o C     11. 07. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

29.05.2020 22:31 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Արաքս գետի վրա կառուցվող արցախա-իրանական կամուրջը բոլորովին էլ հայանպաստ գործոն չէ

Վերջին շրջանում շատ է քննարկվում Արցախի հետ սահմանին Իրանի կողմից շինարարական աշխատանքների, մասնավորապես` Արաքս գետի վրա կամուրջների կառուցման հարցը: Բաքվում այն բողոքի մեծ ալիք է բարձրացրել, իսկ հայաստանյան իշխանությունները լուռ են: Արաքս գետի վրա արցախա-իրանական կամուրջ կառուցելու պատճառների, հայ-իրանական հարաբերություններում «կամուրջներ այրելու» վտանգների եւ առկա խնդիրների շուրջ էլ ծավալվեց «Իրավունքի» զրույցը ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան, Իրանի հարցերով փորձագետ ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ հետ:

Նա, ով Անվտանգության խորհրդի նիստը վերածում է տերպետրոսյանական պացիֆիզմի, ոչ թե հաղթանակի մասին է մտածում, այլ փախուստի. Հայկ Մարտիրոսյան

– Պարոն Մարգարյան, նախ հստակեցնենք՝ առկա խնդիրների մասին բարձրաձայնելով՝  մի՞թե սեպ ենք խրում երկու երկրների հարաբերություններում, ինչպես երբեմն փորձում են նման որակումներ հնչեցնել:

-Հավատացած եմ, որ եթե երկու հարեւան երկրների հարաբերություններում կան ինչ-որ խնդրահարույց հարցեր, ոչ թե դրանց մասին բարձրաձայնելով, այլ ընդհակառակը լռելով է, որ սեպ ենք խրում երկու երկրների հարաբերություններում՝ թույլ տալով, որպեսզի հասարակ հարցերը լուրջ թյուրիմացությունների առիթ դառնան: Նույնը կարելի է ասել երկու հարեւան ու բարեկամ երկրներ Հայաստանի եւ Իրանի մասին: Եթե խոսքը վերաբերում է երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության ծավալներին, այո, դրանք պահպանվել են նույն մակարդակում, կամ գուցե նույնիսկ, ինչպես վարչապետը հայտարարեց, դինամիկ զարգանում են: Իսկ եթե խոսում ենք աշխարհաքաղաքական գործոնների մասին, կարելի է նկատել, որ երկու երկրների հարաբերություններում, այո, ինչ-որ հարցեր գոյություն ունեն: Այս կապակցությամբ Իրանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունները կարող են լավ օրինակ լինել: Արաբական Միացյալ Էմիրություններն այս պահին համարվում է ոչ նավթային առեւտրի ոլորտում Իրանի առաջին գործընկերը: Երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառությունը հասնում է տարեկան 20 միլիարդ դոլարի: Բայց ով չգիտի, որ երկու երկրները Պարսից ծոցում եռյակ կղզիների սեփականության հարցի շուրջ լարված հարաբերություններ ունեն:

– Միջազգային իրավունքն ի՞նչ է ասում սահմանային գետերի մասին, որոնցից մեկն է նաեւ Արաքս գետը, ինչի շուրջ բավական լուրջ քննարկումներ կան այսօր:

– Նախ նշեմ, որ այդ մասին հայկական մամուլում հայտնված մեկնաբանություններն ու վերլուծությունները խոշոր տոկոսով իրականությանը չեն համապատասխանում եւ իրական փաստերի վրա հիմնված լինելու փոխարեն` խիստ զգացական ու հռետորական բնույթ են կրում: Թույլ տվեք նախ հարցին նայել բացառապես իրավական դիտանկյունից: Արաքսը սահմանային գետ է, որի միջով է անցնում Իրան-Հայաստան, Իրան-Արցախ եւ Իրան-Ադրբեջան սահմանագիծը: Նման գետերի պարագային գործում են միջազգային իրավունքի սկզբունքներն ու միջպետական համաձայնագրերը: Միջազգային իրավունքի տեսակետից` սահմանային գետերի պարագային գործում են 1966 թվականին Միջազգային իրավունքի միության (ILA) կողմից վավերացված Հելսինկիի օրենքները, 1997 թվականին ՄԱԿ-ի ԳԱ-ի ընդունած կոնվենցիան եւ 2004 թվականին կրկին Միջազգային իրավունքի միության (ILA) կողմից վավերացված Բեռլինի օրենքները: Դրանք բոլորն էլ ընդգծում են սահմանային գետերի ջրերի համատեղ ու համահավասար օգտագործման, սահմանակից երկրի շահերին խոշոր վնասներ չպատճառելու եւ ջրային ռեսուրսների համատեղ ու արդար կառավարման նշանակությունը: Ինչ վերաբերում է Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման մասին միջպետական համաձայնագրերին, Իրանն ու Ադրբեջանը 2016 թ.-ին ստորագրած համաձայնագրով հստակեցրել են Արաքս գետի ջրային ռեսուրսների օգտագործման ձեւաչափերը, որն, ի դեպ, մասնավորապես վերաբերում է Արաքս գետի այն հատվածին, որի վրա Ադրբեջանն այսօր որեւէ վերահսկողություն չունի: Իրանի ու Հայաստանի միջեւ նման համաձայնագիր, ինչքան տեղյակ եմ, գոյություն չունի, եւ դեռ ուժի մեջ է մնում 1921 թ.-ին Իրանի ու ԽՍՀՄ-ի միջեւ ստորագրված պայմանագիրը: Իհարկե, 2007 թվականին Իրանն ու Հայաստանը ստորագրել են համաձայնագիր, որը միայն 11 տարի անց` 2018 թվականին վավերացվեց Իրանի իսլամական խորհրդարանի կողմից, սակայն այդ համաձայնագիրը վերաբերում է Արաքս գետի վրա էլեկտրակայանի կառուցմանն ու չի կարգավորում ջրային ռեսուրսների տնօրինման հարցը: Իրանի ու Արցախի Հանրապետության միջեւ, բնականաբար, ստորագրված որեւէ համաձայնագիր գոյություն չունի:

– Իսկ ի՞նչ կասեք Արաքս գետի վրա Արցախի ուղղությամբ Իրանի կողմից կառուցվող կամուրջների մասին:

«Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն» հորջորջված փաստաթուղթ. Ամբողջական տեքստ

– Այս առումով անհրաժեշտ է մի քանի պարզաբանում կատարել. օրերս մամուլում հայտնվեց Google Maps-ից վերցված մի պատկեր, որն իբր ներկայացնում է վիճահարույց կամուրջները: Սակայն, այն իրականությանը չի համապատասխանում: Հիշյալ պատկերներում ներկայացված կամուրջներից մեկը Խուդաաֆերինի պատմական կամուրջն է, իսկ որոշակի հեռավորության վրա գտնվող մյուս կամուրջը նկատվում է նաեւ 2007 թ.-ի քարտեզներում: Ըստ երեւույթին, Google Maps-ում տեղադրված պատկերները թարմացված չեն, եւ այն շինարարությունը, որ այսօր այդ տարածքում իրականացվում է, քարտեզներում պատկերված չէ, այդուհանդերձ, հիմք ընդունելով Իրանի ու Ադրբեջանի պաշտոնական աղբյուրների հայտարարությունը, կարելի է հաստատել, որ իրոք նման կամուրջներ կառուցվում են: Նաեւ խիստ վիճելի է այն տեսակետը, թե հիշյալ կամուրջների կառուցումը կամ ընդհանրապես 2016 թ.-ին Իրանի ու Ադրբեջանի միջեւ կնքված համաձայնագրի իրագործման ուղղությամբ վերցվող ցանկացած քայլ կարող է հայանպաստ որեւէ տարր պարունակել իր մեջ:

– Ինչո՞ւ չի կարելի այն Իրանի կողմից Արցախի հետ հարաբերությունների ուղղությամբ կատարվող դրական քայլ համարել:

– Դրա համար բազմաթիվ պատճառներ կարելի է նշել: Մեր վերլուծաբանների մեկնաբանությունների հիմքում Ադրբեջանի իշխանությունների ընդդիմադիր շրջանակների արտահայտած զայրույթն է, մինչդեռ այս դեպքում մեզ համար հիմք պիտի ծառայի Ադրբեջանի պաշտոնական դիրքորոշումը: Եթե Ադրբեջանի իշխանություններն այդ կամուրջների կառուցմանը ոչ միայն շատ հանգիստ, այլ գոհունակությամբ են վերաբերվում ու հայտարարում են, որ այն իրականացվում է երկու երկրների համաձայնագրի շրջանակներում, այդտեղ որեւէ հայանպաստ գործոն չի կարող գոյություն ունենալ: Նաեւ որեւէ հիմք չկա համոզվելու, որ տարածաշրջանում լայնածավալ զորավարժություններ անցկացնող ու նույնիսկ Երեւանի կապակցությամբ հավակնություններ ունեցող մեր թշնամի երկիրը միեւնույն ժամանակ այնքան թույլ է, որ լռությամբ համաձայնում է Իրանն Արցախին կապող կամուրջների կառուցմանը: Ի դեպ, ուշագրավ է նաեւ այդ կապակցությամբ Բաքվում Իրանի դեսպանատան տարածած հայտարարությունը, որտեղ սեւով սպիտակի վրա գրված է, որ Իրանն այդ կամուրջները կառուցում է ոչ թե «ԼՂ-ի զավթված տարածքների, այլ «Ադրբեջանի Հանրապետության տարածքների» ուղղությամբ, եւ Իրանն այդ տարածքներն ընդունում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ի դեպ, 2016 թ.-ի համաձայնագրում վեց անգամ ընդգծվում է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության» հարցը: Թե ինչ է շահում Ադրբեջանն այդ համաձայնագրի գործադրումից, դժվար չէ գուշակել: Խուդաաֆերինի ու Քիզ Քալասիի ջրամբարտակները, որտեղ, ի դեպ, իրականացվում են շինարարական աշխատանքները, գտնվում են Արցախի ազատագրված տարածքներում, ինչը նշանակում է Ադրբեջանը զրկվել է ջրային այդ երկու ռեսուրսներն օգտագործելու հնարավորությունից: 2016 թ.-ի համաձայնագրով Իրանը միայնակ օգտագործում է այդ ջրային ռեսուրսները եւ պարտավորվում է ջրային ռեսուրսներից ու արտադրված էլեկտրաէներգիայից բաժին չհանել երրորդ կողմին (Արցախին): Դրա դիմաց նույն չափով Իրանը Արաքս գետի ստորին բաժնում, որտեղից անցնում է Իրան-Ադրբեջան սահմանագիծը, ջրաբաժին է հատկացնում Ադրբեջանին: Այլ խոսքով` Ադրբեջանը վերականգնում է Արաքս գետում կորցրած ջրի բաժինը, որն իրականում եւ համաձայն միջազգային իրավունքի` պատկանում է Արցախի Հանրապետությանը: Իհարկե, այս կապակցությամբ Իրանին մեղադրելու որեւէ հիմքեր չկան: Ինչպես արդեն նշեցի, դեռ 2007 թ.-ին ու Ադրբեջանից առաջ Իրանն Արաքս գետի վրա էլեկտրակայան կառուցելու համաձայնագիր է ստորագրել Հայաստանի հետ: Դժվար չէ գուշակել, թե ինչո՞ւ այդ համաձայնագիրը հենց այնպես էլ կյանքի չկոչվեց, ու Իրանի խորհրդարանը դրան իր համաձայնությունը տվեց միայն 11 տարի անց` 2018 թվականին, Ադրբեջանի հետ նման համաձայնագիր ստորագրելուց հետո:

– Ինչպես բացատրել իրանական կողմի վերջին տեղաշարժերը եւ դրանք ինչ առնչություն կարող են ունենալ հայ-իրանական հարաբերությունների եւ մասնավորապես` Արցախի հարցի շուրջ վերջին զարգացումների հետ:

«Հրապարակ». Ռոբերտ Քոչարյանը շարժում է ձևավորում

– Մինչ հարցին պատասխանելը, պիտի հավելեմ, որ ինչպես պարզ է դառնում լրահոսից, Իրանի ու Ադրբեջանի միջեւ 2016 թ.-ի համաձայնագիրը ամբողջությամբ չի գործադրվել: Իրենց ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպումների ժամանակ իրանցի պաշտոնատարները շատ հաճախ նշում են Խուդաաֆերինի ու Քիզ Քալասիի նախագծերի իրագործման անհրաժեշտության մասին: Ի դեպ, ինչպես պարզվում է լրահոսից, հիշյալ նախագծի շրջագծում իրականացվող աշխատանքներն առնվազն վերջին ամիսներին դադարեցված են եղել: Անցած նոյեմբերին ԻԻՀ նախագահ Ռոհանիի ներկայությամբ գումարված Իրանի Արեւելյան Ատրպատական նահանգի վարչական խորհրդի նիստում Իրանի Իսլամական խորհրդարանում Խուդաաֆերինի տարածքի պատգամավոր Ալլահղոլի Ղոլիզադեն դժգոհություն է արտահայտել առ այն, որ ֆինանսական խնդիրների պատճառով Խուդաաֆերինի ջրամբարտակի հարեւանությամբ աշխատանքները դադարեցված են: Նա նաեւ ակնարկ է կատարել այդ կապակցությամբ Հայաստանի իշխանությունների դիրքորոշմանը եւ նշել է, որ հայկական կողմը պահանջում է, որ Իրանը նահանջի այդ տարածքից ու այդ տարածքը պատերազմական գոտի հայտարարի: Իրանի խորհրդարանի պատգամավորի հայտարարության տողատակերում կարելի է նկատել, որ շինարարական աշխատանքների դադարեցման ուղղությամբ ֆինանսական գործոնից բացի, նաեւ դերակատար է եղել հայկական կողմի արտահայտած դժգոհությունը: Հարց է ծագում, թե ինչն է Իրանին մղել, որպեսզի պատժամիջոցների ու կորոնավիրուսի հետեւանքով ստեղծված տնտեսական ծանր պայմաններում, անտեսելով հայկական կողմի դժգոհությունը, ֆինանսական հատկացումներ կատարի այս նախագծին ու հատկապես աշխատանք տանի կամուրջների կառուցման ուղղությամբ: Թեեւ չի կարելի բացառել Իսրայելում դեսպանատուն բացելու Հայաստանի ընդունած որոշման հանդեպ իրանական կողմի հայտնած բացահայտ դժգոհության դերակատարությունը, այդուհանդերձ, իմ համոզմամբ` գլխավոր պատճառն Արցախի հարցի լուծման շուրջ վերջին զարգացումներն են: Ինչպես անդրադարձել եմ իմ նախկին վերլուծություններից մեկում, Իրանի ու Ադրբեջանի միջեւ 2016 թ.-ի համաձայնագիրը ստորագրվեց այն ժամանակահատվածում, երբ մամուլում սկսվեցին քննարկվել «Լավրովյան պլանն» ու Արցախի հարցի լուծման փուլային տարբերակը: Դրան զուգահեռ մերժվեց միջնորդական ջանք իրականացնելու Իրանի առաջարկը: Հետաքրքիր զուգադիպությամբ նույն համաձայնագրի շուրջ աշխատանքները կրկին ակտիվանում են փուլային նախագիծը օրակարգում լինելու մասին Լավրովի հայտարարությունից հետո: Իսկ թե ինչու է Իրանը զգայուն փուլային տարբերակի կամ ընդհանրապես լուծման որեւէ տարբերակի հետ, որը փոփոխություն կմտցնի շուրջ երեք տասնամյակների ընթացքում ձեւավորված տարածաշրջանի աշխարհաքաղաքական ներկա պատկերում, կարծում եմ` պարզ է բոլորի համար: Գաղտնի չէ, որ Արցախի Հանրապետության հարավային սահմանը կազմող երեք տարածքների ազատագրման հարցում իր ներդրումն է ունեցել նաեւ Իրանը: Հիշյալ տարածքները հավասարապես համարվում են նաեւ Իրանի անվտանգության գոտին: Հնարավոր է, որ կամուրջների կառուցման միջոցով տարածքում իր ներկայությունն ամրապնդելով` Իրանը ցանկանում է հայկական կողմին հասկացնել, որ թույլ չի տալու ներկա ստատուս քվոյում այնպիսի խոշոր փոփոխություն` ներառյալ ազատագրված տարածքների վերադարձ, որը կվտանգի իր ազգային շահերը:  

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА