o C     25. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ում երբեւէ ինչ-որ հարցով աջակցել եմ. թող ոչ-ոք իրեն պարտավորված չզգա մարտի 31-ին

22.02.2020 15:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ում երբեւէ ինչ-որ հարցով աջակցել եմ. թող ոչ-ոք իրեն պարտավորված չզգա մարտի 31-ին

«Իրավունքի» զրուցակիցն է Արցախի նախկին վարչապետ, այժմ նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանը, ով արցախցիների շրջանում առավել հայտնի է, որպես խոշոր հողատեր:

Դպրոցը քարոզի վայր չէ, ու չենք թողնի, որ կործանվեն մեր բալիկները. Մանկավարժը «Լանզարոտեի» կոնվեցիայի վտանգների մասին

-Պարոն Հարությունյան, ի՞նչով եք պայմանավորում Արցախում դեռ քարոզարշավը չսկսած առկա նախընտրական լարվածությունը, տարատեսակ խմորումները:

-Փաստը, որ մարտի 31-ին Արցախում միաժամանակ եւ նախագահական, եւ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, կարծում եմ, արդեն իսկ հիմք պետք է լինի, որ Արցախում ներքաղաքական ակտիվությունը արտասովոր չհամարենք: Այդ զարգացումների մեկնարկը տրվել է, ըստ էության, ավելի վաղ, ՀՀ-ում թավշյա հեղափոխությունից հետո: Եթե հիշում եք, 2018-ի ամռանը Արցախում որոշակի միջադեպեր եւս գրանցվեցին: Սակայն Արցախում, եւ դա, նաեւ Երեւանի դիրքորոշումն էր, որոշեցին չգնալ իրավիճակը ապակայունացնելու ճանապարհով: Հենց այդ պահից էլ տրվեց քաղաքական ուժերի նախապատրաստական աշխատանքների նոր մեկնարկը` 2020-ին նախատեսվող ընտրություններին ընդառաջ: Բնականաբար, գործող կուսակցություններն աշխուժացան: Չեմ թաքցրել, որ ժամանակին պետական նախարարի պաշտոնից դուրս գալու որոշումը հենց նրա համար եմ կայացրել, որ ավելի ակտիվ զբաղվեմ կուսակցության աշխատանքները կազմակերպելու գործով: Ինչով եւ զբաղվել եմ` առանց թաքցնելու եւ առանց օրենք խախտելու: Բնականաբար, նախապատրաստական աշխատանքներ են կատարել նաեւ մյուս գործող կուսակցությունները, ավելացել են նաեւ նորերը: Ի դեպ, Արցախում կուսակցությունների թիվն արդեն հատել է 25-ի սահմանը: Կարծում եմ, սա արդեն բավարար է` փոքրիկ Արցախում ներքաղաքական ակտիվություն ապահովելու համար: Եվ դա բոլորովին էլ վատ չէ: Այդ ակտիվությունը հերթական անգամ է հաստատում, որ Արցախում մրցակցային ընտրությունների են պատրաստվում: Ընտրություններից հետո ձեւավորվող իշխանության համար սա լինելու է միաժամանակ եւ զգաստության, եւ հնարավորինս արդյունավետ աշխատելու խթան:

-Մինչեւ վերջերս Արցախում կար տարածված կարծիք, որ Դուք եք հայաստանյան իշխանությունների նախընտրելի Արցախի նախագահի թեկնածուն: Ընդհուպ արցախցիները նշում էին, որ Դուք անձամբ եք այդ մասին բարձրաձայնում մասնավոր զրույցներում: Որքանո՞վ են տարածված տեղեկությունները համապատասխանում իրականությանը:

-Վերջերս ՀՀ վարչապետը մի հարցազրույցում նշեց, թե ով է իր նախընտրած թեկնածուն: Դա անձ չի, այլ գաղափար: Ասվածի էությունն այն է, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները չեն կարող աշխատել միմյանց դեմ: Իմ ղեկավարած քաղաքական ուժը ավելի վաղ հայտարարել է, որ պատրաստակամ է սերտ համագործակցել ՀՀ իշխանության հետ: Եվ այսօր էլ նույն կարծիքին ենք: Առկա մարտահրավերների հաշվարկով հայկական երկու պետությունները այլընտրանք պարզապես չունեն: Արցախը պետք համազգային համախմբման առանցք լինի եւ ոչ թե հակառակը: Արցախի նախագահի այլ թեկնածուներ եւս այդ կարծիքն արտահայտել են: Իսկ, թե ով կհաղթի` մարտի 31-ին որոշելու է արցախցին:

-Կրկին մեջբերելով արցախցիների խոսքերը` Ձեզ վերագրում են մի շարք բիզնեսներ, որոնք կամ Ձեր, կամ Ձեր հարազատների անուններով են: Մասնավորապես, այն խոսակցությունները, որ Դուք խոշոր հողատեր եք, համապատասխանո՞ւմ են իրականությանը, թե ոչ:

-Ես բիզնեսից եմ եկել քաղաքականություն եւ ոչ հակառակը: Բնականաբար մի շարք բիզնեսներում կամ բաժնետեր եմ, կամ սեփականատեր: Դրանց կառավարմամբ չեմ զբաղվել պետական պաշտոն զբաղեցնելու ընթացքում: Հարազատների մասին հարցին պատասխանելը մի փոքր բարդ է: Մեր` Հարությունյանների տոհմածառում` 350-ից ավելի ընտանիքներ կան: Ոմանք պետական պաշտոններ են զբաղեցնում, ոմանք` մասնավոր հատվածում են աշխատում, շատերն էլ` իրենց օրվա հացն են վաստակում` ինչպես Արցախի հարյուրավոր, հազարավոր այլ քաղաքացիներ: Հանուն այս րոպեական կասկածելի քաղաքական միավորների` նրանց թեման շահարկելն ազնիվ չի լինի:

Հողերի մասին հարցը իմ ամենասիրած թեման է: Անկեղծ եմ ասում: Տարիներ առաջ, երբ Ակնա թաղամասում սկսեցի տարածք ականազերծել եւ այնտեղ գյուղատնտեսությամբ զբաղվել` չէի էլ մտածում, որ 2020-ին Արցախի նախագահի թեկնածու եմ լինելու: Պարզապես գիտեի, որ իսկական հանցանքը հողը պարապ թողնելն է: Հետո, արդեն որպես վարչապետ, բազմիցս ուրախանալու առիթ ունեցա, քանի որ տարբեր շրջաններում ֆերմերներ էի հանդիպում, որոնք ինձնից ավելի մեծ հողամասեր են մշակում: Եվ այսօր էլ ունենք նման ֆերմերների կարիք: Դա միայն ողջունելի է:

- Պարոն Հարությունյան, Ստեփանակերտի շուկայում առեւտրով զբաղվող արցախցիները Ձեզ անուղղակի ձեւով մեղադրում էին` այս շրջանում պաշտոնների խոստումներ տալու, վարկեր ձեւակերպելուն օժանդակելու եւ այլ նախընտրական քարոզարշավին նպաստող գործողությունների մեջ: Ձեր մեկնաբանությունը, խնդրում ենք:

Սա ընդունել որպես հաղորդում հանցագործության մասին

- Եվ որպես գործարար, եւ որպես քաղաքական ուժի ղեկավար, բանականաբար, առիթ ունեցել եմ իմ հնարավորության սահմաններում իմ հայրենակիցներից շատերին ինչ-որ հարցում աջակցել: Սակայն դրա դիմաց ակնկալիք չունեմ: Բազմիցս հայտարարել եմ, այսօր էլ Ձեր միջոցով եմ խոսքս ուղղում բոլոր նրանց, ում երբեւէ ինչ-որ հարցով աջակցել եմ. թող ոչ-ոք իրեն պարտավորված չզգա մարտի 31-ին:

- Ասում են, որ Դուք, քարոզարշավը դեռ չմեկնարկած` 60-ից ավելի գրասենյակներ եք բացել միայն Ստեփանակերտում, որո՞նք հետագայում ծառայելու են որպես շտաբներ:

-Կուսակցական աշխատանքները ակտիվացնելու համար գրասենյակներ, այո բացվել են: Եվ ոչ միայն Ստեփանակերտում, այլեւ Արցախի բոլոր շրջաններում: Ակտիվ աշխատում են նաեւ մեր տարածքային կառույցները: Գրասենյակների թիվը չեմ մեկնաբանի: Աշխատանքի ծավալից կախված այն կարող է մեծանալ կամ փոքրանալ: Ի դեպ, ըստ օրենքի, արդեն նաեւ նախընտրական շտաբների ձեւավորումն է թույլատրված: Այնպես որ` արտասովոր ոչինչ չկա:

-Որո՞նք են լինելու հիմնական խնդիրները, որոնք, ընտրվելու դեպքում, առաջինն եք ձեռնամուխ լինելու կյանքի կոչել:

-Առաջին քայլը արհեստավարժ ու հասարակության վստահությունը վայելող թիմի ձեւավորումն է լինելու: Խոսքն արդեն ոչ թե քաղաքական թիմի, այլ նաեւ աշխատանքային թիմի մասին է, որը լինելու է թարմացված ու երիտասարդ, բանիմաց կադրերով համալրված: Այդ թիմով ձեռնամուխ ենք լինելու այն ծրագրի իրագործմանը, որը քարոզարշավի ընթացքում մեր ժողովրդի դատին ենք ներկայացնելու: Եթե կարճ, ապա մեր ծրագրերը լինելու են խիստ հավակնոտ, բայց շատ իրատեսական: Համահայկական գիտակցության մեջ Արցախը մի տեսակ բյուրեղացած է որպես անվտանգության կարեւոր բաղադրիչ: Այսինքն, Արցախը դիտարկվում է որպես հայկականության պահպանման վահան: Ես փորձելու եմ գործով ապացուցել, որ Արցախն ասելիք ունի նաեւ համահայկական զարգացման ու առաջընթացի մասով: Պարզապես ինչպես Արցախի անվտանգության, այնպես էլ նրա տնտեսական ներուժը բացահայտելու խնդիրը պետք է դիտարկել համահայկական առաջնահերթությունների տեսանկյունից եւ ոչ թե նեղ, արցախյան խնդիր: Աշխատելու եմ առաջին հերթին այդ սառույցը կոտրել:

-Խնդրում ենք որպես Արցախի նախագահի թեկնածու անդրադառնալ եւ Ձեր տեսակետը հնչեցնել ՀՀ վարչապետի եւ Ալիեւի Մյունխենյան հանդիպման վերաբերյալ:

-Մեր հարեւանին` Ադրբեջանին, մենք լավ գիտենք: Կարծում եմ` այդ հանդիպումը լավ հնարավորություն էր, որ նաեւ միջազգային հանրությունը տեսնի Ադրբեջանի իրական դեմքը: Եվ տեսավ: Երեւանի ներկայացուցիչը հայտարարում է, որ բաց է քննարկումների համար, իսկ Բաքվի ներկայացուցիչը ռասիստական հայտարարություններ է անում: Հուսով եմ, դրանից հետո նույն միջազգային հանրությունը մեզ ավելի լավ կհասկանա: Իսկ Մյունխենյան սկզբունքները, կարծում եմ, չեն հակասում պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշմանը: Այո, Արցախի Հանրապետության հռչակման օրինականությունը կասկածի ենթակա չէ, այո, Ստեփանակերտը պետք է լիարժեք մասնակցի բանակցային գործընթացին, այո, անվտանգությունը զիջման ենթակա չէ: Իմ տարիների փորձն ու միջազգային զարգացումները ապացուցում են, որ այս ամենի առաջին երաշխավորը պետք է հայկական զինուժը լինի, որի հետագա հզորացումը կա եւ մնալու է մեր առաջնահերթություններից առաջինը:

Զրույցը` ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆԻ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА