o C     04. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Փաշինյանի խոսքերն օր օրի արժեզրկվում են թե՛ ներսի, թե՛ դրսի համար. Անդրանիկ Նիկողոսյան

24.04.2020 01:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Փաշինյանի խոսքերն օր օրի արժեզրկվում են թե՛ ներսի, թե՛ դրսի համար. Անդրանիկ Նիկողոսյան

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, թե Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներն այժմ ակտիվորեն քննարկում են ղարաբաղյան խնդրի կարգավորման նախագծեր, որոնք առաջարկվել են մեկ տարի առաջ Մոսկվայում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ: Ավելին՝ Ռուսաստանի արտգործնախարարը պնդել է, թե քննարկումների հիմքում խնդրի փուլային կարգավորման սկզբունքներն են: Այս հայտարարությունը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը, ապա իմքայլական պատգամավորները վստահ հերքեցին՝ պնդելով, թե բանակցությունների սեղանին որեւէ փաստաթուղթ չկա: Իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն, ի զարմանս ամենքի, արդեն երկու օր է լռում է այս թեմայի մասին, ավելին՝ չկան անգամ իր ամենօրյա ռեժիմով ֆեյսբուքյան լայվերը: Այս մասին «Իրավունքը» զրուցեց «Միր» միջազգային հումանիտար հիմնադրամի ղեկավար, ռուսաստանաբնակ գործիչ ԱՆԴՐԱՆԻԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻ հետ:

Օր առաջ հրաժարակա´ն տուր, կյանքումդ գոնե մի անգամ ոչ թե փախիր, այլ հեռացի´ր. Գևորգ Գևորգյանը` Նիկոլին

- Պարոն Նիկողոսյան, արդեն երկու օր է անցել ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունից, բայց ոչ ոք դեռ չի համարձակվում անկեղծ ասել՝ ի վերջո, ո՞վ է ստում:

- Լավրովին աշխարհի մակարդակով հավասարակշռված եւ ծանրակշիռ դիվանագետներից եզակի անձնավորություն կարելի է համարել: Նա նաեւ մեծ հարգանք է վայելում ու շատ մեծ դերակատարություն ունի Արցախի հիմնախնդրի լուծման տարբերակների փնտրման գործընթացների մեջ: Եթե Լավրովն անում է նմանատիպ հայտարարություն, ոչ թե դրան հակառակվել եւ շանտաժի ենթարկել է պետք, մեկնաբանել, թե ճիշտ է կամ՝ ոչ, այլ այդ ասածից պետք է կարողանանք ճիշտ հետեւություններ անել: Լավրովը գերհզոր տերության արտաքին գերատեսչության ղեկավարն է, որը չի կարող պատահական հայտարարություններ անել:

- ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ հակառակն է պնդում: Նրա խոսքից առնվազն ստացվում է, որ Լավրովն է ստում…

- Այդպիսի հայտարարությունը շատ ծանր հարված կլինի մեր հայկական դիվանագիտության համար: Գոնե պատկերացնում ե՞ն, որ իրենց հետ այլեւս լուրջ չեն խոսելու: Լավրովի հայտարարությունն ուղիղ հասցեատեր ունի, ովքեր զբաղվում են այդ գործընթացի կարգավորման խնդիրներով: Բա մի տարի է ինչի՞ մասին էին խոսում, ի՞նչ էին բանակցում: Իսկ Լավրովն ուղիղ ասաց, թե ինչի մասին էին բանակցում, մինչդեռ այս մեկ տարվա ընթացքում անընդհատ լսում ենք, թե չկան բանակցություններ: Մինչդեռ հիմա պարզվում է, որ կան բանակցություներ, ավելին՝ քննարկում են փուլային տարբերակը: Ի դեպ, դեռ մեկ տարի առաջ նույն խոսակցություններն էին գնում այդ փուլային տարբերակի մասին: Եվ եթե ուզում են ճշմարիտ լինեն Սփյուռքի, Արցախի եւ Հայաստան աշխարհի ժողովրդի հետ, ապա Հայաստանի իշխանությունները հենց այսօրվանից արդեն բաց տեքստով, պարզ եւ անկեղծ պետք է տեղեկացնեն, թե ինչ գործընթացների մասին է խոսքը:

- Իսկ Ձեր կարծիքով՝ ի՞նչ հետեւանք կունենա այս գործընթացը: Ո՞վ պետք է փուլային տարբերակով, այսպես ասած, հող հանձնի:

- Ո՛չ իշխող կուսակցությունը, ո՛չ երկրի վարչապետը, ո՛չ էլ երկրի նախագահը եւ ընդհանրապես՝ որեւիցե մեկը չի կարող այդ տեսակ լուծում տալ: Այո կամ ոչ ասողը հայ ժողովուրդն է եւ առաջնահերթ՝ Արցախի ժողովուրդը: Արցախի նորընտիր նախագահը հանդես եկավ հայտարարությամբ, որ ցանկացած հարցի լուծում առանց Արցախի չի կարող լինել: Այսինքն՝ Արցախի հստակ դիրքորոշումը բոլորին պարզ է, նախագահը բացահայտ խոսեց այդ մասին: Եվ հիմա ժամանակը չէ գործընթացների մասին վերլուծական ենթատեքստերով խոսել: Լավրովը խոսեց բանակցությունների ընդամենը մի փոքր էպիզոտի մասին: Ռուբինյանը հարցրե՞լ է Արցախի ժողովրդի կարծիքը, գիտի՞ այդ հիմնախնդրի լուծումը ինչ տարբերակով է լինելու: Նույն Ռուբինյանը պատկերացնո՞ւմ է Արցախի հիմնախնդրի լուծման փաթեթային եւ փուլայինի տարբերությունը: Եթե պայմանավորվածություն է ձեռք բերվել,  այդ ո՞վ է կանգնելու սահմանի բերանին կանգնած զինվորների առջեւ եւ հայտարարելու, որ իրենց դիրքերը, որը զինվորները համարում են սեփական հայրենիք, պետք է թողնեն, զենքերը վայր դնեն ու այդ տարածքներից դուրս գան: Ինչպե՞ս կարող են դիրքերում 24 ժամ չքնող զինվորին ասել՝ դու պետք է վաղվանից մոռանաս ամեն ինչ եւ տեղափոխվես 50-100 կմ հետ, որովհետեւ սա այլեւս մեր հայրենիքը չէ, մեր տարածքները չեն: Ինչպե՞ս է Փաշինյանը բացատրելու: Եվ, ի վերջո, այդ զինվորները հետ կգա՞ն, թե՝ ոչ, դիրքերը թողնելու բանակում չծառայած «զորավարների» հրամանը կլսե՞ն: Սա մեծ հարցական է ու ֆանտազիայի ժանրից: Չէ՞ որ չեն կարող օդում հետ դարձի հրաման տալ: Մենք չունենք մի գյուղ, որտեղ չլինի արցախյան պատերազմում զոհվածի գերազման, ինչպե՞ս են ժողովրդին բացատրելու փուլային փաթեթը: Որեւէ վարչապետ, պաշտոնյա, իշխող իշխանություն, ոչ ոք չի կարող վերցնել իր վրա այդպիսի պատասխանատվություն: Դրա համար այդ հարցի լուծման տարբերակները պետք է դրվեն հանրաքվեի: Առաջինն Արցախի, երկրորդը՝ Հայաստանի ժողովուրդը պետք է ասի՝ նաեւ պետք է հաշվի առնել Սփյուռքի կարծիքը:

- Ի դեպ, խոսեցին բոլորը, անգամ ԱԳՆ-ն եւս մի նոր հայտարությամբ հանդես եկավ, բացի վարչապետ Նիկոլ Փաշինյանից: Այս լռությունը ինչպե՞ս կբացատրեք: Կարելի՞ է ասել, որ այս դեպքում լռությունը համաձայնության նշան էր Լավրովին:  

Նիկոլն ունի երկու ճանապարհ՝ հեռանալ խաղաղ ճանապարհով (հրաժարական տալ), և այնպես, ինչպես հասավ իշխանության 2018թ. Միքայել Գրիգորյան

- Տպավորություն է, որ մեր արտաքին գործերի նախարարի խոսալն էլ չի գալիս, չգիտի՝ ինչ պատասխանի: Ձեր նշած հայտարարության մեջ սկիզբն ու վերջն էլ չի բռնում իրար: Ասում է՝ չենք համագործակցում, բայց ունենք ձեռք բերված պայմանավորվածություններ՝ հումանիտար շրջանակներում մի շարք միջոցառումներ իրականացնելու: Եվ քանի որ կորոնավիրուսի պայմաններում հնարավոր չէ իրականացնել, առայժմ անժամկետ հետաձգված է: Բա որ չեք բանակցել, այդ ի՞նչ միջոցառումներ եք իրականանցում: Էդ ո՞ւմ հետ էին պայմանավորվել, զարմանալի է: Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանին, ըստ իս, նրան խորհուրդ տվեցին, որ տվյալ պարագայում լռելն ավելի ճիշտ կլինի: Մոռանալ պետք չէ, որ գործ ունենք գերհզոր տերության եւ աշխարհի մակարդակով մեծ հեղինակություն ու համբավ ունեցող մի անձնավորության հայտարարության հետ, որի ասածները հերքելը կամ հակառակն ապացուցելն անհնարին է: Համոզված եմ՝ հակառակ պարագայում մի երկու հայտարարություն եւս կարող է շատ ավելի բաց տեքստով լինել, որից հետո որոշ դիվանագետներ կարող են մոռանալ դիվանագիտության մասին եւ ընդհանրապես, թե ինչ գործ են ունեցել այդտեղ: Այդ ժամանակ պիտի մտածեն Հայաստանից փախնելու մասին: Զգույշ է պետք է լինել, սա կարող է ծանր հետեւանքներ ունենալ եւ մեծամտության, «սամասուդ» անելու, ասֆալտներին պառկեցնելու փոխարեն՝ շատ ավելի լավ կլինի խորհուրդներ հարցնել այն մարդկանցից, որոնք անմիջական, ամբողջ կյանքով, 30 տարի զբաղվել են այդ հարցով՝ հանձինս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի: Նրանից բացի, ՀՀ-ում չունենք մարդ, որը քաջատեղյակ է եւ շատ ավելի լավ է տեղեկացված Արցախի հիմնախնդրի բանակցություններից: Էլ ո՞ւր մնացին սիրո եւ համերաշխության, միաբանության կոչերը, ունենք հստակ խնդիր, որը բոլորինս է, եւ այն պետք է լուծել: Միեւնույն է, ռուբինյանները արցախյան հիմնախնդիրը լուծող չեն: Կգա օրը բոլորս էլ կտեսնենք ու կհամոզվենք:

- ՌԴ ԱԳ նախարարը նաեւ անդրադարձել է  գազի սակագնի թեմային եւ հայտարարել, որ էներգակիների գների նման անկման պարագայում անգամ պայմանագրերով նախատեսված պարտավորությունները մնում են, այդ թվում՝ Հայաստանի ու Բելառուսի համար: Եվ նշել, որ եթե խոսում ենք դաշնակցային հարաբերությունների մասին, ապա այն պետք է դրսեւորվի բոլոր ոլորտներում՝ ակնարկելով, որ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում սկսվել է դատական գործընթացներ համատեղ ձեռնարկությունների դեմ, այդ թվում՝ «Հարավկովկասյան երկաթուղու», ինչն անհամատեղելի են դաշնակցային հարաբերություններին: Այս հայտարարությունը եւս տարբեր կերպ մեկնաբանվեց: Դուք ի՞ն չ կասեք այս մասին:

- Չկա այստեղ ենթատեքստ, ուղիղ ասված է, որ այս ամենը կապ ունի մեկ տարի առաջ համատեղ ձեռնարկությունների դեմ սկսված դատական գործընթացներով, այնտեղ կոռուպցիա փնտրելով: Սա նաեւ պատասխանն էր Փաշինյան-Լուկաշենկո համաձայնեցված համագործակցության՝ գազի գնի վերաբերյալ: Սա է իրականությունը: Բայց ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է եւ առավել քան համոզված եմ, որ ճիշտ դիվանագիտական հարաբերությունների արդյունքում Հայաստանը կարող է ունենալ ամենաէժան գազը տարածաշրջանում: Ուղղակի դրա համար պետք են խաղի կանոնները ճիշտ պահել եւ իրականացնել: Իսկ օդի մեջ, դատարկ խոսելով, թե հայ-ռուսական հարաբերությունները գտնվում է շատ արդյունավետ եւ բարձր հիմքերի վրա ու գնալով ավելի լավանալու է, իհարկե, լավ է հնչում, արդեն քանի անգամ ասվել է այդ մասին, բայց գործով պետք է զբաղվել:

- Հայ-ռուսական առկա էլ ավելի լավ հարաբերությունների մասին վստահաբար շեշտում էր հենց Նիկոլ Փաշինյանը…

- Փաշինյանն ինչ ուզում է հայտարարի, իր ասածները հենց իր կառավարությունը կյանքի չի կոչում: Դիտավորյալ, թե՝ ոչ, չգիտեմ, բայց պարզ, հստակ հայտարարում եմ՝ Փաշինյանի այդ մեծ ցանկություններն ու լավատեսությունը, թե հայ-ռուսական հարաբերությունները գտնվում են շատ բարձր հիմքերի վրա եւ գնալով ամրապնդվում են,  իր կառավարությունը չի իրականացնում: Փաշինյանի խոսքերն օր օրի արժեզրկվում են, թե՛ ներսի, թե՛ դրսի համար, ինչը տեսանալի էր նաեւ Լավրովի հայտարարության տեսքով: Հիշո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը իռոնիայով հայտարարում էր Ռուսաստանին, թե համակերպվեք՝ Հայաստանում այլեւս իրավիճակ է փոխվել: Համակերվեցի՞ն, հիմա ո՞վ ում հետ պետք է համակերպվի: 2019 թվականի ավարտին տեղի ունեցավ Մնացականյան-Լավրով հանդիպումը եւ ստորագրվեց ՀՀ-ՌԴ շրջանների զարգացման ինտեգրման ծրագիրը, որը պետք է մեկնարկեր 2020 թվականի սկզբից: Այդ համագործակցության ծրագիրը որեւէ ճյուղով սկսվե՞լ է, չկա նման բան:

«Անգամ եթե ցմահ դատապարտեն, հպարտության զգացումը, որ ես Հայրապետյան Ռուբենի որդին եմ, մի գրամով չի կարող պակասել». Ռաֆիկ Հայրապետյան

- Լավ, ո՞վ է խանգարում, որ կառավարությունը սկսի նորմալ աշխատել:

- Իրենք իրենց են խանգարում, ուրիշ ոչ մի խանգարող չունեն: «Սամասուդներով» զբաղվելու տեղը, պետք էր բոլորին համախմբել, բոլորի կարծիքները լսել եւ վաղվա օրվա մասին մտածել: Այդ դեպքում օր օրի արդյունքը կտեսնեինք, հակառակ դեպքում՝ գոնե ինձ համար տեսանելի չէ, թե այս իշխանությունը ուր է գնում եւ ուր է տանում մեր ժողովրդին: Անփորձությունը, ամբիցիաները, պոպուլիզմը, իրենց աշխատանքով չզբաղվելը բերել է այս կատաստրոֆիկ վիճակին, եւ սա գնալով ավելի խորանալու է՝ թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական եւ թե՛ դիվանագիտական ոլորտներում: Այս ամենից ժողովուրդը պետք է հետեւություններ անի:

- Բայց չէ՞ որ երկու տարի առաջ ժողովուրդի մի զգալի զանգված ընտրեց հենց այս իշխանությանը եւ նրա ղեկավարին:

- Ժողովուրդն ընտրելով Նիկոլ Փաշինյանին՝ նրանից ուզում էր մեկ բան, որը նա չի կարողանում տալ: Այստեղից էլ հիմա առաջացել է դիսկոնֆորտը:  Փաշինյանը երբեք չի եղել տնտեսագետ ու դիվանագետ, բայց աշխարհի համար շատ ծանր ժամանակահատվածում իրեն ճակատագրով բաժին է հասել երկրի ղեկավարումը, որն ամբողջությամբ մխրճվել է խնդիրների մեջ: Այդ խնդիրներին պետք է բաց աչքերով նայել: Այս ձեւով չի կարելի շարունակել, այս կառավարոթյունը,  այս թիմը այլեւս չեն կարող մնալ: Հույսները դրել են դրսից եկած օգնությունների վրա՞, բոլոր պետությունները ցանկացած օգնություն տալիս են ինչ-որ նպատակների համար: Աշխարհի բոլոր լուրջ պետությունները բոլոր տեղերում ամրապնդում են իրենց դիրքերը՝ իրենց շահերից բխելով: Մեզ թվում է, թե ռուսները կամ մեկ ուրիշը պետք է մտածի՞ Հայաստանում կորոնավիրուսը վերջացե՞լ է, թե՝ ոչ: Այդ մենք պետք է մտածենք մեր խնդիրների մասին եւ գտնենք լուծման տարբերակներ: Իսկ խնդիրները չի լինի լուծել օդում կախված լուրերով, երազանքներով , մի օր եկեղեցու, հաջորդ օրը դպրոցի կամ հիվանդանոցի դեմ քայլեր կատարելով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА