o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լանզարոտը» երեխաներին չարիքից պահպանելո՞ւ թե չարիքի բերանը գցելու բարաթ է». Լիա Ավետիսյան

13.05.2020 22:05 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Լանզարոտը» երեխաներին չարիքից պահպանելո՞ւ թե չարիքի բերանը գցելու բարաթ է». Լիա Ավետիսյան

 Ազգային ժողովն ընդունեց Լանզարոտում ստորագրված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու հարցը: Այս հոդվածում ներառված է նաեւ սեռական կողմնորոշում հասկացությունը, ըստ որի, պետությունը պարտավորվում է ապահովել երեխայի կողմից իր սեռական կողմնորոշումը ընտրելու եւ այդ հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը:

Այսօր մեզ հարկավոր է ոչ թե սեռական, այլ բարոյական դաստիարակություն. Մանկավարժ

 

«ԵՎՐՈՊԱՆ «ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ ՁՈՆԸ» ՉԷ, ՈՉ ԷԼ` «ՇԱՆԵԼ ՀԱՄԱՐ 5-Ը»

«Կանարյան կղզիներից մեկի հանգստավայրում ընդունված «Սեռական շահագործումից եւ սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան ելնում է եվրոպական ցավալի վիճակագրությունից, ըստ որի, այդ կիսամայրցամաքի ամեն հինգերորդ երեխան ենթարկվել կամ ենթարկվում է սեռական բռնության` դրսում, թե տանը: Եվրոպա է, հնարավոր է: Սակայն արդյո՞ք կարելի էր տարածել այս տվյալները Հայաստանի վրա»,- «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով վերոնշյալ տխրահռչակ կոնվենցիայի ընդունմանը, ասաց գրող, հրապարակախոս, «Համահայկական ծնողական կոմիտեի» հիմնադիր անդամ ԼԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆՆ ու հավելեց. «Եթե այդպես լիներ, ապա մեր խորհրդարանի 140 պատգամավորներից, որոնք զավակների, եւ նույնիսկ թոռների տեր են, առնվազը 25-ը պետք է հայցադիմումներով ներկայացած լինեին մեր ՆԳ եւ դատական մարմիններ` իրենց անչափահաս բալիկների հանդեպ ոտնձգությունների առիթով, այլասերված անձանց կողմից: Բայց չէ՞ որ նման դեպք չի արձանագրվել: Գեթ մեկի զավակը նման հանցագործության զոհը չի հանդիսացել: Ի՞նչ է, մեր պատգամավորները ՀՀ մնացած քաղաքացիներից ավելի լա՞վ եւ ավելի ուշադի՞ր ծնող են: Մեզանից` բոլորիցս, 25 անգամ ավելի լա՞վն են եւ իսկապես` ընտրյա՞լ: Թույլ տվեք չհամաձայնեմ, քանի որ իրենց միջեւ կան մարդիկ, որ բանակում չծառայելու նպատակով իրենց դրել են գժի կամ գիշերվա ժամերին մեզը պահելու անունակ հիվանդների տեղ: Սիմուլյանտ են: Կամ թմրանյութ օգտագործող եւ ալկոհոլ չարաշահող անձինք: Պարզվում է, որ կան նաեւ մաքսանենգությամբ զբաղվող անհատներ: Եվ նման մարդիկ ավելի խելացի՞, ուշադի՞ր ու զգուշավո՞ր ծնող են, քան Հայաստանի մյո՞ւս քաղաքացիները: Ոչ` անշուշտ»,- ընդգծում է հրապարակախոսն ու հավելում. «Ակնառու է հոգեվարքի մեջ գտնվող եվրոպական կառույցի խիստ հրահանգը եւ հայաստանյան նման մի հոգեվարքի մեջ գտնվող, խոնարհ ԱԺ-ի պատրաստակամությունը` կատարելու տիրոջ ցանկացած կապրիզը: Ժամանակին իրենց նավերը չհասան մեր սարերը` օգնելու ծեր եւ մանկանը, փրկելու թուրքի յաթաղանից, այժմ վերջապես հասա՞ն: Կանարյան կղզիների՞ց: Փրկելու հայ ու եզդի երեխաներին իրենց իսկ ընտանիքների՞ց: Բրա՜վո, Եվրոպա: Մեր սխալն այն է, որ «Եվրոպա» արտասանելիս, պատկերացնում ենք Ռեմբրանդտի կտավները, «Շանել համարբուրմունքը, Բեթհովենի «Ուրախության ձոնը», կամ «1+1» կինոֆիլմը: Մինչդեռ Եվրոպան այլ է: 1098 թվականի հուլիսին Եվրոպայի խաչակիրներն են եկել ու երկար պաշարելուց հետո մտել հայաբնակ Մարաշ բերդն ու երեխաներ են քաշել շամփուրների վրա, խորովել ու կերել: Իսկ մեծերին խաշել են կաթսաներում ու նույնպես կերել: Սա պատմական փաստ է, վկայված է նորմանդացի ասպետ Ռաիլ դը Կաննի ու շատերի կողմից: Շատ ավելի հայտնի ու գրականության, երաժշտության մեջ բազմիցս խաղարկված փաստ է «Մանկաց խաչակրած արշավանքը»: Դա այն ցավալի դեպքն էր, երբ 1212 թվականին բազմաթիվ սրիկաների ջանքերով Եվրոպայի տարբեր տարածքներից ավելի քան 25000 երեխաներին նստեցրել են յոթ նավեր` որպեսզի Պաղեստինում «գտնեն իրենց պայծառ ապագան»: Սակայն խաբեբաները, որոնցից պատմությանը հայտնի են Գուգո Ֆերրեուսի եւ Գիյոմ Պոռկուսի անունները, պարզապես վաճառել են երեխաներին Ալժիրի ստրկավաճառներին` հարեմների եւ ուրիշ այլասերումների համար: Դեռ մի դար չեն բոլորել Եվրոպայի սրտում համակենտրոնացման ճամբարների մանկական խուցերը, ուր հիտլերյան բժիշկները փորձեր էին կատարում բազմազգ երեխաների վրա: Ընդամենը քառորդ դար է անցել, ինչ Եվրոպայի լուռ ու խոնարհ համաձայնությամբ ռմբակոծվել է իր իսկ սրտում գտնվող Հարավսլավիան` ու մանուկներ են զոհվել: Իսկ եվրոպացի Ֆրանսիան այս դարում է, որ կործանել է ծաղկուն Լիբիան` աֆրիկյան մայրցամաքում, ու նորից երեխաներ են զոհվել: Եվ այժմ այս նույն Եվրոպայի խորհուրդը թելադրում է մեզ, թե ինչպե՞ս պահպանենք ու դաստիարակենք մեր երեխաների՞ն: Մի՞ թե սա զավեշտ չէ»:

Ինչով ավարտվեց ԼԳԲՏ-ականների հորդորով հոր դեմ բողոքած 11-ամյա երեխայի փախուստը

 

«ՀԵՔԻԱԹՆԵՐԸ ՃՇՄԱՐՏԱԽՈՍ ԵՆ` Ի ՏԱՐԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՉԻՆՈՎՆԻԿՆԵՐԻ ՈՒ ՄԵՐ ԱԺ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ»

Հրապարակախոսը նաեւ իրողությունը փաստում է հեքիաթների ու պոեմների օրինակով. «Սա՛ է «Եվրոպա» ասածը, մի՛ սխալվեք ու երազկոտությամբ մի տառապեք: Բայց հիշեք մանուկ հասակում կարդացած Գրիմ եղբայրների գրի առած ժողովրդական հեքիաթները, ուր ծնողները ուղարկում են Հենզելին ու Գրետելին անտառ, որպեսզի գայլերն ուտեն իրենց, քանի որ տանը ուտելիք չկար: Սակայն, երբ այդ նույն օրը հարեւանն իր պարտքն է վերադարձնում, ծնողները հավեսով ուտում-խմում էին` ընդամենը ափսոսալով երեխաների համար, բայց չփորձելով անգամ գտնել ու հետ բերել իրենց բալիկներին: Իսկ հեքիաթները ճշմարտախոս են` ի տարբերություն եվրոպական չինովնիկների ու մեր ԱԺ պատգամավորների:

Զուգահեռ պայքարելու ենք Լանզարոտեի կոնվենցիայի դեմ եւ Արթուր Ալեքսանյանի ազատության համար (Տեսանյութ)

«Ժիր էր Մարոն, դուրեկան, Նոր էր իննը տարեկան»-, Թումանյանի այս տողերի պատճառով շուն չմնաց, որ չհաչար հայ հասարակության վրա: Մինչդեռ բազմիցս հաստատված է, որ փոքրահասակ հարսիկները սկեսուրի ծոցն էին քնում մինչեւ հասունանալը, պարզապես ընտելանում նոր ընտանիքին եւ դաշտանը մի քանի անգամ տեսնելուց հետո նոր էին կարգ ու կանոնով կին դառնում իրենց ամուսնուն: Սակայն Կանարյան կղզիների լողափերում ընդունված այս փաստաթուղթը սահմանում է «համաձայնության տարիք», ըստ որի, յուրաքանչյուր 12-ը բոլորած դեռահաս երեխա կարող է ինքնուրույն համաձայնել, որ իրեն օգտագործեն սեռական նպատակներով, իսկ հետո` Աստված գիտի, թե որ եվրոպացի գուգոներն ու գիյոմները կհանձնեն ալժիրների ստրկավաճառներին: «Լանզարոտյան կոնվենցիա» ասած փաստաթուղթը վերլուծելիս, ես չեմ կարող չկասկածել, որ եվրոպական այս ատյանում իրար գլխի են ժողովել եվրոպական հեքիաթների` Կարմիր գլխարկին կերած գայլերը, «կապտամորուս» հանցագործները, կամ Կաֆկայի հերոսները, որ շփոթել են երկինքն ու դժոխքը: Էլ ո՞վ կարող էր գրի առնել այդ փաստաթղթում, որ եթե 12 եւ 17 տարեկանները կենակցում են, սակայն «փոխադարձ համաձայնությամբ», դա նորմալ է, օրինավոր: «Լանզարոտը» երեխաներին չարիքից պահպանելո՞ւ թե չարիքի բերանը գցելո՞ւ բարաթ է»:

Եթե հայրն ուղղում է երեխայի հագուստը, ըստ ընդունված կոնվենցիայի սեռական բռնություն է. Հոգեբան

 

«ՉԷԻՆՔ ԳԻՏԱԿՑԵԼՈՒ, ՈՐ ԱԺ-Ի ԱՆԴԻՄԱԿ ԵՎ ԱՆԴԵՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ ՄԵՐ ԲԱԽՏՆ ԵՆ ՈՐՈՇԵԼՈՒ»

Ըստ հրապարակախոսի` այդ կոնվենցիայի թիրախն ընտանիքն է. «Անշուշտ, դա՛ են քանդում, նվազեցնելով ծնողների իրավունքները եւ երեխաներին այլասերելով, «գործ տվող» դարձնելով` սեփական հոր ու մոր վրա: Սովետին անիծող ու մերժող այդ Եվրոպան «Պավլիկ Մորոզով» ինչո՞ւ է բուծում` իր ողջ տարածքով: Առասպել դարձած այն երեխան գոնե գնացել` ասել էր գյուղխորհրդում, թե պապը հարուստ «կուլակ» է ու մարդ շահագործող: Ներկայիս երեխաները վկայելու են, թե. «Տատս ասաց` ճուճո՞ւլդ ուտեմ»: Համացանցում տեսել եմ, ինչպես հեղափոխությամբ արբած տիկնայք նույն կերպ դիմել են մեր վարչապետին: Լավ է, որ մանկահասակ չէ: Թե չէ` խլելու էին ընտանիքից, տանեին «եվրոպական» ապաստարան, իսկ հետո` Ալժիրի ստրուկների շուկան: Այո, բոլորս մեծացել ենք Եվրոպայի հիասքանչ գրականության եւ արվեստի հոգեւոր սնունդով: Առանց Շեքսպիրի, Հյուգոյի, Մարքսի ու Հեգելի մեր միտքը տկար կլիներ, եւ այս վիճակից ելք չէր գտնելու: Չէինք գիտակցելու, որ ապշեցուցիչ դյուրին եղանակ է` հակազգային փաստաթղթերն ԱԺ-ում վավերացնելը, երբ բոլորը գամված են տանը, ցույցեր, հավաքներ կազմակերպելը արգելված է` ու ԱԺ-ի անդիմակ եւ անդեմ պատգամավորները մեր բախտն են որոշելու: Չէինք պատկերացնի, որ վաղն էլ` մեկ էլ տեսար, կարող են ասել. բերեք ձեր բալիկներին` Եվրոպա ուղարկենք` շամփուրին քաշի,որի փորձն ունի: Այո, անգամ դասականները չէին նախատեսել «ժանտախտների կարանտինը»` քաղաքական տեխնոլոգիաների ենթատեքստում: Բրա՜վո, Եվրոպա, սա քո նոր գյուտն է»,- վրդովված շեշտում է հրապարակախոսն ու հարց բարձրացնում. «Չարիքի դեմ ինչպե՞ս պայքարես, եթե կա մտքի «վիրուս», հոգեւոր «կարանտին», ու պարտադրանք «Զովք» մտնել միայն դիմակով, իսկ «ՍԱՍ-ը»` ոչ: Սա անգրագիտությո՞ւն է` թե կաշառակերություն: Տարրական վարչական սկզբունքներին չտիրապետող եւ ագահ մարդիկ ինչպե՞ս են ուզում դաստիարակել մեր երեխաներին: Վախի՞ մթնոլորտով, բռնությա՞ն միջոցով, ծնողին բանի տեղ չդնելու քարոզո՞վ: Վեցերորդ դասարանից իրար հետ անկողնում լկստվելո՞ւ թույլտվությամբ, իսկ մինչ այդ` սեռական երեւակայությունը վաղաժամ զարգացնելո՞ւ միջոցով: Դպրոցո՞ւմ: Դասի ժամի՞ն: Երկիրը կառավարելու անունակ մարդիկ ինչպե՞ս են հույս փայփայում մտնել մեր ընտանիքները: Եվրոպա՞ն է մեջքներին կանգնած: Բայց նա` որպես երկրաքաղաքական կառույց, նույնպես էսօր-էքուց է: Վստահ եմ, որ հինգ տարի չանցած, չի՛ լինելու այս ԵԽ-ն եւ բազմաթիվ դատական հայցերի թիրախ է դառնալու: Մեկ տարին չանցած` չի պահպանվելու նաեւ ԱԺ-ի այս կազմը: Սակայն հարցն ուրիշ է եւ խիստ կարեւոր: Բոլորս պետք է գիտակցենք, որ ո՛վ էլ գա ազգային խորհրդարան, հետագայում չպետք է ժառանգի այս ամոթալի պարտավորությունների խուրջինը: Ո՛վ էլ փորձի դառնալ հետագայում պատգամավոր կամ վարչապետ, իր առաջին ու վերջին խոսքը պետք է լինի այն, որ նա հրաժարվում է ընդունել ընտանիքի դեմ ուղղված այս եվրոպական լուծը` յուր բոլոր օրինաստեղծ զառանցանքներով, մերժում է վտանգաբեր «կոնվենցիաների» գաղափարը: Այդ հանգամանքն է ցուցադրելու. գալիս է իսկական հայրենասեր ու գրագետ մի մարդ,  «Եվրոպայի ճորտը», ինչպես բնորոշել է լիբերալներին Տյուտչեւը: Բոլորս պետք է գիտակցենք. եթե հաջորդներն ասեն. «Մենք ի՞նչ անենք, նախորդ խորհրդարանն է ընդունել», ուրեմն նույնպես մեր ազգի թշնամին են եւ այս սիմուլյանտներից ազնիվը չեն: Իշխանության հաջորդ հավակնորդները դա պետք է քաջ գիտակցեն ու չփորձեն այլեւս խաբել գրքից ու գիտելիքից հեռացած, հեռուստատեսության եւ սոցցանցերին մատնված անգիտակից մարդկանց, որոնց անգրագիտության գինը սեփական զավակներն են լինելու»,- ցավով արձանագրում է զրուցակիցն ու զրույցը եզրափակում կոչով. «Զարթնեք, լաո. ձեր բալիկներին են եվրոպական շամփուրներին քաշելու: Նման փաստաթղթերի հետեւանքների դեմ պայքարելը գտնում եմ անիմաստ. այլեւս պետք է պայքարենք սա ընդունած դավաճաններից ԱԺ-ն ազատելու համար: Մեզ ուրիշ ելք չի թողել այս «Ելքը»:

Որո՞նք են սեռական դաստիարակության թաքնված կողմերը.Մանրամասնում է հոգեբան Իրինա Ծատուրյանը

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА