o C     23. 02. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ապահովագրական անձնական տվյալների զանգվածային արտահոսք

14.02.2020 11:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ապահովագրական անձնական տվյալների զանգվածային արտահոսք

«Իրավունք» թերթը նախորդ համարներից մեկում անդրադարձել էր մեր արժանահավատ աղբյուրների տեղեկատվությանը` ԱՊՊԱ ոլորտու, տիրող իրավիճակի հետ կապված. «Քաղաքում հայտնվել են անձինք, ովքեր մուտք են գործում տարբեր ԱՊՊԱ ընկերությունների բազաներ եւ գտնում քաղաքացիների, որոնց ԱՊՊԱ-ների ժամկետները մոտ օրերս լրանում է: Նրանք փորձում են նոր պայմանագիր առաջարկել նաեւ այն հաճախորդներին, որոնք արդեն իսկ հասցրել են ԱՊՊԱ գործակալություններում կնքել եկող տարվա պայմանագիրը»: Իսկ դա մեկ բանի մասին է փաստում` քաղաքացիների` ավտոսեփականատերերի անձնական տվյալները հայտնվում են ինչ-որ պատահական մարդկանց մոտ, ինչը բացահայտ ապօրինություն է:

Ում միջոցով է զարտուղի ճանապարհով անձնական տվյալների արտահոսք տեղի ունենում. ԱՊՊԱ Բյուրոյի տնօրենը մանրամասնում եւ հորդորում է

Հրապարակումից հետո խմբագրություն զանգերը չէին դադարում, բազում քաղաքացիներ եւս տառացիորեն վերահաստատեցին մեր աղբյուրի տեղեկատվության իսկությունը:  

Թե այդ անձինք ում օգնությամբ են կարողանում ձեռք բերել ապահովագրվող քաղաքացիների անձնական տվյալների բազան, դեռեւս նախորդ համարում փորձել էինք պարզաբանում ստանալ Ապահովագրողների բյուրոյից, բայց մեզ կապ հաստատել այդպես էլ չէր հաջողվում: Սակայն հրապարակումից հետո արդեն այնտեղից մեզ հետ կապ հաստատեցին եւ տեղեկացրին, որ նրանք եւս ստանում են նման ահազանգեր: Ապահովագրողների բյուրոն, սակայն, այլ տարբերակ չէր առաջարկել քաղաքացիներին, քան իրավապահ մարմիններին դիմելը: Միաժամանակ փորձեցին հավաստիացնել, որ իրենց մոտից անհնար է անձնական տվյալների արտահոսք, եւ ակնարկեցին, որ արտահոսքը կարող է լինել ոլորտի ընկերությունների միջնորդ-ներկայացուցիչներից:

Սակայն, իհարկե, նման պիղատոսական կեցվածքը լավագույն դեպքում «կեղծ դիվանագիտության» է նմանվում: Բանն այն է, որ ավտոսեփականատերերի առնչությունն այս ոլորտում ապահովագրող ընկերությունների եւ դրանց ներկայացուցիչների հետ ընդամենը տեխնիկական բնույթի է: Իսկ ահա, այսպես ասենք, իմաստային առումով գործ պետության հետ` ի դեմս Ապահովագրողների բյուրոյի: Նկատի ունենք հետեւյալը. հենց պետությունն է այս ոլորտի քաղաքականությունը, տեխնիկական պարամետրերը մշակողը եւ, ամենակարեւորն այս իրավիճակում, դեպի ապահովագրող ընկերություններ քաղաքացիներին ուղղորդողը: Այդ թվում, չգնալու պարագայում պատժողը եւ գնալու պարագայում երաշխավորը, որ ապահովագրողներ-քաղաքացիներ հարաբերությունները կկառուցվեն հիշատակված նույն պետական չափորոշիչներով: Ընդ որում, այդ չափորոշիչների կարեւորագույն բաղադրիչներից մեկն էլ քաղաքացիների անձնական տվյալների երաշխավորված լինելն է: Ավելի հստակ, հենց պետության այդ երաշխավորության արդյունքում է, որ քաղաքացիներն իրենց անձնական տվյալները վստահում են մասնավոր ընկերություններին: Եվ հիմա, երբ ի դեմս Ապահովագրողների բյուրոյի, պետությունը հաստատում է, որ քաղաքացիների անձնական տվյալները, այո, ապօրինաբար հայտնվել են չգիտես ում մոտ, նշանակում է մեկ բան` պետական երաշխիքը խախտվել է, այն էլ` զանգվածաբար: Այդ դեպքում, էլ ի՞նչ իրավունքով պետությունը կարող է քաղաքացուց պահանջել` հետայսու եւս իր գաղտնի տվյալները փոխանցել մասնավոր ապահովագրողներին:

Արդյունքում, այս ողջ իրավիճակը նշանակում է մեկ բան` պետության երաշխիքը չի գործում, որը տանում է զանգվածային հանցագործությունների: Ընդ որում` ֆիքսենք. քաղաքացիների անձնական տվյալների զանգվածային արտահոսքը ոչ թե պարզապես հանցագործություն է, այլ, առանց չափազանցության, ազգային անվտանգության լրջագույն խնդիր: Ու ի՞նչ է անում Ապահովագրողների բյուրոն, ընդամենը հորդորում է` դիմել ոստիկանությանը: Բայց, եղբայր, չէ՞ որ ես, որպես քաղաքացի, արդեն ձեզ եւ ձեր համակարգին չեմ վստահում, ի՞նչ ոստիկանություն: Այսինքն, այդ նույն Ապահովագրողների բյուրոն է, որ պարտավոր էր նախ` իր միջոցներով ստացված տվյալների հիման վրա ահազանգ բարձրացներ: Երկրորդը, պատկան պետական օղակների միջոցով հայտնաբերեր մեղավորներին: Եվ երրորոդը, համակարգը վերակառուցեր այնպես, որ առնվազն նվազագույնի հասնեին քաղաքացիների անձնական տվյալների մասին արտահոսքերը: Կարճ ասած, պետք է կատարեր ոլորտը վերահսկողի իր ֆունկցիան: Մինչդեռ ստանում ենք այս պատկերը. Ապահովագրողների բյուրոն տեղյակ է եղել հանցագործություններից, բայց տեղից չի շարժվել: Իսկ դա, առնվազն, նշանակում է` իմանալ-չհայտնել, իսկ եթե ավելի խորանանք, պաշտոնական պարտականությունների հանդեպ անփութությունից սկսած, մինչեւ գիտակցված անգործունեություն:

Ամեն դեպքում, Ապահովագրողների բյուրոյից խոստացան նաեւ գրավոր պարզաբանում, սակայն հրապարակման պատրաստման ընթացքում այդպես էլ չստացանք: Սակայն, ինչպես նշեցինք, Ապահովագրողների բյուրոն պետք է նաեւ ներկայացված բոլոր մտահոգությունների հետ կապված պարզաբանումներ տա: Այդ թվում` ներկայումս որքանո՞վ է պետականորեն երաշխավորված, որ քաղաքացիների անձնական տվյալների գաղտնիությունը ԱՊՊԱ համակարգում կպաշտպանվի: Հուսանք, որ այս ամենի շուրջ Ապահովագրողների բյուրոյին ուղղվելիք մեր գրավոր հարցումների պատասխանները կստանանք:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА