o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Եվ կորոնավիրուսը կջնջի բոլոր հետքերը

25.03.2020 17:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Եվ կորոնավիրուսը կջնջի բոլոր հետքերը

Եվ այսպես, թեեւ կորոնավիրուսային արտակարգ դրության ուժեղացված փուլն ընթացքի մեջ է, սակայն այդպես էլ հասկանալի չի դառնում, թե այս հերթական քայլերով ինչի է ուզում հասնել պարետն ու կառավարությունը։ Վիրուսի հետագա չտարածմա՞ն։ Բայց, եթե պահանջվում է, որ առավելագույնը երկու մարդ իրար հետ շփվեն,  քայլեն կամ, որ փողոց դուս եկող ամեն մեկն ինքն իր համար գրի, թե ուր է գնում ու ինչու, դա ինչո՞վ է նպաստելու կորոնավիրուսի չտարածվելուն։ Ենթադրենք` երկու մարդ իրար հետ քայլում են փողոցով, իսկ նրանցից մեկը վարակակիր է ու ինքն էլ չգիտի։ Գոնե կողքինին կվարակի՞․ անշուշտ։ Օրվա ընթացքում այդ երկուսը քանի՞ նման երկուսների հետ կշփվեն ու կվարակեն, եւ դա ինչքա՞ն կծավալվի շղթայական ռեակցիայով։ Արդյունքում, եթե մարդիկ երեքի փոխարեն երկու հոգով քայլեն, երաշխավորվա՞ծ է, որ վիրուսը չի տարածվի․ ոչ։ Կամ որոշել են, որ տարեցներն առավոտյան որոշակի ժամերին դուրս գան, խանութ գնան եւ այլն։ «Ամեն առավոտ 10։00-12։00-ը մեր տատիկ-պապիկների առեւտրի ժամն է։ Մնա՛ տանը, պահպանի՛ր նրանց առողջությունը»,- հաղորդագրություն է տարածել պարետ Ավետյանը։ Լավ պարետ ջան, քո թանկ խաթեր համար ու հանուն մեր տատիկ-պապիկների չե՛նք գնա։ Բայց, խնդրում ենք, նաեւ տրամաբանությունը բացատրեք․ եթե կոնկրետ ժամերի միայն կոնկրետ տարիքային խմբերի անդամները գնան խանութ, դա ինչպե՞ս է նպաստելու տվյալ խմբի առողջության պահպանմանը։ Մինչդեռ, որ դա որեւէ էական էֆեկտ չի տալու, կարելի է ենթադրել։ Բանն այն է, որ վիրուսը տարիքային խումբ չի հարցնում․ եթե մեկը վարակված է, կարող է մյուսներին վարակել անկախ տարիքից։ Այսինքն, եթե տարեց անձը խանութ մտնի վարակված այլ տարեցի հետ, կվարակվի։ Եթե մտնի վարակված երիտասարդի հետ, էլի կվարակվի։ Իսկ պարետին հուշենք․ մի շարք երկրներում տարեց անձանց առավոտյան ժամերին առեւտրի արտոնյալ իրավունք են տվել ընդամենը հարմարավետության եւ ոչ թե՝ «նրանց առողջությունը պահպանելու» համար։ Ու եթե Հայաստանում դա վերածել են առողջական՝ վիրուսի չտարածման միջոցառման, ընդամենը այն տպավորությունն է, որ փորձում են ցույց տալ, թե՝ տեսեք, աշխատանքներ ենք կատարում, ինչ-որ ծրագրեր ունենք։ Նույն տպավորությունն է ստեղծում նաեւ մարդկանց տեղաշարժի աղյուսակներ լրացնելու պարտադրանքը, որն այդպես էլ հասկանալի չէ, թե ինչպես է նպաստելու վիրուսի չտարածվելուն։

Կորոնավիրուսը ԶԼՄ-ների և ընդդիմության վրա ճնշումներ գործադրելու պատրվակ է դարձել

Ի դեպ, այսօր հերթական սկանդալային հայտարարություններով հանդես եկավ նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, եւ, ըստ էության, խոսքը նույն մտքին տարավ՝ կորոնավիրուսի կանխարգելման ու դրա տնտեսական հետեւանքների հետ կապված պետական քայլերն առնվազն թույլ են։ Ավելին, Ծառուկյանը պարզ ակնարկեց, որ այդ քայլերն ի սկզբանե էին այդպիսին։ «Եթե ներս է մտել (կորոնավիրուսը Հայաստան- Հեղ․), մի դեպքում հարսանիք է եղել, մի դեպքում՝ նշանդրեք, մի դեպքում 500 հոգանոց կոլեկտիվ, շփվելով համատարած տարածվել է: Ես հենց սկզբից ասել եմ, որ դժգոհ եմ մոտեցումից: Բոլոր սահմաններին պետք է թեստեր լինեին, օդանավակայանում, Հայաստանի մուտքերին, հիվանդանոցներում․․․»,- հայտարարեց Ծառուկյանը: Իմաստը հետեւյալն է՝ իշխանությունները պնդում են, որ վիրուսը Հայաստանում տարածվել է երկու հիմնական օջախների միջոցով, որոնք ստեղծվել են Իտալիայից եկած էջմիածինցի կնոջ եւ Լֆիկի օբյեկտ ժամանած իտալացի մասնագետի պատճառով։ Այն դեպքում, երբ առաջին դեպքը՝ Իրանից ժամանած վիրուսակիր քաղաքացու պատմությունն արդեն իսկ պետք է ահազանգ լիներ, որ կա Հայաստան մուտքի թույլ օղակ, վարակվածը կարողանում է մուտք գործել երկիր (մենք եւս դա բազմիցս ահազանգել ենք, իսկ նման մտահոգությունների պատասխանն Արսեն Թորոսյանի պնդում էր, թե՝ կորոնավիրուսը, որպես այդպիսին, շատ վտանգավոր վիրուս չի համարվում եւ շատ հատուկ միջոցառումների կարիք չկա, ու մեկ էլ Նիկոլի «թու-թու-թու»-ն)։ Այսինքն, եթե ունենայինք նորմալն նախարար ու վարչապետ, անմիջապես շտկվեր բացը, երկիր մուտք գործողները, ինչպես ասում է Ծառուկյանը, սահմանային անցակետերում, այդ թվում՝ օդանավակայանում ենթարկվեին պարտադիր թեստավորման, հստակ պարզ լիներ մարդիկ վարակված են, թե՝ ոչ, այդ երկու օջախները չէինք ունենա․ համենայնդեպս, թույլ չտալու հավանականությունը կլիներ շատ ավելի մեծ։ Նշանակում է, որ մեր պետական այրերը դեռ այդ սկզբնական փուլից ցույց տվեցին, որ վիրուսի դեմ պայքարի միջոցառումների մասին առնվազն թերի մոտեցումներ, պատկերացումներ կամ մասնագիտական կարողություններ ունեն։ Իսկ ահա ներկայիս ոչ պակաս անհասկանալի քայլերն էլ գալիս են հուշելու, որ ընթացքում էլ չեն կարողացել սովորել՝ հստակ, մարդկանց համար հասկանալի ու նպատակաուղղված գործեղություններ կատարելու համար։ Ավելին, հենց դա ցույց տվեց նաեւ մարտի 24-ի Նիկոլի ելույթը, որով նա տեղեկացնելով, որ վիրուսն արդեն կա հայաստանյան մի շարք մարզերում, այսինքն՝ ունեցել է աշխարհագրական ընդլայնում, նաեւ ընդգծեց․ «Մարտի 23-ի ախտորոշումների վերլուծությունը սակայն ցույց է տալիս, որ Երեւանի արտադրամասի ճյուղը հնարավոր է մեզ համար անվերահսկելի զարգացում է ունեցել»: Այսինքն, թեեւ իշխանություններին տրամադրված է բոլոր միջոցները, այդ թվում՝ արտակարգ դրությունը, սակայն անգամ այդ իրավիճակում ունեցել ենք վիրուսի «անվերահսկելի զարգացում»։ Իսկ դա կարող է ունենալ մեկ բացատրություն՝ իշխանություններին տրված մինչեւ իսկ հավելյալ լծակներն են առնվազն ոչ լիարժեք օգտագործվում։ 

Ասենք, դա էլ էր սպասելի։ Եթե վերցրել ու արտակարգ դրությունը դարձրել են լրատվամիջոցներին լռեցնել փորձող մահակի, ու այնքան ապաշնորհ ձեւով, որ մինչեւ իսկ Եվրոպայից պաշտոնական մակարդակով ամենակոշտ քննադատությունը եկավ, ակամա գալիս ես այն մտքին, որ իշխանությունների ողջ ուշքն ու միտքը տեղեկատվական անցանկալի արտահոսքեր թույլ չտալն է։ Սակայն եթե վստահ լինեին, որ իրականացնում են հստակ եւ նպատակաուղղված քայլեր, թաքցնելու բան չունեին, հակառակը պետք է, որ լիներ՝ շահագրգռված կլինեին, որ լրատվամիջոցներն ազատորեն խոսեին։ Ուրեմն, ի՞՞նչ են ուզում թաքցնել։ Վստահ ենք, որ կորոնավիրուսն այստեղ գործ չունի․ կրկնել ու կրկնում ենք, այս վիրուսն ավելին չարժե, քան սովորական գրիպը։ Բայց, եթե Ծառուկյանը սկսել է ամենօրյա ռեժիմով նման ծանր հրետակոծության ենթադրել իշխանություններին, կարելի է ենթադրել, որ անկախ նրանից, թե ինչ խաղ է ընթանում, այն մոտեցել է կուլմինացիային։

Ս․Աբրամյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА