o C     06. 06. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչու շվեդները չեն վախենում կորոնավիրուսից․ BBC-ի անդրադարձը

02.04.2020 14:21 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ինչու շվեդները չեն վախենում կորոնավիրուսից․ BBC-ի անդրադարձը

Շվեդները սովոր են միայնակ ապրել՝ հետևելով կանոններին և ողջունելով նորարարությունը։ Կօգնե՞ն արդյոք սոցիալական այդ նորմերը կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում: BBC-ի թղթակից Մեդդի Սեվիջի հոդվածը՝ թարգմանաբար։ 

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ապաքինվել է կորոնավիրուսից․ РИА Новости

Ըստ «Եվրոստատի» տվյալների՝ Շվեդիայում բոլոր տնային տնտեսությունների կեսից ավելին մեկ բնակիչ ունի, ինչն ամենաբարձր ցուցանիշն է Եվրոպայում: Հայրական տնից դուրս գալու և առանձին ապրելու ամենատարածված տարիքը 18-19 տարեկանն է՝ համեմատած ԵՄ միջին 26 տարեկանի հետ:

Որոշ մասնագետներ կարծում են, որ այս կենսապայմանները կարող են օգնել կորոնավիրուսի տարածումը կանխարգելելուն: Ի հակադրություն, Իտալիայում և Իսպանիայում՝ համաճարակի ներկայիս թեժ կետերում, շատ ավելի տարածված է մեծ ընտանիքներով մեկ հարկի տակ ապրելը:

«Եթե մեկ հարկի տակ ընտանիքում բնակվում է մի քանի սերունդ, իհարկե, տարածումն ավելի արագ կլինի»,- ասում է Ուփսալայի համալսարանի վարակիչ հիվանդությունների պրոֆեսոր Բյորն Օլսենը: «Ստոկհոլմում, Շվեդիայի մեծ քաղաքներում միայնակ ապրող մարդիկ բազմաթիվ են, ինչը կարող է մի փոքր դանդաղեցնել վիրուսի տարածման տեմպը»:

Այլ մեկնաբաններ արդեն իսկ մատնացույց են անում այն հանգամանքը, թե ինչպես են սովորաբար իրենց պահում շվեդները հանրային վայրերում․ ընդունված է տրանսպորտում խուսափել ուրիշներին մոտ նստելուց, և անսովոր է անծանոթների հետ փոքրիկ խոսակցություններ սկսել խանութներում կամ սրճարաններում:

«Ինչ վերաբերում է սոցիալական հեռավորությանը, շվեդները դեռ մինչև կորոնավիրուսը պահպանում էին դա»,- ասում է շվեդական մշակույթի մասնագետ-հեղինակ Լոլա Ակինմեյդ Ակերստրոմը:

Շվեդները նաև սովոր են անգամ թեթև գլխացավի դեպքում տանը մնալ, ասում է նա: Դա մասամբ նաև շնորհիվ այն փաստի, որ գործատուները աշխատակիցներին խրախուսում են աշխատանքի չգալ, եթե վերջիններս ունեն  հազ կամ մրսածություն՝ աշխատատեղերում հիվանդությունների տարածումից խուսափելու համար։ Ավելին, Շվեդիան շատ երկրների համեմատ հիվանդության դեպքում բացակայելու համար լավ փոխհատուցում է:

Հավաքական պատասխանատվություն

Շվեդիայի՝ կորոնավիրուսի դեմն առնելու պաշտոնական ջանքերը հակասական են: Ի տարբերություն հարևան եվրոպական երկրների՝ Շվեդիայի իշխանությունները խուսափում են ավելի խիստ միջոցառումներից և հետևում են վիրուսի տարածումը հանգիստ և վերահսկելի եղանակով դանդաղեցնելու ռազմավարությանը՝ միևնույն ժամանակ կենտրոնանալով խոցելի խմբերի պաշտպանության վրա:

Սա նշանակում է, որ մինչև 16 տարեկանների համար բաց են մնում դպրոցները, ինչպես նաև խանութների մեծ մասը: Պանդոկներն ու ռեստորանները դեռևս գործում են՝ առաջարկելով նաև առաքման ծառայություն. արգելվել են միայն ավելի քան 50 մարդու համար նախատեսված բոլոր միջոցառումները:

Կառավարությունը մարդկանց հորդորել է հետևել իշխանությունների խորհուրդներին և կամավոր կոլեկտիվ պատասխանատվություն վերցնել կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու համար։ Հնարավորության դեպքում աշխատել տնից, ինքնամեկուսանալ, եթե հիվանդ եք կամ 70 տարեկանից բարձր, ինչպես նաև խուսափել բոլոր ոչ խիստ անհրաժեշտ ճանապարհորդություններից:

«Մենք՝ մեծահասակներս, մեզ պետք է մեծահասակների պես պահենք, զերծ մնանք խուճապ ու բամբասանք տարածելուց»,- հայտարարել է վարչապետ Ստեֆան Լյոֆվենը՝ ճգնաժամի մեկնարկից ի վեր ժողովրդին ուղղված իր առաջին հեռուստատեսային ուղերձում: «Ոչ ոք միայնակ չէ այս ճգնաժամի մեջ, բայց յուրաքանչյուր անձ լուրջ պատասխանատվություն է կրում»,- ասել է նա:

Հասարակության արձագանքը մեծապես ցույց է տալիս բնակչության վաղեմի վստահությունը պետության հանդեպ: Շվեդների մեծամասնությունը դիտել ու հավանություն է տվել վարչապետի ելույթին և հավատում է, որ երկիրը կարող է դիմագրավել ճգնաժամին, ըստ «Նովուս» հասարակական կարծիքի ուսումնասիրության ընկերության անցկացրած հարցման:

Ըստ Ստոկհոլմի հանրային տրանսպորտի վարչության՝ անցած շաբաթ մետրոյի և ուղևորատար գնացքների ուղևորների թիվը նվազել է կիսով չափ: Հարցումների համաձայն` շվեդների երեք քառորդը աշխատում է առնվազն մեկ մետր հեռավորություն պահպանել իրարից: Ստոկհոլմցիների առնվազն մեկ երրորդը տնից է աշխատում, իսկ ըստ քաղաքային խորհրդի կողմից ֆինանսավորվող Stockholm Business Region ընկերության՝ մայրաքաղաքի խոշորագույն ընկերությունների դեպքում այդ թիվը գերազանցում է 90 տոկոսը: Շվեդները այլ երկրների բնակիչների նման խուճապային գնումներ չեն կատարում:

Բայց ոչ բոլոր շվեդներն են վիրուսը լուրջ ընդունում: «Ես տեսնում եմ, որ դեռ շատերն են ծննդյան երեկույթներ կազմակերպում՝ երբեմն ունենալով 50 հյուր, կամ այցելում ակումբներ, կարծելով, որ որևէ խնդիր չկա» - ասում է Ստոկհոլմի բնակչուհի Կասյա Վիկինգը: 

Թրամփը բացատրել է, թե ինչու է ԱՄՆ-ն թոքերի արհեստական օդափոխության սարքեր ուղարկում այլ երկրներ

Մի մաթեմատիկոս մեղադրել է իշխանություններին՝ խստագույն կանոններ չսահմանելու և այդպիսով բնակչության հետ «ռուսական ռուլետկա խաղալու» մեջ, մի քանի վիրուսաբաններ, այդ թվում՝ պրոֆեսոր Բյորն Օլսենը, Շվեդիայի իշխանություններին կոչ են անում հետևել այլ երկրների օրինակին և «փակել հնարավոր ամեն ինչ», և դա անել հնարավորինս արագ: Օլսենը համաձայն չէ Շվեդիայի հանրային առողջապահության գործակալության այն կանխատեսումների հետ, ըստ որոնց՝ բնակչությունն արագորեն ձեռք կբերի իմունիտետ։ Նա պնդում է, որ սա կարող է տևել ավելի քան մեկ տարի, և թերահավատորեն է վերաբերվում այն կարծիքին, որ ամռան տաք ամիսներին վարակը կնահանջի:

Փոխապակցված բնակչություն

Պատմությունը ցույց կտա՝ որքանով կաշխատեն Շվեդիայի գիտական և քաղաքական մոտեցումները: Բայց երբ խոսքը վերաբերում է բիզնեսի և հանրության գործունեությունը պահպանելու ամենօրյա ջանքերին, շվեդների աշխատելաոճն ու տեխնոլոգիայի հանդեպ սերը, որպես կանոն, լավ են աշխատում կորոնաճգնաժամի դեպքում:

Սկանդինավյան այս պետությունը ԵՄ-ի առաջատար թվային տնտեսություններից մեկն է։ Շվեդիայի բնակչության ավելի քան երկու երրորդն արդեն իսկ պարբերաբար աշխատում է առցանց՝ տնից, իսկ մեկ երրորդը դա անում է ամեն օր կամ շաբաթական կտրվածքով՝ ըստ Շվեդիայի ինտերնետ հիմնադրամի տվյալների: Արագ և ամենահաս ինտերնետ կապը աշխատում է սոցիալական և ձեռնարկատիրական քաղաքականության հետ համատեղ, ինչը խրախուսում է ճկուն և հեռահար աշխատանքը՝ որպես ավելի հավասարակշռված և գենդերային տեսանկյունից հավասար ապրելակերպի մաս: Ոչ ոք նույնիսկ աչք չի թարթի, եթե ծնողը աշխատանքը շուտ ավարտի և գնա երեխային մանկապարտեզից տուն տանելու. առկա է վստահություն, որ աշխատակիցը իր աշխատանքը հետագայում պարտաճանաչ կավարտի:

Սկանդինավյան SAS ավիաընկերության հազարավոր աշխատակիցների աշխատանքից ազատվելուց հետո մասնավոր հետազոտական հիմնադրամի կողմից նրանց առաջարկվել է լրացուցիչ բուժաշխատողական դասընթացներ անցնել, որպեսզի կարողանան աջակցել հիվանդանոցներին: Բեռնատարներ արտադրող Scania ընկերության աշխատողները աջակցում են բժշկական մի ընկերության` ռեսպիրատորներ արտադրելու գործում, իսկ սուպերմարկետները ակտիվորեն աշխատանքի են վերցնում հյուրանոցների և գիտաժողովների անցկացման վայրերի աշխատակիցներին, որոնք կրճատման հետևանքով կորցրել են աշխատանքը:

Ապագա՞ն

Թե ինչ կլինի հետո, իհարկե, կախված է վիրուսի տարածման աստիճանից. Շվեդիայի հանրային առողջապահության գործակալությունը նախազգուշացրել է, որ սկանդինավյան այս երկրի համար ամենադժվարինը դեռ առջևում է:

Մտավախություններ կան այն մասին, թե արդյոք հիվանդանոցները պատրաստ են բավարարել մահճակալների և ինտենսիվ թերապիայի սարքավորումների պահանջարկը, մինչդեռ վերջին քննարկումները կենտրոնանում են այն բանի վրա, թե որքանով է իշխանություններին հաջողվում հաղորդել կարևոր տեղեկատվությունը: Որոշ փորձագետներ կոչ են անում ավելի կոնկրետ ցուցումներ տալ այն մասին, թե ինչպես պետք է մարդիկ ապրեն իրենց կյանքը:

«Սա իսկապես կարող է ազդել շվեդների վրա»,- ասում է Քրիստոֆեր Քերինջերը, որը բոլորովին վերջերս ինքն է անցել մենակեցության. «Ամեն տարի գարնանը, երկար ձմեռվանից հետո բոլորն են ձգտում արևի լույսի և բուռն սոցիալական շփումների, ուստի դրա բացակայությունը կարող է տխուր կողմնակի հետևանքներ ունենալ»:

Այս ամենի ֆոնին՝ Շվեդիայի վստահությունը, տեխնոլոգիաները և թիմային աշխատանքը շարունակում են լինել երկրի արժեքավոր ակտիվները, բայց նմանատիպ ճգնաժամի պայմաններում ոչնչում լիովին վստահ լինել չենք կարող:

Հոդվածի բնօրինակը՝ Could the Swedish lifestyle help fight coronavirus?

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА