o C     02. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կին քաղաքական գործիչները՝ հանուն կանացի սոլիդարության 

29.04.2020 01:44 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԱԽ ԿԱՆԱՅՔ
Կին քաղաքական գործիչները՝ հանուն կանացի սոլիդարության 

Խորհրդարանում երեկ տեղի ունեցավ խայտառակ միջադեպ՝ համեմված փոխադարձ վիրավորանքներով: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ ԱԺ նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը ԱԺ ամբիոնից սկսեց պատասխանել ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանի ելույթին, սակայն, մեղմ ասած, անցավ թույլատրելիի սահմանը: Ի նշան կանացի սոլիդարության՝ մի շարք կին քաղաքական գործիչներ անդրադարձել են տեղի ունեցածին եւ իրենց աջակցությունն են հայտնել կին պատգամավորին, որոնցից մի քանիսը ներկայացնում ենք ստորեւ:
….............
Որտե՞ղ են կանանց իրավունքների մեր անձնազոհ պաշտպանները... Այն, ինչ այսօր տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովում, իրոք «նոր որակ էր»։ Սակայն ընդհանուր հայհոյախառը այս թոհուբոհի մեջ ուշադրությունից, կարծես, վրիպեց կնոջ հանդեպ բացահայտ անհարգալից վիրավորական մի արտահայտություն, որն արվեց ամբիոնից, ելույթի ժամանակ, նախապես մտածված եւ հաշվարկված. «Տիկին Սամսոնյան, ես ամուսնացած եմ, իմ մասին շատ մի խոսեք...»: Անի Սամսոնյանին  չեմ ճանաչում, սակայն վստահ եմ, որ որեւէ կին չպետք է հրապարակայնորեն ենթարկվի այսպիսի վիրավորական վերաբերմունքի։ Քաղաքական այլախոհերի հետ քաղաքական հարցերը պետք է լուծել քաղաքական հարթության մեջ։ Տիկին Սամսոնյան, ընդունեք զորակցությունս, ամուր եղեք։ Եթե ժամանակին այս նոր որակի Ազգային ժողովը կամք ցուցաբերեր եւ դատապարտեր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի հանդեպ նմանատիպ վերաբերմունքը՝ իր իսկ գործընկերոջ կողմից, գուցե այսօր ԱԺ փոխխոսնակը ցուցաբերեր զսպվածություն... Կնոջը հարգելը միայն կենացներով չի լինում։

Դուք կին ընդդիմադիր գործչի զգեստապահարանից նրա նախկին ամուսնու ձախորդության կմախքը փորփրող վարչապետ եք. Անի Սամսոնյանը՝ Նիկոլ Փաշինյանին

ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր,
«Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ նախագահ
ՆԱԻՐԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

….............
Ամերիկացի հայտնի բժիշկ եւ Նասայի նախկին տիեզերագնաց (առաջին սեւամորթ կինը, որ տիեզերք է թռչել) Մեյ Ջեյմիսոնը մի առիթով ասել է. «Երբեք թույլ մի տվեք, որ սահմանափակ ունակություններ ունեցող մարդիկ սահմանափակեն ձեզ»։ Անի Սամսոնյան ջան, թույլ չտաս, որ էժան ակնարկներով կամ ֆեյքային վիրավորանքներով սահմանափակեն այն, ինչ կարող ես ու պետք է անես։ Դա լավագույն պատասխանն է բոլորին։

ԱԺ հինգերորդ եւ վեցերորդ գումարման պատգամավոր,
«Իրավական կրթություն եւ վերահսկողություն» ՀԿ նախագահ 
ԱՐՓԻՆԵ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

….............

Երբ ԱԺ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանին իր կուսակից ընկերը գռեհիկ պատասխան էր տվել՝ մեծ աղմուկ բարձրացավ,որին հետեւեց տվյալ տղամարդու ներողությունը։ Այս անգամ, նույնպես, ԱԺ փոխնախագահը պետք է ներողություն խնդրի տիկին Անի Սամսոնյանից, եւ շատ կուզեի, որ կանանց իրավունքների մասին անվերջ թմբկահարող կանայք մի ծպտուն հանեն ու իրենց ընկերոջը կարգի հրավիրեն։ Դուք ձեզ լրիվ կորցրել եք,մի հատ հավաքեք ձեզ, ուղղակի դաստիարակությունս թույլ չի տալիս, որ ձեզ պես հայհոյանքներով խոսեմ։ Ես հասկացել եմ՝ դուք ոտատակ կտաք մեր նմաններին, եթե մենք իջնենք ձեր անդունդը, քանի որ այդ ներքեւում՝ դուք պրոֆեսիոնալ եք, իսկ մենք դրան դիմադրել չենք կարող՝փորձ չունենք։Անի ջան հետդ եմ…

Երեւանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար
ՀՌԻՓՍԻՄԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

….............

Չնայած Անիի հետ հաճախ ունեցած իմ գաղափարական անհամաձայնություններին՝ կին քաղաքական գործիչներին առնչվող հարցում պատրաստ եմ մինչեւ վերջ կանգնել Անիի կողքին ու պահանջել, որ կանանց պատասխանեն քաղաքական հարթությունում, այլ ոչ թե անձնական։ 

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր
ՇԱՔԵ ԻՍԱՅԱՆ

….............
Այսօր Ազգային ժողովում տեղի ունեցավ կանանց (տվյալ պարագայում՝ ընդդիմադիր կնոջ) իրավունքների տարրական ոտնահարում։ Ինչպե՞ս կարելի է կնոջ հանդեպ նման ոչ կոռեկտ արտահայտություններ թույլ տալ։ Հեչ սիրուն չի՛։ Այս երկրում կանանց իրավապաշտպաններ կա՞ն, թե՝ չէ։ Թե՞ ընտրողականությունն ու խտրականությունը թույլ չեն տալիս պաշտպանելու ընդդիմության կին ներկայացուցչին։ Սա վատ, շատ վատ նախադեպ է ու անընդունելի։ Կանանց հանդեպ հարգանքից ելնելով՝ իշխանական պատգամավորը պետք է հրապարակավ ներողություն խնդրի ԼՀ պատգամավոր Անի Սամսոնյանից, այլապես հակված եմ մտածելու, որ կանայք խորհրդարանական երկրի առաջին ամբիոնում անապաշտպան են ու խոցելի տղամարդ քաղաքական գործիչների կողքին ու դիմաց։ Հարգելի՛ իշխանություն, վերանայե՛ք այս գործելաոճը։ Սա այլեւս անհանդուրժելի է։

ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր
ԱՆՆԱ ԿՈՍՏԱՆՅԱՆ

….............

Ազգային ժողովում տեղի ունեցածը կանանց, իսկ այս դեպքում կին պատգամավորի իրավունքի ոտնահարում էր։ Կնոջը թիրախավորելը քաղաքական քննարկման շրջանակներում, անընդունելի է։ Քաղաքական բանավեճը պետք է ընթանա քաղաքական էթիկայի շրջանականերում։ Երբ բանավեճը քաղաքական հարթությունից տեղափոխվում է անձնական դաշտ, քննարկման առարկա դառնում է ընդդիմախոսի սեռը, ուրեմն՝ առարկայական, բովանդակային ասելիք չկար։

ԱԺ հինգերորդ գումարման մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, 
«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ 
ԷԼԻՆԱՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Անի Սամսոնյանի նախկին ամուսինը խարդախությամբ գումարներ է գրպանել․ ովքեր են տուժել․ «Ժողովուրդ»

….............

Պարկեշտությունը եւ բարեկրթությունը թանկ արժեն, ուստի՝ ամեն պատահածից դա մի ակնկալեք...

Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

ՆԱԻՐԱ ԶՈՀՐԱԲՅԱՆ

….............

Բացարձակ անթույլատրելի է կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված վիրավորելն ու հեգնախառն ռեպլիկներ նետելը: Իրեն հարգող յուրաքանչյուր ոք երբևէ նման բան չի կարող իրեն թույլ տալ:

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր

ԻՎԵՏԱ ՏՈՆՈՅԱՆ

….............

Այն, ինչ տեղի ունեցավ այսօր ԱԺ-ում առանձնապես չզարմացրեց: Ասել, թե ցավալի է ու շատ տխուր, նշանակում է ոչինչ չասել, ասել, թե քաղաքական ցածր մշակույթի դրսեւորում է, դարձյալ նշանակում է ոչինչ չասել: Այն պարզ պատճառով, որ սա քաղաքականության հետ որեւէ առնչություն չունի: Պառլամենտական երկրի ամենաբարձր ամբիոնում հայտնվել են մարդիկ, որոնք որեւէ կապ չունեն քաղաքականության ու երկրի իրական մարտահրավերների հետ: Եթե այս երկրի հետ մի քիչ մարդկային կապ ունենայիք, քաղաքակնության մասին չեմ խոսում, կհասկանայիք, որ փողոցայինի այդ վարպետության դասը խորացնում է համազգային դեպրեսիան ու հիասթափությունը: Նույնիսկ այն փողոցը, որ բերեցիք խորհրդարան, դատապարտում է կնոջ, մոր, քրոջ, աղջկա կոնտեքստում վիրավորանքը… Կարող էի այսօրվա «դեպքերի» առիթով լռել ու Կոնֆուցիուսի հանգույն հանգիստ նստել գետի ափին եւ հետեւել քաղաքական ինքնաոչնչացման այս սնանկ շքերթին: Բայց, ոչ… Այսօր ԱԺ ամբիոնից վիրավորանք է հնչել կին քաղաքական գործչի հասցեին, նրա կանացի արժանապատվությանն ու վարկին՝ հենց կին լինելու համատեքստում: Սա դատապարտելի է, եւ կարծում եմ՝ այս «մշակույթն ու վարքագիծը» պետք է գնահատականի արժանանա ՄԻՊ-ի և հատկապես հասարակության կողմից:

ՀՅԴ Գերագուն մարմնի անդամ

ԼԻԼԻԹ ԳԱԼՍՏՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА