o C     30. 03. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մարդիկ շատ են սիրում իրենց համար կուռքեր ստեղծել». «Քաջ Նազարը»` Ռուսական թատրոնում (տեսանյութ)

02.03.2020 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎՈՒՆՔ TV
«Մարդիկ շատ են սիրում իրենց համար կուռքեր ստեղծել». «Քաջ Նազարը»` Ռուսական թատրոնում (տեսանյութ)

Օրերս Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում տեղի ունեցավ Հովհաննես Թումանյանի «Քաջ Նազարը» համանուն հեքիաթի բեմականացման առաջնախաղը: Ներկայացումը, սակայն, մեծերի համար է, որտեղ ժամանանակից Նազարն է` իր բոլոր դրսեւորումներով. այս Նազարին եւս մեծարում են, ինչպես հեքիաթում ու մեր օրերում, եւ իհարկե` սելֆիներ (ինքնանկար) անում նրա հետ, փուչ տեղը պաշտում ու առաջնորդ կարգում: Իսկ ի՞նչն է պակաս, որ նման մարդը թագավոր դառնա` հատկապես, եթե այդպես է ուզում ժողովուրդը: Մի քիչ ստեղծագործական մոտեցում եւ անսահման հաջողություն: Դե, իսկ Նազարն էլ այդ ամենի ֆոնին ծիծաղում է ու թաքուն կիսվում հանդիսատեսի հետ. «Ի՞նչ քաջություն, ի՞նչ խելք, ի՞նչ տաղանդ, ամեն ինչ հաջողությունից է կախված: Պարզապես, երբ տրվում է հաջողությունը, այն վերցնում եմ ինձ»:

Տատիկս ստացել էր սեւ թուղթը, բայց, միեւնույնն է, սպասում էր իր որդուն. Իրինա Ծատուրյան

«Իրավունքի» հետ զրույցում թատրոնի գեղարվեստական ղեկավար, ներկայացման բեմադրիչ ԿԱՐԵՆ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ վստահեցրեց, որ թեպետ ընտրությունը կանգ է առել Թումանյանի այս գործի վրա, բայց քաղաքական ոչ մի սատիրա այնտեղ փնտրել պետք չէ. «Ներկայացման փորձերը սկսել ենք անցյալ տարվանից, երբ նշվում էր Հովհաննես Թումանյանի 150-ամյակը: Մինչ այդ բոլորն ինձ մտահղացում էին տալիս, որ անդրադառնամ Թումանյանին` բեմադրության տեսքով: Բայց ես իսկապես ցանկանում էի Երեւանի ռուսական թատրոնի պատերից ներս բեմադրել հայկական դասական գործ: Եվ մտածեցի, որ Թումանյանը լավագույն ընտրությունն է, որովհետեւ նա ոչ միայն հայ, այլ համաշխարհային մակարդակով մեծ գրող է: Ես ուսումնասիրել եմ նրա տարբեր գործերը, վերընթերցել եմ դրանք, նույնիսկ մտածեցի, որ որոշ գործեր պետք չէ ձեռք տալ` ռուսական տարբերակով, քանի որ ռուսերեն թարգմանությունից կորչում է թումանյանական բարբառը: Իսկ «Քաջ Նազարը» այնպիսի հավերժական պատմություն է, որը ե՛ւ հայկական է, ե՛ւ ոչ միայն հայկական: Այնպես որ «Քաջ Նազարը» ակտուալ էր երեկ, այսօր, եւ ակտուալ կլինի նաեւ վաղը: Դրա համար որոշեցինք անդրադառնալ հենց այս գործին»:

ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

Հ.Գ. Կարեն Ներսիսյանի հետ զրույցն ամբողջությամբ կարդացե՛ք վաղվա տպագիր «Իրավունքում», իսկ առաջնախաղից հատվածներ դիտե՛ք տեսանյութում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА