o C     03. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

НЕ ТУ СТРАНУ НАЗВАЛИ ГОНДУРАСОМ

24.03.2020 20:36 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
НЕ ТУ СТРАНУ НАЗВАЛИ ГОНДУРАСОМ

Եվ այսպես, համավարակի կապակցությամբ մեկ ամսով արտակարգ դրություն է սահմանվել նաեւ հարեւան Վրաստանում, սակայն վարչապետ Գեորգի Գախարիան հատուկ շեշտել է, որ արտակարգ դրությունը չի վերաբերում լրատվամիջոցներին եւ լրագրողներին, եւ միակ պահանջն է նրանցից` հետեւել սեփական անվտանգությանն ու առողջության պահպանման կանոններին: Բնականաբար, Հայաստանում լրագրողների մոտ դա միանգամից նախանձ շարժեց, եւ ծառացավ հարցը` իսկ էլ ո՞վ է վարակի առնչությամբ սահմանել սահմանափակումներ լրատվամիջոցների համար:

Թրամփը վետո է դրել արտակարգ դրության ռեժիմը չեղարկելու Սենատի որոշման վրա

 

ՄԵՆՔ, ՌՈՒՄԻՆԻԱՆ ԵՎ ՀՈՆԴՈՒՐԱՍԸ

Ավաղ, հարցի պատասխանը տխուր է` բացի Հայաստանից համավարակի առնչությամբ խոսքի ազատության սահմանափակումներ սահմանել են միայն Ռումինիան եւ Հոնդուրասը: Եվ քաղաքացիական ազատությունների սահմանափակման առումով ժամանակ առ ժամանակ սեփական երկիրը Հոնդուրասի հետ համեմատելը այժմ, ավաղ, իրականություն է դարձել բառացիորեն, տառացիորեն: Կան երկրներ, ուր ոչ թե արտակարգ, այլ ռազմական դրություն է սահմանված, եւ բանակի օժանդակությամբ են իրագործվում համավարակի դեմ պայքարի խիստ միջոցառումները, սակայն այդ երկրներում էլ ո՛չ մամուլի, ո՛չ էլ  սոցցանցերի համար լրացուցիչ սահմանափակումներ չեն մտցվել: Իսկ մեզանում եղածը քիչ էր, դեռ մի բան էլ տուգանքներ սահմանվեցին լրատվամիջոց չհանդիսացող ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար այնպիսի տեղեկատվության տարածման համար, որը վարչախումբը կարող է հույժ սուբյեկտիվորեն գնահատել որպես խուճապահարույց: Իսկ սուբյեկտիվությունը հասնում է բացարձակ աստիճանի, քանզի, չնայած լրագրողական համքարության ու քաղաքացիական հասարակության հարցադրումների եւ պահանջների, մինչեւ հիմա չունենք ոչ չափորոշիչներ, ոչ էլ որոշակիացված է  դրանց կիրառումն իրականացնող պետական լիազոր մարմինը: Ոմանք այս կամ այն հրապարակումը հեռացնելու հրահանգ ստանում են որեւէ ոստիկանական սպայի ստորագրությամբ, ոմանք էլ նույնիսկ հեռախոսով հենց «ֆեյքաբուծարան» անվանված հայտնի ՊՈԱԿ-ից հրահանգ են ստանում: ԱԺ-ն էլ միաձայն քվեարկությամբ ընդունեց այնպիսի հրատապ իրավանորմեր, որոնք հոնքը շինելու փոխարեն աչքն էլ հանեցին: Ինչպես արձանագրում է իրավագետ Գոհար Մելոյանը. «Ըստ էության, վերջին օրերին ԶԼՄ-ների եւ քաղհասարակության կողմից այդքան բարձրաձայնված եւ դատապարտելի խոսքի ազատության իրավունքի սահմանափակման կառավարության որոշման անորոշ կարգավորումներին լուծում տալու եւ դրանք որոշակիացնելու փոխարեն, ինչն իրավական տեսանկյունից հնարավոր էր օպերատիվ կերպով կազմակերպել, ընտրվում է սահմանափակումների ընդլայնման ճանապարհը` օրենսդրության պահանջների թե՛ տեխնիկական, թե՛ բովանդակային խախտումների ուղեկցմամբ»:

Տպավորությունն այնպիսին է, որ այդ նոր «իրավանորմերը» ներմուծեցին այն բանից հետո, երբ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը հայտնի հասցեով ուղարկեց իր ֆեյսբուքյան գրառումը հեռացնել պահանջող ինքնակոչ գրաքննիչներին, եւ այդ նույն գրաքննիչներն արդեն ընկել էին Բագրատյանի գրառումը հրապարակած կայքերի հետեւից: Ու թերեւս շատ տրամաբանական է ենթադրությունը, որ որոշակիություն եւ համաչափություն չի սահմանվում, որպեսզի հնարավոր լինի ցանկացած կամայականություն:  Ի դեպ, շատ ուշագրավ է եւ Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» խմբագրականը, որի ոճը շատ նման է հենց Նիկոլի ոճին: Դա չի վրիպել քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի աչքից. «Հենց առաջին պարբերության մեջ անհայտ հոդվածագիրը (Նիկոլ Փաշինյան) բացահայտում է Հայաստանում արտակարգ դրություն հաստատելու եւ ԶԼՄ-ների դեմ սահմանափակումներ կիրառելու իրական նպատակը, գրելով «նույնիսկ «բիրիքով» ձեռք բերած լրատվամիջոցները չեն կարողանում նորմալ աշխատել` կապված ԶԼՄ-ների նկատմամբ կիրառվող սահմանափակումների հետ, եւ այդ ամենը, հասկանալի է, նյարդայնացնում է նրան»: Փաստորեն, հոդվածագիրը ոչ միայն խոստովանում է Հայաստանում ԶԼՄ-ների դեմ սահմանափակությունների գոյության մասին, այլեւ հաստատում է, որ դրա հիմքում ընկած է ոչ թե կորոնավիրուսի հետ կապված խուճապի կանխումը, այլ ոմանց «նյարդայնացնելը»:

ԻՆՉԻ ԵՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒՄ ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Ի դեպ, ԱԺ-ի ընդունած փաթեթի մեջ նաեւ անդրադարձ կա մեկուսացման եւ ինքնամեկուսացման կանոնների խախտմանը, եւ ձեւակերպումներն այնպիսին են, որ թույլ են տալիս  մարդկանց դատապարտել ազատազրկման անորոշ ու կիսատ-պռատ կանոնների խախտման համար: Արդյո՞ք ապաշնորհության պատճառով վատ է ձեւակերպվել, թե էլի միտումնավորություն է: Կարծում ենք` առկա է ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը: Չէ՞ որ որոշակիության եւ  համաչափության բացակայությունը վախ սերմանելու գործիք է: Արդյո՞ք անհիմն է այն ենթադրությունը, որ քայլասերվածների վարչախումբը ձգտում է ոչ միայն բարդացնել լրագրողների կյանքը` նրանց աշխատանքը դարձնելով ականապատ դաշտով քայլելու պես մի բան, այլեւ վախեցնել շարքային քաղաքացիներին: Որպեսզի քաղաքացին չիմանա` ֆեյսբուքյան իր ո՞ր գրառման համար հանկարծ կարող են իրեն կամայականորեն պատժել: Նաեւ չիմանա` տնից դուրս գալը, կամ ինչ-որ մի տեղ գնալը արդյո՞ք չի համարվի վարչական իրավախախտում կամ քրեական հանցանք: Անշուշտ, քաղաքացիների ֆիզիկական շփումների ողջամիտ սահմանափակումներ եւ ինքնասահմանափակումներ պետք են, սակայն հայտնի է, որ մեկուսացված ապրելը հոգեբանորեն ճնշում է մարդուն: Բայց այստեղ էլ մեր քաղաքացիներն ունեն որոշակի առավելություն, այսպես կոչված, «հաջողակ» երկրների բնակիչների նկատմամբ: Բանն այն է, որ բանակում ծառայած գրեթե ցանկացած երիտասարդ շատ լավ ծանոթ է այդ մեկուսացմանը մարտական հերթափոխների շնորհիվ, իսկ  համացանց եւ հեռուստատեսություն ունեցող տանը մեկուսացումը, անշուշտ, ավելի թեթեւ տանելի է: Իսկ այս շրջանում ձեռք բերված որոշակի փորձառությունը, օրինակ, առցանց անցակցվող դասերը, շատ պիտանի գործիք կդառնան ապագայում, թեկուզեւ հասարակ սեզոնային գրիպի ծավալները մի քանի անգամ կրճատելու համար: Բայց, կարծես թե, մեզ նախապատրաստում են ոչ այնքան պայծառ ապագայի: Այսպես, Նիկոլը խոսում է, որ դեռ մեկ-մեկուկես տարի պիտի «վիրուսային», հետեւաբար` արտակարգ դրության պայմաններում ապրենք, իսկ պարետ Ավինյանի ասածը միանգամայն այլ է. «Դեռեւս հստակ չէ, թե երբ կավարտվի այս վիճակը, կերկարաձգվի, թե, գուցե, ժամկետից շուտ կավարտվի արտակարգ դրության ռեժիմը: Եթե տեսնենք, որ մեր կանխարգելիչ գործողությունները էֆեկտիվ են, հնարավոր է, որ մոտ ապագայում, ավելի շուտ, քան սպասում ենք, վերադառնանք բնականոն կյանքի»: Ու այդ հակասությունից ներիշխանական վայրիվերումների հոտ է գալիս: Թերեւս Ավինյանը առավել սթափ հասկանում է, որ երկարատեւ արտակարգ դրության համար երկիրը ռեսուրս չունի...

Սակայն ավելի գլոբալ սցենարներ էլ գոյություն ունեն: Այսպես, իսրայելցի հայտնի հետազոտող Յուվալ Նոյ Հարարին իր «Աշխարհը կորոնավիրուսից հետո» հոդվածում, որն այժմ շատ ակտիվ քննարկվում է Ֆեյսբուքի հայկական հատվածում, զգուշացնում է, որ հնարավոր է տոտալ շուրջօրյա առցանց կենսաչափության ներդրում` հենց համաճարակներից խուսափելու հիմնավորումներով: «Մինչ այժմ, երբ ձեր մատը դիպչում էր ձեր սմարթֆոնի էկրանին եւ «քլիք» էր անում, կառավարությունը ցանկանում էր իմանալ, թե կոնկրետ ինչի վրա եք սեղմում ձեր մատը: Բայց կորոնավիրուսով պայմանավորված` հետաքրքրությունների շրջանակը փոխվում է: Այժմ կառավարությունը ցանկանում է իմանալ ձեր մատի ջերմաստիճանը եւ նրա մաշկի տակ գտնվող արյան ճնշումը»,- նշում է փորձագետը: Յուվալ Նոյ Հարարին նաեւ այսպիսի օրինակ է բերում. «Պատկերացրեք Հյուսիսային Կորեան 2030 թվականին, երբ յուրաքանչյուր քաղաքացի ստիպված է օրական 24 ժամ կրել կենսաչափական ձեռնաշղթա: Եթե դուք լսում եք Մեծ Առաջնորդի ելույթը, եւ ձեռնաշղթան հայտնաբերում է զայրույթի զգացողության նշանները, ապա ձեզ համար ամեն ինչ վերջացած է»: Իսկ հիմա փորձեք «Հյուսիսային Կորեայի» փոխարեն կարդալ Հայաստան, եւ ոչ թե 2030 թվականին, այլ ավելի վաղ: Պատկերացրեցի՞ք... Իսկ «Մեծ Առաջնորդի» կերպարը արդեն կերտվում է ոչ առանց «ֆեյքերի ֆաբրիկայի» ակտիվ օժանդակության` համացանցը հեղեղված է Նիկոլին աստվածացնող ֆոտոկոլաժով, ուր «ժողվարչապետը» երկնքում գրկախառնված է Քրիստոսի հետ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА