o C     06. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ՝ Գերշվինի ժառանգությունից

25.02.2020 11:35 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ ԱԶԴԱԳՐԵՐ
Ջազ նվագախումբը հանդիսատեսին ներկայացրեց ծաղկաքաղ՝ Գերշվինի ժառանգությունից

Ճանաչված կոմպոզիտոր Ջորջ Գերշվինի երաժշտությանը նվիրված ինքնատիպ երեկո անցկացվեց Հայաստանի ճարտարապետների միության դահլիճում: Հայաստանի պետական ջազ նվագախումբը մի ամբողջ երեկո հնչեցրեց ամերիկացի կոմպոզիտորի երաժշտական ժառանգության յուրահատուկ նմուշները:

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի պետական կամերային նվագախումբը չի մասնակցի «Ալ Բուստան» միջազգային փառատոնին

Գեղարվեստական ղեկավար ու դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ՝ ներկայացվեցին գերշվինյան ելևէջներ՝ ժամանակակից ու հետաքրքիր մեկնաբանությամբ:

«Հայաստանի պետական ջազ նվագախումբը մշտապես փորձում է ներկայացնել թեմատիկ ու ինքնատիպ համերգներ: Այս անգամ երևանյան ունկնդրին ենք ներկայացրել երեկո՝ նվիրված Ջորջ Գերշվինին: Նա ջազի հիմնադիրներից է, հարուստ ժառանգություն է թողել, ոգեշնչել բազում համաշխարհային երաժիշտների: Համերգը նվիրված է Գերշվինի հարուստ ստեղծագործական ժառանգությանը: Մեկուկես ժամում դժվար էր ամեն ինչ ներկայացնել, բայց փորձել ենք կատարել կոմպոզիտորի՝ ջազի համաշխարհային ժառանգություն դարձած գործերը»,-նշում է Արմեն Հյուսնունցը:

Նվագախմբի հետ երեկոյի ընթացքում հանդես եկան նաև երիտասարդ մենակատարներ: Ներկայացվեցին նաև գերշվինյան գործերի հետաքրքի, անսպասելի գործիքավորումներ, որոնք իրականացվել են ժամանակակից երաժիշտների կողմից:

Հավելենք, որ ամերիկացի կոմպոզիտոր, դաշնակահար Ջորջ Գերշվինը ծնվել է 1898 թ.: Նա սիմֆոջազի ճանաչված ներկայացուցիչներից էր, «Պորգին ու Բեսը» (1935թ.) ամերիկյան ազգային առաջին օպերայի հեղինակը։ Կոմպոզիտորը երաժշտական կանոնավոր կրթություն չի ստացել, դաշնամուրի և հարմոնիայի մասնավոր դասեր է առել ժամանակի նշանավոր երաժիշտ-մասնագետներից, հետագայում զբաղվել է ինքնակրթությամբ։

Գերշվինը՝ որպես ջազային երգերի, օպերաների, մյուզիքլների հեղինակ, 25 տարեկանում արդեն ճանաչված էր Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում, որտեղ էլ 1928թ. ծանոթացել ու մտերմացել է Մորիս Ռավելի և այլ անվանի երաժիշտների հետ։ Գերշվինը իմպրովիզացիոն ջազի ավանդույթները, աֆրոամերիկյան երաժշտական ֆոլկլորի և թեթև ժանրի բնորոշ տարրերը զուգորդել է եվրոպական երաժշտության դասական ձևերին (օպերային, սիմֆոնիկ կոնցերտային)։

Քաղաքական թեմաներով գրել է «Թող թնդա նվագախումբը», «Քեզ եմ երգում» մյուզիքլները, «Ամերիկացին Փարիզում» սիմֆոնիկ սյուիտը։ Գերշվինի` դաշնամուրի և սիմֆոջազի համար գրված «Բլյուզի ոճով ռապսոդիան» և «Պորգին ու Բեսը» օպերան արժանացել են համաշխարհային ճանաչման:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА