o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱԼԻԵՎԸ ԶԲԱՂՎԱԾ Է ՈՐԴՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ

28.09.2016 15:10 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱԼԻԵՎԸ ԶԲԱՂՎԱԾ Է ՈՐԴՈՒ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ


Եվ այսպես, Ադրբեջանում տեղի ունեցավ մեծ աղմուկ հանած Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն: Հասկանալի է՝ պաշտոնական արդյունքները միայն այսօր պարզ կլինեն: Չնայած դրան, դժվար չէ կռահել, որ առաջարկվող փոփոխությունները կընդունվեն մի 80-90 տոկոս ձայներով:ՍՈՒԼԹԱՆՈՒԹՅԱՆ 
ՎԵՐՋԻՆ ԱՏՐԻԲՈՒՏԸ
Այս հանրաքվեի հիմնական իմաստը Ադրբեջանի նախագահի պաշտոնավարման ժամկետի երկարացումն է՝ 5-ից 7 տարի: Իմաստն  էլ դժվար չէ հասկանալ: Նախ նկատենք, որ այս հանրաքվեով միաժամանակ նախատեսվում է նվազեցնել ընտրություններին մասնակցության տարիքային ցենզը: Այսինքն՝ ներկայիս 35-ի փոխարեն նախագահի պաշտոնին կարող են հավակնել 25-ամյա անձինք, իսկ պատգամավորական ցենզը 25-ից իջնում է մինչեւ 18 տարեկան: Ադրբեջանում գալիք նախագահական ընտրությունները 2018թ.-ին են, որը հաղթելով, Իլհամ Ալիեւը կկարողանա պաշտոնավարել մինչեւ 2025թ.-ը: Նրա որդին՝ Հեյդարը, հիմա 19 տարեկան է: 2025թ.-ին նա կլինի 28 տարեկան, եւ եթե այս փոփոխությունները չլինեին, նա պարզապես չէր կարող մասնակցել նախագահական ընտրություններին: Ընդ որում, եթե Իլհամ Հեյդարօղլին 2018թ.-ին վերընտրվելու գրեթե 100 տոկոսանոց շանսեր ունի, ապա 2025թ.-ին ով գիտի, թե ինչ կլինի: Այսինքն՝ իշխանությունը ալիեւների դինաստիայի ձեռքին պահելու համար նախագահական աթոռը 2025թ.-ին պետք է փոխանցվի Հեյդար Իլհամօղլուն: Իսկ մինչ այդ էլ գոնե ձեւի համար պետք է, չէ՞ նրան գոնե մեկ անգամ պատգամավոր սարքել: Իսկ դրա համար պետք է նաեւ պատգամավորական ընտրություններում տարիքային ցենզը համապատասխանեցնել պատանի Հեյդարի տարիքին:
Այսպիսով՝ Ադրբեջանի իշխանական համակարգը ձեռք է բերում սուլթանատին համապատասխան եւս մեկ ատրիբուտ՝ իշխանության ժառանգական փոխանցման հստակ մեխանիզմ: Այլ բան, որ մինչեւ 2025թ.-ը Իլհամ Հեյդարովիչին դեռ դիմանալ է պետք՝ հաշվի առնելով մի քանի էական հանգամանք: Նախ՝ առանց այն էլ տարածաշրջանային իրողությունները նույնիսկ վաղվա օրվա համար ոչինչ չեն երաշխավորում, մինչդեռ երկիրը վերջնականապես սուլթանատի վերածող այդ քայլը արտաքին հարվածների ¥եւ առաջին հերթին՝ «գունավոր»¤ հավելյալ լայն դաշտ է բացում: Երկրորդը. իշխանությունը ժառանգաբար փոխանցելու այս մեխանիզմի ներդրումը ներադրբեջանական հարթակում այդ իշխանությունը վերցնել ցանկացողներին ցույց է տալիս, որ ընտրությունների միջոցով առաջիկա մի 30-40 տարում բանի չեն հասնի: Իսկ դա այդ ուժերին պարզապես պարտադրում է գերակտիվանալ, այն էլ՝ հենց այս պահին՝ խառը ժամանակներում: Ընդ որում, Ալիեւին հեռացնելու համար, անշուշտ, կփորձեն օգտագործել ոչ միայն այս խառը տարածաշրջանային իրավիճակը, եւ դրանից էլ առաջ՝ ղարաբաղյան խնդիրը: 
Այս իրավիճակում հնարավո՞ր է, որ Ալիեւը մտածի այդ հարվածային ուղղությունները սահմանափակելու համար նախ իրեն եւ ապագայում էլ՝ որդուն ղարաբաղյան բեռից ազատելու մասին: Առավել եւս, որ այդ ուղղությամբ ապագան գնալով դառնում է ավելի ու ավելի անորոշ: Նախ՝ հայաստանյան զորահանդեսին «Իսկանդերների» եւ դրանց մի փոքր զիջող «Սկադների» ցուցադրական ներկայացումը Ալիեւին պարզ հուշեցին, որ պատերազմով Ղարաբաղը ետ վերցնելու գաղափարին պետք է վերջնականապես հրաժեշտ տա: Ընդ որում, դա Ալիեւին ոչ թե միայն Երեւանն ակնարկեց, այլ նաեւ՝ Մոսկվան. փաստը, որ Հայաստանը միակ երկիրն է, որին ՌԴ-ն «Իսկանդեր» է տվել, Բաքվում հազիվ թե այլ կերպ մեկնաբանեն: Միաժամանակ Բաքվում նաեւ հասկանում են, որ խոշոր հաշվով Մոսկվայի համար էականն այն չէ, թե Ղարաբաղը կամ դրա առանձին մասերը Հայաստանի՞, թե Ադրբեջանի տարածքում են, եթե, իհարկե, երկուսն էլ գտնվեն ռուսական աշխարհաքաղաքական վերահսկողության գոտում: Մոսկվային, այն էլ՝ այս պահին մեկ բան է պետք, որ Ղարաբաղում նոր պատերազմ չլինի: Եվ որ ողջ ծավալով գործեն տարածաշրջանի կոմունիկացիոն համակարգերը: Իսկ այդ ամենի միակ երաշխիքը հակամարտության վերջնական, ծայրահեղ դեպքում՝ միջանկյալ պայմանագրային լուծումն է, ինչի ուղղությամբ էլ Մոսկվան շարժվում էր ապրիլյան պատերազմից սկսած: Եվ փաստն այն է, որ Ալիեւն անգամ ՌԴ նախագահի անմիջական ներգրավումից հետո հերթական խաղը սկսեց իր համար ոչ ցանկալի հուն մտած բանակցային գործընթացը ձախողելու համար: Այս իրավիճակում «Իսկանդերների» ի հայտ գալը, անշուշտ, Ալիեւին հղված հետեւյալ վերջնագիրն է: Կա՛մ՝ վերսկսում է բանակցությունները՝ հուսալով, որ նվազագույնին կհասնի: Կա՛մ՝ առհասարակ մոռանում է Ղարաբաղի մասին. եթե շատ է ուզում, կարող է պատերազմ սկսել, բայց այդ դեպքում թող իրեն մեղադրի: Առավել եւս, հաշվի առնելով նաեւ Ադրբեջանի խորհրդարանի տնտեսական քաղաքականության. արդյունաբերության եւ ձեռնարկատիրության հարցերով հանձնաժողովի նախագահ Զիադ Սամեզադեի նախօրեին արած հայտարարությունը, թե գալիք տարվա պետբյուջեում «սպասվում են ներդրումային ծախսերի որոշակի կրճատում՝ քանի որ անհրաժեշտ է լրացնել բյուջետային եկամուտների անկումը»: Իսկ դա նշանակում է, որ բացի «Իսկանդերներից», ֆինանսական վիճակն էլ Ադրբեջանին, մեղմ ասած, չի ոգեշնչում նոր պատերազմ սկսել:

ԱՄՆ-ի կրոնական ազատության հարցերով հանձնաժողովը դատապարտել է Թուրքիայի որոշումը

ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՓԱԿՈՒՂԻ
Ընդ որում, եթե անգամ Ալիեւը որոշի շարժվել առաջին՝ ռեալ բանակցությունների տարբերակով, ապա պետք է շատ ավելի քչին հավակնի, քան մինչ այս հերթական խաղի մեջ մտնելն էր: Այդ մասին է հուշում նախ՝ ՀՀ ԱԳՆ-ն նախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանի վերջերս արած հայտարարությունը, թե՝ «Մադրիդյան սկզբունքները» պետք է վերանայվեն, այսինքն՝ հինգ շրջան վերադարձնելու գաղափարը Հայաստանն արդեն արդիական չի համարում: Բայց այդ նվազագույն հույսերով հանդերձ էլ՝ Բաքուն պետք է ընդունի Ղարաբաղի կարգավիճակը: Համենայնդեպս՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանում, ելույթում ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը դա ներկայացրեց որպես Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների դիրքորոշում, թե նրանց կողմից «ներկայացված առաջարկությունն ամրագրում է Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի ապագա որոշումը` նրա բնակչության իրավական պարտադիր ուժ ունեցող կամարտահայտման միջոցով»:
Այս ամենով հանդերձ էլ, Մինսկի խմբի համանախագահները շարունակում են խոսել մոտ ապագայում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հերթական հանդիպման մասին, ինչը նշանակում է, որ ժամանակ շահելու հարցում եւս Ալիեւն արդեն լուրջ սահմանափակումներ ունի, եւ պետք է պատասխանի, թե որ ուղղությամբ է շարժվելու:
Սակայն այս իրավիճակն Ալիեւին մեկ առավելություն տալիս է: Ղարաբաղի հետ կապված ինչ-որ պայմանավորվածության տարբերակով շարժվելու պարագայում նա երկրի ներսում արդարանալու տարբերակներ ունի: Այդ թվում՝ հայաստանյան «Իսկանդերների» պարագայում պատերազմի անիմաստ լինելը, «Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահների կողմից ներկայացված առաջարկությունը», այսինքն՝ արտաքին մեծ ճնշումը: Առավել եւս, որ այս գործոնները եւ ավելի շատ՝ «Իսկանդերները» նաեւ ադրբեջանական հանրության մոտ են մռայլ տրամադրություններ առաջ բերել, եւ լավ քարոզարշավի դեպքում Ալիեւը նաեւ կկարողանա իրեն հերոսական կերպարով օծել, թե՝ տեսա՞ք, այս բարդ իրավիճակում երկիրը փրկեցի: 
Սակայն մեկ միջանկյալ տարբերակ եւս Ալիեւի համար բաց է մնում. Ղարաբաղի համար հստակ բան չպայմանավորվելով՝ Մոսկվային տալ պատերազմ չսկսելու համապատասխան երաշխիքներ, այդ թվում՝ ճանապարհները բացելու եւ դրանց ապահովման համար խաղաղապահ զինուժի տեղակայման հետ համաձայնվելու տեսքով: Իսկ բուն Ղարաբաղի հետ կապված կարելի է եւ առավել բարենպաստ ժամանակների եւ իրավիճակի սպասել: Սակայն սա անձնական առումով է խնդիր: Եթե հարավկովկասյան կոմունիկացիաները սկսեն գործել, դրանք ներգրավվեն ՌԴ-Իրան-Հնդկաստան, «Մետաքսի ճանապարհ» եւ այլ նման խոշոր առեւտրատնտեսական ծրագրերում, ապա այդ լավ ժամանակներին հարկ կլինի շատ երկար սպասել: Իսկ դա նշանակում է, որ որդուն, բացի նախագահական աթոռից, պետք է նաեւ բարդ հիմնախնդրի կարգավորումը կամ այդ նպատակով նոր պատերազմ սկսելու հարցը ժառանգություն թողնի: Եվ հիշեցնենք, որ ժամանակին հայրը՝ Հեյդար Ալիեւն էլ իր հերթին էր փորձում որդուն ամեն կերպ այդ ժառանգությունից ազատել՝ ակտիվ բանակցություններ վարելով: Բայց չհասցրեց, ու այսօր Իլհամ Ալիեւն էլ, թերեւս, կցանկանա հոր օրինակով որդուն այդ բեռից ազատել: Ու եթե այս փուլում դրան չկարողանա հասնել, ապա մինչեւ 2025թ.-ը կարող է եւ նման շանս էլ չլինի:
Իհարկե՝ այս պահին եւս մեկ պատասխան քայլ ունի Ալիեւը: Այն է՝ ուշադրություն չդարձնել առկա իրավիճակին եւ, սահմանային լարվածությունն առանձնապես չսրելով, շարունակել նախկին անիմաստ բանակցությունները: Բայց այս դեպքում էլ «Իսկանդերներից» զատ էլ ի՞նչ անակնկալներ կարող են լինել:
Մի խոսքով, սպասենք, թե թվարկված տարբերակներից որ մեկով է Ալիեւն առաջ գնալու:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА