o C     29. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հպարտանում եմ, որ իմ մեջ հերոս պապերիս արյունն է հոսում». Զառա Արամյան

06.05.2020 21:41 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ 75-ԱՄՅԱԿ
«Հպարտանում եմ, որ իմ մեջ հերոս պապերիս արյունն է հոսում». Զառա Արամյան

Մեծ հայրենական պատերազմում մեր փառապանծ Հաղթանակի 75-րդ տարեդարձին ընդառաջ` «Իրավունքը» շարունակում է «Մեր հերոս պապերը» խորագրով հոդվածաշարի ներքո ներկայացնել տարբեր ոլորտներում մեր հայտնի հայրենակիցների հայրերի ու պապերի այդ տարիների անցած ճանապարհը, ռազմական ուղին եւ սխրանքները: Հայրենական մեծ պատերազմին իր մասնակցությունն է ունեցել նաեւ հաղորդավարուհի, դերասանուհի, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ԶԱՌԱ ԱՐԱՄՅԱՆԻ պապիկը:

Երկու տատիկներս էլ մինչեւ վերջին շունչը հավատում էին, որ իրենց հայրն ու եղբայրը չեն զոհվել. Լիլիթ Ստեփանյան

 «Իրավունքի» հետ զրույցում նա ասաց, որ մշտապես հպարտանում է իր հերոս պապերով. «Հպարտանում եմ, որ իմ մեջ հերոս պապերիս արյունն է հոսում, նրանց սխրանքն անմահ է: Մայրական կողմից գավառցի պապիկս` ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԶՈԼՅԱՆԸ, հանրահայտ Զոլյանների տոհմից է, մասնակցություն է ունեցել Հայրենական մեծ պատերազմում: Նա Հայաստանի գլխավոր գինեգործն էր, Թաիրովի գինու գործարանի տնօրենը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ նա սկզբում կռվել է Ուկրաինայի, հետո` Բելառուսի տարածքում, հասել մինչեւ Վարշավա»,- հուզվելով պատմում է Զ. Արամյանն ու անցնում հիշողությունների գիրկը. «Պապիկիս հիշում եմ իր վաստակած ողջ այդ մեդալները կրծքին: Ամեն տարի մայիսի 9-ին այդ մեդալները կրծքին ձեռքիցս բռնած գնում էինք շքերթի: Սկզբում նա Վետերանների միության անդամ էր, հետո` մի շրջանում Միության նախագահն էր: Պապիկս այն հայ վետերաններից էր, որ Մոսկվայի հրապարակում մասնակցել էր հաղթանակի շքերթին: Շատ փառահեղ ու շատ բարի մարդ էր Հարություն պապիկս: Դպրոցական տարիներին իմ ջոկատի հետ մեր շրջանում, դպրոցին մոտ` Սարյան փողոցի վրա, որքան վետերաններ կային, հաշվառել էինք ու մայիսի 9-ին կազմակերպված բացիկներ էինք ուղարկում` միշտ թաքուն ու անանուն, իսկ պապիկիս բացիկը միշտ ես էի գրում, ու ինձ թվում էր, թե նա չգիտի, որ դա ես եմ գրել: Բայց իր մահից հետո, երբ իր թղթերն էինք հանում իր սենյակից, տեսա, որ տասը տարուց ավելի նա յուրաքանչյուր մայիսի 9-ի իմ բացիկները հավաքել էր ու պահել, փաստորեն նա գիտեր, որ այդ բացիկները ես եմ գրում»:​​​​​​

Ի դեպ, Զ. Արամյանը նույն հպարտությամբ նաեւ պատմեց ամուսնու հորեղբոր` Արտաշես Գասպարյանի մասին, ով Մեծ հայրենականի ժամանակ մասնակցել է Կերչի մարտերին ու անհետ կորել. «Ամուսնուս հորեղբայրը` Արտաշես Գասպարյանը, ում պատվին էլ նույն անուն-ազգանունն է կրում ամուսինս, անհայտ կորած հերոս է: Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նա եղել է նավաստի եւ մասնակցել Կերչի հայտնի մարտերին` մեծ նավերով: Երբ Մուշից իրենց ընտանիքը գաղթել է, ապաստան են գտել Ախուրյանի շրջանում, եւ իրենց տները եղել են սարի ներքեւում, իսկ սարի վերեւում այդ գյուղի գերեզմանատունն է եղել: Իր վերջին նամակում, դե քանի որ չէր կարելի գրել, թե ինչ են անում եւ դեպի որ կողմ են շարժվում, նա գիտակցելով, որ էլ չի վերադառնալու, իր մայրիկին ուղարկված վերջին նամակում գրում է. «Մեր ջան, Կերչում նստեցինք նավերն ու գնում ենք մեր տան հետեւը` սարի գլխին», այսինքն հասկացրել է, որ գնում են զոհվելու»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ.- Այս շարքում հրապարակված մյուս հոդվածները կարդացե՛ք այստեղ:

Ովքեր են ՍԴ նախագահի տատն ու պապը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА