o C     18. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ  ՄԵԿՆԱՐԿՈՒՄ  ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ  ԵՐԿՐՈՐԴ ՔԱՌՈՐԴ ԴԱՐԸ

20.09.2016 19:31 ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ  ՄԵԿՆԱՐԿՈՒՄ  ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ  ԵՐԿՐՈՐԴ ՔԱՌՈՐԴ ԴԱՐԸ


Հոբելյանական ռազմական շքերթի փորձն իսկ արդեն իր դրական հետքը թողել է: Միանգամից այդ մասշտաբով տեսնել սեփական զինուժի զորությունը, այդ թվում` նորագույն տեխնիկան, բնականաբար, հոգեբանորեն ապահովության տպավորություն է ստեղծում: Առավել եւս, որ «Իսկանդեր» համակարգերի ցուցադրությունը արդեն նաեւ հակառակորդի մոտ է ցրում կասկածները, թե արդյո՞ք այդ զինատեսակը մենք իրոք ունենք, եւ դա պատկանում է հենց մեր զինված ուժերին: ՆՈՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԵՎ ՆԵՐՔԱՂԱՔԱԿԱՆ 
ԴԱՇՏՈՒՄ
Անշուշտ, «Իսկանդեր» համակարգերը նոր չէ, որ ի հայտ են եկել: Սակայն այժմ դրանք ոչ միայն ցուցադրվեցին, այլեւ տրվեց ամբողջական տեղեկատվություն` ինչպես ծագման, այնպես էլ պատկանելության մասին: Ի դեպ, տեսանյութերում նաեւ պարզ երեւում էր, որ այդ ահարկու զինտեխնիկայի անձնակազմը հայկական է: Իսկ թե ռազմական առումով դա ինչ է նշանակում` ընթերցողը կարող է վերցնել քարտեզը եւ կարկինը, քարտեզի վրա ընտրել ցանկացած կետ` Գյումրիից մինչեւ Հորադիս, եւ կարկինով տեսնել, թե 500 կմ շառավիղն ուր է հասնում... 
Այն, որ ադրբեջանական քարոզչամեքենան լալկվել է եւ վերջին հույսը դրել Խրամչիխինի պես անլուրջ ստախոսների վրա, դա բնական է: Սակայն տարատեսակ խրամչիխիններին եւ օղլուներին քարոզչական օգնության շտապեցին մեր տիգրանխզմալյանները` վայնասուն դնելով, որ, միգուցե, հրթիռները իսկական չեն, միգուցե, համալիրը լիարժեք չէ եւ հասցնում է «ընդամենը» 280 կմ, միգուցե, այդ մարտական մեքենաներից յուրաքանչյուրում նստած է նաեւ Պուտինի կլոնը, որ հանկարծ չթողնի Ադրբեջանի դեմ կիրառել: Ինչեւէ, զառանցանքները թողնենք զառանցողներին, եւ ընդամենն արձանագրենք, որ անգամ զուտ ցուցադրությունը արդեն իսկ լուրջ կանխարգելիչ նշանակություն ունի: Իսկ տեղյակ մարդիկ ասում են, որ սեպտեմբերի 21-ի շքերթի ժամանակ նորանոր անակնկալներ էլ կտեսնենք: 
Իսկ ինչ վերաբերում է այս կիրակի բազում համայնքներում անցած ՏԻՄ ընտրություններին, ապա թեեւ միայն Գյումրվա եւ Վանաձորի ընտրություններն են լինելու պաշտոնապես բազմակուսակցական, սակայն արդեն իսկ բազմակուսակցականության շունչը զգացվեց: Բնականաբար, համայնքների գերակշիռ մասում հաղթեցին ՀՀԿ-ի ներկայացուցիչները, սակայն ողջունելի է, որ ընդհուպ գյուղական ավագանու մակարդակը, ընդդիմադիրները վերջապես մասնակցեցին: Եվ ընդհանուր խորհրդարանական համակարգի առանձնահատկություններից մեկը իրեն զգացնել տվեց` հաղթողները շատ էին, իսկ տարատեսակ խախտումները` համեմատաբար քիչ: Ճիշտ է, տեղերում կան բթամիտներ եւ լկտիներ, ովքեր ավելի լավ հասկանում են ոչ թե համոզելու, այլ քրեական օրենսգրքի լեզուն, սակայն օպերատիվորեն նաեւ ձերբակալությունների փաստերը թերեւս դաս կլինեն:  Իսկ ինչ վերաբերում է հաղթող զգալուն, ապա իրենց հաղթանակներն ունեն ե՛ւ ՀՅԴ-ն, ե՛ւ ՕԵԿ-ը, ու համայնքներից մեկում էլ Նիկոլ Փաշինյանի կուսակցության ներկայացուցիչն ընտրվեց գյուղապետ: Իրենց գոհունակությունը արտահայտեցին նաեւ օսկանյանականները` որպես հաջողություն արձանագրելով, որ ավագանիներ ունեն, դա համարելով լավ հիմք Գյումրիի եւ Վանաձորի ընտրությունների, իսկ այնուհետ` ԱԺ ընտրությունների համար: Թող զարմանալի չթվա անգամ այն, որ զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը իր 257 քվեով գրավեց 3-րդ տեղը, նրա հարազատները համարեցին հաջողություն: Կարճ ասած, ՏԻՄ ընտրությունների այս փուլը ավելի շատ պոզիտիվ լույսի ներքո ընկալվեց մասնակիցների կողմից: 
Սակայն հետագա ներքաղաքական գործընթացների վրա բավականին շոշափելի ազդելու է նոր վարչապետի եւ նոր կառավարության գործոնը: 

​​​​​​​«Սա մարտահրավեր է ուղղված պետականությանը, հետեւապես եւ ազգի լինելիությանը»

ԻՆՉ ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍՊԱՍԵԼ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՀՐԱՊԱՐԱԿԻՑ
Թերեւս, Անկախության 25-ամյակի տոնակատարություններից հետո մենք կիմանանք եւ ինչպիսին է լինելու կառավարության կազմը: Խոսակցություններ են պտտվում, որ կարող է փոխվել ընդհուպ 80-90 տոկոսը: Սակայն այստեղ առավել կարեւորը սկզբունքն է` գործադիր իշխանություն ձեւավորելու խաղի հին կանոնները չկան, իսկ նոր կանոնների մասին թերեւս բացի նախագահից ու վարչապետից, ոչ ոք առանձնապես տեղյակ չէ: 
Սակայն այս կարճ ժամանակահատվածում արդեն կարող ենք պատկերացում ունենալ նոր վարչապետի ոճի մասին: Այսպես, ՀՅԴ-ն բավականին խանդով ընկալեց նախարար Արծվիկ Մինասյանի հասցեին հնչեցրած քննադատությունը: Թերեւս, ոչ թե այն պատճառով, որ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն հուշագրի վրա սկսել են կասկածել, այլ այն, որ դաշնակցական նախարարներին տրվող գնահատականները կարող են ազդել ՀՅԴ-ի արդյունքների վրա ԱԺ ընտրություններին: 
Բնականաբար, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների վերանայման հնարավորության վերաբերյալ վարչապետի տված հանձնարարականը, այն էլ` ձմռանն ընդառաջ, նույնպես իր մեջ պոզիտիվ լիցք է պարունակում: Անշուշտ, այդպիսի պահերը ԱԺ ընտրություններին օգտակար կլինեն ՀՀԿ-ի ցուցակի համար: 
Իսկ որպեսզի պատկերացում կազմենք կադրային քաղաքականության մասին, ապա արդեն իսկ տեսնում ենք, որ նա աշխատանքից ազատել է Դերենիկ Դումանյանի որդուն եւ Հրանուշ Հակոբյանի եղբորը, կառավարության աշխատակազմում նշանակումներում հաշվի չի առնում ոչ մեկի ազգակցական եւ խնամիաքավորական կապերը: Ու նաեւ հետաքրքիր է այն անձը, ում նա հրավիրեց որպես գլխավոր խորհրդական: Գագիկ Մարտիրոսյանը Հայաստանի գործադիր իշխանության համակարգում աշխատել է դեռեւս 1980 թվականից, 1995-ին` որպես էներգետիկայի նախարար նախաձեռնել եւ բավականին սեղմ ժամկետում կյանքի էր կոչել շուրջօրյա էլեկտրամատակարարումը, իսկ 2008-ին տեղափոխվելով Ռուսաստան ITERA International Energy L.L.C-ում փոխնախագահն էր, իսկ այնուհետ` Սանկտ Պետերբուրգում «Կապի նորարարական համակարգեր» ԲԲԸ խորհրդի նախագահ: Ընդ որում, Ռուսաստանում էլ նա գնահատվել է, քանզի նաեւ այդ երկրի պետական պարգեւներ է ստացել: Կարեն Կարապետյանն էլ նրա հետ առնչվելու ու նրան ճանաչելու առիթներ ունեցել է` ինչպես Հայաստանում, այնպես էլ Ռուսաստանում, ու թերեւս պատահական չէ, որ առաջարկել է Սանկտ Պետերբուրգից գալ գլխավոր խորհրդականի պաշտոնում: 
Իսկ թե ինչպիսին կլինի նախարարական կազմը` թերեւս կարող են եւ անակնկալներ լինել, նոր վարչապետի ոճն արդեն երեւում է: Բայց, անշուշտ, լրատվական դաշտում շրջանառվող լուրերը, «հավաստի աղբյուրներին» հղումները առայժմ պետք է համարել հիմնականում տարբեր լոբբիստական խմբերի գործունեության արգասիք: Ինչեւէ, առայժմ հիմնականում գերակշռում է նրա դրական ընկալումը եւ դրական սպասելիքները, զգացվում է նաեւ, որ համացանցում էլ նրա PR-ի վրա աշխատող գրագետ թիմ կա, բայց նաեւ պարզ է, որ կառավարության կազմը հրապարակելուց հետո արդեն դժգոհ մնացածները կսկսեն հարձակումներ գործել: Իսկ այս պահին դեռեւս առաջնորդվում են հարաբերությունները կանխավ չփչացնելու սկզբունքով: 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА