o C     09. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ

26.02.2020 19:15 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՎՏԱՆԳԸ

Թեեւ Ալիեւի կողմից նկատելի ձգձգումներին, այնուամենայնիվ՝ Էրդողանի այցը Բաքու կայացավ: Թե որն էր «մեծ եղբոր» հետ հանդիպումը գոնե մի քանի օրով ձգձգելու Հեյդարովիչի նպատակը, դժվար չէր կռահել: Ռուսների եւ թուրքերի հարաբերություններն անցած օրերին սրացման գագաթնակետին էին՝ սիրիական Իդլիբի հետ կապված: Եվ ահա Էրդողանը կարող էր Ալիեւին «խնդրել»՝ սրել հարավկովկասյան իրավիճակն ու Մոսկվայի ուշադրությունը գոնե մասամբ այդ ուղղությամբ շեղելով՝ օգնել «մեծ եղբորը»:

ՍՈՐՈՍԱԿԱՆՆԵՐԻՆ ԿՀԱՋՈՂՎԻ՞ ՈՉՆՉԱՑՆԵԼ ԱՐՑԱԽԸ

 

ԷՐԴՈՂԱՆԻ ԱՅՑԸ ԲԱՔՈՒ

Բայց Ալիեւն էլ այն միամիտներից չէ, որ գլուխը մտցներ մուրճի եւ զնդանի արանքը: Տեւական այցով մեկնեց Իտալիա, եւ միայն այն բանից հետո, երբ Իդլիբում իրավիճակը սկսեց որոշակիանալ, վերադարձավ տուն եւ անմիջապես էլ ընդունեց Էրդողանին: Ի՞նչ փոխվեց  այս վերջին երկու-երեք օրերին Իդլիբում: Ամենակարեւորը, Էրդողանը համոզվեց, որ նախ՝ ՆԱՏՕ-ից, ավելի ճիշտ՝ ԱՄՆ-ից օգնություն չի ստանա: Իհարկե, Թրամփը մեծ ուրախությամբ կօգներ դաշնակից Թուրքիային, բայց մեկ պայմանով, որ Անկարան սկսեր խաղալ հենց ԱՄՆ-ի մատնանշած սցենարների շրջանակներում: Իսկ ահա Էրդողանն անգամ հանուն Իդլիբի գործնականում բացառված էր, որ այդ քայլին գնար: Թեկուզեւ այն պարզ պատճառով, որ «հայրական ամերիկյան գիրկ» վերադառնալով, ինքն անձամբ հազիվ թե Վաշինգտոնին պետք լիներ. Թրամփը Էրդողանին փոխարինելու համար շատ թեկնածուների պակաս չունի Թուրքիայում, էլ չասած, որ մեկն էլ՝ Գյուլենը, հենց իր մոտ է: Արդյունքում, եթե Թրամփը պատրաստ էր ուրախությամբ Թուրքիային օգնել, ապա նույնը հաստատ Էրդողանի համար չէր անելու: Եվ երկրորդը. Էրդողանը համոզվեց նաեւ, որ չնայած տիպիկ թուրքական դիվանագիտական շողոքորթության, Մոսկվան եւս ոչ մի դեպքում սեփական շահերն չի նվիրելու իրեն: Ավելին, որ պատրաստ է անգամ հանուն սեփական շահերի թիրախավորել Էրդողանի զորքերին, ինչը վերջին երկու-երեք օրերին քանիցս նկատվեց Իդլիբում: Ավելին, հանկարծ պարզվեց, որ այսքան տարվա պատերազմից հետո սիրիական զինանոցում «պատահաբար մնացել» են «Տոչկա» տիպի բալիստիկ հրթիռային համակարգեր, որոնք նույնքան «պատահաբար» Իդլիբում գրոհեցին ռազմադաշտ շարժվող թուրքական զրահատեխնիկայի շարասյանը՝ հսկայական կորուստներ պատճառելով: Այսպիսով, Էրդողանը, որը վերջին ժամանակներս ակտիվորեն խաղում է ռուս-ամերիկյան հակասությունների վրա, անգամ այդ խաղի հաշվին անպատիժ Սիրիայի քրդական գոտի զորք մտցնելու սողանցք գտավ, Իդլիբում կանգնեց փակուղու առաջ: Ըստ էության, ինչպես Վաշինգտոնը, այնպես էլ Մոսկվան նրան պարզ հասկացրին՝ «Որ աշխարհաքաղաքական թեւ ուզում ես տեղաշարժվիր, սակայն մեկ է, զիջում չես ստանա»: Այս դեպքում արդեն հաշվարկելու առանձնապես բան էլ չկար. ամերիկյան քաղաքական էլիտայի բոլոր շրջանակների համար էլ Թուրքիան պետք է առանց Էրդողանի: Իսկ ահա Մոսկվան դեռ պատրաստ է հանդուրժել նրան, միայն թե ավելորդ ոտատակ չընկնի: Հաշվի առնելով, որ Էրդողանին «դուրս գրելու» դեպքում նրան, ամենայն հավանականությամբ, կփոխարինի ամերիկյան ինչ-որ դրածո, որից հետո ՌԴ-ին բավականին ձեռնտու թուրքական ներկայիս քաղաքական կուրսը կարող է լիովին փոխվել՝ վերադառնալով «հին ու բարի» ամերիկյան վեկտորի: Արդյունքում, թեեւ Իդլիբում սիրիական ուժերի ակտիվ գործողությունները դեռ շարունակվում են, սակայն Անկարայից հնչեց հայտարարություն, որ վերականգնում են քրդական հատվածում ռուսական ուժերի հետ համատեղ պարեկությունը. թուրքերն այդ պայմանավորվածությունից հրաժարվել էին Իդլիբում իրավիճակի սրացման պատճառաբանմամբ:

ԵՎՍ ՄԵԿ ՔԱՅԼ ԴԵՊԻ ԱՆԴՈՒՆԴԸ

 

ԷՐԴՈՂԱՆԸ ՊԱՏԺԵՑ «ՓՈՔՐ ԵՂԲՈՐԸ»

Այսպիսով, ակնհայտ է, որ Իդլիբի հետ կապված ռուս-թուրքական հարաբերություններում շրջադարձ է նկատվում, համենայնդեպս՝ Անկարան պարզ ակնարկում է, որ ցանկանում է նման շրջադարձեր: Թերեւս, այդ ակնարկներից մեկն էլ Էրդողանի երեկվա հայտարարությունն էր, թե հույս ունի «վատագույն դեպքում» մարտի 5-ին հանդիպել Պուտինի հետ, թեեւ նման հանդիպման մի շարք փորձեր այս ընթացքում մնացին չիրականացված: Նման իրավիճակում միգուցե կարելի է ենթադրել, որ կարող է փոխվել նաեւ Ալիեւ-Էրդողան հանդիպման բնույթը, այսինքն, որ Հեյդարովիչին Մոսկվայի հետ սրացումների գնալու պահանջ չի առաջադրվի: Սակայն այստեղ կա նաեւ «մեդալի հակառակ կողմը»: Այսպես, դեռ մեծ հարց է, թե իրականում նման հնարավոր իրավիճակային փոփոխությա՞ն, թե այլ պատճառով է վերջապես Էրդողանի այցը տեղի ունենում: Այսպես, նախօրեին Էրդողանը Բաքվին «ատամ ցույց տվեց», թերեւս նյարդայնանալով «փոքր եղբոր» խաղերից: Թուրքիան առանց անգան Բաքվին տեղեկացնելու փակեց Նախիջեւանի հետ սահմանը: Պատճառաբանությունը կորոնավիրուսն է, թեեւ Նախիջեւանում վարակ այդ պահի դրությամբ արձանագրված չէր: Հաշվի առնելով, որ նման իրավիճակում Նախիջեւանի միակ սահմանը մնում է Իրանը, որը կորոնավիրուսի պատճառով գործնականում փակ վիճակի է հասել, նշանակում է, որ Անկարան պարզապես Նախիջեւանը բլոկադայի մեջ գցեց՝ այդկերպ ակնհայտորեն Բաքվին հասկացնելով, թե «եղբայրությունը» կարող է նաեւ նման ընթացք ունենալ: Ի դեպ, հենց Անկարայի այդ քայլից հետո էր, որ Ալիեւը շտապեց Իտալիայից վերադառնալ Ադրբեջան ու շատ չանցած` պաշտոնապես հայտարարվեց Էրդողանի այցի մասին: Ուրեմն, ո՞րն էր այցի հիմնական նպատակը: Մի շարք փորձագետների գնահատմամբ, Ալիեւ-Էրդողան հանդիպման հիմքում երկու հիմնական թեմա կար: Ըստ այդմ, նախ Էրդողանն Ալիեւին դիտարկում է որպես միջնորդ՝ Պուտինի հետ հանդիպում կազմակերպելու հարցով, ու պատահական չէր, որ Բաքու մեկնելու պահին ՌԴ նախագահի հետ մինչեւ ապրիլի 5-ը հանդիպելու հայտ ներկայացրեց: Բայց եթե, այնուամենայնիվ, չհաջողվի հասնել Մոսկվայի հետ հարաբերությունների կայունացման, Էրդողանը Բաքվում նաեւ փորձելու է հասկանալ՝ ի՞նչ ռեալ օժանդակություն կարող է ստանալ «փոքր եղբորից»: Նույն փորձագետները նաեւ ենթադրում են, որ առաջին հարցի՝ միջնորդության հետ կապված, հեռանկարային չէ. դրա համար գործուն լծակներ Ալիեւը պարզապես չունի: Իրավիճակի սրացումը Սիրիայում ՌԴ-ի արմատական շահերին է վերաբերում, Մոսկվան պարզ ցույց տվեց, որ ոչ միայն չի պատրաստվում ինչ-որ չափով իր շահերը զիջել, այլ նաեւ Էրդողանի մի շարք քայլեր համարում է ռուս-թուրքական հարաբերությունների առումով դավաճանական: Այդ թվում՝ Էրդողանի աղմկոտ ուկրաինական այցն ու ՌԴ-ի հետ հակամարտության մեջ գտնվող ուկրաինական բանակին ֆինանսական աջակցություն ցուցաբերելը: Ապա, Մոսկվայի եւ Թուրքիայում ՌԴ դեսպանի հանդեպ անթաքույց սպառնալիքները: Եվ, իհարկե, Իդլիբի ահաբեկչական խմբավորումներին մինչեւ իսկ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրելը, որոնք, ինչ խոսք, ուղղվելու են հենց ռուսական ավիացիայի դեմ: Այս իրավիճակում Կրեմլը հազիվ թե ուշադրություն դարձնի Ալիեւի միջնորդությանը, եւ իրավիճակ կարող է փոխել բացառապես Էրդողանի գործնական քայլերը, այդ թվում՝ Իդլիբում: Ու թեեւ Էրդողանը լավատեսություն է հայտնում, որ կհանդիպի եւ խնդիրը կքննարկի Պուտինի հետ, սակայն ամեն ինչ կախված է հետեւյալից: Վաղը Թուրքիա է այցելելու ռուսական ռազմական պատվիրակությունը՝ Իդլիբի հետ կապված բանակցային հերթական փուլի համար, ավելի ճիշտ, պարզելու՝ շարունակելո՞ւ է Էրդողանը մնալ իր դիրքերին, թե՞ պատրաստ է հետ քաշվել: Մնացած բոլոր զարգացումները կախված են հենց այս նախնական պայմանավորվածություններից՝ դրանց լինել-չլինելուց: Սակայն այդ հարցի պատասխանը ստանալու համար Էրդողանը նախ պետք է հասկանա՝ կարո՞ղ է Բաքվի օժանդակությունն ակնկալել: Այդ թվում, Ալիեւը ծայրահեղ իրավիճակում կգնա՞ կովկասյան հարթակում իրավիճակի սրացումների՝ Մոսկվայի ուշադրությունը Սիրիայից շեղելու համար:

ԻՆՉՈ՞Ւ ԱՐՁԱԳԱՆՔ ՉԿԱ ՀԱՊԿ-ԻՑ

 

ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ «ԲԼԵ՞ՖԸ»

Այսպիսով, հնարավո՞ր է, որ Ալիեւը կանգնի Էրդողանին լիակատար աջակցություն ցուցաբերելու դիրքերում, ինչ պարագայում միանգամայն հնարավոր է, որ նրանից պահանջվի ռազմական գործողություններ սկսել արցախյան ուղղությամբ: Որպես «համոզիչ փաստարկ», Էրդողանը մատնանշեց այն իրավիճակը, որը կսպառնա Նախիջեւանին, եթե Բաքուն հրաժարվի «փոքր եղբոր» պարտավորություններից: Դա, իհարկե, Ալիեւի համար միանգամայն լուրջ  սպառնալիք է: Սակայն էլ ավելի վտանգավոր կարող է լինել Մոսկվայի հետ բացահայտ հակամարտության մեջ մտնելը, ինչպիսին կլինի նաեւ արցախյան ուղղությամբ պատերազմի սանձազերծումը: Ընդ որում, նման իրավիճակում Ալիեւը, ինչ խոսք, կարող է Անկարայից երաշխիքներ ստանալ, որ Նախիջեւանում տեղակայված թուրքական զորախումբը կաջակցի: Սակայն դա կարող է միայն ավելի սրել վտանգը: Այն առումով, որ եթե հանկարծ իրոք նման իրավիճակ ստեղծվի, ապա այս դեպքում ռուսական ռազմակայանի ուժերը միանշանակ ուղղակիորեն կմտնեն խաղի մեջ, եւ մեծ հարց է՝ Անկարան կգնա՞ այդ ռիսկին: Իսկ առանց թուրքական օգնության ի՞նչ կարող է տեղի ունենալ Արցախում. Բաքուն, ճիշտ է, սիրում է մեծ-մեծ խոսել պատերազմի մասին, սակայն խոսելն այլ բան է, պատերազմելը՝ լրիվ ուրիշ: Այսինքն, ենթադրելի է, որ ինչքան էլ Ալիեւն ու Էրդողանը եղբայրությունից խոսեն, սակայն քիչ հավանական է, որ Ալիեւը կգնա կտրուկ քայլերի: Իսկ առանց նման աջակցության Էրդողանն էլ իր հերթին հազիվ թե իդլիբյան ուղղությամբ առանձնակի հաջողությունների հույսեր ունենա, ինչը ցույց տվեց նաեւ վերջին օրերի մարտական իրավիճակը: Իսկ ավելի ճիշտ, այն տպավորությունն է, որ Էրդողանը փորձում է կովկասյան ուղղությամբ Մոսկվային վտանգավոր զարգացումներ ի ցույց դնել՝ փորձելով ինչ-որ զիջումներ ստանալ, բայց նաեւ հասկանալով, որ դա կընկալվի որպես սովորական «բլեֆ»: Կարճ ասած, հազիվ թե այս ամենի արդյունքում նոր արցախյան պատերազմ լինի: Չնայած` մյուս կողմից էլ սա Մոսկվայի համար հավելյալ ազդակ է, որ արցախյան խաղաքարտը հաճախ են փորձում խաղարկել: Այսինքն, այս իրավիճակը, թերեւս, կնպաստի արցախյան բանակցությունների էլ ավելի ինտենսիվացմանը:

ԱՐՑԱԽՅԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՊԱՐՏՎՈՒՄ Է... ՓԱՇԻՆՅԱՆԸ

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА