o C     01. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հասարակությունը մշակութային քաղց է զգում». Վահագն Զաքարյան

04.05.2020 22:47 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հասարակությունը մշակութային քաղց է զգում». Վահագն Զաքարյան

Արտակարգ դրությամբ պայմանավորված մշակութային բոլոր հաստատությունները դադարեցին գործել ու գրեթե երկու ամիս է իրենց գործունեությունը տեղափոխել են առցանց հարթակ, որպեսզի արվեստասեր հանրությունը մնա տանը եւ արվեստի հետ շփվի օնլայն` ներկայացումներ դիտի, վայելի ամենատարբեր համերգներ եւ թանգարան այցելի առցանց: Արտակարգ դրության պայմաններում ի՞նչ հնարավորություններ բացահայտվեցին մշակութային կառույցներում, ինչպե՞ս կարող ենք այսօր ստեղծված իրավիճակի պայմաններում ինքնաբուխ ի հայտ եկած հնարավորություններից օգուտ քաղել նաեւ հետագայում, այս եւ այլ կարեւոր հարցերի շուրջ էլ «Իրավունքը» զրուցեց բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ դոցենտ, հանրային կապերի փորձագետ ՎԱՀԱԳՆ ԶԱՔԱՐՅԱՆԻ հետ:

Թատրոնի նախկին տնօրենը ինքնամեկուսացել է

- Արդեն ավելի քան մեկ ամիս է մեր մշակութային կառույցները նոր իրականության պայմաններում են գործում, նոր մարտահրավերների առջեւ են կանգնած եւ դժվար է այսօր որոշակի եզրահանգում անել քանի որ ստեղծված իրավիճակը դեռեւս շարունակվում է։ Այնուամենայնիվ, վերջին մեկ ամիսը ցույց տվեց, որ նախկինում, իսկապես քիչ էին օգտագործվել մշակութային կառույցների առցանց գործունեության հնարավորությունները։ Այսօր ստեղծված իրավիճակը պարտադրեց օգտագործել հանրային կապերի այդ կարևորագույն գործիքը և հատկապես սոցիալական հարթակների ընձեռած հնարավորությունները։ Ի պատիվ հայաստանյան մշակութային մի շարք կառույցների պետք է փաստել, որ լավագույնս մոբիլիզացվեցին ստեղծարար ուժերը, կարճ ժամանակում հավաքագրվեց, պատրաստվեց թվային տեղեկույթը և այն մատուցվեց հանրությանը։ Վստահաբար կարող ենք ասել, որ այս ընթացքից նկատելի օգուտ քաղեցին մշակութային կազմակերպություններից շատերը՝ մեծացնելով սոցիալական հարթակներում իրենց հետևորդների թիվը, մշակութային կառույցները պարարտ հող ունեին տուն մտնելու և իրենց մասին տեղեկացնելու, քանի որ հեռուստատեսությունը այս փուլում արագորեն չկարողացավ կողմնորոշվել։ Նույնը չենք կարող ասել ռադիոկայանների մասին, որոնք ավտոմեքենաներից վերադարձան տուն։ Ի դեպ, ռադիոյի գործունեության նմանօրինակ զարթոնք նկատվել էր նաև 1990-ականների սկզբին, երբ դեռևս մեկ ռադիոկայան էր գործում՝ Հայասատանի պետական ռադիոն և մարդիկ մեծապես վստահում էին ԶԼՄ այս տեսակին։ Այն ինչ կարողացան ինքնաբուխ ձեռք բերել մշակութային կառույցները, վերջին մեկ ամսում, կարևոր է չմարել և հետագա գործունեության համար կարևոր ազդակ դարձնել։

- Մշակույթի ոլորտում այսօր ի՞նչ թերություններ և առավելություններ ի հայտ եկան, որոնք ակնառու դարձան հատկապես այս իրավիճակում։

- Մշակութային կառույցների ինտենսիվ աշխատանքի արդյունքում, վերջին մեկ ամիսն առցանց տիրույթում մշակութային զարթոնքի ամիս դարձավ, համացանցում գերակայեց մտավորականի խոսքը, հեռահար մրցակցային դաշտ ձևավորվեց մշակութային կառույցների միջև և որ ամենակարևոր ձեռքբերումներից կարող ենք համարել մեծացավ մշակութային կառույցների միջև առցանց համագործակցությունը։ Բնականաբար, ամենամեծ թերությունն այն էր, որ թվային տիրույթում բավականաչափ նյութեր առկա չէին և այս ուղղությամբ նկատվեց նախկինում թույլ տրված բացը։ Արտակարգ դրության մեկ ամիսը մեծացրեց հանրության հետ մշակութային կառույցների հետադարձ կապը։ Մեկ անգամ ևս փաստվեց, որ հատկապես հանրային կապերի ոլորտում, մշակութային կառույցները մասնագետների լուրջ խնդիր ունեն և սա հետագա գործունեության համար առաջնային լուծում պահանջող հարց է։

- Ի՞նչ խնդիրներ ի հայտ կգան արտակարգ դրությունից հետո և որոնք կլինեն լուծման ուղիները և այս գործում մշակութային Փի Ար-ի դերը որն է լինելու։ Արդյո՞ք հանդիսատեսը չի սովորի առցանց հարթակին եւ չի հաճախի թատրոն ու համերգասրահ, կամ չի այցելի թանգարան:

Սուպեր նախարարից սուպեր փոխվարչապե՞տ

- Արտակարգ դրությունից հետո մենք նոր իրականության պայմաններում ենք լինելու բոլոր ասպարեզներում և մշակույթի ոլորտն այս առումով առավել խնդրահարույց վիճակում կարող է հայտնվել, քանի որ երկար ժամանակ մարդիկ վախեր են ունենալու մարդաշատ վայրերում գտնվելիս: Բացի այդ, մշակութային ժամանցին մարդկանց կողմից տրամադրվելիք ֆինանսական միջոցներն այլևս առավել սուղ կլինեն։ Այս իրավիճակում մշակութային կառույցները պարտադրված կլինեն առավելագույնս գրագետ ձևով կիրառել մշակութային ոլորտում կիրառվող ՓԻ ԱՐ գործիքները, որպեսզի նոր ժամանակների մարտահրավերներներին հնարավոր լինի դիմակայել։ Իրավիճակն աննախադեպ է և պետք է յուրաքանչյուր մշակութային կառույց, արդեն այսօրվանից մշակի հետագա գործունեության ռազմավարական փուլային պլանը։ Ինչ վերաբերում է առցանց հարթակին վարժվելուն և թատրոնից ու թանգարանից հրաժարվելու մտավախությանը, ապա սա իսկապես մտահոգիչ հարց չէ։ Մարդիկ բոլոր ժամանակներում կարևորելու են կանդանի շփումն արտիստի հետ, կարևորելու են թանգարան այցելությունը և առանց միջնորդավորման տեսնելու մշակութային գանձերը։ Այսօր համացանցը մեծ նվեր է տվել մշակութային կառույցներին, որից ոչ թե պետք է վախենալ, այլ օգտագործել ի նպաստ այցելուների, հանդիսատեսի թվի ավելացման։

- Ի վերջո ի՞նչ կարող է տալ առցանց գործունեության արդյունքում արձանագրված հաջողությունը և արդյոք այստեղ քողարկված վտանգներ նույնպես չկան։

- Այն ինչ արվեց վերջին մեկ ամսվա ընթացքում, մշակութային կառույցների կողմից, տվյալ փուլի համար, իսկապես, դրական մեծ քայլ էր հանրահռչակման ուղղությամբ, բայց պետք է նկատենք, որ սա ինքնաբուխ էր և գործունեության նպաստավոր պայմաններ կային։ Սրանից հետո արդեն ինքնաբուխ գործունեությամբ և բոլոր այն ՓԻ ԱՐ գործիքներով, որոնք կիրառվեցին վերջին մեկ ամսվա ընթացքում շատ դժվար կլինի էական տեղաշարժ ապահովել։ Անհրաժեշտ են նոր ու առավել բովանդակային քայլեր կիրառել մշակութային կառույցների գործունեության նկատմամբ հանրության հետաքրքրությունը պահելու և հանրահռչակման գործընթացի շարունակականությունը պահելու ուղղությամբ։ Արդեն նոր փուլում ենք և նոր ռազմավարություն է պետք որդեգրել, նոր ասելիքով, նոր ծրագրերով, հենց այսօրվանից պետք է առավել մեծ ուշադրություն դարձնել հանրային կապերի մասնագետների վերապատրաստմանը։ Ժամանակ չպետք է կորցնել, որպեսզի իսկապես հնարավոր լինի ոչ միայն դիմակայել ստեղծված իրավիճակում, այլ նաև օգուտներ քաղել։

- Մշակութային կառույցների առցանց գործունեության նկատմամբ հետաքրքրությունը արդյոք չի՞ փաստում, որ հեռուստատեսությունը հեռացել է մշակույթից և սա մեզ համար ազդակ պետք է հանդիսանա, որպեսզի հեռուստատեսության առջև նոր պահանջներ դրվեն հասարակության կողմից։

- Արդեն այս հարցին մասնակիորեն անդրադարձա և այն, որ հեռուստատեսությունը շատ է հեռացել մշակույթից փաստում են նաև վերջին մեկ ամսվա զարգացումները։ Հեռուստատեսության համար միգուցե վերջին մեկ ամիսը կարևոր վերլուծություններ անելու առիթ տա, որովհետև համացանցը նոր իրականություն է մեզ պարտադրել և հասարակությունը մշակութային քաղց է զգում։ Վերադարձ դեպի մշակույթը, մշակութային արժեքները սա պետք է առաջնահերթություն լինի հեռուստատեսության համար։ Եվ այն աշխատանքը, որն արվեց մշակութային կառույցների կողմից վերջին մեկ ամսվա ընթացքում առցանց տիրույթում տարիներ շարունակ պետք էր հեռուստաեթերում նույնպես անել։ Այլևս մարդիկ ունեն այլընտրանք և հեռուստատեսությունը պետք է գիտակցի, որ պարտավոր է գլխավոր եթերաժամանակը տրամադրել մշակութային հաղորդումներին, իրական մշակութային արժեքները հանրահռչակելուն։

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА