o C     22. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻ՞Ն

23.09.2016 18:33 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՇԵՄԻ՞Ն


Վարչապետի բոլոր հրապարակային ելույթները վերածվում են թեւավոր խոսքերի «գեներատորի»: Կառավարության վերջին նիստն էլ բացառություն չէր` ասվեց «պրիմիտիվ գողությունները» դադարեցնելու անհրաժեշտության մասին: ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
Նախարարական առաջին նշանակումներն արդեն առաջացրել են եւ առաջին տարակուսանքներն ու դժգոհությունները: Այսպես, պատգամավորների միջավայրում ծավալել են կուլուարային քննարկումներ, թե ովքեր են նոր նախարարները, եւ «ինչով են նրանց ուտում»: Ու նման է, որ ԱԺ-կառավարություն առաջին իսկ հարցուպատասխանին նոր նախարարներին պատգամավորները իրոք սկսեն «ուտել», ընդ որում` ոչ միայն ընդդիմադիրները, եթե իհարկե, կանխարգելիչ ազդանշաններ չգան Բաղրամյան 26-ից: Բայց հնարավոր է եւ այդպիսի ազդանշաններ չգան, պարզապես որդեգրվի նոր ոճ` ապաքաղաքական, զուտ կառավարչական գործառույթներ կատարող նախարարների հանդեպ պատգամավորական կորպուսի մշտական նշանառություն: Սակայն, եթե նոր նախարարները քաղաքական դեմքեր չեն, ապա հարց է ծագում, թե որտեղ է մշակվելու այս կամ այն ոլորտի քաղաքականությունը: Միգուցե, դա արվելու է ԱԺ-ի՞ կողմից` խոշոր հաշվով, վատ տարբերակ չէ, առավել եւս, որ 2017-ի ԱԺ-ն լինելու է առավել մեծ լիազորություններով օժտված: Իսկ միգուցե, անկուսակցական նախարարները հետո ընդգրկվեն ՀՀԿ շարքե՞րը, առավել եւս, որ նման նախադեպեր ունեցել ենք: 
Ի դեպ, հետաքրքրական է, որ որոշ կայքեր մանրադիտակով զննում են Կարեն Կարապետյանի կենսագրությունը` ձգտելով «կոմպրոմատներ» գտնել: Սակայն Հայաստանի դաշտում ստվերային գործողությունների, գործարքների, համապատասխան կապերի եւ պարտավորությունների հետքեր պարզապես չկան: Այսինքն` որպես վարչապետ` Կարեն Կարապետյանը ինչ-որ բաներով կաշկանդված չէ: Իսկ թե ինչեր է արել ռուսաստաններում եւ այլ արտասահմաններում` դա, խոշոր հաշվով, մեր պրոբլեմը չէ: Ուհարկ է նշել, որ քաղաքացիների կողմից էլ որոշակի դրական սպասումներ կան: Արդեն տեղի ունեցած պաշտոնանկությունները հանրությունը պոզիտիվ է ընդունել, քանզի գնացողների մեջ կան դեմքեր, ում հանրությունը համարում է «մաֆիոզ»: 
Դե, իսկ այս նիստին արդեն եղան նաեւ կառուցվածքային փոփոխություններ: Այսպես, կապին եւ տրանսպորտին ավելացան նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաները, ինչը պարզապես 21-րդ դարի հրամայականն է, առավել եւս, որ դեռեւս Տիգրան Սարգսյանի օրոք բարձր տեխնոլոգիաները հռչակվել էին գերակա ճյուղ: Բացի այդ, եթե «դրսի» ծրագրավորողները Հայաստանը համարում են շատ հարմար երկիր, ուր կարելի է ապահով ապրել եւ համացանցով վաճառել սեփական ինտելեկտուալ արտադրանքը, ապա առավել եւս, տեղացիներին առավելագույնս այդտեղ չներգրավելը պարզապես հանցանք կլինի: Այսինքն` այս հինգշաբթի փարատվեց եւ բարձր տեխնոլոգիաներով զբաղվողների մտահոգությունը, թե ինչպես պետք է նոր վարչապետին համոզեն, որ այդ ճյուղը շատ կարեւոր է: Համոզելու կարիք պարզապես չեղավ: 
Էկոնոմիկայի նախարարությունը դեպի ներդրումներ եւ բիզնեսի խթանում վերակողմնորոշելը, ու դա անվան մեջ արձանագրելը նույնպես թերեւս կոռեկտ քայլ է, քանզի դա ավելի համարժեք է մեր պետությանը, որ խոշոր տնտեսական գործունեություն, որպես սեփականատեր չի ծավալում: Դե, իսկ Քաղաքաշինության նախարարությունը պետական կոմիտեի վերածելը օպտիմալացման եւ վարչական ծախսերը կրճատելու ուղղությամբ արված տրամաբանական քայլ է: Ի վերջո պարտադիր չէ, որ ամեն մի ճյուղի թիկունքում լինի նախարարություն` իր աշխատակազմով, կարող են լինել եւ ավելի կոմպակտ կառույցներ: 
Իսկ ինչի՞ են միտված այդ փոփոխությունները` դրան պատասխան տվեց Սերժ Սարգսյանը Անկախության տոնի առթիվ հնչեցրած իր ելույթում. «Այսօր մեր երկիրը բարեփոխումների նոր` արագացված փուլ է մտել: Դրանք սոսկ կադրային փոփոխություններ չեն, ինչպես ոմանք են կարծում: Դրանք համակարգային փոփոխություններ են, որոնց արդյունքում ունենալու ենք որակապես նոր պետություն: Ասվածը լոկ բարի ցանկություն չէ, այլ նախանշված հստակ քայլերի հաջորդականություն: Մենք գիտենք, թե ուր ենք գնում եւ ինչպես պետք է հասնենք այնտեղ: Եթե մի ամբողջ ազգ ուզում է նորոգել իր տունը, ապա նա դա կարող է անել: Մեզ ոչ ոք չի կարող խանգարել այդ ճանապարհին, իսկ նորացված Սահմանադրությունը կդառնա այդ ուղին լուսավորող վառ փարոս»: 

ԱԺ-ում սկսում ենք ՀՀ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների մշակման աշխատանքները. Աժ փոխնախագահ

ՈՒՐ ԵՎ ԻՆՉՊԵՍ
Եվ այսպես, նախագահը մատնանշեց, որ փոփոխությունները համակարգային են, ու նաեւ գիտենք, թե ուր ենք գնում եւ ինչպես պետք է հասնենք: Սակայն շատերի համար այնքան էլ պարզ չէ, թե ինչ է տեղի ունենալու, ավելին` շատերի մոտ որոշակի տագնապ կա անորոշության պատճառով: 
Այսպես, ՀՀԿ-ի վերնախավը իրեն մի տեսակ անտեսված է զգում անկախության տոնակատարությունների ժամանակ, եւ որոշ փորձագետներ նշում են, որ տեղի է ունենում ազդեցության նվազեցում: Բայց պարզ է, որ նվազեցվում է ոչ թե ՀՀԿ-ի` որպես կուսակցություն ազդեցությունը, այլ օլիգարխիայով եւ չինովնիկությամբ հագեցած վերնախավի ազդեցությունը: Խոշոր հաշվով, Սերժ Սարգսյանը դրա մասին հայտնել էր դեռ ՀՀԿ ԳՄ այն նիստին, ուր առաջադրվեց Կարեն Կարապետյանի թեկնածությունը` նախագահը խոսել էր եւ ՀՀԿ-ում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին: Ու թերեւս ենթադրելի է, որ փոփոխությունը գնալու է քաղաքականությունը բիզնեսից տարանջատելու ուղղությամբ եւ ԱԺ ընտրություններին առավել «մաքուր քաղաքական» վիճակներով մոտենալու: 
Իսկ թե ինչո՞ւ շատերը կոնկրետ տեղեկատվություն չունեն եւ անորոշության մեջ են` ապա դա Սերժ Սարգսյանի ոճի բաղկացուցիչ մասն է: Չէ՞ որ շախմատում հաջորդ քայլերի մասին կանխավ չեն հայտնում, այլ ճիշտ պահին դրանք կատարում են: Իսկ որ երկրի ղեկավարը քաղաքական գրոսմայստեր է` դրանում համոզվելու համար բավական է հիշել, թե ինչպես հանգուցալուծվեց ՊՊԾ գնդի զինված գրավման հետ կապված ճգնաժամը, որը հղի էր բազում  վտանգավոր հետեւանքներով: 
Ի դեպ, շատերի համար ինտրիգային է մնացել պաշտպանության նախարարի հարցը: Թեեւ սպասվում էր, որ հոկտեմբերին հենց Սեյրան Օհանյանը պետք է ստանձներ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը, սակայն դեռ զորահանդեսի փորձերի ժամանակ նա հայտարարել էր, որ եթե ՀԱՊԿ կամ այլ միջազգային կառույց գլխավորելու առաջարկություն լինի, դա միանշանակ մերժվելու է: Ու քաղաքագետ Աղասի Ենոքյանը կարծիք է հայտնում, որ դրանով Սեյրան Օհանյանը փորձում է վերջնագիր ներկայացնել, որպեսզի մնա իր տեղում: Ինչեւէ, առաջիկա օրերին նաեւ այդ ինտրիգի պատասխանը կստանանք: 

ՆԱԵՎ 
ԸՆԴԴԻՄԱՓՈԽՈՒԹՅՈ՞ՒՆ
Եթե ՀՀԿ-ի ներսում մարդիկ անորոշություն են զգում, ապա ՀՀԿ-ից դուրս` առավել եւս: Այսպես, ՀՅԴ-ն դեռ չգիտի` գործադիրում իր լծակները կպահպանի՞, թե դրանք կնվազեն: ԲՀԿ-ն, որն ինքն իրեն ընդդիմադիր է համարում, բայց իրականում այդքան էլ ընդդիմադիր չէ, պատգամավոր Վահե Էնֆիաջյանի շուրթերով խոստովանում է. «Մենք մեր մարտավարության հետ կապված` ոչ մի քայլ չենք քննարկել առայժմ, դեռ ոչ մի բան պարզ չէ»: Ի դեպ, նույն Էնֆիաջյանը ակնարկում է, թե կասկածի տակ է դնում Վարդեւան Գրիգորյանի որդու ինքնասպանության վարկածը: Կարելի է ենթադրել, որ ԲՀԿ-ի պարագայում անորոշությունները կապված են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ, ով անկախության տոնակատարությանը Հայաստանում չէր: 
Ի դեպ, Հայաստանում չէր եւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի խոսնակն էլ մատնանշեց, որ առաջին նախագահը գերադասում է առանձին` իր թիմակիցներով տոնել սեպտեմբերի 21-ը եւ չխառնվել պետական տոնակատարությանը: Բայց հետաքրքրական է, որ Մարզահամերգային համալիրում «Անկախության սերունդ» նվագախմբի համերգի ժամանակ տեսաշարքերում բավականին շատ են երեւացել Լեւոն Տեր-Պետրոսյանի մասնակցությամբ պատմական կադրերը: Նաեւ դժվար թե պատահականություն է պետական թերթի` «Հայաստանի Հանրապետության» 1991-ի առաջին «անկախական» համարի վերատպությունը մեծ տպաքանակով, ուր, բնականաբար, Լեւոն Ակոպիչը լայնորեն ներկայացված է: Կարելի է ենթադրել, որ ՀԱԿ-ին առաջիկայում որոշակի «բոնուսներ» են սպասվում: 
Բայց, խոշոր հաշվով, ներկայիս ընդդիմությունը ունի չափազանց լուրջ համակարգային դեֆեկտ` առանց ռեալ գաղափարական ուղղվածության, գրեթե բոլորը կառչել են ապակառուցողական բանաձեւին` «դուք «քըխ» եք, մենք` պուպուշ, ձեր աթոռները մեզ տվեք»: Դրանով տառապում են գրեթե բոլորը, այդ թվում եւ բավականին մեծ ռեսուրսներ ունեցող քոչարյանական ճամբարը: Իսկ մյուսներն էլ այնքան են խրված ամերիկամետության մեջ, որ, օրինակ, չէին կարողանում հարմար ձեւակերպում գտնել, թե ինչպես քննադատեն ռուսական դրոշի առկայությունը ռազմական շքերթին, բայց չքննադատեն խաղաղապահների պարզած ՆԱՏՕ-ի երկրների մի քանի դրոշների պահը: Եվ արդյունքում դուրս տվեցին եփած հավի ծիծաղ առաջացնող տխմարաբանություններ: 
Պարզ է, որ ընտրողը չի հրապուրվի ո՛չ զուտ աթոռափոխության լոզունգով, ո՛չ էլ ռուսներին քշելու եւ ամերիկացիներին բերելու կարգախոսներով: Եթե ընդդիմադիր զանգվածները չեղած տեղից իրենց համակրանքը տվել են պետական հանցագործություն կատարած զինված խմբին, ապա պարզ է, որ անհրաժեշտ է նոր, զրոյից սարքած եւ ամբողջական գաղափարախոսությունը ծրագիր ունեցող ընդդիմություն: 
Հետաքրքիր նրբերանգներ կան Սերժ Սարգսյանի` ռազմական շքերթի ժամանակ եւ Մարզահամերգային համալիրում հնչեցրած ելույթներում: Եթե շքերթի ժամանակ շեշտադրումը Հայկի ու Բելի ճակատամարտի ժամանակներից եկող ավանդական արժեքների եւ ավանդական ընտանիքի վրա էր, ապա Մարզահամերգային համալիրում շեշտադրումները  երիտասարդությանը` անկախության սերնդին հղած ելույթում ավելի շուտ ժողովրդավարական եւ ազատական էին: Մասնավորապես. «Ինձ համար քսանհինգամյա նոր Հայաստանի ամենամեծ ձեռքբերումը, ասել եմ եւ նորից կրկնում եմ , անկախության սերունդն է: Անցած քսանհինգ տարիների ընթացքում Հայաստանում մեծացել է նոր սերունդ, որի համար Հայաստանի քաղաքացի լինելը ոչ միայն ճակատագիր է, այլեւ պատիվ: Նոր սերունդ, որ բաց է աշխարհի առաջ եւ կրթված է ավելի լավ, քան նախորդ սերունդները: Նոր սերունդ, որ քաղաքականապես գրագետ է եւ դավանում է ամենաբարձր ու համամարդկային արժեքների: Սերունդ, որի համար ազատության եւ ժողովրդավարության սկզբունքները մտածողության եւ աշխարհընկալման հիմքում են: Սա նոր սերունդ է, որ չի հանդուրժում եւ չի հանդուրժելու բռնապետության կամ ամբողջատիրության ոչ մի տարատեսակ, չի հանդուրժելու իրավունքների եւ ազատությունների սահմանափակման որեւէ քայլ: Վերջապես սա մի սերունդ է, որ պատրաստ է կռվել հայրենիքի պաշտպանության համար եւ կռվում է առյուծի նման»: 
Արդյո՞ք դա որոշակի հուշարարություն չէր երիտասարդությանը, որ  ձեւավորեն ազգային-ազատական ուժ: Ի վերջո, ազգային-պահպանողական ՀՀԿ-ից ու վերջինիս դաշնակիցներից եւ ազգային-ազատական ուժերից բաղկացած քաղաքական-կուսակցական համակարգը բավականին հավասարակշռված եւ հակակշռված կարող է լինել: Եվ արդյո՞ք այն փաստը, որ երիտասարդներից կարճ ժամանակում կազմվել է հազարհոգանոց որակյալ նվագախումբ, չի հուշում, որ կազմակերպչի առկայության դեպքում կարող են ստեղծվել եւ այլ կառույցներ, այդ թվում` քաղաքական: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

Նա­խատեսվող փոփոխությունների արդյունքում գույքահարկը զգալիորեն կբարձրանա. «Փաստ»

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА