o C     11. 08. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԿԱՆԱԴԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ  ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՆԱՐԵԿԱՑԻ ՈՒ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ Է ՀՆՉՈՒՄ

01.03.2016 16:45 ՄՇԱԿՈՒՅԹ
ԿԱՆԱԴԱԿԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿՅԱՆ   ՌԱԴԻՈԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ՆԱՐԵԿԱՑԻ ՈՒ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ Է ՀՆՉՈՒՄ

 

Վերջերս երիտասարդ դուդուկահար, Հայ ավանդական երաժշտության անսամբլի մենակատար ԱՐՍԵՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ ներկայացրեց իր դեբյուտային «Չարենցավան» անվանումով ձայնասկավառակը, որտեղ ներառված է 9 գործիքային երաժշտություն` Նարեկացուց, Սայաթ-Նովայից, գուսաններից մինչեւ ժամանակակից կոմպոզիտոր ամերիկաբնակ Արա Դինկչյան:

«Շատ եմ վախենում սահմանին ծառայող մեր երիտասարդների կյանքի համար». մ​​​​​ահացել է թատերագետ Նվարդ Ասատրյանը

ՀՀ վաստակավոր արտիստ, դուդուկահար Գեւորգ Դաբաղյանը իր սանի` Արսենի մասին ասել է. «Արսենը պատվով շարունակում է այն մեծ ճանապարհը, որով անցել են հայազգի դուդուկահարները»:«Չարենցավան» անունը կրող ձայնասկավառակն արդեն հասանելի է ոչ միայն համացանցում, այլեւ աշխարհասփյուռ հայերին: Նույնիսկ ձայնասկավառակում ընդգրկված երգերը հնչում են կանադական եւ ամերիկյան ռադիոկայաններով: Հայ դուդուկահարի եւ իր ձայնասկավառակի մասին անդրադարձել են նաեւ ամերիկյան շատ պարբերականներ ու մամուլ, նույնիսկ «New York Daily News»-ը մեկնաբանել է ձայնասկավառակում ընդգրկված 9 ստեղծագործություններն առանձին-առանձին: «Իրավունքի» հետ զրույցում Արսենն ասաց, որ դա ոչ մեկ օրվա, ոչ էլ մեկ ամսվա, այլ տարիների աշխատանքի արդյունք է:

 

ՆԱՐԵԿԱՑՈՒՑ ՄԻՆՉԵՎ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱ` ԴՈՒԴՈՒԿԻ ՀՆՉՅՈՒՆՆԵՐՈՎ

-Ամեն մարդ դուդուկը ընկալում է յուրովի եւ ունի իր պատկերացումները: Դուդուկը ստիպում է մարդուն մտածել, սիրել... Միջնադարյան եւ հնագույն գիտակցություն կա այս գործիքի մեջ, մանավանդ, եթե Նարեկացի ես նվագում: Նարեկացին շատ խորը փիլիսոփայություն է: Մենք մեծ արժեքներ ունենք, սակայն ժամանակի բերումով չենք հասկանում եւ չենք արժեւորում: Որքան ուսումնասիրում ես, այնքան գաղտնիքներ ու ճանապարհներ ես բացահայտում: Ես հենց այդ ճանապարհով եմ գնում` փորձում եմ գտնել ու բացահայտել: Ձայնասկավառակում ընդգրկված գործերն ինքս եմ ընտրել եւ ընդգրկել` նաեւ ամերիկահայ հայտնի կոմպոզիտոր եւ ուդահար Արա Դինկչյանի «Օրոր»` ստեղծագործությունը, որն իր աղջկան է նվիրել: Ձայնագրությունների ընթացքում, գուցե բախտի բերմամբ, չնայած պատահական բաներ չեն լինում, իր աղջիկը` Արեւ Դինկչյանը, Հայաստանում էր եւ բացահայտեց, որ ստեղծագործությունը հայրը իր համար է գրել:

- Ինչո՞ւ որոշեցիք Նարեկացի ներկայացնել դուդուկի հնչյուններով եւ ընդգրկել ձայնասկավառակում: Չէ՞ որ նման նախադեպ դեռ չի եղել:

- Իրոք, մեծ ռիսկի գործոն էր ինձ համար: Բայց կոնկրետ այս` Նարեկացու «Հավիկ» ստեղծագործության վրա, տարուց ավել աշխատել եմ, որ ընկալելով ու հասկանալով կատարեմ: Դրա համար նախ կարդացել եմ Նարեկացի, իմ տարիքում դժվար է եւ բարդ: Նարեկացի հասկանալու համար մեծ տարիք ու մեծ գիտակցություն է պետք: Միայն նվագելը չէ, եթե չես կարդացել, այլապես չի ստացվի նվագելը: Պիտի ասեմ, որ կարդում էի տարուց ավելի եւ կոնկրետ «Հավիկ» ստեղծագործության վրա մեծ աշխատանք տանելուց հետո միայն վերջապես համարձակվեցի դուդուկին հանձնել այն: Իհարկե, Սայաթ-Նովա շատ են կատարել եւ կատարում են, բայց կոնկրետ Նարեկացի առաջին անգամ էր ներկայացվում դուդուկով, հատկապես «Հավիկը», որը բացարձակ հարմար չէ դուդուկի դիապազոնին: Ձայնասկավառակում մոտ 4-5 ստեղծագործություններ առաջին անգամ նվագվեցին դուդուկով, որոնք ձեռք եմ բերել արվեստի ինստիտուտից:  

- Իսկ քննադատներն ինչպե՞ս արձագանքեցին:

- Գուցե, մասնագետները քննադատեն, բայց «Հավիկի» հետ կապված, դեռ չեմ լսել քննադատություն: Ամեն մեկն իր մեկնաբանությունն ունի, դա նորմալ է, ընդունում եմ, բայց սա իմ զգացած տարբերակն է` իմ ներաշխարհից եկած:

 

«ՀԱՅԻ ՆՎԱԳԱԾ ԴՈՒԴՈՒԿԻ 

ԱՐՏԱԲԵՐԱԾ ՀՆՉՅՈՒՆԸ 

ՏԱՐԲԵՐՎՈՒՄ Է»

-Ձեր հասակակիցները սովորաբար տարված են լինում այլ ոճերի երաժշտությամբ եւ ձգտում են արագ ճանաչման, ինչո՞ւ ընտրեցիք դուդուկը եւ հետաքրքրված եք` դասականների գործերը վեր հանելով:

- Նախ` դուդուկի հանդեպ սերը եկել է ընտանիքից. տատիկիս հայրը դուդուկահար է եղել, գեներով է պայմանավորված: Տանը դաստիարակվել եմ ժողովրդական երաժշտությամբ: Սկզբում` մինչեւ 17 տարեկան, հետաքրքրված եմ եղել շվիով, հետո ընտրեցի դուդուկը` դժվար ճանապարհը: Ընդհանրապես երաժշտության ճանապարհը հեշտ չէ, բայց գիտակցելով ընտրեցի դուդուկը: Այս ոլորտում, իհարկե, Գեւորգ Դաբաղյանն ու Ջիվան Գասպարյանը մեծ աշխատանք են կատարել` Հայաստանը կապելով դուդուկի հետ ու ներկայացնելով աշխարհի շատ ու շատ մեծ բեմերում, նույնիսկ այն անկյուններում, որտեղ Հայաստանի եւ հայերի պատմության մասին անտեղյակ են եղել:

- Դուք է՞լ կշարունակեք նրանց ճանապարհը եւ հարեւան թշնամիներին կապացուցեք, որ դուդուկը հայկական ծագում ունի:

- Դուդուկը հայկական գործիք է, դա միայն ասելով չէ, հայի նվագած դուդուկի արտաբերած տեմբրը եւ հնչյունը տարբերվում է: Դուդուկի հայրենիքը Հայաստանն է, դրա համար կա պատմություն, հենց այնպես ասելով չէ:

Նարեկացի Արվեստի միությունը նշեց հիմնադրման 15 ամյակը

 

«ՉԱՐԵՆՑԱՎԱՆԸ» ԿՎԱՃԱՌՎԻ 

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ 

ԽԱՆՈՒԹՆԵՐՈՒՄ

-Իսկ ձայնասկավառակն ինչո՞ւ սկզբում թողարկվեց Սան Ֆրանցիսկոյում, հետո նոր` Հայաստանում: 

- 2008 թվականին համերգային շրջագայությամբ մեկնել էինք ԱՄՆ, այնտեղ հանդիպեցի «Pomegranate music» միջազգային ընկերության հիմնադիր Րաֆֆի Մենեշյանին, նա համերգային շրջագայության կազմակերպիչներից մեկն էր: 8 տարի անց, մենք արդեն հանդիպեցինք Հայաստանում, եւ առաջարկեց նման ձայնասկավառակ թողարկել` իր ֆինանսավորմամբ: Այդպես սկսեցինք աշխատանքները, եւ ասեմ, որ ե՛ւ Ամերիկայում, ե՛ւ Հայաստանում դիզայներների եւ լուսանկարիչների մեծ թիմ էր աշխատում: Պատրաստ լինելուն պես որոշվեց առաջին շնորհանդեսն իրականացնել այնտեղ: Ի դեպ, հիմա ձայնասկավառակի PR ակցիան է ընթանում, եւ արդեն որոշ հաջողություններ գրանցել ենք` ձայնասկավառակների համաշխարհային 2 ճանաչված խանութներում, ամիսներ անց, ձայնասկավառակը ներկայացնելու են վաճառքի: Իսկ ամերիկյան եւ կանադական ռադիոկայաններում արդեն հնչում են իմ «Չարենցավան» ձայնասկավառակում ընդգրկված բոլոր գործերը: Սա մեծ հաջողություն է ինձ համար եւ այցեքարտ, որը ճանապարհ է հարթում ե՛ւ Հայաստանում, ե՛ւ միջազգային ասպարեզ դուրս գալու համար:

Զրուցեց ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА