o C     21. 07. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐԻՑ ԻՐ ՓՈՐԱԾ ՓՈՍՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ

28.09.2016 19:19 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԷՐԴՈՂԱՆԸ ՆՈՐԻՑ ԻՐ ՓՈՐԱԾ ՓՈՍՈՒՄ ՀԱՅՏՆՎԵՑ


Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչիի օրերս արված հայտարարությունը թեեւ սկանդալային տեսք ունի, սակայն միանգամայն սպասելի էր: Այսպես, խոսելով թուրքական հեղաշրջման փորձի մասին, նախարարը դրա նպատակը հետեւյալն է համարել՝ «Փորձում էին Թուրքիան բաժանել ու երկու «ստան» ստեղծել: Ցանկանում են 100 տարի առաջ գծված քարտեզն իրականություն դարձնել»: Թե այդ ինչ երկու «ստանի» մասին է խոսքը, նախարարը պարզաբանել է՝ Հայաստան ու Քուրդիստան:ԹՈՒՐՔԵՐԸ 
ՍԵՎՐԻ ՄԱՍԻ՞Ն ԵՆ ՀԻՇԵԼ
Այն, որ նաեւ Թուրքիայի տարածքում Քուրդիստան ստեղծելու ծրագրեր կան, որոնք այսօր, առավել քան երբեք, օրակարգում են, նոր բան չէ: Այլ բան է, թե Զեյբեքչին, այսինքն՝ թուրքական կառավարության ներկայացուցիչն ինչու է նաեւ Հայաստանի մասին խոսում: Ընդ որում, դա պարզապես «լեզվի սայթաքում» չի կարելի համարել: Նա խոսում է նաեւ 100 տարի առաջվա քարտեզից եւ, կարելի է ենթադրել, որ ակնարկում է Սեւրի պայմանագրի մասին, որն այն ժամանակ առաջ էր տանում ԱՄՆ-ը: Եվ եթե դրան գումարենք այս հեղաշրջման փորձի հետ կապված թուրքական այն բազում ակնարկները, որ դրա արմատները նույնպես ԱՄՆ-ում են, ապա ստացվում է, որ Զեյբեքչիի շուրթերով Անկարան հերթական անգամ է մեղադրանք ներկայացնում Վաշինգտոնին: Բայց արդեն ոչ թե միայն հեղաշրջում կազմակերպելու մեջ, այլ նաեւ, որ Թուրքիայի մասնատումը ներկայումս ամերիկյան ծրագրերի մեջ է:
Իհարկե, նման բան կա: Համենայնդեպս այն, որ Իրաքում եւ Սիրիայում լրջորեն քրդական պետականության հիմքերն է դնում, որը նաեւ դեպի Թուրքիա ծավալվելու հակում ունի, փաստ է: Հենց այդ մահացու վտանգը կանխելու համար էր, որ Էրդողանը զորք մտցրեց Սիրիա: Այդ կերպ նա մի կողմից Եփրատ գետից դեպի արեւմուտք՝ իր սահմաններին զուգահեռ ստեղծեց իրեն հավատարիմ սիրիական տարբեր խմբավորումների կողմից վերահսկվող գոտի: Միաժամանակ դա կանխեց Եփրատից արեւմուտք անցած քրդերի կողմից այդ նույն հատվածն իրենց ձեռքն առնելուն միտված արագորեն զարգացող հարձակումը: Եվ այս ամենին զուգահեռ՝ Էրդողանն այս շաբաթներին ակտիվորեն փորձում էր ինչ-որ կերպ Վաշինգտոնի հետ լեզու գտնել, որ վերջինս քրդերին հրահանգի՝ վերադառնալ Եփրատի մյուս կողմը: Նման կիսատ-պռատ խոստումներ ԱՄՆ-ը պարբերաբար հնչեցնում էր, ինչը հուշում էր, որ Անկարայի հետ ստվերային բանակցություններ ընթանում էին: Բայց վերջին օրերին իրավիճակն այլ է: Նախ՝ քրդերն այդպես էլ չհանձնեցին իրենց դիրքերը: Երկրորդը. սահմանամերձ այդ գոտին մինչ թուրքերի ներխուժումը «Իսլամական պետության» ¥ԻՊ¤ վերահսկողության տակ էր: Եվ եթե բուն ներխուժումից հետո այստեղ հանդարտ վիճակ էր տիրում, ապա վերջին ժամանակներս ԻՊ-ն ակտիվ հարձակողական գործողություններ է սկսել (տե՛ս քարտեզը): Ընդ որում, Թուրքիայի հիմնական հենարան համարվող «Սիրիական ազատ բանակ» խմբավորումը հաճախ ոչ միայն արագորեն նահանջում է՝ թուրքերի կենտրոնացրած զենք-զինամթերքների պաշարները թողնելով, այլ որոշ դեպքերում ամբողջական ջոկատներով անցնում է ԻՊ-ի շարքերը:

Էրդողանը պաշտոնից հեռացրել է Կենտրոնական բանկի նախագահին

ԴԵՐ ԶՈՐԻ ՀԱՐՁԱԿՈՒՄԸ ԹԱՆԿ Է ՆՍՏՈՒՄ 
ՕԲԱՄԱՅԻ ՎՐԱ
Այս խառը իրավիճակից ավելի լավ գլուխ հանելու համար հիշեցնենք վերջերս Դեր Զորում սիրիական զորքերի վրա ԱՄՆ-ի ավիացիոն հարձակման մասին, որի զոհերի թիվն արդեն գնահատվում է 80-ի կարգի եւ որին անմիջապես հաջորդեց ԻՊ-ի հարձակումը՝ սիրիական նույն դիրքերի վրա: Եվ ահա նախօրեին Սիրիայի Ազգային խորհրդի նախագահ Հադիա Աբասը Թեհրան կատարած այցի ժամանակ հայտարարեց, որ հարձակումից առաջ ամերիկյան զինվորականները կապ են հաստատել ԻՊ-ի գրոհայինների հետ: Նման հայտարարություններ էլի էին եղել: Միայն թե այս անգամ սիրիացի պաշտոնյան նաեւ տեղեկացրեց, որ իրենց տրամադրության տակ հստակ ապացույցներ կան. «Սիրիական բանակը գաղտնալսել է ամերիկացիների եւ ԻՊ-ի միջեւ Դեր Զորում օդային հարձակումից առաջ տեղի ունեցած բանակցությունը... Ամերիկյան զինվորականները ԻՊ-ին ուղղորդել են սիրիական զորքերի դիրքերի վրա հարձակման»: Եվ այդ բոլոր փաստերն Աբասը խոստանում է մոտ ժամանակներս ներկայացնել: Սրան զուգահեռ, նաեւ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նախօրեին հայտարարեց, թե սպասում են Դեր Զորի այդ հարձակման հետաքննության ավարտին: Սակայն տոնայնությունը հուշում էր, որ նա ակնարկում է հենց Աբասի ասած ապացույցների մասին: Եվ այս թեմայով վերջին սկանդալն էլ Սիրիայում գործող թիվ 2 ահաբեկչական կառույցի՝ «Ալ Քայիդայի» սիրիական մասնաճյուղ համարվող «Ջեբհատ ան-Նուսրայի» դաշտային հրամանատարներից մեկի հայտարարությունն էր գերմանական «Քյոլներ» թերթին տված հարցազրույցում: Նա պնդում է, որ ԱՄՆ-ն կոնկրետ իրենց կառույցին միշտ էլ այլ երկրների միջոցով զինել եւ ֆինանսավորել է: Բայց նաեւ ուղղակիորեն՝ առանց որեւէ միջնորդի տրամադրել է նաեւ հակատանկային կառավարվող հրթիռային համակարգեր:
Հասկանալի է, ամենեւին էլ պատահականություն չէ, որ այս օրերին ակտիվորեն շրջանառվում է այն տեսակետը, թե Սիրիայում ԻՊ-ն եւ «Ջեբհատ ան-Նուսրան» հենց ԱՄՆ-ի վերահսկողությամբ են գործում: Ընդ որում, նաեւ այն տպավորությունն է, որ ինչքան էլ պետքարտուղարությունը համառորեն արդարանում է, մեկ է՝ մոտ ժամանակներս, այսինքն՝ ամերիկյան նախագահական ընտրությունների քարոզարշավի ամենապիկային օրերին նաեւ Սիրիայի խոստացած ապացույցները օրակարգում կհայտնվեն, ինչը ոչ միայն Օբամայի նախագահական կարիերայի համար մռայլ վերջաբան կապահովի, այլ նաեւ ծանրագույն հարված կդառնա նրա կողմից պաշտպանվող Քլինթոնի համար: Եվ կարծես թե այս հարցով Վաշինգտոնում այնքան են անհանգստացած, որ, ինչպես Ս. Լավրովն էլ ակնարկեց, Դեր Զորի այդ սկանդալը մարելու համար սարքեցին Հալեպում ՄԱԿ-ի հումանիտար բեռների վրա հարձակման եւ դրանում ռուսներին ու սիրիացիներին մեղադրելու պատմությունը: Թեեւ սրա հետ կապված էլ օրակարգում է այն պնդումը, որ այդ հարձակման պահին ամերիկյան անօդաչու ինքնաթիռն է այդ հատվածում եղել:

ԱՅՍՏԵՂ ԷԼ 
«ԻՍԿԱՆԴԵՐՆԵՐԸ» 
ՀԱՇԻՎՆԵՐԸ ԽԱՌՆԵՑԻՆ
Ինչեւէ, այս պատմությունները դեռ իրենց մասին կհիշեցնեն: Բայց վերադառնանք Թուրքիային: ԱՄՆ-ի ու ԻՊ-ի կապի նշված բոլոր մեղադրանքներից հետո թուրքական ենթակայության խմբավորումների վրա ԻՊ-ի այս վերջին հարձակումները սկսում է նմանվել Վաշինգտոնից տրված հանձնարարականի: Իսկ դա մեկ բանի մասին է խոսում՝ Վաշինգտոնի հետ Անկարայի ստվերային բանակցություններն արդյունք չեն տվել: Իսկ այդ դեպքում հասկանալի է դառնում այն ուղղակի մեղադրանքները, որ Նիհաթ Զեյբեքչիի միջոցով Անկարան հասցեագրում է Վաշինգտոնին:
Սակայն մեկ հարց մնում է օդից կախված՝ Հայաստա՞նն ինչ կապ ունի այս ամենի հետ, որ Զեյբեքչին նաեւ մեր երկրի մասին է հիշատակում՝ դրանով հարվածի տակ դնելով Թուրքիայի հայությանը: Կարող է դա պատահականություն է կամ «100 տարի առաջ գծված քարտեզի» մասին խոսելու միջոց, թե՝ Թուրքիայի մասնատումը միշտ էլ եղել է Վաշինգտոնի ցանկությունը:
Բայց մյուս կողմից էլ սա վերջին օրերի միակ դեպքը չէ, որ թուրքական տարբեր տրամաչափի գործիչներ եւ լրատվամիջոցներ ամենաբացասական ակնարկներով են հիշում Հայաստանի մասին: Եվ դա սկսեց թափ առնել այն բանից հետո, երբ թուրքական լրատվամիջոցները նաեւ քարտեզների միջոցով սկսեցին խոսել այն մասին, որ Հայաստանից «Իսկանդերները» կարող են կրակի տակ առնել ողջ Արեւելյան Թուրքիան՝ մինչեւ Սիրիայի սահմանները: Ավելին, որ Սիրիայից էլ «Իսկանդերները» հարվածի տակ են առնում ողջ Կենտրոնական Թուրքիան` նաեւ «փակելով» հայաստանյան «Իսկանդերների» գործունեության շառավիղը: Կարճ ասած, փաստը, որ գրեթե ողջ Թուրքիան «Իսկանդերների» ազդեցության գոտում է հայտնվել, ակնհայտորեն նյարդայնացնում է Անկարային: Իսկ որ դրա հիմնական «մեղավորներից» է Հայաստանը, թերեւս Էրդողանին դրդում է ավելորդ անգամ զգուշավոր ակնարկներով հիշեցնել թուրքահայության մասին:
Չնայած դա քիչ բան է փոխում: Փաստն այն է, որ Էրդողանը մի կողմից՝ այդպես էլ չկարողացավ ԱՄՆ-ի հետ լեզու գտնել եւ հիմա նորից կարող է հայտնվել սահմանների երկայնքով քրդերի տարածման փաստի առաջ: Մյուս կողմից էլ՝ այդ լեզու գտնելու փորձերն ու Սիրիա ներխուժումը որոշակիորեն սառեցրին նաեւ Մոսկվայի հետ սկսված հաշտության գործընթացը: Ելք կարող էր լինել Սիրիայի մասշտաբային ներխուժումն ու այդ դիրքերից ռուսների եւ ամերիկացիների հետ նոր խաղ սկսելու փորձերը: Բայց եթե ողջ երկիրը «Իսկանդերների» թիրախում է, նման քայլերը կարող են մահացու վտանգավոր դառնալ:
Մի խոսքով՝ Էրդողանը կարծես նորից իր իսկ փորած փոսում է հայտնվել եւ այս անգամ առանց մեծ զիջումների այնտեղից դուրս չի գա: Եվ, թերեւս, դա արդեն առաջիկա օրերին տեսանելի կդառնա:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Էրդողանը ընդունել է պարտությունը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА