ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԻՍԿԱՆԴԵՐՆԵՐԻ» ՀԱՐՑՈՎ  ԲԱՔՎԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԻՐԵՆ Է ՀԱՐՎԱԾՈՒՄ

23.09.2016 19:34 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
«ԻՍԿԱՆԴԵՐՆԵՐԻ» ՀԱՐՑՈՎ  ԲԱՔՎԻ ՊԱՏԱՍԽԱՆՆ ԻՐԵՆ Է ՀԱՐՎԱԾՈՒՄ


Անկախության 25-ամյակի զորահանդեսից սպասելիքներն ակնհայտորեն արդարացան: Չնայած ավելի կոնկրետացնենք. զորահանդեսի հիմնական սպասելիքները կապված էին «Իսկանդերների» հետ, եւ դրանց առաջին համազարկը, հասկանալի է, քաղաքական հրթիռներով, իրոք հասան մինչեւ Ալիեւի նստավայր: ՆՈՐ ԻՐԱՎԻՃԱԿ 
Նկատի ունենք, որ եթե մինչ կիրակի օրը ադրբեջանական քարոզչամեքենան լծված էր նրան, որ սեփական երկրի բնակչությանը համոզի, թե Երեւանի փողոցներում երթեւեկող «Իսկանդերները» ոչ թե Հայաստանին, այլ՝ ՌԴ-ին են պատկանում, այսինքն՝ դրանք հայ-ադրբեջանական ռազմական բալանսի վրա որեւէ կերպ չեն ազդի, հիմա արդեն գերադասում են հնարավորինս քիչ այդ մասին խոսել: Այսինքն՝ զորահանդեսը հստակ ֆիքսեց, որ «Իսկանդերները» հայկական բանակինն են: Ավելին, որ դրանից զատ Հայաստանի տրամադրության տակ կան նաեւ մյուս այն բոլոր զինատեսակները, որով մինչ այս Բաքուն այնքան հպարտանում էր: Այդ թվում, հայ-ադրբեջանական ռազմական բալանսի յուրօրինակ խորհրդանիշ դարձած «Սմերչները»: Իսկ այս իրողությունների պարագայում Ալիեւն արդեն պարզապես ծիծաղելի վիճակում կհայտնվի, եթե շարունակի նախկին քաղաքականությունը, թե կարող է հանգիստ Ղարաբաղը գրավել:
Եվ ահա այս ֆոնին Ադրբեջանում սկսվել է նկատվել ոչ միայն հակառուսական, այլ նաեւ՝ հակաթուրքական տրամադրությունների աճ կամ միգուցե՝ աճի ցուցադրություն: Թուրքիային դեռ կհասնենք: Մինչ այդ նկատենք, որ ռուսներից դժգոհում են նախ՝ «Իսկանդերներ» ու «Սմերչներ» տալու համար, բայց ոչ միայն այդ պատճառով: ՀՀ ԱԳՆ-ն նախարարի տեղակալի պաշտոնակատար Շավարշ Քոչարյանի միջոցով հայտարարեց, որ Մադրիդյան սկզբունքները պետք է վերանայվեն: Հասկանալի է, որ այդ հայտարարությունն ու «Իսկանդերները» հազիվ թե պատահաբար միաժամանակ օրակարգում հայտնվեին: Դա Բաքվում ընկալվում է, որպես լրջագույն մեսիջ: Այն դեպքում, երբ մինչ այդ կար տրամադրություն, թե այն պահին, երբ իրենց աշխարհաքաղաքական վեկտորը կշրջեն ՌԴ-ի ուղղությամբ, Մոսկվան միանգամից Հարավային Կովկասում իր նախապատվությունները Հայաստանից կփոխադրի Ադրբեջանի ուղղությամբ: Նույնիսկ տեւական ժամանակ Ադրբեջանը ռուսական ուղղությամբ ցուցադրական ժեստեր էր կատարում, սակայն «Իսկանդերները» միանգամից զրոյացրին տարածաշրջանում Մոսկվայի միակ կամ թիվ 1 դաշնակիցը դառնալու այդ տրամադրությունները, էլ չասած, որ «Մադրիդյան սկզբունքներով» առաջարկվող նվազագույն օգուտն անգամ կարող է զրոյանալ: Ու հիմա Բաքվում սկսել են դեռ միայն ակնարկների մակարդակով խոսել միանգամայն այլ տեսակետի մասին. կարո՞ղ են, որպես պատասխան, արագորեն հակաամերիկյան դաշտում ամրապնդվել՝ փորձելով Վաշինգտոնի հաշվին Հայաստանի նկատմամբ ձեռք բերել ռազմական բալանսի գերակշռություն: Ընդ որում, այստեղ մեկ հետաքրքիր հանգամանք էլ կա. ժամանակին հակառուսական տրամադրությունների գլուխ բարձրացնելու փուլերում Ադրբեջանը արտաքին թիվ 1 ռազմական դաշնակցի թվում տեսնում էր միայն Թուրքիային: Բայց ներկայումս, ինչպես նշեցինք, Անկարայից էլ են դժգոհ: Այն առումով, որ Հայաստանի հետ ներկայիս ռազմական բալանսի հարցում նաեւ Թուրքիային հասցեագրված մեղադրանքներ են նկատվում, թե Անկարան ժամանակին շատ բան խոստացավ, մինչդեռ ներկայիս վիճակը ցույց է տալիս, որ խոստումների միայն փոքր մասն իրականացրեց: Բայց ամենակարեւորը, որ ռազմական ասպարեզում Հայաստանից կտրուկ առաջ պոկվելու հարցում այս պահին Թուրքիան շատ ցանկանա էլ, չի կարող օգնել: Համենայնդեպս՝ ադրբեջանական տարաբնույթ աղբյուրները շրջանառում են այն մտքերը, թե՝ այս պահին «Թուրքիան տնտեսական կոլապսի առաջ է կանգնած», որ՝ «ֆինանսական կրախի շեմին է»: Իսկ ռազմաքաղաքական հարցերով, որ՝ «Էրդողանը խորը ճգնաժամային վիճակի առաջ է», «Թուրքիան վերածվել է ռազմաճակատային գոտու» եւ այդպես շարունակ: Այդ պնդումերի հիմքում, իհարկե, ճշմարտություն կա: Բայց առավել եւս, եթե Թուրքիայում նման խնդիրներ կան, Բաքուն Անկարայի հետ ռեալ հույսեր չի կարող կապել: Առավել եւս, որ Անկարան էլ իր հերթին է բավականին զգուշավոր դարձել Բաքվի նկատմամբ՝ ռուս-իրանական, հիմա էլ՝ իսրայելյան ուղղությամբ Ալիեւի սկսած անթաքույց սիրախաղերի պատճառով:
Այսպիսով՝ «Իսկանդերների» համար Բաքուն կարծես թե որոշել է Մոսկվային պատասխանել ԱՄՆ-ի ուղղությամբ հայացքներ գցելով: Համենայնդեպս՝ այդ տպավորությունն է առաջանում Վաշինգտոնում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակներում Ադրբեջանի ԱԳ նախարար Մամեդյարովի հետ ԱՄՆ պաշտպանության նախարարի, Ռուսաստանի, Ուկրաինայի եւ Եվրասիայի գործերով օգնական Մայքլ Կարպենտերի հանդիպումից, որտեղ խոսվեց երկու երկրների միջեւ ռազմական համագործակցությունն ընդլայնելու երկկողմ ցանկության մասին: Այլ հարց է, թե ինչքանո՞վ է դա լուրջ եւ ռեալ:

Վրաստանի խորհրդարանի խոսնակն ընդհատել Է այցն Ադրբեջան եւ մեկնել Բաքվից

ՎԱՇԻՆԳՏՈՆԸ ԲԱՔՎԻ 
ՆՈՐ «ՄԵԾ ԵՂԲԱՅՐԸ» 
ՉԻ ԴԱՌՆԱ
Այն, որ Ադրբեջանում այս օրերին ակտիվորեն քարոզվում է Պենտագոնի ներկայացուցչի հետ այդ հանդիպումը, թերեւս հուշում է, որ Բաքուն առնվազն փորձում է Մոսկվային ցույց տալ, թե՝ կարող եմ եւ այս ուղղությամբ գնալ: ԱՄՆ-ն էլ իր հերթին, այն էլ՝ հայաստանյան «Իսկանդերների» այդ պատմությունից հետո կցանկանար նման համագործակցություն, եթե, իհարկե, Ադրբեջանում ռազմաքաղաքական գերիշխանության հասնելու հեռանկարներ տեսներ: Առավել եւս, որ այդ դեպքում Վաշինգտոնը նաեւ Վրաստանում իր դիրքերը լրջորեն կամրապնդեր: Առավել եւս այն պահին, երբ Մոսկվայի հետ Վաշինգտոնի հարաբերությունները, ինչպես եւ սպասելի էր, գնալով միայն լարվում են, եւ բանը հասել է միմյանց հասցեին ծանրագույն մեղադրանքներ հնչեցնելուն: Այնպես, ինչպես Սիրիայում՝ Հալեպում ՄԱԿ-ի մարդասիրական օգնության ավտոշարասյան վրա մեծ աղմուկ հանած հարձակման դեպքում, երբ ԱՄՆ-ը մինչեւ իսկ պետքարտուղարի մակարդակով մեղադրեց Մոսկվային: Եվ ռուսներն էլ ոչ միայն ԱԳ նախարարի մակարդակով մեղադրանքները վերահասցեագրեցին Վաշինգտոնին, այլ նաեւ, հիշեցնելով Դեր Զորում սիրիական բանակի վրա ամերիկյան ավիացիայի վերջին աղմկոտ հարձակումը, ՄԱԿ-ի ավտոմեքենաների հետ կապված էլ օրակարգ բերեցին ռադիոլոկացիոն հետախուզության ֆիքսած ¥ինչը ստուգելը մասնագետների համար որեւէ խնդիր չէ¤ փաստերը, որ հարձակման պահին այդ հատվածում է եղել ամերիկյան գրոհային անօդաչու ինքնաթիռը: Այն դեպքում, երբ ԱՄՆ-ը մինչ այդ պնդում էր, թե Հալեպի հատվածում ոչ մի օդային գործողություն չի իրականացնում:
Ո՞վ է ճիշտ. դա էլ է շատ կարեւոր, բայց խոսքն այդ մասին չէ: Պարզապես այս իրավիճակը ֆիքսում է ռուս-ամերիկյան հարաբերություններում լարվածության նոր, գերբարձր մակարդակ, որից էլ, կարծես թե, փորձում է օգտվել Բաքուն՝ «Իսկանդերների» այդ խնդիրը չեզոքացնելու համար: Բայց խնդիրն այն է, որ եթե իրականում էլ ԱՄՆ-ն ու Ադրբեջանը գնան ռազմական կապերի խորացման, էլի բազում հարցականներ այդտեղ կմնան: Նախ՝ ի՞նչ ասել է խորացում, ի՞նչ չափով: Եթե առավելագույն խորությամբ, ապա դա տարիներ կպահանջի անգամ նախնական բանակցությունների համար: Ավելին, ամիսներ են պետք նման որոշում կայացնելու համար, եւ հենց դա էլ ամեն ինչ միանգամայն անորոշ է դարձում: Այն առումով, որ նույնիսկ երկու ամսվա կտրվածքով, երբ կլինեն ԱՄՆ-ի նախագահական ընտրությունները, որեւէ երաշխավորված բան ասելն անգամ հնարավոր չէ, էլ ուր մնաց նման ծրագրեր մշակել: Մեկ այլ օրինակ այդ պատկերը շատ ավելի ցայտուն է ցույց տալիս: Օրերս ԱՄՆ փոխնախագահ Բայդենն Ուկրաինային մեկ ուշագրավ խորհուրդ-պահանջ ներկայացրեց՝ արագորեն կյանքի կոչեք ձեր ստանձնած տնտեսաքաղաքական ռեֆորմները, հակառակ դեպքում Եվրոպան կհանի ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները. «Հիմա էլ Եվրոպայում կան նվազագույնը 5 երկիր, որոնք ուզում են ասել՝ «Մենք ցանկանում ենք դուրս գալ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներից»: Այս հայտարարությամբ Բայդենը ակնհայտորեն ակնարկում է, որ արդեն մեծ դժվարությամբ է կարողանում անգամ Եվրոպային պահել հակառուսական դաշտում: Մինչդեռ փաստն այն է, որ նախագահ Պորոշենկոն, ով նույնպես օրերս Վաշինգտոնում էր, հանդիպում էր խնդրել Թրամփից, իսկ նա նույնիսկ պատասխան չտվեց: Այսինքն՝ եթե նախագահ ընտրվի Քլինթոնը, ՌԴ-ի հետ հարաբերություններում ի՞նչ ուղղությամբ կգնա ԱՄՆ-ի թիվ 1 դաշնակիցը՝ Եվրոպան: Իսկ եթե ընտրվի Թրամփը, ապա ո՞ր ուղղությամբ կշրջվի նույն հարցով Վաշինգտոնի քաղաքականությունը: Ու քանի դեռ այս հարցերի հստակ պատասխանները չկան, ԱՄՆ-ի հետ Ադրբեջանի ռազմական հարաբերությունների խորացման թեման եւս մնում է միայն ապագայի հետ կապված «բարի» ցանկությունների հարթությունում: Ալիեւն էլ իր հերթին հազիվ թե այս պարզ հանգամանքը չգիտակցի, ինչը նշանակում է, որ նման համագործակցության մասին խոսակցությունները, գոնե այս պահին, ՌԴ-ին հասցեագրված լացակումած սպառնալիքից զատ՝ ուրիշ ոչինչ չեն նշանակում: Մինչդեռ հայաստանյան «Իսկանդերները» միանգամայն ռեալ գործոն է եւ ոչ թե ինչ-որ ակնարկ կամ սպառնալիք:
Վերջապես՝ ռուսներն էլ իրենց հերթին հազիվ թե չտեսնեն Բաքվի այդօրինակ սպառնալիքները: Իհարկե, դեռ նախընտրում են ուշադրության չարժանացնել, բայց Ալիեւի նույնիսկ ակնարկը, որ կարող է ռազմական հարաբերությունների հետագա խորացումը տեսնել Վաշինգտոնի հետ, անշուշտ, Մոսկվայի մոտ հետագայի համար զգուշավորություն կառաջացնի: 
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ռուսաստանի պատասխանն ԱՄՆ նոր պատժամիջոցներին

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА