o C     02. 04. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ՀԱՆՈՒՆ ԱՅԴ 0.1 ՏՈԿՈՍԻ° ԷՐ ԱՅՍ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

21.02.2020 21:40 ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
ՀԱՆՈՒՆ ԱՅԴ 0.1 ՏՈԿՈՍԻ° ԷՐ ԱՅՍ «ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ»

Կառավարության երեկվա նիստը` «մինչեւ 2050 թիվը հասնել եւ անցնել Ամերիկայից» ժանրի մեջ էր: Հիշեցնենք, այս ժանրին է վարչապետ Փաշինյանն անցնում այն փուլերում, երբ պետք է հանրությանը գերհաջողություններ ցույց տալ: Դե հիմա էլ մի կողմից՝ Արցախի սկանդալն է, այն էլ՝ ինչպես բանակցային, այնպես էլ Ալիեւի հետ վերջին հանդիպման հետ կապված: Մյուս կողմից՝ հանրաքվեի քարոզչությունն են սկսել, եւ պետք է պոպուլիզմի զինանոցը մինչեւ վերջ բացել: Ու այդպես շարունակ, բազում պատճառներ՝ «մինչեւ 2050 թիվը հասնել եւ անցնել Ամերիկայից» թեմային անցնելու հանար:

 

«ՄԻՆՉԵՎ 2050 ԹԻՎԸ ՀԱՍՆԵԼ ԵՎ ԱՆՑՆԵԼ ԱՄԵՐԻԿԱՅԻՑ» ԺԱՆՐԻ ՄԵՋ

Իհարկե, այդ թեման մշտապես ուղեկցվում է այն «տիտանիզմով», որը, պարզվում է նաեւ օրենսդրորեն, երկիրը պարտավոր է մինչ 2050թ.-ն անել: Օրինակ, պարտավոր ենք մինչեւ 2050թ.-ն առնվազն 25 օլիմպիական մեդալ նվաճել, սրանից զատ էլ՝ «շախմատի աշխարհի անհատական չեմպիոնի կոչումը եւ ֆուտբոլի ազգային հավաքականը մինչեւ 2050 թվականը պետք է դառնա աշխարհի կամ Եվրոպայի առաջնության մրցանակակիր»: Հատկապես ֆուտբոլի պահն էր զվարճալի. անգամ հավաքականի գլխավոր մարզիչ չենք կարողանում պահել, իսկ վարչապետը համաշխարհային մրցանակից է խոսում: Չնայած, վարչապետը պահանջում է՝ այդ ամենը «Հայաստանի մինչեւ 2050 թվականի զարգացման ռազմավարության նախագծի մեջ» ֆիքսել, այսինքն՝ օրենքի ուժ տալ: Դե որ օրենք, ուրեմն պարտավոր ենք...

«Մինչեւ 2050 թիվը հասնել եւ անցնել Ամերիկայից» թեմայի շրջանակներում էր նաեւ Փաշինյանի հաջորդ պահանջը՝ հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում պետք է ավելի շատ ավելի մեծ գումարներ վերադարձնել պետբյուջե: Դա էլ կարելի է հասկանալ: Բանն այն է, որ օրերս հրապարակվեցին տվյալներ, համաձայն որի, այս երկու տարիներին մի 100 միլիոնի չափ գումար հազիվ վերադարձրել են: Սակայն հերիք չէ, որ դա չնչին թիվ է, ի դեպ, մի բան էլ այդ «վերադարձնել» բառն անգամ հարաբերական է: Վերադարձնելը կլիներ սա. անցած 30 տարիներին երկիրը թալանած այս կամ այն անձին բռնել, ապացուցել նրա հանցանքը, թալանը բռնագրավել, վերադարձնել պետությանը, իսկ հանցագործին՝ դատել: Իսկ ահա փաստացի գործ ունենք այս սցենարի հետ. մեկին բռնում են, սա մի քանի կոպեկ է տալիս պետությանը, այն էլ՝ որպես նվիրատվություն, ու այդկերպ փաստացի իրավաբանորեն արդարացնելով մնացած ողջ թալանը, հանգիստ գնում է այն վայելելու: Ընդ որում, Փաշինյանն այս անգամ կոնկրետ թվեր էլ ասաց. «Ես ուզում եմ հիշեցնել, որ 2018 թվականի նախընտրական գործընթացի ընթացքում ես արել եմ հետեւյալ քաղաքական հայտարարությունը, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում մենք պետք է 2,5 մլրդ դոլար հավելյալ միջոցներ ծախսենք մեր անվտանգության կարիքների վրա, մասնավորապես` Զինված ուժերի մարտունակության եւ սպառազինության մակարդակը բարձրացնելու համար եւ այդ  2,5 մլրդ դոլարից 1,5-ը պետք է գոյանա հակակոռուպցիոն արդյունավետ պայքարի միջոցով, այդ թվում` գողացված միջոցների հետբերման գործընթացի միջոցով»: Միգուցե նման բան էլ է ասել: Բայց նաեւ հայտարարել է, այն էլ բազմիցս՝ անցած 30 տարիների ողջ թալանածը կոպեկ-կոպեկ վերադարձնելու է: Ու հիմա ի՞նչ, պարզվում է, որ այդ ողջ թալանը 1,5 միլիա՞րդ է եղել: Բայց չէ՞ որ միայն Լեւոնի կառավարման նախնական երկու-երեք տարում ոչնչացված ԽՍՀՄ-ից մնացած ժառանգությունն արդեն իսկ հարյուրավոր միլիարդներ էին: Չմոռանանք նաեւ, որ անգամ Փաշինյանն էր ընդդիմադիր ժամանակներում խոսում տասնյակ միլիարդների թալանից: Ու հիմա ի՞նչ մնաց տակը, ընդամենը 1,5 միլիա՞րդ: Թվաբանորեն այսպես է: Բայց քարոզչական առումով որքա՝ն հնչեղ տեսք ունի այդ 1,5 միլիարդի թալանը, առավել եւս՝ հաշվել չիմացող պողոսազգիների համար: Սակայն երեկվա քարոզչական զեղումների գագաթնակետը, ինչ խոսք, պետք է երկրի ներկայիս զարգացման մասին Փաշինյանի գնահատականները համարել:

 

ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՀՆԱ-Ի ԱՃԸ՝ 2000Թ.-ԻՑ ՀԵՏՈ

Այսպիսով, թեեւ Փաշինյանը փորձում է 2019թ.-ի ՀՆԱ-ի աճին ռեկորդայինի տեսք տալ, սակայն նախորդ տարիների ցուցանիշներն այլ բան են հուշում: Այն է, լեւոնական ժամանակների ՀՆԱ-ի մշտական դարձած անկումներից հետո, 1990-ականների վերջերից սկսվեց վերականգնման փուլ, որին 2000-ականների սկզբներից հաջորդեց ծանրակշիռ աճի դինամիկա: Ամենաբարձր ցուցանիշը Հայաստանի հետխորհրդային պատմության մեջ ֆիքսվել է 2003թ.-ին՝ 14 տոկոս, թեեւ հետագա մի քանի տարիներին մոտավորապես նույն կարգի դինամիկա կար: Իսկ ահա 2008թ.-ին, երբ նորից մեյդանում հայտնվեց ԼՏՊ-ն, նկատվեց աճի դինամիկայի որոշակի անկում, որն էապես խորացրեց 2008-09թթ. համաշխարհային տնտեսական ճգնաժամը: Այսպիսով, 2019թ.-ի 7.6 տոկոսը միգուցե վերջին տարիների վիճակագրական ամենաբարձր ցուցանիշն է (թեեւ 2012թ. 7.2 եւ 2017թ. 7.5 տոկոսը նույն կարգի են): Սակայն հարցին մոտենանք այս կողմից: Հիշեցնենք, 2008թ.-ին, երբ Տեր-Պետրոսյանը Փաշինյանի հետ միասին բողոքում էին գործող իշխանություններից, հիմնական դժգոհությունը կառուցում էին երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա: Իսկ դա, փաստացի, պնդում էր, թե տնտեսական թիվ 1 ցուցանիշի՝ ՀՆԱ-ի աճը բավարար չէ: Այսինքն, եթե բավարար չէին համարում այն ժամանակների 13-14 տոկոսանոց շարունակական աճը, հիմա ինչպե՞ս է Փաշինյանը հեղափոխական համարում իր 7.6 տոկոսը: Իսկ եթե 7.6 տոկոսը կարելի է «հեղափոխական» համարել, ապա ինչու «հեղափոխական» չէ նաեւ 2017թ.-ի 7.5 եւ «սուպերհեղափոխական»՝ 2002-2007թթ.-ի 13-14 տոկոսանոց աճերը:

 

ՀԵՐԹԱԿԱՆ «ՌԵԿՈՐԴԸ»

Նախ հիշեցնենք. վերջին շաբաթներին վարչապետը մի գլուխ անցած տարվա ՀՆԱ-ի աճից է խոսում: Մեկ, որ կունենանք 8 տոկոս աճ, ապա՝ 8.2, 7.8 եւ այլն: Եվ ահա երեկ վիճակագիրները պաշտոնապես ներկայացրին եւ Փաշինյանն էլ ներկայացրեց՝ 2019 թվականին ունեցել ենք 7.6 տոկոս տնտեսական աճ: Թեեւ սա նրա հրապարակային բոլոր ցուցումներից պակաս ցուցանիշ էր, բայց դա էլ չխանգարեց՝ կառավարության նիստում ռեկորդակիրի դիրքերից ներկայանալ. «Ուրեմն կարող ենք արձանագրել, որ եթե 2019 թվականին աճը եղել է 7.6 տոկոս, նշանակում է, որ 2008 թվականից ի վեր ամենաբարձր աճն ենք ապահովել, եւ համոզված եմ, որ համատեղ արդյունքով ավելի մեծ ցուցանիշ կարձանագրենք 2020 թվականի համար»:

Թե ինչպես են վիճակագիրները (ոչ թե երկիրը) հասել այդ բաղձալի 7.6 տոկոսին, իհարկե, կարելի է բազում հիմնավորումներ բերել: Բայց այդ մասին շատ է խոսվել, թողնենք մի կողմ՝ «հալած յուղի» տեղ ընդունելով, որ իրոք անցած տարի ունեցել ենք 7.6 տոկոս ՀՆԱ-ի աճ: Բայց ինչո՞ւ հենց 7.6 տոկոս: Բանն այն է, որ 2017թ.-ին, այսինքն՝ «նախահեղափոխական» վերջին տարում ՀՆԱ-ի աճը կազմել էր 7.5 տոկոս: Այսինքն, եթե «հետհեղափոխական» երկրորդ տարում էլ այդ 7.5 տոկոսը գոնե չնչին չափով չգերազանցվեր, Փաշինյանը պետք է շատ տհաճ հարցերի պատասխանները փորձեր գտնել, եւ այն դեպքում, երբ այդ պատասխանները պարզապես չկան: Եվ ունեցանք 7.6 տոկոս: Սակայն նաեւ ֆիքսենք. դա ոչ մի ռեկորդ էլ չէ. 2017թ. չորրորդ եռամսյակին ունեցել ենք 11 եւ 2018թ. առաջին եռամսյակին՝ 9.9 տոկոսանոց աճ, շարունակական բարձր դինամիկա, այսինքն, կարող էր 2018թ. տարվա արդյունքում ավելի լավ ցուցանիշ լիներ, եթե չլիներ Նիկոլը: Ու չմոռանանք նաեւ, որ ժամանակին անգամ 13-14 տոկոսանոց ՀՆԱ-ի աճ ենք ունեցել, այսինքն՝ մոտ կրկնակի բարձր, այնպես որ, փաշինյանական ռեկորդները, մեկ է, լուրջ ցուցանիշներ չեն: Բայց դրանք էլ մի կողմ: Ունենք 7.6 թիվը եւ դրանով էլ առաջնորդվենք: Միայն մեկ պարզագույն հարց՝ իսկ այդ 7.6-ի ո՞ր մասն էր կապված ավտոմեքենաների ներմուծման միանգամայն արհեստական, սակայն ռեկորդային տեմպերի հետ: Գործոն, որը միանգամյա է, եւ կարող էր լինել նաեւ նույն 2017թ.-ին՝ այն ժամանակվա 7.5 տոկոսը հասցնելով 8 եւ ավելիի: Բայց այն ժամանակ կանխվեց, ԵՏՄ-ից «ժամկետային զեղչեր» ստացանք: Հիմա չկանխվեց, եւ ունեցանք «ռեկորդ»: Սակայն «ռեկորդ», որն անգամ տեսականորեն երկրին իրական 7.6 տոկոս աճի էֆեկտ չի կարող տալ: Սա էլ մի կողմ թողնենք: Այսպիսով, ի՞նչ կարող ենք ֆիքսել. իր կառավարման երկրորդ տարում Փաշինյանն ունեցավ մի այնպիսի տնտեսական թիվ 1 ցուցանիշ, որը ոչնչով չի գերազացում «նախահեղափոխական» տնտեսությանը, էլ չասած, որ որակի առումով զիջում է: Հետեւաբար, հանուն այդ 0.1 տոկոսի՞ էր այս «հեղափոխությունը»...

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА