էր սնդուկի մեջ, սնդուկը ջանադրորեն կապկպում էին հազարումի պարաններով, տեղը տեղին կողպում ու նետում գետը: Քիչ անց` ողջ-առողջ հայտնվում էր ապշահար հանդիսատեսների առջեւ: Զսպաշապիկով կապանքված` ահասարսուռ բարձունքից կախում էին նրան, երկուսուկես րոպեում ազատվում էր բազում կապանքներից... Այդ դրվագները եթե շարունակենք` մի հաստափոր գիրք կստացվի: Բայց այդ զարմանալի ֆոկուսնիկին մենք հիշեցինք զուտ այն պատճառով, որ այսօր մեր ընդդիմադիրներից շատերը փորձում են քաղաքական ասպարեզում պատրանքներ ստեղծել: Փորձում են, բայց մոտները չի ստացվում, քանզի զարմանալիորեն մոռանում են, որ Հուդինիի տաղանդով ամենեւին օժտված չեն:

ԶԱՐՄԱՆՔ

Այսպես, ամբողջ հանրությունը` անկախ քաղաքական հայացքներից, զվարճանում է «Նոր Հայաստանի»` Ազատության հրապարակում շարունակվող «իշխանափոխիչ» կրկեսով: Սակայն, զարմանալիորեն, «Նոր Հայաստանի» մամուլի խոսնակ ՎԱՐՈՒԺԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆԸ թատրոն է համարում լուրջ քաղաքական ուժերի զբաղմունքը. «Քաղաքական գործընթաց հնարավոր է այն երկրում, ուր գործում են օրենքներն ու սահմանադրությունը, եւ կա քաղաքական ուժերի բեւեռ: Այսինքն` ժողովրդավարության պայմաններում է հնարավոր քաղաքական գործունեություն իրականացնել, տվյալ դեպքում` մասնակցել ընտրություններին: Իսկ եթե երկրում յուրացված է ժողովրդի իշխանությունը, ապա այդ ամենը իմիտացիա է: Նրանք, ովքեր չեն մասնակցում այս թատրոնին, ամենեւին էլ քաղաքական գործընթացից դուրս չեն մղված, հակառակը, գործընթացի մեջ չեն այն ուժերը, որոնք խաղում են իշխանության սահմանած կանոններին համահունչ: Մեզանում քաղաքական գործընթացներ ասելով` մարդիկ նկատի ունեն միջկուսակցական գզվռտոցը: Եթե դրա մասին է խոսքը, մենք դրան չենք մասնակցում»: Դե, ինչ ասես,ախր չես էլ կարող ասել, թե սելի փոխարեն, սելվորն է ճռռում: Ախր, տվյալ դեպքում սելվորը պարզապես փորձում է սելը շալակել ու դժգոհում է, որ ճողվածքով հայտնվել է բուժհիմնարկում:

Ի դեպ, ընդդիմադիր հայացքներ ունեցող ԼՂՀ նախկին արտգործնախարար ԱՐՄԱՆ ՄԵԼԻՔՅԱՆԸ իր ընդարձակ հակաիշխանական հոդվածում, այնուամենայնիվ, զարմանալիորեն ուշագրավ դիտարկում է ներկայացնում, ընդդիմության մասին. «Կարելի է ասել, որ Հայաստանի տարատեսակ կուսակցական կառույցներն արդեն իսկ սկսել են պայքարը` 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո ՀՀ Ազգային ժողովում իրենց տեղն ապահովելու համար: Քաղաքական գործիչները բաց ու համարձակ խոսում են ամեն ինչից` պայքարում են կոռուպցիայի, սոցիալական անարդարության, իշխանության կամայականությունների, ապօրինի շինարարության կամ բնական պաշարների օգտագործման դեմ, սակայն այս համատեքստում արտառոցն այն է, որ բացի իշխող ՀՀԿ-ից որեւէ մի քաղաքական ուժ իր ծրագրերում, ըստ էության, խոսք անգամ չի ասում մեր երկրի ճակատագրի համար որոշիչ նշանակություն ունեցող արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման սեփական այլընտրանքային մի որեւէ ծրագրի մասին»: Եվ իրոք, զարմանալի է, ինչո՞ւ են ընդդիմադիրները մոռացել Արցախի հարցը: Չէ՞ որ, եթե Արցախյան շարժումը չլիներ, իրենք էլ չէին լինի: 

Իսկ քաղաքագետ ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՅԱՆՆ էլ զարմանալիորեն ափսոսում է, որ արժեզրկվել է հեղափոխության գաղափարը. «Շատ կուզեմ, որ այն ընդդիմադիրները, որոնք ի սրտե պայքարում են գործող իշխանության դեմ, մի քիչ ավելի համեստ լինեն իրենց հայտարարությունների մեջ, չարժեզրկեն իշխանափոխություն, հեղափոխություն կոչված երեւույթները: Երբ մարդ ամեն օր իշխանափոխության կոչ է անում, ժամկետներ հնչեցնում, որ այ, վաղը, հենց վաղը հեղափոխություն է լինելու, դրանով արժեզրկում է այդ ամենը: Պայքարում են իշխանությունների դեմ` լավ են անում, բայց ինչու են արժեզրկում իրենց իսկ պայքարը: Հիմա էլ ասում են` երրորդ փորձը, երրորդ փուլը: Այդ առաջին, երկրորդ փուլի ժամանակ ի՞նչ արեցին, որ հիմա էլ անցան երրորդին»: Դե, հասկանալի է, եթե համեմատում ես Չէ Գեւարային, ասենք, Վարդգես Գասպարիի կամ Լյովիկ Զուրաբյանի հետ, շատ մեծ տհաճություն ես զգում: Բայց չկա չարիք, առանց բարիքի` ի վերջո մենք այնպիսի աշխարհաքաղաքական պտտահողմի հենց կենտրոնում ենք գտնվում, որ հեղափոխությունները մեզ համար անթույլատրելի շքեղություն են: 

Զարմացած է 

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА